ԽԱՉԻԿ ՄԵԼԵՔԵԱՆ
Միացեալ Նահանգների անշարժ գոյքի շուկան առողջացման թեթեւ նշաններ է գրանցում՝ ի հաշիւ կալուածների աննախադէպ ցածր արժէքների:
Ներդրողներին խրախուսում է այն հանգամանքը, որ տոկոսադրոյքները դեռեւս ցածր են եւ Միացեալ Նահանգների անշարժ գոյքի շուկան գրաւիչ է դարձել արտասահմանեան ներդրումային ընկերութիւնների համար եւս:
Կալուածքներ են գնում հարաւկորէական, չինական, եւրոպական ընկերութիւններ: Այս բնագաւառը հետաքրքրել է նաեւ թուրք ձեռներէցներին: «Հիւրրիյէթ» օրաթերթը իր էջերից մէկում տպագրել էր մի յօդուած, որտեղ թուրքական ծագումով ամերիկեան մի ձեռներէց կոչ էր անում իր ազգակիցներին օգտուել Միացեալ Նահանգներում առկայ իրավիճակից եւ անշարժ գոյք գնել: Ներդրման առաջարկը հետեւեալն է. պէտք է կատարել առնուազն մէկ միլիոն դոլարի ներդրում եւ սպասել մինչեւ հինգ տարի՝ նախնական գումարի 115.7 տոկոսի նախատեսուած շահոյթը ստանալու համար:
Որոշ մասնագէտներ վկայում են, որ ամերիկացիները պէտք է հնարաւորին չափ շուտ սթափուեն, այլապէս այսպիսի բարենպաստ իրավիճակից օգտուելու առիթը բաց կը թողնեն: Ճիշդ է անցեալ տարուայ համեմատ կալուածների արժէքները անկում են գրանցել, բայց այսպէս շարունակուել չի կարող: Դատէք ինքներդ. այսօր երկրի մի շարք տարածքներում տուն գնելը կրկնակի անգամ աւելի շահաւէտ է, քան տուն կառուցելը: Այսինքն՝ եթէ մի քանի տարուայ վաղեմութիւն ունեցող տունը կարելի է 120,000 դոլարով գնել, միեւնոյն տունը կանգնեցնելու համար մօտ 250,000 դոլար է պահանջւում:
Տնտեսագէտները նախազգուշացնում են, որ այն ինչ կատարուեց 2000 թուականին այլեւս կարող է չկր-կնուել, այսինքն՝ ներդրումները մի քանի տարուայ մէջ կրկնակի կամ եռակի չեն աճի: Նրանք միաժամանակ նշում են, որ արժէքները Ֆլորիդայի Տամպա բնակավայրում 44 տոկոսով աւելի ցածր են երբեմնի արժէքներից, իսկ Ֆենիքսում այդ թիւը 54 տոկոսով է ցածր: Լաս Վեգասում կալուածքների արժէքներն անկում են ապրել 57 տոկոսով, իսկ Մայամիում՝ 49 տոկոսով:
Կանադացիների շրջանում կատարուած մի հարցման արդիւնքում պարզուել է, որ ամէն 5 կանադացուց 1ը մտադիր է կալուածք գնել Միացեալ Նահանգներում:
Կանադական դոլարը, որ գրեթէ հաւասարուել է իր ամերիկեան անուանակցին, շատ մեծ գնողունակութիւն է ձեռք բերել: Մասնագէտները պնդում են, որ հումքի ներկայ արժէքի կտրուկ բարձրացումը թոյլ է տալիս եզրակացնել, որ կալուածների պատմական այս ցածր արժէքները երկար չեն կարողանայ յարատեւել, քանի որ տնտեսութեան նոյնիսկ չնչին աշխուժացման պայմաններում մարդկանց մօտ պահանջարկի խիստ դրսեւորում կը լինի, եւ նորակառոյց շէնքերը շատ աւելի թանկ կը լինեն շարքային գնորդների համար: Այսօրուայ շուկան հնարաւորութիւն է տալիս որոշ գնորդների իրականացնել տուն ունենալու երկարամեայ երազանքը: Պայմանը միայն մէկ հանգամանք է, մարդը պիտի աշխատանք ունենայ, մի բան որ շատերի անհանգստութեան պատճառն է դարձել:
Տնտեսագէտները մատնանշում են եւս մէկ հանգամանք, որը խիստ անհանգստութեան առիթ է դարձել երկրի ղեկավարութեան համար: Բանն այն է, որ համաձայն կանխատեսումների, մինչեւ առաջիկայ ամսուայ 16ը Միացեալ Նահանգները կը հասնի երկրի պարտքի գագաթնակէտին, եւ եթէ Կոնգրեսը չբարձրացնի պարտքեր վերցնելու այսպէս կոչուած «առաստաղը», ապա Միացեալ Նահանգները կարող է յայտնուել Յունաստանի, Իռլանդիայի եւ մի շարք այլ պետութիւնների կարգավիճակում. մի բան, որ ոչ մի դէպքում չի կարելի դրական որակել: Մասնագէտների կարծիքով, եթէ հաշուի առնենք Միացեալ Նահանգների տնտեսութեան չափը, ապա երկրի ազգային պարտքն աւելի մեծ է, քան Ֆրանսիայինը, Կանադայինը եւ Գերմանիայինը, բայց աւելի փոքր է քան Իտալիայինը եւ Ճապոնիայինը: Այս առնչութեամբ Մայիսի առաջին երկու շաբաթուայ ընթացքում տեղեկութիւններ կը հրապարակուեն, որոնց ելքից կախուած կը լինի երկրի տնտեսութեան յետագայ ընթացքը:
Շարունակելով կալուածների շուկայում առկայ իրավիճակի թեման հարկ է նշել, թէ որոշ կանխատեսումների համաձայն ցածր եւ միջին արժէք ունեցող կալուածքների արժէքները յարաբերական դադարի են յանգել, այսինքն՝ ինչ-որ ձեւով կանոնաւորուելու միտում են գրանցում: Աւելի վտանգաւոր գօտում են թանկարժէք կալուածքները: Վաճառողները պէտք է նկատելի զեղչերի դիմեն, եթէ պատրաստւում են շուտափոյթ ազատուել իրենց «ապրանքից», այլապէս ստիպուած կը լինեն երկար տարիներ սպասել: Ակնարկի սկզբում նշեցի, թէ ինչպէս օտարերկրեայ ներդրողները աչքերը ջուր կտրած սպասում են, թէ երբ կը կարողանան օգտուել մեզ մօտ առկայ իրավիճակից: Ներկայ դրամատիրական հասարակութիւնը՝ այսպէս կոչուած կորպորատիւ կապիտալիզմը, զգալիօրէն տարբերւում է երկրում առկայ երբեմնի կարգերից: Այն ո՛չ խիղճ ունի, ո՛չ սիրտ, ո՛չ էլ մարդկութիւն: Այսօրուայ համակարգին հետաքրքրում են միայն թուեր, տուեալներ: Եւ եթէ որեւէ հանգամանք խանգարում է իրենց նախագծած առաջընթացին, հրաման է արձակւում անմիջապէս ամէն գնով ձերբազատուել դրանից: Բայց մարդկային հասարակութեանը հնարաւոր չէ վերաբերուել այնպէս ինչպէս համակարգչին: Համակարգիչը չունի զգացմունքներ եւ մարդկային ջերմութիւն: Փաստը մնում է փաստ, ուժեղը կուլ կը տայ թոյլին, իսկ ներկայ դրութեան մէջ Միացեալ Նահանգների առաջնորդները չպէտք է թոյլ տան, որ օտարերկրեայ ձեռնարկութիւնները կլանեն ամերիկեան կազմակերպութիւններին. ներկայումս նման փորձերը շատ աւելի յաճախակի են դարձել: Իսկ թէ ինչպէս նրանք դա կանեն, մեծ հարցական է: Չէ՞ որ ներկայ մոդելի հեղինակները սերում են Միացեալ Նահանգներից: