ՔՐԻՍՏԻՆԷ Ֆ. ՄԵԼՔՈՆԵԱՆ
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Թուրքիայի վարած հակախորհրդային քաղաքականութիւնը պատերազմի ա-ւարտից յետոյ յանգեցրեց խորհրդա-թուրքական յարաբերութիւնների վատթարացմանը: Արդիւնքում՝ ԽՍՀՄը չեղեալ յայտարարեց 1925թ. խորհրդա-թուրքական պայմանագիրը եւ իր պայմաններն առաջադրեց Թուրքիային. վերանայել ինչպէս սեւծովեան նեղուցների վերաբերեալ Մոնտրիոիում սահմանուած ռեժիմը, այնպէս էլ ԽՍՀՄի եւ Թուրքիայի միջեւ եղած սահմանը: Այլ կերպ ասած՝ վերադարձնել Կարսը եւ Արդահանը: Արդիւնքում՝ միջազգային օրակարգում կրկին յայտնուեց Հայկական հարցը:
Թուրքական մամուլը, որը պատերազմի տարիներին աջակցել էր իր կառավարութեանը, 1945թ. միահամուռ թիկունք կանգնեց վերջինիս որդեգրած տարածքային ամբողջականութեան պահպանման քաղաքականութեանը: Հուսէին Ջահիդ Եալչնը՝ «Թանին»ում, Եունուս Նադին՝ «Ջումհիւրիէ»չում բացէիբաց հակախորհրդային եւ հակահայկական գաղափարներ էին արտայայտում: Վերջիններիս հետ համատեղ արեւմտեան պարբերականները եւս սկսել էին մեծ տեղ յատկացնել Խորհրդային Միութեան՝ Թուրքիային ներկայացրած տարածքային պահանջատիրութեան խնդրին, ինչը վկայում է, որ հայկական տարածքների հարցը միջազգային հանրութեան ուշադրութեան կենտրոնում էր յայտնուել: Աւելին՝ ուսումնասիրելով այդ տարիների մամուլը, կարելի է արձանագրել, որ արեւմտեան թերթերում հիմնակնում գերակշռող էին հայկական տարածքների պահանջատիրութեան հարցում Թուրքիայի շահերը պաշտպանող յօդուածները, թէեւ դրանց զուգահեռ յիշատակւում էին նաեւ Օսմանեան կայսրութեան տարածքում հայերի նկատմամբ իրականացուած ջարդերը:
Ամերիկեան մամուլից հիմնականում առանձնացնենք «Նիւ Եորք Թայմս»ը: Այս պարբերականը ժամանակ առ ժամանակ անդրադառնում էր խորհրդա-թուրքական յարաբերութիւններում ծագած ճգնաժամին: Եւ եթէ մի կողմից փորձում էր հիմնաւորել, որ ԽՍՀՄի պահանջները ընդամէնը ծաւալապաշտական ծրագրի մի մասն են կազմում, ապա միւս կողմից էլ խօսում էր հայերի արդարացի պահանջների մասին: Օրինակ՝ 1945թ. Օգոստոսի 7ին «Նիւ Եորք Թայմս»ը հրատարակեց մի յօդուած որում շեշտում էր, թէ անհասկանալի է թէ ինչո՞վ է պայմանաւորուած Խորհրդային Միութեան Կարսի եւ Արդահանի պահանջը: Թերթը զերծ մնալով մեկնաբանութիւններից միայն տեղեկացրել է, որ վերջին ամիսներին Մերձաւոր Արեւելքում Ռուսաստանի խրախուսմամբ հայ ազգայնականները լայնածաւալ քարոզչական գործունէութիւն են ծաւալել: 1945թ. Դեկտեմբերի 25ին էլ ամերիկացի վերլուծաբան Դեվիդսոնը ԽՍՀՄի Մերձաւոր Արեւելքում վարած քաղաքականութեանը հետեւեալ գնահատականն է տուել. «Խորհրդա-թուրքական պայմանագրի չեղեալ յայտարարումը, Թուրքիային ներկայացրած պահանջները, ինչպէս նաեւ Հիւսիսային Իրանում ստեղծուած իրավիճակը ներկայիս ռուսական իմպերիալիզմի արտայայտման ձեւն է»: Աւելի ուշ՝ 1946թ. Մարտի 8ին «Նիւ Եորք Թայմս» պարբերականը հրատարակեց մէկ այլ յօդուած, որում ներկայացրել է Խորհրդային Միութեան Թուրքիայի առաջադրած պահանջների լրջութիւնը: Թերթը նշել է, որ պաշտօնական Վաշինգտոնի գնահատմամբ այս պահանջները նպաստեցին Պոտսդամում անգլօխորհրդային յարաբերութիւնների վատթարացմանը: Ըստ ամերիկացի պաշտօնեաների՝ խորհրդային ոչ մի պահանջ իրենից այնպիսի մեծ նշանակութիւն չի ներկայացնում, որքան Թուրքիային ներկայացրածը, աւելին թերթը հիմնուելով վերջիններիս խօսքերի վրայ, վստահեցնում էր, որ եթէ ԽՍՀՄը փորձի զաւթել այդ տարածքները, ապա պատերազմը անխուսափելի կը լինի:
ԱՄՆում ԽՍՀՄի քաղաքականութիւնը քննադատող դիրքորոշումներին զուգահեռ հնչել են նաեւ այն տեսակէտները, որ Մոսկուայի Անկարային ներկայացրած տարածքային պահանջները հիմնաւորուած են: Յատկապէս այդ մօտեցման ձեւաւորման գործում մեծ դերակատարում է ունեցել 1945 թ. Նոյեմբերի 9ին Նիւ Եորքում ստեղծուած հայերի իրաւունքների պաշտպանութեան յանձնախումբը, որի անդամներն էին մի խումբ նշանաւոր ամերիկացի գործիչներ: Արդէն 1945թ. Դեկտեմբերին հնչել են ԽՍՀՄի Թուրքիային ներկայացրած տարածքային պահանջները արդարացնող առաջին յայտարարութիւնները: 1945թ. Դեկտեմբերի 22ին հանրաճանաչ ամերիկացի ռադիօվերլուծաբան Ստիլլը իր հաղորդման ընթացքում յայտարարել է, որ ԽՍՀՄի պահանջները պատմական, ազգագրական եւ քաղաքական տեսանկիւնից արդարացի են, քանի որ հայկական են: Մի քանի շաբաթ անց էլ ամերիկեան կողմը քննադատութեան է ենթարկել 1946թ. Յունուարի 6ին Թուրքիայի մեջլիսում վարչապետ Շ. Սարաջօղլուի ունեցած ելոյթը, որում յայտարարել է, որ «Կարսում եւ Արդահանում ոչ մի հայ չի ապրում եւ այդ պատճառով դրանք հայկական չեն կարող լինել»: Դրան ի պատասխան մէկ ամիս անց՝ Փետրուարի 6ին, «Նիւ Եորք Թայմս»ում հրապարակուել է պրոֆ. Վ. Խուոստովի «Պատմական իրողութիւնները կ՛ամբաստանեն» խորագրով նամակը, որտեղ հեղինակը հարց էր տալիս Սարաջօղլուին, թէ ինչպէ՞ս է եղել, որ ԿարսԱրդահանում ոչ մի հայ չի ապրում, երբ 1916թ. շուրջ 100 հազար հայ էր ապրում միայն Կարսում: Նա աւելացրել է, թէ հնարաւո՞ր է մէկ ազգ բնաջնջել, որպէսզի տիրեն նրա հողին: Այլ կերպ ասած՝ նա պարազաբանումներ էր պահանջում Թուրքիայի վարչապետից, յիշեցնելով այստեղի հայերի նկատմամբ իրականացուած կոտորածների մասին: Իսկ երկու ամիս անց՝ 1946թ. Մարտի 6ին ամերիկացի ռադիօվերլուծաբան Ռեկը սա Միլլերը խօսելով հայկական տարածքների մասին, շեշտել է, որ ԽՍՀՄը հայերի նկատմամբ ճիշտ վերաբերմունք է ցուցաբերում: «Ես ինքս եմ ականատես եղել նրանց (խօսքը վերաբերում է հայերին-Ք. Մ.) տառապանքներին եւ մասնակցել եմ նրանց ազատագրման գործողութիւններին: Առաջին համաշխարհային պատերազմից յետոյ թուրքերը օգտուելով ստեղծուած իրավիճակից Հայաստանի նկատմամբ ռազմական գործողութիւններ են ծաւալել եւ իրենց են կցել անկախ Հայաստանի մի մասը: Դժբախտաբար իրականութիւն է թուրքերի այն պնդումը, որ տարածքներում ոչ մի հայ չի ապրում, սակայն, իրականութիւն է նաեւ այն, որ այդտեղի հայ բնակչութիւնը կոտորուել է թուրքերի կողմից»: Միլլերը մեծ կարեւորութիւն է տուել ԽՍՀՄի հայրենադարձութեան վերաբերեալ ընդունած որոշմանը եւ նկատել, որ մեծ թուով հայերի բնակեցումը Խորհրդային Հայաստանի հանրապետութեան փոքր տարածքում, որը սահմանակից է Թուրքիային, տարածքաշրջանում պայթունավտանգ իրավիճակ է ստեղծում: Ըստ նրա՝ ամերիկեան ղեկավարութիւնը պէտք է աջակցի Ռուսաստանին հայկական հողերի վերադարձման հարցում:
Ինչ վերաբերում է բրիտանական մամուլում տեղ գտած յօդուածներին, ապա դրանք այնքան էլ չէին տարբերւում ամերիկեանից: Հիմնականում բրիտանական կողմը նպատակասլաց փորձում էր հիմնաւորել, որ ԽՍՀՄի պահանջները ընդամէնը ծաւալապաշտական ծրագրի մի մասն են կազմում: Դեռ 1945թ. Յունուարին Անգլիական «Էկոնոմիստ» թերթը «Ռուսաստան եւ Միջին Արեւելք» խորագրի տակ՝ կանխատեսելով ԽՍՀՄի յետագայ արտաքին քաղաքականութիւնը, գրել է. «Վերջապէս Խորհրդային Հայաստանը կարող է պահանջել վերանայել 1921թ. Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ կնքուած Կարսի պայմանագիրը»: Իսկ արդէն տարեվերջին՝ 1945թ. Դեկտեմբերին, նոյն թերթը այս անգամ «Կովկասի շախմատային տախտակը» խորագիրը կրող յօդուածում, կրկին անդրադարձել է ԽՍՀՄի տարածաշրջանում վարած քաղաքականութեանը եւ Թուրքիային ներկայացրած տարածքային պահանջատիրութեան վերաբերեալ հետեւեալ գնահատականն է տուել. «Խորհրդա-թուրքական սահմանը գծուել է Լենինի եւ Մուստաֆա Քեմալ փաշայի միջեւ ընթացած ազատ բանակցութիւնների արդիւնքում»: Միաժամանակ յօդուածագիրը կարեւորել է հայկական գործօնը եւ նկատել, որ թուրքերին հիմնականում դժուար է դիմակայել արտերկրում ապրող հայերի Մեծ Հայաստան ստեղծելու պահանջին: «Գործի ուժեղ կողմը տարածքները հայերի անունից պահանջելն է, քանի որ վերջիններիս պատմական հողերն են: Իսկ թոյլ օղակը այն է, որ այս տարածքներում այլեւս հայեր չեն ապրում: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին նրանց տեղահանել են իրենց բնակավայրերից, որն ընթացել է հայերի կոտորածներով», գրել է «Էկոնոմիստ»ը: 1945թ. Յուլիսի 24ին «Թայմս»ն էլ խնդրին հետեւեալ կերպ է արձագանգել.«Այդ պահանջները (խօսքը գնում է Կարսի եւ Արդահանի մասին-Ք. Մ.) հանդիսանում են ԽՍՀՄի ընդհանուր քաղաքականութեան մի մասը, որի նպատակն է կրկին Ռուսաստանին միաւորել, թոյլ ժամանակ Թուրքիային զիջած տարածքները»: Ըստ թերթի՝ այդ հողերը ոչ մի նշանակութիւն չունեն ո՛չ Ռուսաստանի, ո՛չ էլ Թուրքիայի համար, դրանք մեծ նշանակութիւն ունեն միայն հայերի համար: 1946թ. Յունուարի 11ի համարում նոյնանման տեսակէտ է յայտնել նաեւ անգլիական «Նիւ Ստէյթսմեն Էնդ Նէյշն» ամսագիրը: Իսկ 1946թ. Փետրուարին բրիտանական «Նեշընըլ Ռիվեու» ամսագիրը հրատարակել է «Ռուսաստանը եւ Մենք» խորագրով յօդուած, որում մէկ անգամ էլ անդրադառնում էր ԽՍՀՄի արտաքին քաղաքականութեանը եւ խորհրդաբրիտանական յարաբերութիւններին: Յօդուածագիրը փորձում էր պատասխանել, թէ ինչով է պայմանաւորուած ԽՍՀՄի հայկական տարածքներ ձեռքբերելու ձգտումը: Յօդուածի համաձայն՝ չնայած այս շրջաններն ունեն ռազմավարական կարեւոր նշանակութիւն, Ռուսաստանի նպատակը այլ էր:
«Նեշընըլ Ռիվեու»ի հիմնաւորմամբ՝ պաշտօնական Մոսկուան ձգտում է ցոյց տալ իր առաւելութիւնը Թուրքիայի առջեւ: Յօդուածագիրը գրել է. «Կարսի եւ Արդահանի Ռուսաստանին զիջումով Թուրքիան աշխարհին ցոյց կը տայ, որ ճանաչում է Ռուսաստանի ուժը եւ իր գլուխն է խոնհարում տիրակալի առջեւ: Աւելին Թուրքիայի կողմից այդ տարածքների զիջումը կը նշանակի, որ Ռուսաստանի խօսքը օրէնք է Անկարայի, Սոֆիայի եւ Բուխարեստի համար»: Այլ կերպ ասած՝ ԽՍՀՄի միակ նպատակն է՝ մէկ անգամ էլ հաստատել գերտերութեան իր կարգավիճակը: Հետաքրքիր է, որ չնայած նմանատիպ յայտարարութիւններին՝ վերը նշուած պարբերականները եւս մեծ կարեւորութիւն են տուել հայկական գործօնին, չհերքելով, որ խօսքը գնում է հայկական տարածքների մասին:
Ֆրանսիական մամուլը, ի տարբերութիւն ամերիկեան եւ բրիտանական պարբերականների, խնդիրը այլ կերպ է դիտարկել: 1946թ. Մարտի 19ին ֆրանսիական «Ֆիգարօ» թերթը հրատարակել է մի յօդուած, որում յայտնի ֆրանսիացի դիւանագէտ Անդրէ ֆրանսուա Պոնսէն պնդում էր, որ Խորհրդային Միութիւնը ձգտում է իր գերիշխանութիւնը հաստատել միջերկրական աւազանի տարածաշրջանում եւ դրան հասնելու ճանապարհներից մէկն էլ հանդիսանում է Կարսի եւ Արդահանի վերադարձնելը: Մէկ օր անց էլ՝ Մարտի 20ին ֆրանսիական «Իւմանիտէ» պարբերականը, ի պատախան «Ֆիգարօ»ի յօդուածին, մէկ այլ յօդուած է հրատարակել, որտեղ հետեւեալ գնահատականն է տրուել. «Իրականում, Կարսի եւ Արդահանի հարցը արդիական է: Դրանում ԽՍՀՄն ոչ մի նուաճողական ծրագրեր չի հետապնդում: Չէ, որ ոչ մի ֆրանսիացի իրեն թոյլ չի տայ Էլզասը եւ Լոթարինգեան յիշատակելով օգտագործել «նուաճել» կամ «միացնել» արտայայտութիւնները, այլ ընդհակառակը կ՛ասի վերադարձնել Մայր Հայրենիքին: Եւ այնպիսի նշանաւոր դիւանագէտ՝ ինչպիսին Անդրէ Ֆրանսուա-Պոնսէն է, չպէտք է չիմանայ, որ Կարսը եւ Արդահանը Հայաստանի անբաժանելի մասն են կազմում»: Յօդուածում պատմական ակնարկով յիշեցուել է նաեւ թուրքերի հայերի նկատմամբ իրականացուցած կոտորածները: Աւելին՝ ակնարկուել է, որ ազգային փոքրամասնութիւնների պաշտպանութեամբ հանդէս եկող պետութիւնները փորձում են այդ փաստերը մոռացութեան մատնել: Բացի այդ, «Մարսէյեզ» թերթում «Հայերը եւ նրանց պահանջները» խորագրով յօդուածների մի շարք է հրատարակել Անրի Վերնոյը: Հեղինակը հիմնուելով պատմական, աշխարհագրական եւ ազգագրական տուեալների վրայ, հիմնաւորել է, որ հայերի պահանջը արդարացի է: Նա նշել է. «Տարածքի 70%ից աւելին, որ իրաւականօրեն ճանաչուել է հայկական, մնացել է Թուրքիայի տիրապետութեան տակ, իսկ այստեղի հայ բնակչութեան մեծ մասը Առաջին աշխարամարտի տարիներին կոտորուել է թուրքերի կողմից, կէս միլիոն հայեր էլ այսօր ցրուած են աշխարհով մէկ: Այդ շարքը հայերէն է թարգմանուել եւ վերատպուել է Փարիզում լոյս տեսնող «Ժողովուրդ» թերթում:
Միաժամանակ նկատենք, որ այդ տարիներին Հայկական հողերի պահանջատիրութեան հարցը շօշափուել է նաեւ այլ արտասահմանեան երկրների թերթերում: 1945թ. Դեկտեմբերի 22ին, Եգիպտոսում լոյս տեսնող «Լա Բուրս Էջիպսեն» ֆրանսալեզու թերթը «Հայ ժողովրդի նոր զարթօնքը» խորագրով յօդուածում գրել է, որ «հայ ժողովուրդը պէտք է վերածնուի իր նախնիների հողում»: 1945թ. Դեկտեմբերի 27ին, ֆիննական «Հուվուդստադսբլադետ» թերթի գնահատմամբ էլ՝ Թուրքիային ներկայացրած տարածքային պահանջը պայմանաւորուած էր այդ երկրում գոյութիւն ունեցող հայկական ազգային փոքրամասնութեան գործօնի հետ: Պարբերականը գրել է. «Այսօր Թուրքիայում ապրող հայերը աւելի բարենպաստ վիճակում են գտնւում, քան կոտորածների ժամանակ: Չնայած դրան նրանք լուրջ պատճառներ ունեն երազելու իրենց եղբայրներին միանալու համար: Հայերը դեռեւս չեն մոռացել Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին թուրքական կառավարութեան իրենց նկատմամբ իրականացրած կոտորածները»: Իսկ նորվեգիական «Արբեյդերբլադետ» թերթն անդրադառնալով տարածքային պահանջատիրութեան հարցին քննադատել է Թուրքիայի պահուածքը: Յօդուածագիրը շեշտել է. «Թուրքերը պետք է շատ զգոյշ լինեն իրենց պատճառաբանութիւններում: Թուրքերի հայերի նկատմամբ դաժան հետապնդումը հիմք հանդիսացաւ նացիստների համար հրեաների դէմ իրականացրած գազանութիւններին»: Մինչդեռ յունգարական «Նեպսաւայ» թերթը 1946թ. Յունուարին հայկական տարածքների պահանջը հետեւեալ կերպ է գնահատել. «Խորհրդային մամուլում վերջերս բազմիցս են յայտնւում յօդուածներ, որտեղ նշւում է, որ Կարսը, Արդահանը եւ Արդուինը տարածքներ են, որոնք Առաջին համաշխարհային պատերազմից յետոյ ցարական Ռուսաստանից խլուել եւ միացուել են Թուրքիային: Եթէ Թուրքիայի համար այդ տարածքները չունենային ռազմավարական մեծ նշանակութիւն, ապա դրանց շուրջ նման իրարանցում չէր բարձրանայ: Ե՛ւ Կարսը, ե՛ւ Արդահանը հանդիսանում են Կովկասի կարեւոր յենակէտերը: Այն, որ Խորհրդային Միութիւնը բարձրացրել է այդ հարցը պայմանաւորուած է վերջինիս Թուրքիայի նկատմամբ ունեցած ոչ բարիացկամ վերաբերմունքից»: Այսինքն, ըստ յունգարական կողմի՝ Խորհրդային Միութիւնը այս տարածքները պահանջում է հաշուի առնելով միայն դրանց ռազմավարական նշանակութիւնը:
Այսպիսով, դիտարկելով այդ տարիների արեւմտեան առաջատար պարբերականներում հայկական տարածքների պահանջատիրութեանը վերաբերող յօդուածները յանգում ենք այն եզրակացութեան, որ դրանցում հիմնականում արտայայտել են երկրի պաշտօնական դիրքորոշումը: Արտասահմանեան մամուլն իրենց իշխանութիւնների նման ԽՍՀՄին մեղադրում էին ծաւալապաշտական ծրագրեր իրականացնելու մէջ: Եւ չնայած նման մօտեցմանը յօդուածագիրները չէին համարձակւում հերքել այն փաստը, որ խօսքը գնում է հայկական հողերի մասին: Սակայն ցաւալին այն է, որ հայկական գործօնի յիշատակումը էական դեր չի խաղացել, այն միշտ անտեսուել է ի նպաստ մեծ տէրութիւնների շահերի: Եւ չնայած այդ ամէնին չպէտք է բացառել այն փաստը, որ տասնամեակների ընթացքում մամուլում Հայկական Հարցին նուիրուած յօդուածները ճանապարհ են հարթել Հայոց Ցեղասպանութեան ճանաչման ու դատապարտման գործընթացի համար: Քանի որ, բոլորս էլ գիտենք, որ զանգուածային լրատուական միջոցները նշանակալի ազդեցութիւն են թողնում հանրային կարծիքի ձեւաւորման վրայ: