ԼԷՈՆԻԴ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ

Այս (անցեալ-Խմբ.) շաբաթ մեր տարածաշրջան այցելեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ) եւ Բեռնար Ֆասիէն (Ֆրանսիա): Պէտք է ասել, ղարաբաղեան կարգաւորման միջնորդները, որոնք մինչ այդ էլ աչքի չէին ընկնում զրուցասիրութեամբ, այս անգամ իրենք իրենց գերազանցեցին: Եթէ առաջներում նրանք գոնէ ինչ-որ չափով ուշադրութեան էին արժանացնում լրագրողներին եւ նրանց հետ կիսում հակամարտութեան կողմերի հետ հանդիպումներից ստացած ինչ-ինչ տպաւորութիւններ, ապա այս անգամ ասես լռելու երդում էին տուել:
Իհարկէ, միջնորդական գործունէութիւնը, մանաւանդ այնպիսի բարդ հարցում, ինչպիսին ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորումն է, առանձնայատուկ նրբանկատութիւն է պահանջում: Ահա թէ ինչու Մինսկի խմբի համանախագահների խստագոյն խորհրդապահութիւնը դիւանագիտական տեսակէտից որոշակիօրէն արդարացուած է, քանզի բանակցային գործընթացի մանրամասներն ու արդէն ձեռք բերուած պայմանաւորուածութիւնները ժամանակից շուտ հրապարակելն իրօք կարող է վնասել ամբողջ խաղաղարարական գործընթացին: Սակայն լինելով Երեւանում, միջազգային միջնորդները մամուլի ներկայացուցիչներին չասացին նոյնի՛սկ այդպիսի դէպքում սովորական հերթապահ խօսքերը՝ պատճառաբանելով ժամանակի սղութիւնը: Հայաստանի պաշտօնական ներկայացուցիչների հետ նրանց հանդիպումների մասին տեղեկատուական շռայլութեամբ աչքի չընկան նաեւ պաշտօնական մամլոյ հաղորդագրութիւնները: Որպէս արդիւնք՝ շատերի մօտ բնական հարց ծագեց. բայց իսկն ասած, ինչի՞ համար եւ ինչո՞վ են եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Ցաւօք, հարցն այդպէս էլ մնաց բաց:
Լինենք անկեղծ. միջնորդների նման լռակեացութիւնը, նրանց չափից աւելի ծածկամտութիւնը կամայ թէ ակամայ հակամարտութեան կողմերի հասարակութիւնների մօտ ինչ-որ անվստահութիւն են ծնում նրանց եւ, որպէս հետեւանք՝ ղարաբաղեան կարգաւորման հէնց բուն գործընթացի նկատմամբ:
Իսկ անվստահութիւնն, ինչպէս յայտնի է, ընդունակ է վերաճել դժգոհութեան: Ըստ որում, հակամարտութեան կողմերից իւրաքանչիւրի համար դժգոհութեան աղբիւր կարող են դառնալ զանազան գործօններ: Բայց դա չէ ինքնին սարսափելին: Այլ այն, որ հեռանկարում այդ գործօնները բազմապատկուելով՝ կարող են հէնց բանակցային գործընթացը գերեզման դնել:
Ադրբեջանի կողմից, որպէս գործընթացի գերեզմանափորի, նման փորձեր արդէն իսկ ձեռնարկւում են: Բաքուն, որը, մասնաւորապէս, դժգոհ է այն բանից, որ միջազգային միջնորդները Հայաստանի վրայ ճնշում չեն գործադրում հիմնախնդիրն իրեն ձեռնտու ուղղուածութեամբ լուծելու համար, վաղուց չի թաքցնում կարգաւորման գործընթացը Մինսկի խմբից այլ ձեւաչափի փոխադրելու իր մտադրութիւնները: Վերջին օրինակը ԵԽԽՎ բիւրոյի որոշումն է ղարաբաղեան կարգաւորման գծով ենթայանձնաժողով ստեղծելու մասին, որն ընդունուել է ԵԽԽՎ նախագահ, Ադրբեջանի հաւատարիմ դաշնակից եւ հովանաւոր Թուրքիայի ներկայացուցիչ Մեվլիւթ Չաւուշօղլուի նախաձեռնութեամբ: Այն դէպքում, երբ ԵԽԽՎն ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման մանդատ չունի: Յայտնի է, որ Եւրոպայի խորհրդում ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների ներկայացուցիչները դժգոհութիւն են յայտնել այդ որոշման ընդունումից՝ նշելով, որ այն վնաս է հասցնում բանակցութիւնների գործընթացին, եւ այդպիսի որոշման ընդունման բացասական արդիւնքների համար ամբողջ պատասխանատուութիւնը դրել են ԵԽԽՎ բիւրոյի վրայ: Մի խօսքով, մի դժգոհութիւնը ծնել է մէկ ուրիշը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համար իրադարձութիւնների այդպիսի անցանկալի ու անընդունելի զարգացումը կարելի է մասամբ բացատրել հէնց համանախագահների գործողութիւններով, աւելի ճիշտ՝ անհետեւողականութեամբ: Վերադառնանք Մինսկի խմբի՝ վերջերս տարածաշրջան կատարած այցին: Ինչպէս յայտնի է, այցի ընթացքում նախատեսւում էր նաեւ համանախագահների այցելութիւն Ստեփանակերտ: Աւաղ, ծրագիրը փոփոխութեան է ենթարկուել, եւ Ռոբերտ Բրադտկեն, Իգոր Պոպովն ու Բեռնար Ֆասիէն այդպէս էլ չերեւացին ԼՂՀ մայրաքաղաքում: Ինչպէս յայտնի է դարձել հաւաստի աղբիւրներից, միջնորդների պլաններում շտկումներ է մտցրել եղանակը: Ոչ թռիչքային եղանակի պատճառով համանախագահների եռեակը չի կարողացել ուղղաթիռից օգտուել Լեռնային Ղարաբաղ այցելելու համար, իսկ աւտոմեքենաներով էլ նրանք, ըստ երեւոյթին, ճամփորդութիւնն իրենց համար անհնար են համարել:
Պէտք է ասել, դա արդէն վատ եղանակի պատճառաբանումով ԼՂՀ այցելելուց նրանց հրաժարուելու առաջին դէպքը չէ: Արդեօ՞ք իսկապէս բնութեան քմայքների մէջ են պատճառները կամ էլ օդերեւութաբանութիւնն է տուեալ դէպքում զուտ դիւանագիտական բնոյթ կրում՝ դժուար է ասել, բայց այդ փաստը որոշ մտորումների է մղում: Եւ դրանք վերաբերում են, ինչպէս կարելի է կռահել, առաւել հրատապ թեմայի, քան «մեր» դիւանագէտ միջնորդների կողմից անյարմարաւէտութեան սովորական չընդունումն է:
Բացատրենք: Տարիներ ի վեր նրանք մշտապէս յայտարարում են Լեռնային Ղարաբաղը բանակցութիւններին անպայման ներգրաւելու մասին, բայց դրա համար ոչ մի իրական քայլ չեն ձեռնարկում: Բնականաբար, դա չի կարող ԼՂՀ հասարակայնութեան դժգոհութիւնը չառաջացնել: Բայց ոչ միայն դա: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այդպիսի ամորֆ դիրքորոշումը, համանախագահներ, ովքեր ընկրկում են պաշտօնական Բաքուի առաջ եւ ջանքեր չեն գործադրում նոյնիսկ իրենց եւրակազմակերպութեան որոշումը կատարելու համար, որը Լեռնային Ղարաբաղը ճանաչել է որպէս հակամարտութեան լիարժէք մասնակից, յաղթաթղթեր է տալիս Ադրբեջանին, նրա մօտ գայթակղութիւն առաջ բերում՝ շարունակել շանտաժի ենթարկել միջնորդներին բանակցային ձեւաչափի հնարաւոր փոփոխումով, իսկ համաշխարհային հանրութեանը պատերազմը վերսկսելու սպառնալիքով:
Նման իրադրութիւնում, կարելի է չկասկածել, դեռ երկար ժամանակ շօշափելի արդիւնքներ չեն լինելու ղարաբաղեան կարգաւորման գործընթացում: Իսկ նշանակում է՝ միջնորդներն էլ հակամարտութեան կողմերի հասարակութիւններին ասելիք չեն ունենալու: Բացառուած չէ, որ հէնց դրանով է բացատրւում վերջին այցի ընթացքում Մինսկի խմբի համանախագահների լռակեացութիւնը:
ԼԷՈՆԻԴ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ «Ազատ Արցախ»ի գլխաւոր խմբագիր