ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄԵԱՆ
«Արմէնիանաու»ի թղթակից
Հայաստանի տպագիր մամուլում վերջին օրերին հրապարակումներ են յայտնուել այն մասին, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանը հնարաւոր է քաղաքականութիւն վերադառնայ առաջիկայ նախընտրական շրջանում:
2013 թ. նախագահական ընտրութիւններում Քոչարեանի հնարաւոր մասնակցութեան մասին խօսակցութիւնները սկսուել են այն բանից յետոյ, երբ օլիգարխ Գագիկ Ծառուկեանի «Բարգաւաճ Հայաստան» կուսակցութիւնը, որը ենթադրւում է, որ նախկին նախագահի նախագիծն է, հրաժարուել է յայտարարել, որ ընտրութիւններին կը սատարի ներկայիս նախագահ Սերժ Սարգսեանին: Ընդ որում, այն մինչ օրս չի առաջադրել իր թեկնածուին:
Հայկական ազդեցիկ թերթերից մէկի՝ «Առաւօտի» գլխաւոր խմ-բագիր Արամ Աբրահամեանը ռուսական «Ռեգնում» գործակալութեանը տուած հարցազրոյցում կարծիք է յայտնել, որ Ռոբերտ Քոչարեանը կը նախընտրի մի ընտրական շրջան էլ սպասել եւ քաղաքականութիւն կը վերադառնայ 2018ին, քանի որ այժմ նրա քաղաքական ազդեցութիւնն այնքան էլ մեծ չէ:
Քոչարեանի վարկանիշի անկման մասին խօսում են նաեւ նախագահ Սարգսեանի իշխող ՀՀԿ անդամները: Նրանք ակնարկում են, որ Քոչարեանը դադարել է քաղաքական գործօն լինելուց: Ճիշդ է, նրանք չեն կարող պատասխանել այն հարցին, թէ ինչո՞ւ է այդ դէպքում Սերժ Սարգսեանը պահանջում, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկեանն շուտափոյթ յայտարարի՝ ում թեկնածութիւնն է պաշտպանելու ընտրութիւններում:
ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբեանը Փետրուարի 3ին «Ազատութիւն» ռադիօկայանին տուած հարցազրոյցում յայտարարել է, որ ԲՀԿն դեռեւս չի յստակեցրել՝ գալիք ընտրութիւններում կը սատարի՞ արդեօք գործող նախագահ Սարգսեանին: «Նրանք (ԲՀԿ) դրա իրաւունքն ունեն: Պարզապէս, եթէ ճշգրտուած լինէր, ապա յարաբերութիւններն այլ կը լինէին: Նրանք ասել են, որ կը յայտարարեն այդ մասին 2012ից յետոյ», ասել է Զոհրաբեանը:
Անցեալ շաբաթ Ծառուկեանը յայտարարել էր, որ ցանկութեան դէպքում Քոչարեանը վաղուց կարող էր ղեկավարել ՀՀԿն: Այնուհետեւ նա ելոյթ է ունեցել յայտարարութեամբ՝ հաւատացնելով, որ չի ցանկացել վիրաւորել ո՛չ ՀՀԿին, ո՛չ էլ նրա նախագահին:
Զօրաբեանը նշել է, որ Ծառուկեանի յայտարարութիւնից յետոյ հարցը կարելի է փակուած համարել, եւ «քաղաքական բախումներ» այլեւս չեն լինի:
«Սակայն ես չեմ կարող երաշխաւորել, որ մինչեւ 2012 թ. Մայիսը դա այլեւս տեղի չի ունենայ», ընդգծել է Զոհրաբեանը:
Քոչարեանի լռութիւնը, ըստ երեւոյթին, այնուամենայնիւ նեարդայնացնում է Սարգսեանին: Մասնաւորապէս այն տեղեկութիւնների ֆոնին, որ օրերս Ծառուկեանը Ուկրաինա էր այցելել նախկին նախագահ Քոչարեանի հետ, նրա հետ միասին որսի գնացել եւ այնտեղից հետեւել Հայաստանի իրադարձութիւններին:
Ուշագրաւ է, որ ողջ այս ամբողջ ընթացքում ՀՀԿն վիրաւորական յայտարարութիւններ չի անում Քոչարեանի հասցէին՝ իր «դժգոհութիւնն» ուղղելով Ծառուկեանի դէմ: Նոյն Զոհրաբեանը յայտարարել է, որ եթէ նոյնիսկ Քոչարեանը վերադառնայ, ապա դա կ՛անի «մեզ օգնելու, այլ ոչ թէ մեր դէմ պայքարելու համար»:
Քոչարեանը, որը 2008 թ. իր լիազօրութիւնների ժամկէտի աւարտին յայտարարել էր, թէ չի պատրաստւում Հայաստանի ամենաերիտասարդ թոշակառուն դառնալու, դեռեւս լռութիւն է պահպանում: Այս տարուայ Օգոստոսին կը լրանայ նրա 57ը: Անցեալ տարի նա ընտրուել է ռուսաստանեան «Սիստեմա» ԲՖԿի տնօրէնների խորհրդում: Ընկերութեանն են պատկանում ՄՏՍի բաժնետոմսերի 53,1%ը եւ «Կոմստար-Միաւորուած հեռահամակարգեր» ԲԲԸի բաժնետոմսերի 50,9 տոկոսը, որոնք «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ բջջային օպերատորի (ապրանքանիշը՝ «Վիւասել-ՄՏՍ») եւ «Կոռնետ-ԱՄ» ՓԲԸ ինտերնետ ծառայութիւնների մատակարարի բաժնետէրերն են:
Հայկական «Մարս» գործարանը նոյնպէս յանձնուել է «Սիստեմա» ԲՖԿի «Սիտրոնիկս» դուստր ձեռնարկութեան միանձնեայ կառավարմանը: «Սիստեմա» ԲՖԿին է պատկանում «Սիտրոնիկս» ընկերութեան բաժնետոմսերի 61,33 տոկոսը:
Քոչարեանի կապիտալի եւ նրա բիզնես ձեռնարկութիւնների մասին պաշտօնական տուեալներ չկան. Հայաստանում եկամուտների յայտարարագրման ինստիտուտը «խափանումներով» է աշխատում: Այդուհանդերձ, տեղեկութիւններ կան, որ Քոչարեանների ընտանիքին են պատկանում մի քանի խոշոր բժշկական կենտրոններ եւ մի շարք այլ ձեռնարկութիւններ: