(Ռ. Կորիւնի Գրքի Շնորհանդէսի Առիթով)
ԱՅԼԻՆ Ք.
Նոր հայերէն գիրք էր լոյս տեսել, կազմակերպուել էր նրա շնորհանդէսը Կալիֆորնիայի հայ գրողների միութեան կողմից: Ինչ գեղեցիկ աւանդոյթ՝ մեծարել հեղինակին, այսինքն՝ փառաբանել հայ գիրն ու գրականութիւնը, փառաբանել նրա արարողին՝ Ս. Մեսրոպ Մաշտոցին եւ նրանից շառաւիղուող ոսկեայ շղթան, որ մեզ առաջնորդում է դէպի յաւերժութիւն:
Շնորհանդէս էր, Հինգշաբթի, Մարտի 3ին: Ասում են՝ Մարտը գիժ ամիս է, ամպագոռգոռ եւ յորդ անձրեւներով յղի, սակայն այդ օրը արեւոտ եւ երեկոյեան երկինքը զարդարուած էր մոգական աստղերով: Շնորհանդէսը զուգադիպում էր Վարդանանքին: Վարդանանք դարձան ոգեղէն աստղեր՝ վերից հսկելու, արիութեան ոգի ներշնչելու քաջաց, ընդդէմ թշնամաց:
Գլենդէլի հանրային գրադարանի դահլիճը լեցուն էր հանդիսականներով: Հանդէսի մեկնարկը կատարեց ԿՀԳՄ նախագահ, բանաստեղծ Գրիշ Դաւթեանը: Նա մի շարք յայտարարութիւններից յետոյ տեղեկացրեց Հրանդ եւ Մանուշ Սիմոնեանների միջոցով միութեանս կատարուած տարեկան նուիրատուութեան մասին, ապա ամբիոն հրաւիրեց վիպասան Պօղոս Գուբելեանին՝ հանդիսավարելու երեկոն: Նա ասաց. «Այս երեկոյ Ռ. Կորիւնի՝ «Արեւավառ իմ երկիր» հատորին շուրջը հաւաքուած ենք տօնական ոգիով: Արձակ գործը, գրուած դասական ուղղագրութեամբ, լարուած հետաքրքրութեամբ կը կարդացուի»:
Բեմ հրաւիրուեց երիտասարդ բանասէր եւ «Լոյս» գրքերի հեղինակ Յովսէփ Նալբանդեանը, որ գնահատեց հեղինակին եւ նրա հրատարակած գրքերը՝ ասելով. «Ան իր մեղեդին ունի. եթէ մեղեդի չունենար, ապա չորս տարուան մէջ երրորդ գիրքը հրատարակելու խիզախութիւնը չէր ունենար: Որպէս երկար տարիներու ազգային-հասարակական գործիչ, հրապարակագրական շունչովդ թէ՛ քայլ կը պահես հասարակութեան հետ եւ միեւնոյն ժամանակ մեր առօրեայ հոգերը, ազգային խնդիրները հաղորդակից կը դարձնես մեր ժողովուրդին»: Այնուհետեւ նա ընթերցեց հեղինակի կենսագրութիւնը:
Գրքից ընթերցում կատարեցին՝ Այլին եւ Արեւիկ Քէշիշեանները՝ գրքի ոգին արտայայտող պատառիկներ հրամցնելով լսարանին, արժանանալով գնահատանքի:
Մեր սիրելի մայեստրօ Հենրիկ Անասեանի ելոյթը գոհունակութեամբ ընկալուեց: Նա գնահատեց ու քաջալերեց Ռ. Կորիւնի ստեղծագործելու գեղարուեստի ոգին: Նրա ելոյթին միախառնուած էր նաեւ գրականագէտի ակնարկ-արժեւորում:
Գնահատանքի ուղերձներ էին յղուել մեծարուողին՝ «Իրան Քամարա Լիլիան» հայ յանձնախմբի եւ ընկերների կողմից, որոնք ընթերցուեցին հանդիսավարի միջոցով:
Մեր սիրելի æանիբեկը բեմ հրաւիրուեց. նա շնորհաւորեց հեղինակին՝ ասելով. «Շատ ուրախ եմ, որ այսօր այսքան մարդ է հաւաքուել, որովհետեւ գրողի երազանքը իրականացել է: Մենք էլ, քո գրչակից ընկերներ եւ թէ ընթերցող-բարեկամներ, սրտալի մաղթենք այսուհետեւ նոյնպէս ճամբիդ լոյս-բարին շատ լինի եւ նորանոր երկունքներով ներկայանաս»:
Իւրաքանչիւր հեղինակ ցանկանում է, որ իր գրքի մասին գրուի եւ խօսուի: Բանիմաց գրաքննադատի գործն է երեւան բերել գրքի էութիւնը՝ անաչառ նախանձախնդրութեամբ:
Գրքի արժեւորումը յանձն էր առել Գրիշ Դաւթեանը: Նա այսպէս է բնութագրում գիրքը. «Աշխարհաճանաչութեան իր պրպտումների մէջ Ռ. Կորիւնը աւելի դիտող ու ճանաչող է, մտածող, կշռադատող, ապա զգացող: Նա գրում է մտածումով, յիշողութեամբ: Գրականութիւնը նրա համար նուիրական գործ է, այդ սիրով է նա տոգորուած գրում իր էջերը: Պատմուածքները անձնական կեանքի, հանդիպումների, խօսակցութիւնների շարադրանքներ են՝ իրական, իրապաշտօրէն անկեղծութեամբ գրուած: Այնուամենայնիւ, տոգորուած են լաւն ու բարին, իրաւն ու արդարութիւնը պաշտպանող մարդկային ու հեղինակային ազնիւ կողմնորոշմամբ: Նրա արուեստի հիմնական ձեւը հեղինակային անկեղծութիւնն է, գրական բնոյթը՝ կեանքի հետ նրա փոխյարաբերութեան վիճակի արտայայտութիւնն է»:
Բանաստեղծ եւ երգիծաբան Ներսէս Տէր Մեսրոպեանը Իրանահայ միութեան գրադարան-ընթերցարանի ընկերների եւ Իրանահայ միութեան «Տեղեկատու» ամսաթերթի վարչութեան կողմից ջերմօրէն ողջունեց Կորիւնի երրորդ գրքի հրատարակչութիւնը՝ զայն «մի կատարեալ յաղթանակ» որակելով:
Յաջորդ սրտի խօսք ասողը Խորէն Արամունին էր: Անդրադառնալով գրքի խորագրին՝ նա ասաց. «Սա այն սիրտն է մեր Ռուբէնի կրծքի տակ, որ վառւում է հայրենիքի համար: Ռուբէնը ահաւոր հայրենասէր է, «չմտածող հայրենասէր», այսինքն՝ չի կարող որեւէ վատ բան ընդունել հայրենիքի մասին»: Խորէնը գրքի լեզուն նմանեցրեց հարազատ մեր իրանահայ պապերի լեզուին:
Միութեանս քարտուղար՝ բանաստեղծ Գարուշ Յարեանցը, որ իր սիրասուն դստեր ամուսնութեան պատճառով երեկոյից բացակայում էր, իր սրտի խօսքին մէջ գրած էր գրքին մէջ, որ ընթերցեց Արսինէ Վարդազարեանը, տպաւորիչ առոգանութեամբ՝ արժանանալով ծափերի:
Բեմ հրաւիրուեց Նուարդ Առաքելեանը՝ իրանագէտ բանասէր, թարգմանիչը: Նա ներկայացել էր Փերիոյ ազգագրական միութեան կողմից ողջոյնի խօսք ասելու: Նա ուրախութիւն յայտնեց, որ 40 տարի առաջ Թեհրանում հեղինակի դպրոցական սաներից է եղել եւ շնորհաւորեց գիրքը՝ մաղթելով նորանոր գրքերի ծնունդ:
Բեմ հրաւիրուեց մեր միութեան հանդիպուներին մասնակցող Վահէ Աւետիսեանը ու անկեղծ սրտի յուզական բառերով շնորհաւորեց հեղինակին ապա գրքի շապիկի պատկերով պատրաստուած հրաւիրատոմսը խոշորացրած եւ շրջանակած նուիրեց հեղինակին:
Նախքան գինեձօնի արարողութիւնը, հեղինակը բոլորին սրտագինս շնորհակալութիւն յայտնեց՝ ասելով. «Այս հոգեպարար երեկոյին, քաղցր ու յուզախառն հոգեվիճակ է ինձ պարուրուել, ի տես այս պատուական մեծարանքին, մասնաւորաբար՝ տաղանդաւոր գրչի ու բանի հեղինակ անձերի»:
Ներկաները մասնակցեցին գինեձօնին. բոսոր գինին հայկական կաթիլ-կաթիլ հեղւում էր նորալոյս գրքի էջերին. ողջ գիրքը թաթախուեց հայոց երկրի արեւավառ խաղողի բերքով: Գինովացած գիրքը յիշատակ պահուեց:
Բացառիկ երեկոյ, մեծարանքի գեղեցիկ հանդիսութիւն: Գոհ հանդէսից, գոհ հիւրասիրութիւնից՝ ներկաները թողեցին սրահը բարձր տրամադրութեամբ: