
ԳԼԵՆԴԷՅԼ.- Գլենդէյլ-Կապան քոյր քաղաքների ընկերակցութեան աշխատանքների շրջանակներում եւ Գլենդէյլի քաղաքապետ Արա Նաճարեանի հրաւէրով, Փետրուար 21ից 28ը Կապանի քաղաքապետարանի պատուիրակութիւնը՝ Կապանի քաղաքապետ Արթուր Աթայեանի գլխաւորութեամբ, Գլենդէյլում է գտնուելու:
Գլենդէյլի քաղաքային խորհուրդը 2002 թուականի Դեկտեմբերից Գլենդէյլն ու Կապանը պաշտօնապէս ճանաչեց իբրեւ «Քոյր քաղաքներ»: Քոյր քաղաքների համագործակցական ծրագրերի սահմաններում անցնող ութը տարիների ընթացքում իրականացուել են երկկողմ համագործակցական ծրագրեր եւ փոխադարձ այցելութիւններ:
Պատուիրակութիւնը գլխաւորող Կապանի քաղաքապետ Արթուր Աթայեանը ծնուել է 1964 թուականին Կապան քաղաքում: Սովորել է Կապանի տեղական դպրոցներում եւ ծառայել խորհրդային բանակում, ապա աշխատանքի է անցել Կապանի «Էլեկտրոն» գործարանում: Ունի ֆինանսիստ-տնտեսագէտի բարձրագոյն կրթութիւն: 1988 թուականից գործօն մասնակցութիւն է բերել ազգային շարժմանը, իսկ հետագայում՝ ներգրաւուել է Հայաստանի հանրապետութեան սահմանների պաշտպանութեան կազմակերպման աշխատանքներում: 1991 թուականից եղել է Հայ Յեղափոխական Դաշնակցութեան կուսակցութեան անդամ եւ կուսակցական գործիչ Սիւնիքում: 1995 թուականին եղել է ՀՀ Ազգային ժողովի պատգամաւորութեան թեկնածու: 2002 թուականին հիմնել է «Վայբլ» ընկերութիւնը: «Սիւնեաց Տուն» ազգային-մշակութային ընկերութեան հիմնադիր անդամ է: Հայաստանի հանրապետութեան առեւտրա-արդիւնաբերական պալատի խորհրդի անդամ է եւ եղել է պալատի՝ Սիւնիքի մասնաճիւղի խորհրդի նախագահ:
2002 թուականից նախաձեռնել ու նպաստել է «Կապան-Գլենդէյլ քոյր քաղաքների ընկերակցութեան» հիմնադրմանը: Ամուսնացած է, ունի երկու որդի, մէկ դուստր եւ մէկ թոռնիկ: 2008 թուականի Հոկտեմբերից ընտրուել է Կապանի քաղաքապետ: Իր քաղաքապետութեան շրջանում, հակառակ տնտեսական ճգնաժամի առկայութեանը, հնարաւոր դարձաւ իրականացնել համայնքային կարեւոր նշանակութիւն ունեցող բազմաթիւ աշխատանքներ: Դրանց շարքում են՝ ուսումնական հաստատութիւնների վերանորոգում, բնակելի շէնքերի տանիքների նորոգում, բժշկական կենտրոնների բարելաւում, համայնքային ծառայութիւնների բնագաւառի բարեփոխումներ, աղբատար եւ ջրցան մեքենաների յաւելում եւ վերջապէս՝ Կապանի տարածքում նոր աղբամանների տեղադրումը, որը կատարուել է Գլենդէյլ-Կապան քոյր քաղաքների ընկերակցութեան օժանդակութեամբ:
Պատուիրակութիւնը իր այցելութեան ընթացքում պաշտօնական հանդիպումներ է ունենալու Գլենդէյլի քաղաքապետարանի, կրթաշրջանի, համայնքային քոլեջի, գործարար շրջանակների եւ հայ համայնքի հետ: Պատուիրակութիւնը այցելելու է նաեւ քաղաքապետարանի տարբեր բաժանմունքներ եւ կրթական հաստատութիւններ՝ մօտից ծանօթանալու համար Գլենդէյլ քաղաքի կառավարման կառոյցներին եւ կրթական ու հասարակական աշխատանքներին:
Գլենդէյլ-Կապան քոյր քաղաքների ընկերակցութեան նախագահ Խաչիկ Խալաթեանի վկայութեամբ, «Կապանի պատուիրակութեան այցելութիւնը դարձեալ մէկ առիթ է զոյգ քաղաքների միջեւ արդէն իսկ առկայ երկկողմ քաղաքական, տնտեսական, կրթական եւ վարչական համագործակցութիւնների բնագաւառները զարգացնելու համար, եւ յոյսով ենք, որ նոր ասպարէզներում եւս կ՛առաջանան փոխադարձ համագործակցութեան առիթներ, որոնք պէտք է նպաստեն զոյգ քաղաքների բնակիչների կեանքին»:
Գլենդէյլ-Կապան քոյր քաղաքների ընկերակցութիւնը ոչ-հասութաբեր հաստատութիւն է, որ նպաստում է փոխհասկացողութեան ոգու ստեղծմանը, մշակութային, ուսումնական, տնտեսական համագործակցութեամբ՝ Գլենդէյլ եւ Կապան քաղաքների քաղաքացիների միջեւ:
Գլենդէյլ-Կապան քոյր քաղաքներ հռչակումը իրականացուել է Գլենդէյլի Հայ Դատի յանձնախմբի ու Գլենդէյլի եւ Կապանի քաղաքապետարանների ճիգերով: Գլենդէյլի քաղաքային խորհուրդը, 2002 թուականի Դեկտեմբերին որդեգրած պաշտօնական բանաձեւով, Կապանը հռչակեց իբրեւ Գլենդէյլի քոյր քաղաքը: Գլենդէյլ-Կապան քոյր քաղաքների ընկերակցութիւնը իր գործունէութիւնը կենտրոնացրել է հետեւեալ երեք հիմնահարցերի շուրջ՝ ուսումնական, առողջապահական եւ համայնքային ենթակառոյցներ: