ԽԱՉԻԿ ՄԵԼԵՔԵԱՆ

Արգենտինայի, Բրազիլիայի եւ Ուրուգուայի իշխանութիւնները պատրաստւում են խիստ օրինագծեր սահմանել, համաձայն որոնց նշեալ երկրները պիտի վերանայեն բոլոր այն օրէնքները, որոնք թոյլ են տալիս արտասահմանցիներին վարելահողեր գնել իրենց տարածքում:
Փաստերը վկայում են, որ Ուրուգուայն արդէն իսկ վաճառել է իր հարուստ վարելահողերի մի խոշոր հատուածը, որը հաւասար է Դանիայի տարածքին: Հիմնականում այս վարելահողերի նկատմամբ լուրջ հետաքրքրութիւն են ցուցաբերում եւրոպացի եւ ասիացի ներդրողները: Բանն այն է, որ Հարաւային Ամերիկայում է գտնւում աշխարհի ամենաբարեբեր վարելահողերի ճնշող մեծամասնութիւնը: Այս վարելահողերը չափազանց յարմար են հացահատիկի, լոբազգի բոյսերի, շաքարեղէգի աճեցման տեսանկիւնից, ինչպէս նաեւ անասնապահութեան առումով: Տարածաշրջանը հարուստ է նաեւ խիտ անտառներով:
Աշխարհի այս հատուածի վարելահողերն այնքան լայնարձակ են, որ կարող են համեմատուել մի փոքր պետութեան տարածքի հետ: Հարաւամերիկեան պետութիւնները նախկինում աշխուժութեամբ գովազդում էին իրենց վարելահողերի եւ անտառների գծով արտերկրեայ ներդրումների հնարաւորութիւնները, իսկ ուտելիքի սղութեան հետ առաջացած նոր խնդիրների պայամաններում այս երկրները նախընտրում են փոխել օրէնքները, որպէսզի օտարերկրացիները չկարողանան գնել իրենց հողատարածքները:
Արգենտինայի, Ուրուգուայի եւ Բրազիլիայի օգտակար հողատարածքների մօտ 25 տոկոսը օտարերկրացիների ձեռքում է: Միասին վերցուած այս երեք պետութիւնները արտադրում են աշխարհում սպառուող տաւարի մսի եւ հացահատկի զգալի մասը: Ուրուգուայի իշխանութիւնները անհանգստանում են, թէ Սաուդական Արաբիայի եւ Չինաստանի մեծահարուստները բաւական յանդուգն ծրագրեր են մշակել իրենց ամենաթանկ ազգային հարստութիւնը՝ հողերը, գնելու տեսանկիւնից:
Արգենտինայի իշխանութիւնները խոստացել են մշակել մի օրինագիծ, որը կը խոչընդոտի հողերի անարգել վաճառքը օտարերկրացիներին:
Բրազիլիայի իշխանութիւնները դեռ անցեալ տարի արգելք դրեցին օտարերկրեայ ընկերութիւնների՝ լրացուցիչ հողատարածքներ գնելու փորձերի վրայ: Յիշեցնենք, որ Բրազիլիան աշխարհում առաջին հորիզոնականն է գրաւում մսեղէնի, սուրճի, շաքարեղէնի, նարնջահիւթի եւ ծխախոտի արտադրութեան եւ արտահանման առումով:
Ուրուգուայի խորհրդարանի ներկայացուցիչը պնդում է, որ զարգացող երկրների մեծահարուստներն աւելի շատ նախընտրում են հողատարածքներ գնել այնպիսի երկրներում, որտեղ ուժանիւթի, ուտելիքի եւ ջրի առատութիւն կայ:
Հարաւային Ամերիկան ընդհանուր առմամբ աննախընթաց օգուտ է քաղել ապրանքների գների բարձրացումից: Հացահատիկը, քարիւղը եւ օգտակար հանածոները հիմնականում ծառայել են Չինաստանին՝ արագացնելով վերջինիս զարգացման տեմպերը: Համաշախարհային Բանկի վերջին հաղորդագրութիւններից մէկի համաձայն այն ազգերը, որոնք կախուած են ուտելիքի ներմուծումից, փորձում են բերրի վարելահողեր գնել աշխարհի այլ հատուածներում: Հաւանաբար դրա համար հիմք են հանդիսացել 2007-2008թթ. ընթացքում գրանցուած բազմաթիւ բողոքի ցոյցերը, որոնց շարժառիթը տարրական ուտելիքի պակասն էր:
Դեռ 1971թ. ընդունուած օրէնքն արգելում էր օտարերկրեայ գործարարներին հողատարածքներ ձեռք բերել Բրազիլիայում: Այն սակայն վերանայուեց 1990ականներին, երբ կարիք կար արտասահմանեան կապիտալ (դրամագլուխ-Խմբ.) ապահովելու երկրի տնտեսութեան համար: Համաձայն այդ վերաձեւակերպմանը, բրազիլական էր համարւում այն կազմակերպութիւնը, որը հիմնուած էր երկրում եւ գործում էր այնտեղ: Այդ իսկ պատճառով պաշտօնական տուեալների համաձայն օտարերկրեայ սեփականութիւն է հանդիսանում երկրի հողերի ընդամէնը 1 տոկոսը: Օրէնքի փոփոխութեան կարիքն առաջացաւ, երբ արտասահմանցիները սկսեցին համագործակցել տեղի ընկերութիւնների հետ՝ միայն նրանց անուանումը գործարքներում օգտագործելու համար: Վերջին երկու տարիների ընթացքում այս հետաքրքրութիւնը խթանել է բերրի հողերի գների աճը՝ հասցնելով այն կրկնակիի:
Բրազիլիայում մի հսկայական հողատարածք հետաքրքրում է չինացիներին, իսկ Արգենտինան հարիւր հազարաւոր հեկտար տարածքի վերաբերեալ բանակցում է Սաուդական Արաբիայի եւ Չինաստանի հետ: Այս պարագայում Հարաւամերիկեան երկրների համար մի շարք վտանգներ գոյութիւն ունեն, որոնցից ամենակարեւորները աւանդաբար մշակուող բոյսերի փոփոխութիւնն է, աշխատատեղերի հնարաւոր կորուստը եւ երկրի անկախութեան եւ ամբողջականութեան վտանգը: Վերջինիս ապացոյցը կարող է հանդիսանալ այն փաստը, որ Արգենտինայի բոլոր հողերի 9 տոկոսը եւ եւս 15 միլիոն հեկտար դեռեւս ենթակայ են վաճառքի:
Այս համատեքստում փորձագէտները խորհուրդ են տալիս փոփոխել օրէնքները, ոչ թէ նրանց ընթերցումները (մեկնաբանութիւնները-Խմբ.), քանի որ անորոշութիւնները «վախեցնում» են կապիտալը: Եւ նոյնիսկ այդ դէպքում, նրանք կանխատեսում են, որ անկախ ձեռնարկուած միջոցներից օտարերկրեայ ներդրողների հետաքրքրութիւնը Հարաւային Ամերիկայի նկատմամբ չի պակասի, քանի որ այն մեծ պոտենցիալ (կարողականութիւն-Խմբ.) ունի սննդի արտադրութեան հարցում եւ ներդրումների զգալի կարիք: Այս ամէնի հետ մէկտեղ հարաւամերիկեան օրէնսդիրները զգուշանում են օտարերկրեայ ներդրողներին խրտնեցնելու գաղափարից, քանի որ դրանից մեծապէս կախուած է նաեւ իրենց երկրների բարօրութիւնը:
Գիւղատնտեսութիւնը միակ ոլորտը չէ որում Չինաստանը ձգտում է հաստատել իր գերիշխանութիւնը: Լատինական Ամերիկայի նաւթը նոյնպէս շարժել է աշխարհի ամենաարագ զարգացող երկրի գործարարների հետաքրքրութիւնը: 2010ից Չինաստանն այդ տարածաշրջանում առնուազն 65 միլիարդ դոլարի չափով գործարքներ է կատարել: Այս հարցում կարեւորն այն է, որ երկիրը ձգտում է փոխել ուժերի դասաւորութիւնը աշխարհում, յատկապէս երբ Միացեալ Նահանգները յայտարարել է, որ իր վառելիքի խնդիրը լուծելու է Լատինական Ամերիկայի էներգատարների հաշուին:
Սակայն որքան էլ զգալի թուայ այս փոփոխութիւնը, գլոբալ (համաշխարհային-Խմբ.) առումով յեղափոխութիւն կարելի է համարել գուցէ այն նորութիւնը, որը կապուած է Կոլումբիայի տարածքով 7,6 միլիարդ դոլար արժողութեամբ այսպէս կոչուած «չոր ջրանցք» անցկացնելու ծրագրերի հետ: Այս հակասական հասկացութիւնը ենթադրում է 250 մղոն երկարութեամբ երկաթգծի կառուցում, որը Կոլումբիայի խաղաղովկիանոսեան ափը կը կապի Ատլանտեան ովկիանոսի ափին կառուցուելիք նաւահանգստին: Այն կը մրցակցի Պանամայի ջրանցքի հետ եւ հնարաւորութիւն կ՛ընձեռի ապրանքներ, յատկապէս նաւթ եւ վերամշակուած այլ արտադրանք, տեղափոխել Ատլանտեան ովկիանոսի ափ եւ, երկաթուղով այն հասցնելով Խաղաղ ովկիանոս՝ ուղարկել աշխարհի տարբեր ծայրեր: Ներկայումս ամենամեծ նաւթատար նաւերը չեն կարողանում անցնել Պանամայի ջրանցքով, ինչի հետեւանքով լատինոամերկեան նաւթն աւելի թանկ է ասիական շուկաների համար (ներկայումս այդ նաւերը Ատլանտեան ովկիանոս դուրս գալու համար ստիպուած են մի ամբողջ մայրցամաք շրջանցել եւ Մագելանի նեղուցով անցնել): Նոր ջրանցքի կառուցումը հնարաւորութիւն կ՛ընձեռի մի շարք երկրների աւելի շահաւէտ սպառել իրենց վառելիքը: Այդպիսի երկրներից է Վենեզուելան, որը քաղաքական խնդիրներ ունի Միացեալ Նահանգների հետ եւ մեծ ուրախութեամբ կ՛օգտուի այս առիթից:
Կան նաեւ թերահաւատ մարդիկ, ովքեր կարծում են, որ Կոլումբիան չափազանց վառ գոյներով է ներկայացնում ոչ այնքան իրատեսական ծրագիրը՝ Միացեալ Նահանգների վրայ ճնշում գործադրելու համար: Հաշուի առնենք նաեւ այն փաստը, որ նոյնիսկ այն բանից յետոյ, երբ վենեզուելական ծագում ունեցող վառելիքի ծաւալը նուազել է, այն կազմում է ամերիկեան շուկայ ներմուծուող նաւթի ընդհանուր ծաւալի 8 տոկոսը: Այսպիսով Վենեզուելան հանդիսանում է նաւթի 5րդ ամենախոշոր արտահանողը դէպի Միացեալ Նահանգներ: Այս շարքում Կոլումբիան ապահովում է ընդհանուր ծաւալի 3 տոկոսը, մինչդեռ Բրազիլիան եւ Էկուադորը միասին մատակարարում են մօտ 5 տոկոսը:
Եթէ «չոր ջրանցքն» իսկապէս կառուցուի, այս երկրների համար Չինաստանն աւելի շահութաբեր գործընկեր կը լինի, յատկապէս եթէ հաշուի առնենք, որ Միացեալ Նահանգների նաւթի պահանջարկը չի կարող աճել նոյն թափով, որով աճում է զարգացող ասիական երկրներինը: Հարկ է նշել, որ Վաշինգտոնը դեռ բաւականին թոյլ է արձագանգել այս նորութիւններին, ենթադրաբար որովհետեւ գործարքին բարդ է հակադրուել: Իսկ Չինաստանն արդէն յստակ որոշել է, թէ որքան վերամշակուած վառելիքի հումք է արտահանելու Հարաւային Ամերիկայից եւ նոյնիսկ 5 միլիոն տակառ տարողութեամբ պահեստ է վարձել Կարիբեան ծովում: