Հայ-կորէական մշակութային փառատօնը երկու օր շարունակ տօնական տրամադրութիւն պարգեւեց Ֆութհիլի շրջանի բնակիչներին: Հայ եւ կորէական համայնքների ներկայացուցիչների ջանքերով, Սեպտեմբերի 15-16ը Կրեսենտա Հովիտի այգում հայկական ու կորէական ժողովրդական երգ ու պարի, ազգային խոհանոցների, մշակոյթների ներկայացում էր: Խօսելով փառատօնի նպատակների մասին՝ ձեռնարկի կազմակերպիչներից Հայկական մշակութային հիմնադրամի «Զաւարեան» կոմիտէութեան նախագահ Արիկ Գէորգեանը նշեց, որ մենք պէտք է ներկայացնենք մեր ազգին, մեր ներդրումները Միացեալ Նահանգներում եւ աշխարհում, եւ բաց լինենք շփումների համար բոլորի հետ: «Այս ձեռնարկի նպատակներից էր սերտացնել յարաբերութիւնները Լա Քանիադա, Լա Կրեսենտա, Մոնթրոզ, Թահանգա ու Սանլենդ քաղաքներում երկու ամենամեծ համայնքների՝ հայերի եւ կորէացիների միջեւ, ծանօթացնել մեր մշակոյթները, մեր պատմութիւնը, մեզ: Մեր երեխաները յաճախում են նոյն դպրոցները. մենք օգտւում ենք նոյն խանութներից, եւ վերջապէս դրկից հարեւաններ ենք, ուստի չափազանց կարեւոր է ծանօթ լինել միմեանց մշակոյթին ու արժէքներին, ինչի արդիւնքում առաւել հանդուրժող կը դառնանք միմեանց նկատմամբ, եւ միմեանց յարգելով՝ կարող ենք մեր քաղաքները դարձնել մեր ցանկալի տունը», նշում է Գէորգեանը:
Ըստ նրա՝ հայերի ու կորէացիների միջեւ շատ նմանութիւններ կան. «Կորէացիներն էլ, մեր նման շատ հպարտ են իրենց պատմութեամբ, մշակոյթով եւ հաւատարիմ են իրենց աւանդոյթներին»: Հայ-կորէական մշակութային փառատօնը մեծ արձագանգ է ունեցել տեղական եւ միջազգային մամուլում, որպէս աննախադէպ ձեռնարկ: «Պատմութեան մէջ առաջին անգամ տեղի է ունենում երկու համայնքների համատեղ փառատօն, որը կամուրջներ է ստեղծում հայերի ու կորէացիների միջեւ՝ բոլոր ոլորտներում: Հայերի սիրտը միշտ բաց է, եւ այս անգամ էլ առիթ ենք ստեղծում բարեկամանալու կորէական համայնքի հետ, ինչը զարմացրել է շատերին», նշում է Լա Կրեսենատայի քաղաքապետարանի քաղաքական խորհրդի անդամ Հէրի (Հրայր) Լէոնը: Երկու համայնքների մտերմացումը, ըստ նրա, նաեւ քաղաքական-հասարակական ապագայ գործընթացներում եւս արդիւնաւէտ կը լինի երկու ազգերի համար: Հիւսիսային Լոս Անջելեսի Կորէական-Ամերիկեան ֆեդերացիայի փոխնախագահ Չէյմզ Փափի համար, փառատօնը առիթ էր դարձել բացայայտելու հայերի եւ կորէացիների ունեցած բազմաթիւ նմանութիւններ. «Մեր նմանութիւններից առաջինն այն է, որ եւ կորէացիները եւ հայերը փայփայում են իրենց մշակոյթը ու տէր են կանգնում անցեալի ժառանգութեանը. մենք հաւատարիմ ենք մեր ընտանեկան աւանդոյթներին ու յարգանք ունենք մեր մեծերի նկատմամբ, ինչպէս նաեւ՝ մեծ տեղ ենք յատկացնում կրթութեանը», ներկայացրեց Փափը:
Ոգեւորութիւնը մեծ էր նաեւ ամենատարբեր տարիքի ու մասնագիտութեան այցելուների շրջանում: Նրանք եւս ընդգծեցին նման ձեռնարկների կարեւորութիւնը: Հայ-կորէական մշակութային փառատօնին մասնակցում էին տեղական բիզնեսներ, կազմակերպութիւններ՝ իրենց տաղաւարներով, ինչպէս նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ: Փառատօնի շրջանակներում յատկապէս յիշարժան էին ազգային տարազներով, ժողովրդական գործիքների նուագակցութեամբ երգի ու պարի համարները, հայկական հարսանիքի բեմադրութիւնը: Կազմակերպիչները մտադիր են ապագայում ընդլայնել փառատօնի շրջանակներն ու ներգրաւել նաեւ այլ ազգերի ու համայնքների:
© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.