ԳԱԳԻԿ ԱՍԱՏՐԵԱՆ
Շատ սիրելի Հայեր,
Բնութեան եւ եաթաղանի դէմ անհաւասար պայքարի՝ աւերիչ երկրաշարժի ու արցախեան գոյամարտի օրհասական տարիներին, Խորհրդային կայսրութեան ճիրաններում գտնուող Հայաստանի մեր քոյրերն ու եղբայրները, համախմբուելով եւ մի պահ վեր կանգնելով պարտադրուած մարտահրաւէրներից, ազգովի սխրանք գործելով, իրենց առջեւ գերնպատակ դրեցին՝ «զարգացնելով 1918թ. ստեղծուած անկախ Հայաստանի Հանրապետութեան ժողովրդավարական աւանդոյթները, խնդիր դնելով ժողովրդավարական, իրաւական հասարակարգի ստեղծումը, հռչակել անկախ պետականութեան հաստատման գործընթացի սկիզբը»: Իսկ 1991թ. Սեպտեմբերի 21ին, աւելի քան 2 միլիոն քուէով փաստագրուեց անկախանալու հաստատակամութիւնը:
Յետագայ տարիների ընթացքում մեր քոյրերի եւ եղբայրների այդ որոշումը ցնծութեամբ ընդունեց Սփիւռքը՝ սատար կանգնելով ե՛ւ երկրաշարժի հետեւանքների վերացմանը, ե՛ւ արցախեան գոյամարտին, ե՛ւ անկախութեան գործընթացին: Հպարտութեամբ կարող ենք արձանագրել, որ առաջին երկու մարտահրաւէրները փառքով յաղթահարուեցին:
Սակայն անկախութեան հիմքում ընկած ժողովրդավարական եւ իրաւական հասարակարգի ստեղծման գաղափարը չիրականացուեց, ինչով պայմանաւորուած, վտանգուած է Հայաստանի պետականութիւնը: Ներկայումս պետութեան եւ հասարակութեան միջեւ սեպի պէս խրուած է կոռումպացուած իշխանաւորների այլասերուած խաւը: Այդ արատաւոր խաւը գոյատեւում եւ սերտաճում է անկախութեան հռչակումից ի վեր ձեւաւորուած բոլոր իշխանութիւնների հետ: Կոռումպացուած իշխանաւորները, խժռելով մեր ընդհանուր յաղթանակների, անկախութեան պտուղները, նորանկախ պետութեան զարգացմանն ու բարգաւաճմանն ուղղուած ներդրումները, օր օրի աւելի են հզօրանում, իսկ նրանց նկատմամբ անպատժելիութեան մթնոլորտն առաւել վառ գոյներով է դրսեւորւում: Ներկայիս հայաստանեան իշխանութիւնների օրօք այդ իրավիճակն այլեւս անտանելի է:
Արտագաղթը հայի համար դարեր շարունակ իր տեսակը պահպանելու, նպաստաւոր միջավայրում այն զարգացնելու, այսինքն, հայապահպանութեան իւրօրինակ իրավիճակային հարկադրուած միջոց է եղել՝ օրերից մի օր վերադառնալու ու հայրենիքը շէնացնելու բաղձանքով:
Եթէ առաջներում հայը գաղթի ճանապարհն էր բռնում՝ բնաջնջումից փրկելով իր ընտանիքն ու մշակոյթը, ապա այսօր Հայաստանի անկախութեան համար «այո» քուէարկած եւ պայքարած տասնեակ հազարաւոր հայորդիներ Հայաստանն են լքում՝ եւ ոչ թէ դժուարութիւնների, այլ՝ հիասթափութեան եւ ապագայի հանդէպ ունեցած անվստահութեան պատճառով: Նրանց մի մասը հայրենիքից հեռանում են անարդարութեան դէմ պայքարելու անզօրութիւնից, մի մասն էլ՝ օտար երկրներում իրենց ընտանիքների տարրական հոգսերը հոգալու կարիքից ելնելով:
Ստեղծուած իրավիճակում Հայաստանը հայաթափւում է: Օրուայ հրամայականն է՝ սատար կանգնել մեր պետականութեանը, վճռական պայքար մղել Հայաստանում բարգաւաճող կոռուպցիայի դէմ:
Մեր կողմից կատարուող ներդրումներն ու նախաձեռնութիւնները կոռումպացուած իշխանաւորները տարաբնոյթ ճանապարհներով ի վերջոյ իւրացնում են եւ դրանում նրանք աւելի են զօրանում ու լկտիանում:
Հայաստանեան ոչ իշխանամէտ թերթերը ողողուած են յօդուածներով այն մասին, որ Հայաստանում դատական համակարգը իշխանութիւններին սպասարկելու գործառոյթ է իրականացնում, իսկ ապաշնորհ, կոռումպացուած իշխանաւորները, ժողովրդի մասին հոգալու փոխարէն, ժողովրդից, սփիւռքահայ գործարարներից, բարերարներից թալանուած գումարներով, Հայաստանում ունեցածից բացի, արտերկրներում դղեակներ են ձեռք բերում, տասնեակ միլիոնաւոր դոլարներ արժեցող ընկերութիւններ են գնում, որպէսզի օրերից մի օր Հայաստանից ճողոպրելիս այդ երկրներում ճոխ կեանք վայելեն:
Հայաստանում վտանգուած են ներդրումները, ձեռնարկատիրութիւնը, իսկ առանց երաշխաւորուած ներդրումների եւ տնտեսութեան, մարտահրաւէրներով լի արդի աշխարհում Հայաստանի պէս զարգացող երկրները դատապարտուած են կործանման:
Իրավիճակը շտկելու հիմնական եւ առաջնային թիրախը պէտք է լինի ամենակոռումպացուած եւ իշխանաւորների անօրէնութիւնների համար մշտական կանաչ լոյս ապահովող, վճռաբեկ դատարանի նախագահութիւնն ու նրա կամակատար դատաւորները:
Առանց դատական համակարգի բնականոն գործունէութեան, որի ապահովման գլխաւոր պատասխանատուն ՀՀ նախագահն է, Հայաստանում երաշխաւորուած է միմիայն կոռուպցիայի զարգացումը, մարդու իրաւունքների ոտնահարումը եւ ցանկացած օրինական նախաձեռնութեան ձախողումը:
Դրա վառ օրինակն է հայաստանեան թերթերում («Հետք», «Ժամանակ») պարբերաբար լուսաբանուող՝ հայաստանեան իշխանութիւնների հետ սերտ կապերի մէջ գտնուող եւ նրանց հովանաւորութիւնը վայելող Վլադիսլաւ Մանգասարեանի եւ նրա թիմակիցների կողմից, հայաստանեան կոռումպացուած իշխանաւորների եւ դատական համակարգի համատեղ «ջանքերով», ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդեանի իր կողմից կատարուած միլիոնաւոր դոլարների ներդրումներից զրկելու եւ մի շարք սփիւռքահայերի կողմից վճարուած գումարների դիմաց նրանց բնակարաններից զրկելու արդիական պատմութիւնը:
Էդմոնդ Խուդեանը, նախօրօք ձեռք բերուած պայմանաւորուածութիւնների հիման վրայ, իր ներդրումների հաշուին կառուցուած եւ շուրջ $7.500.000 արժողութեամբ Երեւանի Մաշտոցի 33 հասցէի շէնքը 2007թ.ի Նոյեմբերին ներդրել է իր կողմից հիմնադրուած «Արին կապիտալ» ներդրումային ՍՊ ընկերութիւնում, որից յետոյ, իր բացակայութեամբ շէնքի շինարարական աշխատանքներն ամբողջութեամբ աւարտին հասցնելու նպատակով, 39 տոկոս շահաբաժնի իրաւունքով, որպէս գործընկերներ է ներգրաւել «շինարար» Վլադիսլաւ Մանգասարեանին ու «ընկերութեան գործերի հմուտ կազմակերպի»չ Ղեւոնդ Ղալումեանին: Վերջիններս, չարաշահելով Էդմոնդ Խուդեանի վստահութիւնը, դիմում են խարդախութիւնների, իւրացնում են ընկերութեան գումարներն ու տարածքները եւ 2009թ.ի վերջին Էդմոնդ Խուդեանին ահազանգում են, որ ընկերութիւնը վնասով է գործում, նոր ներդրումներ պէտք է կատարուեն: 2010թ. սկզբին Էդմոնդ Խուդեանը ժամանում է Հայաստան, եւ ընկերութեան բնականոն գործունէութիւնն ապահովելու ուղղութեամբ յստակ պայմանաւորուածութիւններ են ձեռք բերւում, որով ստանձնած իր պարտաւորութիւնները Էդմոնդ Խուդեանն իրականացնում է: Սակայն դրանից յետոյ էլ Էդմոնդ Խուդեանի «գործընկերները» շարունակում են իրենց յանցաւոր վարքագիծը, վաճառում են անգամ Էդմոնդ Խուդեանին հասանելիք բնակարանն ու հասարարակական տարածքը, սփիւռքահայ գնորդների տարածքներ, աւելին, կեղծ պարտքեր են ստեղծում ընկերութեան համար՝ նախապատրաստուելով ընկերութեան կեղծ սնանկութեան:
Նմանատիպ իրավիճակից ելք կայ ցանկացած իրաւական պետութիւնում: Սակայն Հայաստանում, հայաստանեան կոռումպացուած իշխանաւորների եւ դատական համակարգի հովանու ներքոյ գործող Վլադիսլաւ Մանգասարեանի եւ Ղեւոնդ Ղալումեանի պարագայում, այդ հարցը կա՛մ լուծում չունի, կա՛մ էլ դրա միակ լուծում տուողը Հայաստանի նախագահն է: Իսկ Վլադիսլաւ Մանգասարեանը սերտ կապեր ունի ինչպէս ՀՀ նախագահ Ս. Սարգսեանի, այնպէս էլ շէնքում մի քանի հարիւր քմ. տարածքներ ստացած նրա երկու եղբայրների, գեներալ Գաբրիէլեանի, բարձրաստիճան այլ պաշտօնեանների հետ, որոնք, մեղմ ասած, «շահագրգռուած» չեն կատարուած յանցաւոր գործարքներով օբյեկտիւ իրականութիւնը վեր հանելու:
ՀՀ դատախազութիւնը եւ դատական ատեանները աւելի քան 10 ամիս է՝ ընթացք չեն տալիս Էդմոնդ Խուդեանի փաստաբանների դիմումներին:
Փոխարէնը, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումեանի եւ Երեւանի Կենտրոնի դատարանի նախագահ Ռուբէն Վարդազարեանի «հովանու ներքոյ», Երեւանի Կենտրոնի դատարանում ընկերութեան դէմ սնանկութեան վարոյթ է իրականացւում, եւ ընկերութեանը պատկանող շէնքի այն տարածքները, որոնք ենթակայ են յանձնման դրանց համար վճարած մէկ տասնեակ սփիւռքահայերի, առանց վարանելու, կեղծ պարտքերի դիմաց յանձնւում են Վլադիսլաւ Մանգասարեանին:
Էդմոնդ Խուդեանի փաստարկներն այնքան բազմադրուագ են, որ նա մի քանի ուղղութեամբ շարունակում է իր պայքարը:
Էդմոնդ Խուդեանի պայքարը իւրաքանչուրիս պայքարն է, քանի որ իր ներդրումների եւ իրաւունքները խախտուած գնորդների համար մղուող նրա պայքարն ուղղուած է հայաստանեան դատա-դատախազական կոռումպացուած համակարգի դէմ:
Արդ, այսօրուայ հրամայականը եւ իւրաքանչիւրիս պարտքն է համախմբուած մէկ բռունցք կազմած միանալ հայաստանեան կոռուպցիան արմատախիլ անելու պայքարին, որպէսզի բարենպաստ պայմաններ ստեղծուեն Անկախութեան Հռչակագրի ոգուն եւ մեր ժողովրդի դարաւոր իղձին համահունչ՝ իրաւական, ժողովրդավարական պետութեան կառուցման համար:
ԳԼԵՆԴԷՅԼ, Սեպտեմբեր 22, 2011