ԽԱՉԻԿ ՄԵԼԵՔԵԱՆ

Երբ այս ակնարկների շարքը ձեզ ներկայացրեցի անցեալ տարի, խոստացայ, որ Չինաստանի հետ կապուած հարցերին դեռեւս շատ կ՛անդրադառնանք:
Համատարած իրականութիւն է այն փաստը, թէ Միացեալ Նահանգների ամենամեծ պարտատէրը Չինաստանն է: Տնտեսագէտներից շատերը պնդում են, որ մենք՝ ամերիկացիներս, այնքան շատ ենք պարտք Չինաստանին, որ նա չի համարձակուի կտրուկ եւ յանդուգն քայլեր ձեռնարկել մեր նկատմամբ:
Այս տեսակէտը գերակշռող էր վերջին տարիների ընթացքում, բայց վերջերս մէկ այլ մօտեցում էլ է նկատւում: Ապրիլի 18ին ամպրոպի պէս շռնդաց Standard & Poor՛s ընկերութեան յայտարարութիւնն այն մասին, թէ Միացեալ Նահանգների վարկանիշը կարող է նուազել, եթէ շուտափոյթ լուծումներ չգտնուեն երկրի ահագնացող պարտքերը մարելու քաղաքականութեան մշակման առումով: Մեր ամենախոշոր պարտատէրը՝ Չինաստանը, շուտափոյթ արձագանգեց այս յայտարարութեան՝ կոչ անելով, որ Միացեալ Նահանգները հանգամանալից քայլեր ձեռնարկի՝ ներդրողների իրաւունքները պաշտպանելու ուղղութեամբ: Սրա նախերգանքը Արժոյթի Միջազգային Հիմնադրամի այն յայտարարութիւնն էր, թէ Միացեալ Նահանգները բաւարար քայլեր չի ձեռնարկում եւ յստակ մարտավարութիւն չունի իր պարտքը կառավարելու տեսանկիւնից:
Նախկինում նման գնահատականներ տրուել են միայն աղքատ պետութիւններին: Այսօր Միացեալ Նահանգների ազգային պարտքը գերազանցում է 14 թրիլիոն դոլարի սահմանագիծը: Մեզնից աւելի շատ պարտք ունի միայն Ճապոնիան, սակայն Ճապոնիայի պարագան այլ է. այս պետութիւնը պարտք է վերցրել իր ժողովրդից, իսկ ամերիկացիները՝ հիմնականում արտաքին պարտատուներից:
Տնտեսագէտներից շատերն այսօր համաձայնում են, թէ պարտքի վրայ կառուցուած հզօրութեան արժէքը բաւական երերուն է, այսինքն՝ յարատեւել չի կարող: Մինչեւ այժմ չինական իշխանութիւնները բազմաթիւ մարտավարական հնարքներ են որդեգրել Միացեալ Նահանգների դէմ քաղաքական եւ ուղղակի պայքար սանձազերծելու նպատակով: Նշում են յատկապէս Թայուանի պարագան, քանի որ Չինաստանը պնդում է, թէ փաստօրէն անկախ այս երկիրը Չինաստանի անբաժան մասն է: Երբ չինական իշխանութիւնների կողմից հովանաւորուող համակարգչային «ծովահէնները» համացանցային յարձակումներ էին կազմակերպում կարեւոր արժէք ունեցող պետական ծրագրերի վրայ, Միացեալ Նահանգների պաշտօնական շրջանակները սպառնում էին, թէ համացանցային վնասարարութիւնը կարող են երկրի գերիշխանութեան ոտնահարում համարել, եւ այդ դէպքում Չինաստանի գործողութիւնները համապատասխան արձագանգի կ՛արժանանան:
Իսկ ի՞նչ կարող են անել այս նոյն պաշտօնական շրջանակները, երբ Չինաստանի կենտրոնական դրամատան մի աննշան պաշտօնեայ յայտարարի, թէ իր երկիրը որոշել է վաճառել ամերիկեան պարտքի իր մասնաբաժինը: Ո՞վ կարող է առարկել այս քայլին: Չինաստանն օրինաւոր ձեւով գնել է մեր պարտքը, հետեւաբար իրաւունք ունի օրինաւոր ձեւով էլ այն վաճառել: Սակայն այս վաճառքի հետեւանքները կարող են հիմնաւորապէս խարխլել մեր երկրի հիմքերը: Ամերիկեան պարտքը Չինաստանին կազմում է մօտաւորապէս 1 թրիլիոն 200 միլիարդ դոլար, կամ ներդրողների արժէքների մօտաւորապէս 14 տոկոսը: Եթէ Չինաստանը յայտարարի, թէ աստիճանաբար վաճառելու է իր ամերիկեան արժեթղթերը, կամ նոյնիսկ եթէ յայտարարի, որ միեւնոյն յաճախականութեամբ չի գնելու դրանք, ներդրողները կարող են խուճապի մատնուել եւ կը փորձեն ձերբազատուել ամերիկեան պարտամուրհակներից: Սա անխուսափելիօրէն կը հարուածի դոլարի արժէքին, որն առանց այդ էլ վերջին տարիներին բաւական անկայուն դիրքերի վրայ է:
Ամերիկեան պետական արժէթղթերը բաւական գրաւիչ են եղել ներդրողների համար, սակայն Չինաստանի քայլերը կարող են խարխլել այդ կայունութիւնը: Որոշ տնտեսագէտներ պնդում են, ինչպէս ասացի, թէ Չինաստանը ինքն իր տակի հողը չի փորի՝ մեր երկրի հանդէպ տնտեսական կործանարար մարտավարութիւն որդեգրելով, քանի որ այն մեր ամենախոշոր պարտատէրն է: Սակայն նման տեսակէտի հետեւորդները մոռանում են, որ պետութիւնները պատերազմի կամ հակամարտութեան գնալիս հաշուարկուած մօտեցում են մշակում, երբ խնդիրը վերաբերում է կորուստներին: Ցաւօք, Չինաստանը կարող է իր պարտքի առումով հարուածներ կուլ տալ, իսկ Միացեալ Նահանգների համար այս խնդիրը կարող է օրհասական լինել:
Հաշուի առնելով Չինաստանի եւ Միացեալ Նահանգների գաղափարախօսութիւնների հակադարձութիւնը՝ շատերն այսօր աւելի քան հնարաւոր են համարում Չինաստանի կողմից հիմնաւոր տնտեսական յարձակման հաւանականութիւնը:
Դեռեւս ամէն ինչ կորած չէ, կարծում են տնտեսագէտները, պնդելով, սակայն, թէ երկրի տնտեսական իրավիճակի առողջացման հիմքում բազմաթիւ զոհողութիւններ են ընկած, եւ երկրի ղեկավարութիւնը ցաւոտ հարցեր պիտի դիմագրաւի շատ մօտ ապագայում՝ ոչ թէ մէկ ամիս կամ մէկ տարի յետոյ: Նախագահ Օբաման խոստացել է առաջիկայ 12 տարուայ ընթացքում 4 տրիլիոն դոլարով կրճատել երկրի պարտքը, բայց թէ դա ինչպէս պէտք է արուի, առայժմ յստակ չէ: Վերջերս նախագահի նախկին խորհրդականներից մէկը յայտարարել է, թէ Միացեալ Նահանգների՝ իր պարտքերը վճարել ի վիճակի չլինելու հանգամանքը նման է նրան, որ երեխայի ձեռքը կրակայրիչ տաս եւ նստեցնես վառօդով լի սենեակում:
Խնդիրների լուծման տարբերակները, ցաւօք, հաճելի չեն սովորական մարդկանց համար: Գիտէ՞ք թէ դա ինչ է նշանակում. գործազրկութեան նպաստների վերանայում, առողջապահական ծառայութիւնների սահմանափակում, կենսականօրէն անհրաժեշտ ծառայութիւնների նուազում կամ իսպառ վերացում:
Այստեղ տեղին է յիշել մէկ անհատական օրինակ:
Ընկերս պատմում է, թէ ինչպէս իրենց թաղի նախկին հեղինակութիւններից մէկը դեռահաս տարիքում հալածում էր գրեթէ բոլորին, ով իր գերակայութիւնը չէր ընդունում, յատկապէս ֆիզիկապէս թոյլ մի տղայի, ում միշտ ծաղրում էր ու գլխին հարուածում: Անցան տարիներ: «Լաւ տղայի» հայրը, ով ընտանիքի եկամուտը հայթայթող միակ աղբիւրն էր, մահացաւ, եւ ճակատագրի չար բախտով մայրը պարտք վերցրեց թոյլ տղայի ծնողներից: «Լաւ տղան» առաջուայ պէս չէր կարողանում վերաբերուել իր «զոհին», քանի որ իր ընտանիքը մեծ պարտքեր ունէր նրա ընտանիքին: Վերաբերմունքը կտրականապէս փոխուեց, սակայն դրանից անդառնալիօրէն տուժեց «լաւ տղայի» հեղինակութիւնը. չէ՞ որ շրջապատի ահն ու սարսափը շարժող այս դէմքը նախկինում միշտ ճնշել էր «հարիֆին», իսկ այժմ նկատելի պատկառանքով էր վերաբերւում նրան: Ոչ ոք չգիտէր պարտքի մասին, մինչեւ մի գեղեցիկ օր, երբ «լաւ տղան» մի քանի բաժակ գցել էր իր ընկերների հետ եւ յանկարծ յիշել իր հայհոյանքներից մի քանիսը նախկին խեղճի հասցէին, ով այդ պահին անցնում էր փողոցով: Ոչ այս կողմ, ոչ այն կողմ, «զոհը» յայտարարեց, թէ վաղը եւեթ կը պահանջի, որ պարտքը մարուի: Արդէն ուշ էր, եւ թաղային հեղինակութեան ընկերները տարակուսանքով էին նայում, թէ ինչպէս իրենց «առաջնորդը» չի ջարդում դիմացինի մռութը: Հեղինակութիւնը բաւական արագ հեղինակազրկուեց: Նրա մօր խնդրանքները գոնէ մի քիչ երկար ժամանակ տալ, որ մէկ ուրիշից պարտք վերցնի, մնացին անարձագանգ: Թէ ինչով աւարտուեց այս պատմութիւնը, ընկերս չիմացաւ, քանի որ նրա ընտանիքը տեղափոխուեց Միացեալ Նահանգներ: Բայց օրինակը բաւական ուսանելի է, յատկապէս այսօր, յատկապէս մեր իրավիճակում: