
Ոսկու տենդը պատել է աշխարհը: Անհատներն ու ներդրող խմբերը կատաղի վազքի մէջ ընկած ոսկի են գնում, իսկ ոսկու տենդի հետ կապուած պատմութիւնները յիշեցնում են միջնադարեան հեքիաթները: Բայց մի բնագաւառ կարծես ամէնից շատն է տուժում: Խօսքը նոր ամուսնացողներին է վերաբերում:
Այսօր ապագայ ամուսիններից շատ շատերը պարզապէս չեն կարողանայ իրար ոսկեղէն նուէրներ մատուցել, չէ՞ որ ոսկու մէկ ունցիայի արժէքը տատանւում է 1500 դոլարի շրջակայքում: Ամերիկացի շատ երիտասարդներ դիմում են այլընտրանքային մետաղների՝ տիտանիումի եւ այլն: Իսկ ի՞նչ կարող են անել, երբ ծնողները կա՛մ հրաժարւում են օգնել ոսկէ մատանիներ գնել, կա՛մ էլ պարզապէս ի վիճակի չեն: Ոսկերիչները զգուշացնում են, թէ այլընտրանքային մետաղներից պատրաստուած զարդերը երկար չեն դիմանայ, իսկ թանկարժէք կամ կիսաթանկարժէք քարերը կարող են ամուր չնստել ոչ թանկարժէք մետաղներից պատրաստուած զարդերի վրայ:
Մէկ այլ խնդիր է դարձել մի շարք ամերիկեան ընկերութիւնների՝ պատեհ առիթից օգտուելու ձգտումը: Դրանցից որոշները փորձում են համոզել, թէ իրենց արտադրանքը ոսկուց ու ադամանդից աւելի դիմացկուն է՝ վկայակոչելով այլընտրանքային որոշ նիւթեր: Այսպիսի յայտարարութեան համար դրանցից որոշներին դատի են տուել եւ շահել են: Ամուսնական մատանին այսօր մօտաւորապէս 1000 դոլար եւ աւելի արժէ, իսկ տիտանիումից պատրաստուած մատանին տատանւում է 50ից 300 դոլարի սահմաններում: Այս առիթով ինչ-որ տեղ կարելի է նախանձել այն ամերիկացիներին, ովքեր այլընտրանքային ուղիներ են փնտռում ամուսնական զարդեր գնելու տեսանկիւնից:
Այժմ անդրադառնանք մեր համայնքին: Գաղտնիք չէ, որ հարսանիքը մի հսկայական արդիւնաբերութիւն է աշխարհում՝ յատկապէս մեր իրականութեան մէջ: Մարդիկ պատրաստ են իրենց վերջին շապիկը վաճառել, միայն թէ «պատշաճ» ձեւով անցկացնեն հարսանիքը, որ ամէն ինչ «տեղը տեղին» լինի: Այս արդիւնաբերութեան մէջ մտնում է հարսանեկան արարողութիւնը, նուէրները, որոնց զգալի մասն է կազմում ոսկեղէնը:
Մարդիկ ի՞նչ կը մտածեն, եթէ մի բան պակաս լինի: Բա ամօթ չէ՞: Որոշ մարդիկ դեռ ի վիճակի են պարտք անել, որպէսզի պատշաճ ձեւով պսակեն իրենց զաւակներին:
«Աղջիկը կամ տղան լաւ երեխաներ են, ինչո՞ւ պիտի մի կարգին հարսանիք չունենան», պնդում են ծնողները կամ հարազատները: Այդ պահին դեռ տաք են եւ չեն պատկերացնում, թէ ինչպիսի հետեւանքներ կարող են իրենց գլխին կախուել, եթէ չկարողանան պարտքը վերադարձնել: Յաճախ երեխաներն իրենց այնպէս են պահում, կարծես աշխարհի վերջն է գալու, եթէ «կարգին» հարսանիքով չսկսեն իրենց ամուսնական կեանքը: Եթէ մարդն ի վիճակի է վճարել ճոխ հարսանիքի եւ ճոխ զարդեղէնի համար, ոչ մի յանցաւոր բան չկայ դրանում. աշխատել է, կուտակել եւ անվիճելիօրէն կարեւոր այս օրուան միջոցներ է տրամադրում: Բայց եթէ նրա միջոցները սահմանափակ են, այսինքն՝ ընտանիքն իր զաւակի հարսանիքի համար տրամադրում է իր վերջին խնայողութիւնը, կամ էլ պարտք է վերցնում եղբօրից կամ հարեւանից՝ վկայելով, թէ «ամօթ է, խնդրում եմ փրկիր խայտառակութիւնից», եւ հարազատը կամ ընկերը ստիպուած տասնեակ հազարաւոր դոլար պարտք են տալիս՝ շատ անգամ քաջ գիտակցելով, որ այդ դրամը ետ չի գալու: Այսպիսով աւարտւում է քաղցր բարեկամութիւնն ու ընկերութիւնը: Հարսանիքն անում են, ոսկեղէնը գնում ու նուիրում են մէկմէկու. ամէն ինչ հոյակապ է: Գիտեմ, որ այս ակնարկը կարող է շատերի դժգոհութիւնն առաջացնել, բայց աւելի մեծաթիւ են այն մարդիկ, ովքեր (հիմնականում լուռ) կը համաձայնեն ինձ հետ. մարդ միշտ իր վերմակի չափով պէտք է ոտքերը ձգի:
Ահա եւս մէկ օրինակ. ճոխ հարսանիքի արդիւնքում փեսայի ընտանիքն աւելի քան 60 հազար դոլարի պարտք վերցրեց: Ոչ ոք չէր կանխատեսում տնտեսական ճգնաժամը. շատ մարդիկ իրենց ծաղկուն անձնական գործերից զրկուեցին: Փեսայի հայրը նոյնպէս այդ մարդկանցից մէկն էր, որ կորցրեց իր փոքրիկ գործատեղին, ինչպէս նաեւ խնայողութիւնների մեծ մասը, քանի որ կտրականապէս հրաժարւում էր փոխել իր ապրելակերպը, որ յանկարծ մարդիկ չմտածեն թէ «գործերը վատ են»: Վարած մեքենան անպայման Մերսեդես պէտք է լինէր, կնոջ հագուստն ու ոսկեղէնը՝ տեղը տեղին: Այս ամէնը ժամանակաւորապէս հնարաւոր էր, քանի դեռ չէին հատնել նախորդ 25 տարիների կուտակած գումարները: Բայց փողը շատ շուտ է սպառւում, երբ «աղբիւրը փակ է», ինչպէս ասում է ժողովուրդը: Վերջին գումարն էլ դրուեց պարտք արած գումարի վրայ, ճոխ հարսանիքն արեցին, երիտասարդ զոյգին ուղարկեցին թանկարժէք հարսանեկան ճանապարհորդութեան: Ընտանիքի մայրը փայլում էր հրճուանքից. «Ամէն ինչ տեղը տեղին արեցինք»: Անցան ամիսներ, երիտասարդները նկատում էին, որ տղայի հօր տրամադրութիւնը տեղը չէր, իսկ տան ապրանքները գնալով պակասում էին: Ձեռքից գնաց նաեւ Մերսեդեսը, քանի որ դժուար էր մօտ 1000 դոլար ամսեկան վճարել մեքենայի եւ ապահովագրութեան համար: Կորցրին նաեւ տունը: Ընտանիքի տղան նոր էր գիտակցում իրավիճակի լրջութիւնը: Կինը հրաժարւում էր ապրել «մամայի ու պապայի հետ»: Ինչպէ՞ս կարող էր նոյնիսկ մէկ թիզ զիջել իր տիրոյթից: Խլրտում մտաւ նաեւ այս նորաստեղծ ընտանիքում: Շատ չանցած, զոյգը դատարան դիմեց ու բաժանուեց: Իսկ ամէն ինչ սկսուեց «ամօթ է, մարդիկ ի՞նչ կը մտածեն» յայտնի ասացուածքից:
Ես շատ եմ մտորել, արդեօք մեր համայնքին այս բարդոյթն աւելի յատուկ է, քան միւսներին: Ցաւով պէտք է նշեմ, որ դա այդպէս է: Արդեօ՞ք հնարաւոր է սա փոխել, գուցէ սա մեր ազգային «առանձնայատուկ» փաթեթի անբաժանելի մի մասն է. փաթեթ, որ այդքան հարազատ է ինձ ու ոչ մի բանի հետ չեմ փոխի, բայց միեւնոյն ժամանակ պարտաւոր եմ ընդունել այն, ինչն ակնյայտ է: Միթէ՞ կարիք կար զոհել ամէն ինչ, յանուն մէկ օրուայ: Արդեօ՞ք աւելի ճիշդ չէր լինի նորաստեղծ ընտանիքի առաջ բացել «հաշուապահական գրքերը» եւ առանց ամաչելու ընդունել, որ գործերն այնքան էլ բարւօք վիճակում չեն, եւ կարիք կայ աւելի փոքր հարսանիք կազմակերպել, ոչ այդքան թանկարժէք նուէրներով, իսկ հարսանեկան ճանապարհորդութիւնը էկզոտիկ (արտաշխարհիկ-Խմբ.) վայրի փոխարէն աւելի համեստ վայրում անցկացնել: Այստեղ մենք՝ չափահասներս, շատ գործ ունենք կատարելու: Մենք պարտաւոր ենք գիտակցել, որ ԱՇԽԱՐՀԸ ՓՈԽՈՒԵԼ Է, եւ այն, ինչ օրինաչափ էր 15 տարի առաջ, այլեւս սովորականից դուրս է, եւ, ցաւօք, պարտաւոր ենք համակերպուել փոփոխուող իրավիճակին. հիմնականում սա նշանակում է, որ պէտք է չափաւորենք մեր ախորժակը եւ ողբերգութիւն չսարքենք, եթէ չենք կարող թանկարժէք մատանի նուիրել հարսին կամ փեսային:
«Տունը ոչ թէ պատերն են, այլ այնտեղ առկայ ջերմութիւնը», ասել է ժամանակի մտածողներից մէկը: Տնտեսագէտները խորհուրդ են տալիս այսօր աւելի քան երբեք բաց ու անկեղծ մարտավարութիւն ընդունել ընտանիքի անդամների շրջանակում, որպէսզի բոլորի համար պարզ լինի, թէ ինչպիսին է ընտանիքի տնտեսական վիճակը, որպէսզի դատարկ եւ անիրական սպասելիքներ չունենան, իրենց անդառնալի հետեւանք/պտուղների հետ մէկտեղ: Ամօթ չէ հարսանիք չանելը, եթէ մարդն ի վիճակի չէ նման ծախս իրեն թոյլ տալ, եւ կարիք չկայ վաստակած հանգստի համար կուտակած համեստ գումարն ամբողջութեամբ այդ նպատակով ծախսել: Ահա եւս մէկ օրինակ. հարսանիքի վրայ խոշոր գումար ծախսելուց յետոյ ընտանիքի մայրն անընդհատ կրկնում էր. «Եղած-չեղածս գնաց հարսանիքի վրայ», ու անկեղծ սրտնեղում էր: Այս տրտնջալուց իրողութիւնն ընկաւ հարսի ականջը եւ սկսուեց պատերազմը: «Չունէիր, չանէիր», ձայնը բարձրացնում էր նորաթուխ կինը: Տղամարդիկ ապշած նայում էին ընտանիքի կանանց մենամարտին: Ո՞ւմ կողմը բռնել: Ո՞ւմ վրայ յարձակուել: Ահա թէ ինչպիսի ուղղակի կապ կայ տնտեսական ճգնաժամի եւ մարդկային յարաբերութիւնների միջեւ: Կարիք չկայ անտեղի աւելորդ ճնշում գործադրել ինքներդ ձեզ վրայ, եթէ տնտեսական իրավիճակը այնքան էլ բարւօք չէ. բարեկեցութիւնը փոփոխական երեւոյթ է, իսկ շատ վիրաւորանքներ անդառնալի սեպ են խրում մարդկային յարաբերութիւնների մէջ: Ուրեմն, նախքան հարսանիքը հաշուարկ կատարէք, հարց տուէք արդեօք այս կամ այն ծախսը Ձեր գրպանին յարմար է, եւ միթէ՞ այդ շոուն աւելի կարեւոր է, քան երիտասարդների սէրն ու միութեան հիմքերը: Եկէք անկեղծ լինենք: