
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ.- Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակօ Սահակեանի մամլոյ քարտուղար Դաւթ Բաբայեան, անդրադառնալով Լեւոն Տէր Պետրոսեանի «Պի.Պի.Սի.»ի ռուսերէն ծառայութեան տուած հարցազրոյցի ընթացքին կատարած գնահատումներուն, հետեւեալ մեկնաբանութիւնները փոխանցած է մամուլին.
Ընդհանրապէս խօսելով ադրբեջանաղարաբաղեան փոխյարաբերութիւնների մասին, նախեւառաջ պէտք է բաւականին խորն ուսումնասիրել Ադրբեջանի իւրայատկութիւնները: Ցանկացած քաղաքագէտ, գործիչ, վերլուծաբան ու գիտնական, անպայման այս բոլորը պէտք հաշուի առնի, որպէսզի կարողանայ կանխատեսել, թէ ինչ կարելի է սպասել այդ պետութիւնից:
Խօսելով կողմերի դիրքորոշման մասին՝ պէտք է փաստել (սա ակնյայտ փաստ է, որ որեւէ ձեւով որեւէ մէկը չի կարող ժխտել), որ ամենամաքսիմալիստական դիրքորոշումը պահպանում է ինքը՝ Ադրբեջանը: 70 տարի Արցախը բռնակցուած էր Ադրբեջանին, 70 տարի մեր նկատմամբ իրականցւում էր խտրական քաղաքականութիւն: Եղաւ շարժում, որին նրանք պատերազմով արձագանքեցին: Ադրբեջանը ոչ մի կերպ չէր ուզում մաքսիմալիստական իր դիրքորոշումից նոյնիսկ մէկ սանտիմետրով հետ քաշուել: Ոչ միայն պատերազմից յետոյ, երբ տարածաշրջանում իրավիճակը փոխուեց, այլեւ մինչեւ այսօր պաշտօնական Բաքուն շարունակում է այդ նոյն դիրքորոշումը ներկայացնել եւ որեւէ ձեւով չի փոխուել այն: Մաքսիմալիզմի ամենաբարձր նշաձողը Բաքուն պաշտպանում է առ այսօր. ասում է, որ Ղարաբաղը չի կարող լինել անկախ պետութիւն, նրա սահամնները պէտք է համապատասխանեն Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի սահմաններին, լինի Ադրբեջանի կազմում եւ այլն: Այս իրավիճակում մենք ի՞նչ պէտք է ակնկալենք այդ պետութիւնից:
Պէտք է հաշուի առնել նաեւ այն, որ Ադրբեջանում ձեւաւորուել է մի իւրայատուկ էթնոքաղաքական իրավիճակ, որի հիմնական առանձնայատկութիւնը հետեւեալն է. ադրբեջանական ժողովրդի ձեւաւորման գործընթացը դեռ շարունակւում է եւ չի ստեղծուել ընդհանուր ադրբեջանական ժողովուրդ: Ճիշտ է այն, որ այստեղ քսանական թուականներին թուրքալեզու եւ ոչ թուրքալեզու ժողովուրդների յարաբերակցութիւնը եղել է մօտ 50-50: Հիմա ոչ թուրքալեզու զանգուածի մեծ մասին ձուլել են, սակայն լեզգիները, թալիշներն ու աւարները պահպանել են իրենց ազգային ինքնութիւնը: Այս պահի դրութեամբ կարելի է ասել, որ Ադրբեջանի մաքսիմալիզմը նաեւ օբյեկտիւ (առարկայական-Խմբ.) հիմք ունի: Պարզաբանեմ. եթէ Ադրբեջանը ճանաչում է Արցախի անկախութիւնը, ապա միւս ժողովուրդները եւս կարող են նոյն ճանապարհն ընտրել: Ադրբեջանի համար նոյնքան վտանգաւոր է նաեւ Արցախին ինքնավարութիւն տալու սցենարը: Հետեւաբար, Արցախի հիմնախնդրի հանգուցալուծումն Ադրբեջանի համար ունի երկու տարբերակ. կա՛մ Արցախը պէտք է ոչնչացուի, կա՛մ իրավիճակը պէտք է պահպանուի այնպէս ինչպէս կայ: Այս կոնտեքստում (ծիրէն ներս-Խմբ.), մաքսիմալիզմի չափանիշները հէնց Ադրբեջանն է պահպանում՝ չհամաձայնելով որեւէ առաջարկի:
Մենք բազմիցս կրկնել ենք, որ պատրաստ ենք Ադրբեջանի հետ ցանկացած հարց քննարկել՝ լինի դա տարածքների, թէ այլ բանի հետ կապուած, բայց մէկ վերապահումով, որն ինձ թւում է՝ օբյեկտիւ է, հաւասարակշռուած եւ ռացիոնալ (տրամաբանական-Խմբ.): Այն է՝ վերադարձ 1988 թ.ին՝ տարածքների առումով, անհնար է, քանի որ ԼՂՀն նախկին տարածքների սահմաններում չի կարող գոյութիւն ունենալ որպէս անկախ պետութիւն: Բացառւում է եւ դա բոլորը գիտեն: Դիտարկենք օրինակ՝ Քարվաճառի շրջանը: Այն մեծ ռազմավարական նշանակութիւն ունի, այնտեղից են սկիզբ առնում Որատան եւ Արփա գետերը, որոնք սնում են Սեւան լիճը: Ադրբեջանը պարբերաբար ապատեղեկացնում է, թէ հայերն այնտեղ են թաղում Մեծամորի ատոմակայանի թափօնները: Մենք պէտք է մտածենք, որ այդ տարածքն իր ձեռքում յայտնուելու պարագայում, կարող է Ադրբեջանն ինքը թափօններ գցել Արփա եւ Որոտան գետերը՝ թունաւորելով ողջ Հայաստանը: Նրանք այդ ժամանակ կ՛ասեն՝ սա ոչ թէ մենք ենք անում, այլ հայերն են, որոնք քսան տարի այնտեղ թափօններ էին թաղում: Այդ պարագայում, մենք ի՞նչ կարող ենք անել: Ոչ ոք այս առումով մեզ երաշխք չի կարող տալ: Եւ սա միակ օրինակը չէ:
Ինչ վերաբերում է այն հարցադրմանը, թէ արդեօք Լեւոն Տէր Պետրոսեանը նման յայտարարութեան իրաւունք ունէր, ապա նշեմ, որ ցանկացած մարդ էլ ունի իր տեսակէտը եւ կարող է արտայայտել: Թող հանրութիւնը տեսնի եւ հասկանայ, թէ նա ինչ է մտածում: Այս իրավիճակը մենք չպէտք է ողբերգութիւն դարձնենք: Բոլորը պէտք է իմանան, թէ ով՝ ինչ է մտածում եւ չպէտք է ամէն ասած՝ որպէս բացարձակ ճշմարտութիւն ընդունել: