ԽԱՉԻԿ ՄԵԼԵՔԵԱՆ

Այս օրերին (Ամերիկայի մէջ-Խմբ.) շատ են խօսում նախահաշուային պակասուրդի պատճառով զանազան տարաձայնութիւնների (արեւմտահայերէնով՝ տարակարծութիւն-Խմբ.) սրման մասին: Վատ թէ լաւ, բայց կենսական նշանակութիւն ունեցող ծառայութիւններն առայժմ գոյատեւում են, սակայն նախահաշուի առումով, անհամաձայնութիւնը կողմերի միջեւ կարող է ժամանակաւորապէս դադարեցնել կառավարութեան գործունէութիւնը: Իսկ ինչ է դա նշանակում մեզ՝ հասարակ մահկանացուներիս համար: Մարտի 4ին ընթացիկ նախահաշուային տարուայ համար նախատեսուած գումարը սպառուել է, եւ եթէ հանրապետականներն ու դեմոկրատները համաձայնութեան չգան մօտ 60 միլիարդ դոլարի վերաբերեալ, երկրի կառավարութիւնը կարող է դադարեցնել իր գործունէութիւնը. սա թուով տասնվեցերորդ դէպքը կը լինի, հաշուած այն ժամանակուանից, երբ Ջիմի Քարթերը ստանձնեց նախագահի պաշտօնը:
Ահա մի փոքր պատմական ակնարկ, թէ ինչ կարող է պատահել, եթէ նախահաշիւը ժամանակին չհաստատուի:
Պատմութեան ընթացքում տեղ գտած դէպքերի մեծամասնութիւնը տեւել է մօտ 3 օր: Նրանցից ամենաերկարը եղել է նախագահ Բիլ Քլինթոնի օրօք, երբ 21 օր կառավարութիւնը դադարեցրել էր իր գործունէութիւնը: Այդ ընթացքում մօտ 800,000 դաշնային աշխատող իրենց հաշուին արձակուրդի մէջ էին գտնւում, վիզաներ, անձնագրեր եւ այլ պաշտօնական փաստաթղթեր չէին տրամադրւում, ազգային թանգարանները եւ յուշարձանները, ինչպէս նաեւ 368 ազգային պարկեր (պարտէզներ-Խմբ.) փակ էին, ինչի պատճառով ոլորտը կորցրել էր 9 միլիոն զբօսաշրջիկ եւ հսկայական գումարներ:
Եթէ երկու կուսակցութիւնների տարաձայնութիւնները չհարթուեն, դաշնային գործակալութիւնները եւ ծրագրերը պարտաւոր են դադարեցնել իրենց աշխատանքը: Ժամանակը յիրաւի սուղ է, քանի որ Հոկտեմբերի 1ին սկսուած ընթացիկ տարուայ ֆինանսաւորումն աւարտւում է Մարտի 4ին:
Ինչ վերաբերում է նրան, արդեօք կառավարութիւնը պատրաստ է իրադարձութիւնների այսպիսի զարգացմանը, ապա դեռ 1980թ.ից գործում է մի կարգադրութիւն, որի համաձայն պետական գործակալութիւնների ղեկավարները պէտք է վերանայեն իրենց գործողութիւնները՝ թողնելով միայն ամենակարեւորները եւ վերաբաշխեն դրամական միջոցները՝ հնարաւորնիս երկար ժամանակահատուածով ծառայութիւնների դադարեցումը յետաձգելու համար: Իսկ Կոնգրեսը եւ նախագահն ապահովագրուած են ֆինանսաւորման դադարեցումից, քանի որ նրանց աշխատավարձերի վճարումը կանոնակարգւում է Միացեալ Նահանգների սահմանադրութեամբ: Բացի նրանցից կայուն ֆինանսաւորում են ստանում փրկարարները, սեփականութիւն պաշտպանողները, այդ թւում զինուորականները, օրինապահները եւ ուղղակիօրէն ֆինանսաւորուող առողջապահութեան աշխատողները: Իսկ իրենց հաշուին պարտադրուած արձակուրդ գնացած աշխատողները յետին թուով ստանում են իրենց աշխատավարձը:
Այս ամէնով հանդերձ, ոչ ոք չի ցանկանում, որպէսզի նախհաշուի քննարկումը չափազանց երկար տեւի, որպէսզի յետագայում էլ աւելի լուրջ խնդիրներ ստիպուած չլինեն լուծելու:
Այն պահին, երբ այս յօդուածը պատրաստւում էր դեռեւս յայտնի չէր, արդեօք նախահաշիւը ընդունուա՞ծ է, թէ ոչ: Այնուամենայնիւ, մասնագէտները հաւաստիացնում են, որ նման իրավիճակը պարբերաբար կարող է կրկնուել ինչպէս դաշնային, այնպէս էլ նահանգային ու տեղական մակարդակներում:
Մեր վերջին ակնարկների ընթացքում ձեզ էինք ներկայացրել այն դրոյթը, թէ ոմանց կարծիքով նախահաշուային խնդիրները կապուած են պետական աշխատողներին յատկացուող «շռայլ» փոխհատուցման փաթեթների հետ: Բայց արդեօք այդ փաթեթները իրականում շռա՞յլ են, եւ որքանո՞վ են պետական աշխատողները մեղաւոր նախահաշուային թնջուկների համար:
Վիսքոնսինում դեռեւս շարունակւում են այդ թեմայով քննարկումները, սակայն մեր համոզմամբ կարելի է պնդել, որ պետական ծառայողներին յատկացուող վճարները չեն կարող նախահաշուի պակասուրդի պատճառ հանդիսանալ: Իրականում հարկերից ստացուած եկամուտներն են դեռեւս չափազանց ցածր, իսկ Վիսքոնսինի նահանգապետ Փոլ Ուոքերի առաջարկած օրէնքի նախագիծը աւելի կը վատթարացնի այս իրավիճակը, քանի որ այն նախատեսում է կրճատել փոքր բիզնեսի հարկերը եւ խրախուսել առողջապահական խնայողութիւնները: Պետական ծառայողների հարցը դեռեւս պէտք է մնայ օրակարգային, քանի դեռ աշխատավարձային յատկացումները կազմում են նախահաշուի զգալի մասը: 2007-2008թթ. այս գծով դաշնային եւ տեղական կառավարութիւնների ծախսերը (բացի կենսաթոշակներից եւ այլ նմանատիպ եկամուտներից) կազմում էին 38%, ներկայումս տեղական մակարդակում այս թիւը կազմում է 46%, իսկ դաշնայինում՝ 36%: Բացի այդ նահանգները գումարներ են ուղղում սոցիալական ծառայութիւններին, ինչը կազմում է նախահաշուի 41 տոկոսը: Այսպիսով դժուար է ասել, թէ ինչպէս կարելի է վերականգնել նախահաշուի հաւասարակշռութիւնը, եթէ ոչ աշխատավարձերի եւ եկամուտների կրճատման կամ պարտադրուած արձակուրդների տրամադրման եւ աշխատատեղերի քանակի նուազեցման միջոցով: Միւս կողմից էլ հարկաւոր է զսպել առողջապահական եւ հարկային վճարումների աճը: Արդէն իսկ անցեալ տարի 20 նահանգ փոփոխութեան է ենթարկել կենսաթոշակների վերաբերեալ կանոնակարգը, իսկ 10ը՝ աւելացրել է աշխատողի կողմից վճարուող գումարները:
Այս պահին ամենակարեւորն է բնակչութեանը տեղեկացնել այն մասին, որ հարկաւոր է կտրուկ քայլերի դիմել՝ դժուարին իրավիճակից դուրս գալու համար: Այս քայլերին իրենց ներդրումը պէտք է ունենան նաեւ պետական ծառայողները, ովքեր իրենց եկամուտների մի մասը կը զոհեն համընդհանուր բարօրութեան համար: Նման քայլն աւելի յստակօրէն կ՛արտացոլի նախահաշուի իրական վիճակը:
Այս հարցի առումով մասնագէտների կարծիքները յաճախ իրարամերժ են եւ հակասական: Մի բան պարզ է, որ հարցերը մեր առջեւ ծառացած են եւ պահանջում են որոշակի ստոյգ պատասխաններ: