
ԵՐԵՒԱՆ, «Փանորամա».- Մարտ 30ին լրագրողներու հետ հանդիպման ընթացքին, ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարար Արմէն Աշոտեան յայտնեց, թէ Վրաստանի մէջ հայկական համայնքի բնակչութեան թիւը հետզհետէ կը պակսի, իսկ ատրպեճանական համայնքը, ժողովրդագրական առումով՝ աճող համայնք է: Անոր խօսքով, ատրպեճանական համայնքը չ՛արտագաղթեր, իսկ եթէ արտագաղթէ, Ատրպէյճան կ՛երթայ: «Իսկ հայկական համայնքից բնակիչները հիմնականում գնում են Ռուսաստան», նշեց Ա. Աշոտեան:
Ան աւելցուց, որ ատրպեճանական համայնքը կ՛օգտուի Վրաստանի մէջ ատրպեճանական դրամագլուխի առկայութենէն, իսկ հայկական համայնքը այդ հնարաւորութիւնը դեռ չունի:
Ա. Աշոտեանի խօսքով, հայկական դպրոցներու պահպանման հարցով առաջին քայլը պէտք է առնէ հայ համայնքը:
«Վրաստանում հայկական դպրոցների զարգացման գործում մեծ դեր պէտք է ունենայ հայկական համայնքը: Շուրջ 80 հազարանոց հայ համայնք ունենք, իսկ հայկական սեկտորում (բաժինին մէջ-Խմբ.) սովորում է ընդամէնը 600 երեխայ: Շատերը սովորում են ոչ հայկական դպրոցներում: Հայկական դպրոցների պահպանման համար առաջին խնդիրն է ապահովել այդ դպրոցների աշակերտների թիւը. դա շատ կարեւոր հարց է», ըսաւ նախարարը: