ԽԱՉԻԿ ՄԵԼԵՔԵԱՆ

Երբ մարդկութեան թիւը երկրագնդի վրայ մօտենում է 10 միլիարդի, աւելի շատ են խօսում այն մասին, թէ ինչպէ՞ս պիտի լուծուի բնական ռեսուրսներով (պաշարներով-Խմբ.) մարդկութեանն ա-պահովելու գերխնդիրը: Խօսքը վերաբերւում է ինչպէս սննդին, այնպէս էլ թանկարժէք եւ ոչ թանկարժէք մետաղներին: Շատերը պնդում են, թէ մետաղների եւ օգտակար հանածոների պահուստները գրեթէ սպառուած են, կամ էլ շատ մօտ են այդ սահմանագծին: Գիտնականների մէկ այլ խումբ էլ կարծում է, թէ երկրագնդի ստեղծած եւ ընթացքում ձեւաւորուող պաշարները դեռեւս տասնեակ հազարաւոր տարիներ կը բաւականացնեն մարդկութեանը: Մի բան ակնյայտ է, որ այսօր աւելի քան երբեւէ գիտնականները օգտակար հանածոներ ձեռք բերելու համար դիմում են այսպէս կոչուած այլընտրանքային վայրերի, ինչպիսիք են աստղակերպերը եւ իհարկէ, ովկիանոսի յատակը:
Մի հաղորդագրութեան համաձայն, Անտարկտիկայից մինչեւ Հիւսիսային Ամերիկա ընկած անդրովկիանոսեան գօտում հսկայական քանակութեամբ ոսկու շերտ գոյութիւն ունի, որի ստոյգ չափը դեռ յայտնի չէ: Ուրիշ հարց է, թէ այդքան խորքից ինչպէս կարող ենք արդիւնահանել թանկարժէք մետաղները, առանց դրա համար անհրաժեշտ մեքենաների վրայ աստղաբաշխական գումարներ ծախսելու: Առայժմ դա այնքան էլ հեշտ չէ, սակայն փորձեր կատարւում են:
Այսօրուայ դրութեամբ այն հանքերը, որ պատմականօրէն հարուստ էին համարւում, զգալիօրէն սպառել են իրենց պաշարները, եւ գնալով աւելի շատ ջանք է պահանջւում այնտեղից օգտակար հանածոներ արդիւնահանելու առումով: Մի ուսումնասիրութեան համաձայն, երկրագնդի այն վայրերը, որոնք ենթարկւում են «աստղային» ռմբակոծութեան, այսինքն որտեղ աստղակերպեր են ընկնում, շատ աւելի թանկարժէք մետաղական հանածոների պաշարներ ունեն: Այս վայրերում յատկապէս նկատւում է իրիդիում մետաղի կուտակում, որը պատկանում է պլատինի խմբին. տարեկան ընդամէնը 3 տոննա է արդիւնահանւում այս մետաղից, ամբողջ աշխարհի կտրուածքով:
Հազուագիւտ այսպիսի մետաղները աւելի լայն տարածում են գտնում բարձր տեխնոլոգիաների արտադրութեան մէջ, եւ հաւանաբար սա է շարժառիթը, որ որոշ առաջադէմ գիտական կազմակերպութիւններ այսօրուանից արդէն փորձեր են կատարում տիեզերքում փնտռել թանքարժէք մետաղների իրենց յաջորդ հանքավայրերը: Բայց այստեղ էլ ծախսի խնդիրն է նորից երեւան գալիս: Պլատին եւ նմանօրինակ մետաղների զանգուածային արդիւնաբերութիւնը տիեզերք տեղափոխելու համար պլատինի արժէքները պէտք է բազմապատիկ անգամ աւելանան այսօրուայ 1500 դոլարի սահմանագծից, որպէսզի իմաստ ունենայ մետաղների արդիւնահանումը տիեզերք տեղափոխելու համար սարքեր պատրաստել: Ինչպէս արդէն ասացի, որոշ «երազողներ» սրան էլ են նախապատրաստւում:
Առայժմ, սակայն, ովկիանոսն է ամենագայթակղիչ նոր վայրը: Քիմիկոսների տուեալներով, ովկիանոսի յատակում «պատսպարուած» ոսկու շօշափելի քանակը մօտ 10 միլիոն տոննա է կազմում՝ որն արժէ աւելի քան 500 տրիլիոն դոլար: Առաջին անգամ ովկիանոսն ոսկի արդիւնահանելու նպատակով շահագործելու գաղափարը տուել է գերմանացի քիմիկոս Ֆրից Հէյբըրը: Այն ժամանակ Հէյբըրը յայտարարել է, թէ շատ կարճ ժամանակահատուածում ոսկու նմանօրինակ արդիւնահանման ճանապարհով Գերմանիան կարող է ամբողջութեամբ մարել իր ազգային պարտքը: Բայց նա նոյնիսկ չկարողացաւ համոզել կառավարութեան անդամներին քննութեան տակ առնել իր առաջարկը:

Եւս մի հետաքրքրական միտք: Թանկարժէք մետաղներ են յայտնաբերւում յատկապէս այն վայրերում, որտեղ հրաբխային ակտիւ գործունէութիւն է գրանցւում: Այսօր մետաղական հանածոներով գերհարուստ Աւստրալիայի պաշարները գրեթէ սպառման եզրին են կանգնած, իսկ փոխարէնը աւելի են խօսում Մոնղոլիայի, Հարաւային Ամերիկայի, Գրենլանդիայի եւ Արկտիկական շրջանում առկայ ոսկու, կապարի, երկաթի, եւ այլ հանածոների հարուստ պաշարների մասին:
Մի բան ակնյայտ է եւս. Մարդկութեան ախորժակը բաւարարել հնարաւոր չէ, նա առաւել անյագ է դառնում նորանոր պաշարների բացայայտման հետ: Բայց չէ՞ որ ոչինչ անվերջ չէ, եւ երկրագնդի պաշարներն էլ մի օր իրենց վերջը պիտի գտնեն:
«Չե՛ն գտնի», պնդում են ոմանք, քանի որ երկրագնդի ընդերքում կատարւում են անվերջանալի ռէակցիաներ, որի արդիւնքում մետաղական եւ օգտակար այլ հանածոների պաշարները անընդհատ համալրւում են: Ոմանք էլ այնքան հեռուն են գնում, որ պնդում են, թէ մարդկութիւնը զգալի օգուտ է տալիս երկրագնդին հանածոները արդիւնահանելով եւ «թեթեւացնելով» բեռը: