ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄԵԱՆ

Իշխանութիւնները կատարել են Կոնգրեսի երեք պահանջներից երկուսը, եւ չեմ կասկածում, որ Մայիսի ընթացքում կը բաւարարեն նաեւ երրորդը՝ վերջապէս ազատ արձակելով դեռեւս բանտերում գտնուող քաղբանտարկեալներին: Այդպիսով հնարաւորութիւն է ստեղծուելու երկխօսելու, բանակցելու, առաջիկայ ընտրութիւնների մասին պայմանաւորուելու:
Կան բազմաթիւ գործիչներ, մեկնաբաններ եւ պարզ քաղաքացիներ, ովքեր այդ ամէնի մասին խօսում են յանդիմանական շեշտերով՝ մեղադրելով ՀԱԿին «անսկզբունքայնութեան» մէջ: Ճիշդն ասած, ես չեմ հասկանում, թէ որն է այստեղ «կրիմինալը»: Աւելի լաւ կը լինէր, որ հակադիր քաղաքական ուժերը իրար նկատմամբ «ջիհա՞դ» յայտարարէին: Ի դէպ, վստահ եմ, այն, որ քաղաքակիրթ երկրներում լուրջ քաղաքական պրոցեսներն (գործընթացները-Խմբ.) ընթանում են խաղաղ եւ անցնցում, նոյնպէս որոշակի պայմանաւորուածութիւնների արդիւնք է:
Առաւել արմատական հայեացքներ ունեցող ընդդիմադիրներն այսօր քննադատում են ՀԱԿին՝ ասելով՝ «բա ո՞ւր մնաց աւազակապետութիւնը կազմաքանդելու խոստումը»:
Պատասխանեմ՝ մնաց նոյն տեղում, որտեղ գտնւում են մնացած բոլոր նախընտրական կարգախօսները, օրինակ՝ «Ձեւաւորենք միջին խաւը» կամ «Առաջ, Հայաստանը»:
Ո՞ր մի սթափ մարդն է լուրջ ընդունում նման բառակապակցութիւնները: Աւազակապետութիւնը չի կազմաքանդուի ոչ յեղափոխութեամբ, ոչ ընտրութիւններով՝ արտահերթ թէ հերթական, ոչ ներկայիս նախագահին առաջին նախագահով փոխարինելով՝ ոչ էլ այդ երկու գործիչների տեղը Մահաթմա Գանդիին կա՛մ Նելսոն Մանդելային դնելով:
Պարզապէս պէտք է անկեղծ լինել եւ արձանագրել, որ Հայաստանում, բացի աւազակապետութիւնից, ոչ մի այլ ռեժիմ (վարչակարգ-Խմբ.) չի եղել՝ ոչ միայն վերջին 20 տարուայ ընթացքում, այլեւ դրանից առաջ:
Այդ ռեժիմը ստեղծել են ոչ թէ կենտկոմներն ու ռայկոմները (համայնավար կուսակցութեան ղեկավարութիւնը-Խմբ.) , ոչ թէ նախագահներն ու նախարարները, ոչ թէ ՀՀՇն կա՛մ ՀՀԿն: Ինչպէս ասում էր Բուլգակովի հերոս պրոֆեսոր Պրէոբրաժենսկին՝ «աւերածութիւնները մեր գլխներում են»: Ճիշտ նոյն ձեւով՝ աւազակապետութիւնն էլ մեր ուղեղում է՝ դրա հիմքը մեր վերաբերմունքն է պետութեան եւ օրէնքի նկատմամբ: Այդ ռեժիմը կերտողները, հտեւաբար, մենք ենք՝ մենք բոլորս:
ՀԱԿը անում է այն, ինչ կարող է: Եթէ Կոնգրեսին յաջողուի իշխանութեան հետ համատեղ անցկացնել խաղաղ ընտրութիւններ, որոնց արդիւնքները քիչ թէ շատ ընդունելի կը լինեն քաղաքացիների մեծամասնութեան համար, դա կը լինի թէեւ փոքր, բայց կարեւոր քայլ հասարակական մթնոլորտը փոխելու ուղղութեամբ: Այդ դէպքում հնարաւոր է, որ մեր գլխներում սկսուի ինչ-որ բան փոխուել:
Արամ Աբրահամեան «Առաւօտ» անկախ օրաթերթի խմբագիրն է