
ԳՐԻՇ ԴԱՒԹԵԱՆ
ԱՌԱՒՕՏ
Գիշերը, որպէս թուխ մի աղջիկ
Մայրամուտից ի վեր հասունացած,
Արբունութեան հրապոյրներով
Տարածուել է շուրջս,
Քսւում է ինձ,
Ցանկանում է՝ սիրաբանեմ,
Որ մայրանայ…
Լուսինը շէկ տղան է,
Արեւելքներից եկած
Իր տաք ու փափուկ յուզմունքներով,
Մտել է ծոցը ու սիրաբանում է…
Սիրատարփ թուխ աղջիկը
Հեշտանքի գերագոյն հաճոյքում
Մայրանում է,
Երազի ոսկէափում
Ծնում է արեւավառ մի աղջիկ…
Աղջամուղջը փլում է
Արեւի շողերի գրկում…
Սիրաբանութիւնս բեկւում է
Յագուրդի ալեբախութեամբ.
Բացում եմ աչքերս լոյսի մէջ
Իմաստնացած:
Սկսում եմ օրը:
ՑՈԼՈՒՄՆԵՐ
Ոչ թէ պատահական,
Այլ հազուադէպ ես լցւում աչքերիս մէջ,
Իբրեւ ընկեր ու ցանկալի,
Որ յայտնւում ես որպէս լիրիկ միանձնուհի,
Խորհրդաւոր ճամբորդ,
Տենչեր որոնող ու բարերար:
Մօտենում ես թեթեւակի ողջագուրումի,
Հազիւ մի հպումի…
Մազերիդ երեկոն
Մթնշաղում է տեսողութիւնս,
Ու թէեւ պսպղում են կանթեղներ,
Բայց չեմ հասնում ցոլքերին,
Չեմ հասնում ջերմութեանդ համովին,
Մնում եմ զրկուած ու անբաւարար
Քո մօտիկ անհասութեան թնջուկում:
Իցիւ հեքիաթը սկսուի վերջից,
Երբ երկնքից երեք խնձորներ ընկնում են
Ու համեղով են յագեցնում կեանքը…
Մինչդեռ քո անփութութիւնից
Սկսւում է մի անյուսալի հեքիաթ…
Թէեւ ծառս է ելնում հրեղէն ձին,
Բայց չի սաւառնում,
Չի սաւառնում իղձերիս թեւերով…
Հեռուների, հեռուների կարօտ կայ
Թաքնուած աչքերիդ մովերում…
Աչքերիս մովերում թաքնուած
Հեռուների կարօտ կայ,
Որ շրշում է մտերմութեամբ,
Գարնանային երեկոների բարեխառնութեամբ,
Որ տարածում է շշունջներ ու շուաքներ,
Գգուանքների անստոյգ ցանկութիւններ,
Փաղաքշում է զգացումներ
Ու պաշարւում սրտերում:
Աւելի յաճախ լցուիր աչքերիս ծովում,
Մազերիդ երեկոն թող չշղարշի ջերմութիւնդ,
Այլ մթնշաղուի ուսերիդ
Որպէս ապահովութիւն ու շքեղանք,
Փայլի շնորհածդ գեղեցկութեամբ,
Իմաստաւորի տենչ ու տարփանք,
Որ հասնեմ ցոլքերին,
Ցոլքերին…
Գլենդէյլ, Կալիֆորնիա, 2011-01-03