ՍԻՐԱՆՈՅՇ ՊԱՊԵԱՆ
2010ին Gallup-ի անցկացրած ուսումնասիրութեան համաձայն, Հայաստանից հեռանալու ցանկութիւն ունի երկրի բնակչութեան 39 տոկոսը: Աւելին, այս ցուցանիշը ԱՊՀ երկրների մէջ ամենաբարձրն է: Բացի այդ, 2010ին Հայաստանը լքել է մօտաւորապէս 70 000 մարդ:
Ըստ ոստիկանութեան տուեալների, 2010ին մեկնողների եւ վերադարձողների տարբերութիւնը կազմել է 4019 մարդ, այսինքն՝ ժամանել են 7894, մեկնել 12.013ը: Այս ցուցանիշները միանշանակ կարող ենք կասկածի տակ դնել՝ այցելելով Մանուշեան 72 հասցէ, որտեղ գտնւում է Հայաստանում ՌԴ միգրացիոն դաշնային ծառայութեան ներկայացուցչութիւնը, որտեղ ականատես ես լինում Հայաստանի իսկական հայաթափութեանը:
Դեռ 2006ին ՄԱԿի զարգացման գրասենեակը հետազօտութիւն է իրականացրել, ըստ որի՝ Հայաստանը խիստ ծերացող երկրներից է, որ 2025ին զգալի, իսկ 2050ին ճգնաժամային փոփոխութիւններ պէտք է լինեն, այսինքն՝ 0ից 15 տարեկանների կտրուկ նուազում, 15-60 տարեկանների թուի նուազում եւ 60 եւ աւելի տարեկանների թուի աւելացում:
Սակայն այս ցուցանիշն էլ արդէն յարաբերական է դառնում, քանի որ ՌԴ «Հայրենակիցներ» ծրագրի շրջանակներում Հայաստանից ընտանիքները տեղափոխում են Ռուսաստանի 27-30 մարզեր, այդ թւում՝ Ալթայի, Ամուրի, Արխանգելսկի, Վորոնեժի, Անդրբայկալեան եւ այլ երկրամասեր, որտեղ մեր քաղաքացիներին ապահովում են բնակարանով (եթէ զբաղուելու են անասնապահութեամբ), շատ կարճ ժամանակ անց՝ վեց ամիս յետոյ դառնում են Ռուսաստանի քաղաքացի, ստանում համեմատաբար բարձր աշխատավարձ:
Իհարկէ, կան ամենատարբեր մասնագիտութիւններ՝ բժշկութիւն, արհեստներ, բանուորութիւն եւ այլն, բայց այս դէպքում բնակարանը տրւում է արդէն վարձակալութեան հիմունքներով: Ընդհանուր փաստաթղթային գործընթացը տեւում է չորս ամիս, կազմակերպւում են սեմինարներ, որտեղ ռուս պաշտօնեաները հանդիպումներ են ունենում քաղաքացիների հետ, ներկայացնում պայմանները:
Ծրագիրը Հայաստանում մեկնարկել է 2007ից, եւ մինչեւ հիմա, ըստ պաշտօնական տեղեկատուութեան, Հայաստանից մեկնել է 1070 մարդ, մօտ 600 ընտանիք, սակայն շատերն այսօր արդէն կարծիք են յայտնում, որ այս թուերը շատ փոքր են այն ֆոնին, ինչ կատարւում է Երեւանում եւ մարզերում: Համատարած հերթեր են Գիւմրիում, Երեւանում ՌԴ միգրացիոն դաշնային ծառայութեան ներկայացուցչութիւնում եւ նրա մասնաճիւղերում:
Հայաստանից գնալ ցանկացողները շատ են. «Աղջիկ ջան, ստացուեց, մնաց տոմսս առնեմ, թռնեմ, Սերժիկ, գնում ենք, տես, մնայ, կեր, վայելիր, իսկ մենք էլ գնում ենք փրկուենք քեզնից», ասում է 50ամեայ Սերգէյը, ով միգրացիոն (գաղթականական-Խմբ.) դաշնային ծառայութիւնից դուրս եկաւ ուրախ եւ զուարթ, տղայի հետ շտապում էր տուն՝ մեկնելու յստակ ցանկութեամբ: Արտաշատցի մի պապիկ էլ հարեւաններից է իմացել ծրագրի մասին եւ շտապել Երեւան ու մի կերպ գտել միգրացիոն դաշնային ծառայութեան հասցէն: Յստակ որոշել է՝ գնալու է, ասում է՝ աղջիկ ջան, 28.000 դրամ եմ ստանում, ո՞նց ապրեմ, կոտորւում եմ, իսկ սենց գոնէ օրինական կը գնամ, անասուն կը պահեմ, ինձ էլ էդ երկիրը կը պահի, թէ չէ սրանք մենակ իրանց, հա իրանց: Սերգէյ պապն էլ բողոքում է՝ ինչի մնամ այստեղ, երբ արտադրողի առաջ դուռը փակում են, գազ, ջուր, ամէն բան թանկացնում են ու ասում՝ մեռի, ոնց եմ զզւում էս իշխանութիւններից, ամէն բանից: Ըստ նրա՝ սա միտումնաւոր քաղաքականութիւն է, կառավարութիւնն էլ նպաստում է Հայաստանի հայաթափմանը: Աւելին, ըստ նրա՝ եթէ շատ մարդ իմանար այս ծրագրի մասին, բոլորն էլ կը գնային:
Լոռեցի մի մարդ ուրախ-ուրախ եկել էր յստակ գնալու նպատակով. «Չորս երեխայ ունեմ, տուն չունեմ արդէն 18 տարի եւ յոյս էլ չկայ, թէ երբեւէ կունենամ, իսկ այսպէս տուն ինձ կը տան, վերջապէս կը հասնեմ իմ երազանքին: Իհարկէ վատ ա, որ հայաթափւում ա, բայց սա դիտաւորեալ են անում, էս սրանք ուզում են Հայաստանում մնայ մէկ միլիոնից պակաս մարդ, որ իրենց արտաքին պարտքերը ինքնստինքեան մարեն»:
55ամեայ Յովհաննէսն էլ առաջին անգամ էր եկել, ասում է՝ սա արդէն ծախուած երկիր է, ու այստեղ մարդ իր ուժերը չի կարողանում ռէալիզացնել (դրսեւորել-խմբ.), ընտանիքում չորսն են, չորս էլ բարձրագոյն կրթութեամբ, այնինչ աշխատում է միայն աղջիկը՝ Գիւղինստիտուտում է դասախօսում, ստանում 20.000 դրամ:
Իսկ միգրացիոն ծշառայութեան կէտում Վիտալի Գրիգորեւիչին՝ աւագ տեսուչին, բոլորը գիտեն, նա բոլորին սիրալիր ընդունում է, տանում, տեղաւորում, բայց երբ լսեց լրագրող եմ, միանգամից կերպարանափոխուեց, նախ ինձ դուրս հրաւիրեց՝ ասելով՝ նախօրօք պայմանաւորուէք, յետոյ չթողեց նկարել սեմինարի ընթացքը, որտեղ հոծ բազմութիւն էր, եւ երբ ասացի՝ սա ինչ վերաբերմունք է, պատասխանեց՝ իսկ ի՞նչ էիք սպասում:
Իրականում նա այն կարծիքին էր, որ եկել եմ իրենց շատ կարեւոր գործը կազմալուծելու, իսկ ինձ էլ հրամայել են, որ գամ, ես էլ հլու եկել եմ՝ մի կտոր հացս վաստակելու: Թւում էր՝ ընկել եմ վիրտուալ իրականութիւն, որտեղից չէի կարողանում դուրս գալ մի քանի ժամ, Հայաստանի այս տեսակ հայաթափութեան առաջին անգամ էի բախւում, առաջին անգամ էր, երբ զգում էի մաշկիս վրայ ու տեսնում էի աչքերովս:
«Լրագիր»