ԽԱՉԻԿ ՄԵԼԵՔԵԱՆ
15 տարի առաջ Միացեալ Նահանգների ձեռնարկութիւններն իրենց ապրանքների եւ ծառայութիւնների մեծամասնութիւնը վաճառում էին արտասահմանեան շուկաներում: Ներկայումս նախկին յաջողութիւններից գրեթէ ոչինչ չի մնացել: Առեւտրի նախարարութեան տուեալների համաձայն Մարտին երկրի առեւտրի պակասուրդը աւելացել է 6 տոկոսով եւ հասել 48.2 միլիարդ դոլարի: Սա 2010թ. Յունիսից մինչ օրս գրանցուած ամենաբարձր ցուցանիշն է, քանի որ Փետրուարին առեւտրի պակասուրդը դեռ կազմում էր 45.4 միլիարդ դոլար:
Իհարկէ դրական տեղաշարժներ էլ կան. երկրից արտահանումների ծաւալներն աճել են եւ կազմել 172.7 միլիարդ դոլար: Սա տեղի է ունեցել հիմնականում շնորհիւ դոլարի փոխարժէքի անկման, ինչի արդիւնքում շահաւէտ է դարձել ամերիկեան ապրանքներն արտահանելը: Բացի այդ զարգացող երկրներում գրանցուած աճը նոյնպէս նպաստում է արտաքին շուկաներում Միացեալ Նահանգների դիրքերի ամրապնդմանը:
Միւս կողմից նախորդ ամսուայ համեմատ 18 տոկոսով աճել է նաւթի ներմուծումը (39.3 մլրդ. դոլար), ինչն իր հերթին 2008թ. Օգոստոսից մինչ օրս գրանցուած ամենաբարձր ցուցանիշն է: Վերջինս խորհրդանշում է գների կտրուկ աւելացումը եւ նաւթի նկատմամբ աւելի մեծ պահանջարկը:
Մարտին ներմուծուած նաւթի մէկ տակառը միջինը արժեր 93.76 դոլար, մինչդեռ Փետրուարին այն արժեր 87.17 դոլար: Ներկայումս նաւթն աւելի է թանկացել, նոյնիսկ չնայած վերջին շաբաթների անկմանը. Երեքշաբթի օրը շուկայի փակման պահին վառելիքն արժեր 104 դոլար՝ մէկ տակառի դիմաց:
Այս ամէնի հետ մէկտեղ յատկանշական է, որ նուազել է Միացեալ Նահանգների հիմնական հակառակորդի՝ Չինաստանի հետ առեւրի պակասուրդը: Ներկայումս այն կազմում է 18.1 միլիարդ դոլար, մինչդեռ նոյն ցուցանիշը փետրուարին 18.8 միլիարդ դոլար էր: Կանխատեսումների համաձայն, սակայն, այս դրական տեղաշարժը միտում չի դառնայ. մօտակայ ամիսներին պակասուրդը կրկին կ՛աճի: Բանն այն է, որ Երեքշաբթի Չինաստանը յայտարարել է առեւտրի ոլորտում Ապրիլին գրանցած աճի մասին: Պաշտօնական տուեալների համաձայն չինական ներմուծումը նուազել է, իսկ արտահանումն աճել 30 տոկոսով: Այս փաստից դրդուած հաւանաբար կը վերսկսուի ճնշումը երկրի հանդէպ սեփական արտարժոյթի՝ Եուանի զսպուող փոխարժէքն ազատականացնելու կապակցութեամբ:
Միացեալ Նահանգների եւ Չինաստանի միջեւ առեւտրային պակասուրդը դեռ վաղուց բուռն քննարկումների առարկայ է: Այս շաբաթուայ սկզբին այն կրկին բանակցութիւնների նիւթ է եղել երկու երկրների բարձրաստիճան պաշտօնեաների հանդիպման ընթացքում, սակայն այս հանդիպումը արտարժոյթի հարցում զգալի արդիւնք չի տուել:
Ուրախալի է այն փաստը, որ Մարտի 11ին Ճապոնիայում տեղի ունեցած աւերիչ երկրաշարժը որեւէ բացասական ազդեցութիւն չի ունեցել Միացեալ Նահանգների տնտեսութեան վրայ, ընդհակառակն այդ երկրից ներմուծումներն աճել են 1.3 միլիարդ դոլարով, աճել է նաեւ ամերիկեան արտահանումը դէպի Ճապոնիա: Տնտեսագէտների կարծիքով իրեն զգացնել կը տայ միայն ճապոնական աւտոարտադրութեանը հասցուած վնասը՝ մօտ ամիսներին կրճատելով ամերիկեան ներմուծումը: Այս կապակցութեամբ հարկ է նշել, որ Միացեալ Նահանգների ձեռնարկութիւնները Մարտին աւելի շատ մեքենաներ, արդիւնաբերական նիւթեր, սնունդ եւ սպառողական ապրանք են վաճառել, իսկ մեքենաների եւ մեքենաների մասերի արտահանումն աճել է 11.6 միլիարդ դոլարով, մինչդեռ Փետրուարին այդ ցուցանիշը դեռ կազմում էր 10 միլիարդ դոլար:
===========================================================
Տնտեսական Ճգնաժամի Ազդեցութիւնը Մի Երկրի Վրայ. Իսլանդիա
Ֆինանսական ճգնաժամի ընթացքում միայն մէկ արեւմտեան երկրի բանկային համակարգն էր, որ կտրուկ անկում ապրեց: Այդ երկիրը Իսլանդիան էր: Իրավիճակն այնքան բարդացաւ, որ երկրում արտարժոյթը բառացիօրէն վերջացաւ: Նոյնիսկ ներկայումս, երբ արդէն մի քանի տարի է անցել այդ դրամատիկ պահերից, երկրում արտասահմանեան դրամ գտնելը բարդ է, բացի այդ կառավարութիւնը վերահսկում է, թէ ով եւ որքան արտարժոյթ կարող է ունենալ:
Այս տարօրինակ պատմութիւնը, թէ ինչպէս Իսլանդիայում վերջացաւ դրամը, սկսուեց 2003թ.: Այդ ժամանակաշրջանում երկիրը դեռ նոր էր մասնաւորեցրել պետական բանկերը: Այդ քայլից դրդուած նախկինում պետութեան կողմից ղեկավարուող եւ բաւականին պասիւ (կրաւորական-Խմբ.) քաղաքականութիւն վարող բանկերը անսպասելիօրէն սկսեցին աճել եւ գովազդել իրենց գործունէութիւնը արտասահմանեան երկրներում: Արձագանգելով այդ քայլերին՝ արտասահմանեան ներդրողները մեծ ծաւալի դրամական միջոցներ ներմուծեցին Իսլանդիա: Արդիւնքում երկրի բանկերի հաշուեկշիռը 10 անգամ գերակշռեց ամբողջ տնտեսութեան ծաւալը: Այդ պահին էլ վրայ հասաւ համաշխարհային ճգնաժամը, եւ բոլոր ներդրողներն իրենց հայեացքները յառեցին Իսլանդիային: 2008թ. աշնանը Իսլանդիայի ամենամեծ բանկի տնօրէնին արտասահմանեան ներդրողները հանդիպեցին, ովքեր յայտնեցին, որ նրա բանկը դատապարտուած է: Նշեցին նաեւ, որ իրենք աւելի քան համոզուած էին, որ ամէն ինչ փլուզուելու էր: Իրականում Իսլանդիան ամենափոքր երկիրն է, որն ունի իր արտարժոյթը: Եւ այդ պարագայում երկրում առկայ էր հսկայական ծաւալների արտասահմանեան արտարժոյթ:
Բնականոն պայմաններում սա գուցէ եւ խնդիր չ՛առաջացնէր, քանի որ Իսլանդիան մէկ վայրկեանում կարող էր համաշխարհային շուկայում իր ազգային կրօնան փոխանակել դոլարով կամ եւրոյով, սակայն այդ ցաւալի դէպքերից յետոյ արտասահմանցի ներդրողները ձգտում էին կայունութեան, եւ հնարաւոր չէր ասել, թէ անհանգստացած աշխարհում ով կը ցանկանար կրօնա գնել: Մէկ այլ աւելի մեծ երկրում Կենտրոնական բանկը կարող էր արտարժոյթը տրամադրել, իսկ Իսլանդիանի Կենտրոնական բանկը այլեւս եւրօ կամ դոլար չունէր:
Բանկի պահուստները նրան հնարաւորութիւն տուեցին իրավիճակը վերահսկողութեան տակ պահել միայն մի քանի օր: Նոյնիսկ այնպիսի համեմատութիւն կարելի է անել, եթէ որեւէ մէկը գնալով Իսլանդիա հաւաքեր բոլոր եւրոները, բաւական չէր լինի պարտքը վճարելու համար:
Այդ իսկ պատճառով Իսլանդիան չէր կարող օգնութիւն տրամադրել իր բանկերին եւ ստիպուած էր թողնել, որ Կենտրոնական Բանկը անկում ապրեր: Դա տեղի ունեցաւ 2008թ., ինչը խուճապ առաջացրեց ազգաբնակչութեան շրջանում: Իսկական քաոս էր յիշեցնում, երբ միաժամանակ զանգահարում էին բոլոր հեռախօսները: Սակայն զարմանալին այն էր, որ դրանից յետոյ ամէն ինչ աւելի քան հանգիստ է: Երկիրը կարծես կտրուած լինի ամբողջ աշխարհից: Այդ օրհասական պահին Իսլանդիային օգնութեան ձեռք մեկնեց Արժոյթի միջազգային հիմնադրամը եւ երկրին մեծ ծաւալի արտարժոյթ տրամադրեց: Այժմ ժամանակը մօտենում է այդ հսկայական պարտքը մարելու, ժամկէտը սկսւում է 2012թ.: