Մեծարգոյ պարոն նախագահ,
ՀՀ անկախութեան 20րդ տարեդարձի առթիւ Սարդարապատի հերոսամարտի յուշահամալիրում 14

Սեպտեմբերի 2011թ. հրաւիրուած տօնական ընդունելութեան ժամանակ ներկաներին եւ համայն հայութեանը հասցէագրուած Ձեր խօսքն անչափ տպաւորիչ էր:
Ձեր խօսքից ոգեշնչուած եւ հայաստանեան իմ գործերի ներկայիս քաոսային իրավիճակից ելնելով, որպէս Հայաստանում խաբէութեան ու կոռուպցիայի դառը պտուղը ճաշակած, արդիւնքում՝ միլիոնաւոր դոլարների վնասներ կրած սփիւռքահայ գործարար, մի վերջին անգամ դիմում եմ Ձեզ՝ իբրեւ Ձեր պաշտօնավարման արդի ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետութեան անկախութեան երաշխաւորի, եւ հայցում եմ Ձեր իրաւասութեան եւ հանրային հեղինակութեան շրջանակներում արդարացի լուծում տալ իմ արդար պահանջին:
ԶԼՄների միջոցով լուսաբանուած հայաստանեան իմ ներդրումների ճակատագրի, դատական եւ իրաւապահ մարմինների կողմից այդ հարցում հովանաւորչական գործունէութեան, իմ անունից ներկայացուած անհերքելի փաստերով յանցագործութեան մէջ մատնանշուող անձանց հետ կապուած անպատժելիութեան տպաւորութիւն ձեւաւորուած լինելու մասին, դեռեւս 2011թ.ի գարնանից ես եւ իմ շահերը ներկայացնող փաստաբանները բազմիցս դիմումներ ենք հասցէագրել Ձեզ, ՀՀ գլխաւոր դատախազին, ՀՀ արդարադատութեան նախարարին, ՀՀ սփիւռքի նախարարին, ՀՀ ոստիկանապետին:
Ափսոսանքով պէտք է արձանագրեմ, որ՝
ՀՀ Սփիւռքի նախարարը հաւանաբար չի էլ ծանօթացել իմ դիմումին, քանի որ նախ՝ պատասխան չեմ ստացել, ապա իմ դիմումի ընթացքի վերաբերեալ հեգնանքով է արձագանգել լրագրողի հարցադրմանը,
ՀՀ Ոստիկանապետը նոյնպէս որեւէ միջոց չի ձեռնարկել: Աւելին, խարդախութեան փաստով Ոստիկանութեան Կենտրոնի բաժին ներկայացուած դիմում-յայտարարութիւնը ուղարկուել է ՀՀ ԿԱ ՊԵԿ, այն դէպքում, երբ նմանատիպ գործերն ոստիկանութեան քննիչների կողմից պէտք է քննուեն: Իսկ իմ գործին փոխկապակցուած Լուսինէ Գիւլխասեանի կողմից ներկայացուած դիմումի հիման վրայ յարուցուած քրէական գործը ամիսներ շարունակ Ոստիկանութեան Կենտրոնի բաժի քննչականում սառեցուել է,
ՀՀ արդարադատութեան նախարարութիւնից միանման պատասխաններ են ստացուել այն մասին, որ իմ դիմումներում բարձրացուած բոլոր հարցերը նախարարութեան իրաւասութեան շրջանակներից դուրս է,
ՀՀ դատախազութիւնից, ի պատասխան իմ փաստաբանների հարցումների, ամիսներ շարունակ միեւնոյն բովանդակութեամբ պատասխաններ են ստացւում այն մասին, որ, իբր, իմ անունից ներկայացուած նիւթերի ընթացքի մասին իմ ներկայացուցիչները պարբերաբար տեղեկացւում են: Սակայն իրականում՝ իմ ներկայացուցիչներին որեւէ տեղեկութիւն չի յայտնւում: Իմ անունից ներկայացուած դիմումների կապակցութեամբ ամիսներ շարունակ անգամ քրէական գործ չի յարուցւում: Իսկ, իբր, հարկային տեսչութեան պետի 27.07.2010թ. գրութեան հիման վրայ յարուցուած քրէական գործով վերջերս անգամ քննչական խումբ է կազմուել, սակայն առ այսօր որեւէ մէկին մեղադրանք չի առաջադրուել, ինչը փաստում է այն մասին, որ քրէական գործի յարուցումն «աչքակապութիւն է»: Իսկ յանցաւոր անձինք՝ արդէն սնանկութեան գործով կառավարիչ Հրանտ Ղամբարեանի օժանդակութեամբ են շարունակում իմ ընկերութեան մնացած գոյքի թալանը, որի վերաբերեալ պարբերաբար դիմումներով եւ փաստերով տեղեկացւում է դատախազութիւնը, սակայն միջոցներ չի ձեռնարկւում:
Աւելորդ չեմ համարում նշել, որ Երեւանի կենտրոնի դատարանում էլ, արդարադատութեան իրականացման փոխարէն, իր վարքագծով հանրայայտ Վլադիսլաւ Մանգասարեանի կողմից իմ դէմ ուղղուած պատուերներն են անշեղօրէն կատարում:
14 Սեպտեմբերի 2011թ. հրաւիրուած տօնական ընդունելութեան ժամանակ Ձեր խօսքում, Անկախութեան եւ Հայաստանի պետականութեան կայացման հարցում Դուք անչափ կարեւորում էք Սփիւռքի դերն ու Իրաւական պետութեան կայացումը: Հայաստանի Անկախութեան հիմնասիւններից այդ երկուսը առնուազն իմ եւ իմ կարգավիճակում յայտնուած մի քանի սփիւռքահայերի պարագայում հիմնաւոր կասկածի տակ է դրւում, հետեւապէս վտանգուած է Անկախութեան գործընթացը:
Յարգարժան նախագահ, Ձեզ իրազեկում եմ, որ իմ եւ իմ փաստաբանների կողմից Ձեզ ուղղուած որեւէ դիմումի պատասխան չեմ ստացել եւ տպաւորութիւն է ստեղծւում, որ այդ դիմումների մասին Ձեր աշխատակազմը ոչ Ձեզ է տեղեկացնում, ոչ էլ ընթացք է տալիս դրանց:
Հայաստանում իրականացուած իմ ներդրումների հարցը ԱՄՆի հայալեզու ԶԼՄների, հասարակակական կազմակերպութիւնների ուշադրութեան կենտրոնում է եւ մեծ հնչեղութիւն ունի:
Յուսով եմ, որ մինչ ՀՀ անկախութեան 20րդ տարեդարձի առթիւ ԱՄՆ կատարելիք Ձեր այցը, իմ կողմից Ձեզ հասցէագրուած դիմումնների կապակցութեամբ համապատասխան յանձնարարականներ կը տաք:
Յարգանքներով,
ԷԴՄՈՆԴ ԽՈՒԴԵԱՆ
Գլենդէյլ, ԱՄՆ
Սեպտեմբեր 15, 2011
www.arincapital.com