
ԽԱՉԻԿ ՄԵԼԵՔԵԱՆ
Համաշխարհային թատերաբեմում իրադարձութիւնների սրընթաց արշաւը շարունակւում է. տնտեսական ճգնաժամ, յեղափոխութիւններ, աղէտի պատճառով Ճապոնիային տրամադրուող մարդասիրական աննախադէպ օգնութիւն, լուրջ հետեւանքների հետ կապուած համատարած տագնապ, Լիբիայում ժողաովրդավարութիւն հաստատելու յուսահատ եւ յանդուգն փորձեր: Միայն մէկ բան անփոփոխ է. ամերիկացիները պատրաստւում են վճարել իրենց հարկերը:
Ի տարբերութիւն նախորդ տարիների, այս տարի ամերիկեան հարկային վարչութիւնը թղթաբանութիւնը չի ուղարկում փոստային ծառայութեամբ: Սա ընդամէնը մի ճիգ է, որն ուղղուած է մարդկանց խրախուսելու իրենց հարկերը համակարգչի միջոցով ամբողջացնելու հարցում: 2009 թուականին պետական մարմինները 3.29 դոլար են ծախսել իւրաքանչիւր անհատի հարկային թղթավարութիւնն իրականացնելու համար, իսկ համացանցի ծրագրի միջոցով կատարուած ծախսերը կազմել են ընդամէնը 19 սենթ:
Այս տարուայ հարկերի հետ բազմաթիւ փոփոխութիւններ են կապուած, մասնաւորապէս անցեալ Դեկտեմբերին օրէնսդիրների վաւերացրած բազմաթիւ հարկային փոփոխութիւնների տեսանկիւնից: Այս օրինագծերը վերաբերում են առողջապահական ծախսերին, առեւտրի հարկերին, փոքր եւ միջին ձեռնարկատէրերին եւ այլն: Սակայն սա առաջին դէպքն է, երբ երկրի ճնշող մեծամասնութեանը փաստօրէն ստիպում են էլեկտրոնային ուղիով իրականացնել տարուայ ամենակարեւոր հաշուետուութիւնը:
Վերջին տասնամեակին այսպէս կոչուած «e-filing» իրականացնում է երկրի 142 միլիոն անհատ հարկատու անձանց մօտ 72 տոկոսը: Իսկ 10 տարի առաջ համեմատութիւնը ընդամէնը 23 տոկոս էր: Այս տարի երկրի հարկային տեսչութիւնը (IRS) պահանջում է, որ 100 հոգուց աւելի հարկ պատրաստող մասնագէտները e-file-ի միջոցով կատարեն իրենց գործառութիւնները, իսկ գալիք տարի այս պահանջը փոփոխութեան է ենթարկուելու: Մասնագէտների վկայութեամբ պատմութեան մէջ առաջին անգամ բազմաթիւ հարուստներ ստիպուած կը լինեն նոր ձեւով իրենց հարկերը վճարել: Սա կարող է գլխացաւանք դառնալ, քանի որ յաճախորդներին յանձնարարուած է յատուկ մի փաստաթուղթ ստորագրել, որը հաւաստիացնում, որ ոչ ոք իրենց չի համոզել հարկերը էլեկտրոնային ձեւով վճարել: Իհարկէ, թղթային տարբերակն արգելուած չէ, սակայն առաջին ցուցանիշները վկայում են, որ երկրի Կոնգրեսի կողմից պարտադրուած օրէնքն արդէն յաջողութեան է հասնում:
«E-filing»ն իր զգալի առաւելութիւններն ունի. այն չափազանց մատչելի է: Անհատը կարող է այցելել IRS-ի կայքէջը եւ իր հարկերը վճարել համապատասխան ծրագրով՝ անվճար: Համաձայն որոշ մասնագէտների, e-filing-ի արդիւնքում աւելի քիչ սխալներ կարող են առաջանալ: 24 ժամուայ ընթացքում IRS-ը կը տեղեկացնի, որ ստացել է ձեր հարկերը: Անմիջապէս վճարելու կարիք չկայ, հարկատուն կարող է հաշուարկն ուղարկելուց մի փոքր անց չէկ ուղարկել, կամ էլ բանկային համարը ներկայացնել: E-file-ի միջոցով հնարաւոր է շատ աւելի արագ պետութիւնից դրամը ետ ստանալ (եթէ իհարկէ անհատն ակնկալում է այն), քանի որ գումարն անմիջապէս ներդրւում է անհատի հաշուեհամարում:
Իհարկէ, կան մարդիկ, ովքեր կը նախընտրեն պետութիւնից չէկեր ստանալ, բայց անվտանգութեան տեսանկիւնից սա այնքան էլ ապահով միջոց չէ: Որոշ անհատներ, սակայն, չեն կարող այս եղանակով հարկեր վճարել, քանի որ բաւարար գիտելիքներ չունեն դրա համար, իսկ ոմանց էլ դա խորհուրդ չի տրւում, քանի որ որոշակի յատուկ ձեւեր անպայման թղթի վրայ պիտի լրացուեն: Դրանց թուին են պատկանում օրինակ այն անհատ ձեռնարկատէրերը, ովքեր փայատէրեր են արտասահմանեան ձեռնարկութիւններում, եւ բարդ հաշուարկներ պէտք է կատարեն իրենց եկամուտները յայտարարելու եւ բաշխելու տեսանկիւնից:
E-file-ն ունի նաեւ իր բացասական կողմերը, օրինակ՝ համակարգչային խափանումների հետեւանքով æորջիայի նահանգում սխալմամբ աւելի քան 12 միլիոն դոլար է վերադարձուել հարկատուներին, իսկ որոշ ժամանակ անց դրամը ետ է վերցուել բանկային հաշիւներից՝ շատերին դնելով տուգանքների վտանգի տակ: Արդիւնքում նահանգային իշխանութիւններն աւելի քան 21 հազար դոլար են վճարել հարկատուներին՝ վերջիններիս պատճառած գլխացաւանքի համար:
Այս տարի IRS-ի համակարգում համակարգչային աննշան սխալ է գրանցուել, որը շուտափոյթ ուղղուել է: Սակայն անվտանգութեան համակարգի որոշ մասնագէտներ պնդում են, որ հարկերը կը վճարեն միայն իրենց համակարգչում տեղադրուած ծրագրի, ոչ թէ համացանցային ընդհանուր համակարգի միջոցով: Պատճառաբանութիւնն այն է, որ համացանցում առկայ ծրագրերն աւելի շատ են ենթակայ յանցագործների յարձակմանը, քան անհատական համակարգչային ծրագրերը, իսկ իւրաքանչիւր հարկատուն իր հարկերը լրացնելիս ի ցոյց է դնում իրեն վերաբերող տնտեսական յոյժ գաղտնի տեղեկութիւնների ճնշող մեծամասնութիւնը:
Մասնագէտները բաժանուած են 2 խոշոր բանակի, երբ խօսքը վերաբերում է այն հարցին, արդեօք IRS-ը e-filing-ի միջոցով աւելի յաճախ անհատին կամ ձեռնարկութեանը չի կարող «audit»ի, այսինքն վերստին քննութեան ենթարկել, որից խուսափում ու սարսափում են շատ շատերը: Ոմանք հակառակ կարծիքի են:
Այլ հարկային փոփոխութիւնների հետ մէկտեղ եւս մէկ նշանակալից նոր օրէնք է լոյս տեսել, համաձայն որի 2010 եւ 2011 թուականներին որդեգրման նպատակով 13,170 դոլարի սահմանում կատարած ծախսերը կարող են փոխհատուցուել, ինչը նշանակում է, որ եթէ նոյնիսկ անհատը հարկ չի վճարել, կարող է դրամ ստանալ կառավարութիւնից, եթէ որդեգրում է կատարել այս կամ անցեալ տարիներին: Այն անձինք, ովքեր 182,500 դոլարից աւել տարեկան եկամուտ ունեն, չեն կարողանայ օգտուել այս իրաւունքից, իսկ մանրամասնութիւնների համար կարող են ուշադիր կարդալ 8839 համարի ձեւը (form 8839):
Ուսանողներին եւս որոշակի հաճելի անակնկալներ են սպասում, որոնք փոքր-ինչ կը թեթեւացնեն օրէցօր աճող ուսման վարձերի ծանրութիւնը: Ընդհանուր առմամբ շատ կարեւոր է բանիմաց մարդու հետ կատարել հարկային ամենակարեւոր հաշուետուութիւնները, քանի որ անձամբ լսել եմ դէպքեր, երբ մարդիկ ուրախ նշել են, թէ ինչպէս են խոշոր գումարներ ստացել պետութիւնից, իսկ մէկ կամ երկու տարի յետոյ ստիպուած են եղել ոչ միայն ետ վերադարձնել այդ դրամները, այլ նաեւ դրա համար տոկոս եւ տուգանք վճարել, վրան էլ աւելացնել «audit»ի հետ կապուած գլխացաւանքները: Աւելի ապահով է պահպանողական լինել հարկերի լրացման հարցում, եւ եթէ յանկարծ մի անհատ գլուխ է գովում, թէ ինքը կարող է օգնել ձեզ՝ տասնեակ հազարներ ետ ստանալու հարցում, մի վստահէք անմիջապէս, խորհրդակցէք վարկաւորուած մասնագէտի՝ հաշուապահի հետ, ով ձեզ կարող է ներկայացնել իրական պատկերը:
Հարկային շրջան է, ամերիկացիներն իրենց անելիքների առաջին սանդղակին են դրել հարկերի հաշուարկները ժամանակին իրականացնելու խնդիրը: Աշխարհն ապրում է իր հոգսերով՝ դիմագրաւելով աւելի ու աւելի խոշոր խնդիրներ:
«Աշխա՞րհն է սրընթաց փոխւում, թէ՞ իմ աշխարհընկալումը», հարցրեց ընկերներիցս մէկը:
«Երկուսը միասին», պատասխանեց միւս ընկերս: