ՆԵԼԼԻ ՂՈՒԿԱՍԵԱՆ
Սեպտեմբերի 8ին, Հայ Դատի յանձնախմբի Արեւմտեան շրջանի Գլենդէյլի մասնաճիւղը սովորականից աւելի մարդաշատ էր: Այդ օրը տրուեց «HAY VOTES» նախագծի պաշտօնական մեկնարկը: Այս ծրագիրը տարուայ սկզբին նախաձեռնել է Հայ Դատի յանձնախմբի Արեւմտեան շրջանը որպէս տարածքային ոչ-կուսակցական միջոցառում՝ նպատակ ունենալով ակտիւացնել հայ համայնքի մասնակցութիւնը 2012 թուականի ընտրական գործընթացում: «HAY VOTES» ծրագիրը համագործակցելով ոչ-առեւտրային կազմակերպութիւնների, ուսանողական խմբերի եւ հասարակական ոլորտի ներկայացուցիչների հետ՝ նպատակ ունի արձանագրել եւ քաջալերել հայ համայնքին՝ մասնակցելու Նոյեմբերի 6ին կայանալիք ընդհանուր ընտրութիւններին:
«HAY VOTES» ծրագրի հիմնական գործառոյթներն են՝ մեծացնել արձանագրուած ընտրողների քանակը եւ հասարակութեան մասնակցութիւնը ընտրական գործընթացում: Ընտրողներին տրամադրել դիւրին եւ անկողմնակալ (չկուսակցականացուած) տեղեկատուութիւն քուէաթերթիկների պարունակութեան մասին, քաջալերել հասարակութեան մասնակցութիւնն ու կամաւորական գործունէութիւնը՝ համագործակցելով տեղական ոչ-առեւտրային կազմակերպութիւնների եւ ուսանողական խմբերի հետ:
«Առաջիկայ ընտրութիւններում մեզ համար շատ կարեւոր է յատկապէս 43րդ ընտրաշրջանը, որտեղ առաջադրուած է հայազգի թեկնածու Գրեգ Գրիգորեանը: Այս ընտրատարածքում, որ ներառում է Գլենդէլը, Բըրբենքը, Հոլիվուդը եւ Լա Կրեսենտան, շուրջ 180 հազար հայ է բնակւում, սակայն ընդամէնը 38 հազարն է արձանագրուած», ներկայացնում է Հայ Դատի յանձնախմբի Գլենդէլի շրջանի գործադիր տնօրէն Էլեն Ասատրեանը:
Հարկ է նշել, որ Գրեգ Գրիգորեանը, Յունիսի նախնական քուէարկութեան ժամանակ իր հաւաքած ձայներով մօտ էր մրցակցին՝ Մայք Գատոյին՝ ձայների 44-55 տոկոս յարաբերակցութեամբ: Ըստ Ասատրեանի, Նոյեմբերի ընտրութիւններում մեր յաղթանակը շատ իրատեսական է՝ եթէ հայ համայնքը միասնական դուրս գայ քուէարկելու:
«HAY VOTES» նախագծի այս փուլում տեղի է ունենում քաղաքացիութիւն ունեցող անձանց արձանագրում՝ հեռախօսազանգերի եւ տներ այցելութիւնների միջոցով: Այս նախագծի համար աշխատող կամաւորները ողջ օրուայ ընթացքում զանգահարում են տուեալ ընտրատարածքի բնակիչներին՝ տեղեկանալու արդեօք արձանագրուած է տուեալ բնակիչը եւ ճշդելուց յետոյ այցելում են նրանց եւ օգնում արձանագրուել:
«HAY VOTES» նախագծի հանրութեան հետ յարաբերութիւնների պատասխանատու Դալար Մալաքեանը կապեր է հաստատում տարբեր կազմակերպութիւնների, դպրոցների, ուսանողական միութիւնների հետ: Այնուհետեւ, կազմակերպում է հանդիպումներ ընտրելու հնարաւորութիւն ունեցող քաղաքացիների հետ եւ արձանագրում է նրանց: «HAY VOTE»ի կամաւորների աշխատանքը համակարգում է Արա Քարամեանը. «Ծրագրում ներգրաւուած են շուրջ 100 կամաւորներ՝ միջնակարգ դպրոցներից եւ համալսարաններից: Որեւէ ֆինանսական պարգեւ չկայ, այդ իսկ պատճառով երբեմն դժուարութիւն ենք ունենում կամաւորներին ներգրաւելու գործում: Հետեւաբար, փորձում ենք խթանել մրցակցութիւն եւ ամենաշատ յաճախող կամաւորների համար սահմանում ենք մրցանակներ: Ամենաակտիւ կամաւորը կը ստանայ iPad, երկրորդ եւ երրորդ տեղերում յայտնուած կամաւորները կ՛արժանանան համապատասխանաբար Lakers-ի կամ Disney Land-ի տոմսերի», նշում է Արան:
«HAY VOTES»ի աշխատանքներին մասնակցող երիտասարդներից իւրաքանչիւրն ունի իր դրդապատճառները: Օրինակ, Պաուլինա Սաֆարեանը տասնինը տարեկան է, սովորում է Գլենդէլի քոլեջում: Նրան դուր է գալիս քաղաքականութիւնը, եւ ապագայում նա մտադիր է շարունակելու ուսումն այդ ուղղութեամբ. «Սա շատ լաւ փորձառութիւն կը լինի ինձ համար», նշում է Պաուլինան, որ ծրագրի մասին տեղեկացել է ընկերներից: Պաուլինան եւ Ժակլինը այցելում են տներ եւ արձանագրում են քաղաքացիներին: «Հիմնականում մարդիկ շատ բարեհամբոյր են, սակայն պատահում է, որ խուսափում են արձանագրուել եւ չեն յայտնում ընտանիքում առկայ քաղաքացիների ճիշդ թիւը», պատմում է Պաուլինան: «Մեզ դուր է գալիս խօսել մեծահասակ մարդկանց հետ, որոնք աւելի շատ են հասկանում այս գործի կարեւորութիւնը եւ գնահատում են մեր աշխատանքը, մշտապէս տուն են հրաւիրում եւ հիւրասիրում», ոգեւորութեամբ նշում են Ժակլինն ու Պաուլինան:
Տասնեօթամեայ Փոլին Փեչակեանը, ով սովորում է Լա Կրեսենտա հովտի դպրոցում՝ ամենաակտիւ կամաւորներից է: Նա ամրանը internship էր արել Հայ Դատի Գլենդեյլի մասնաճիւղում եւ նրան աշխատանքն այնքան էր դուր եկել, որ շարունակեց գործունէութիւնը՝ աջակցելով «HAY VOTES»ին: Փոլինը հեռախօսազանգերի միջոցով պարզում է այն քաղաքացիներին ովքեր դեռ չեն արձանագրուել: Փոլինի համար ամենակարեւորը գաղափարն է: «Մարդիկ շատ տարբեր են արձագանքում, լինում է որ շատ պատրաստակամ են, սակայն պատահում է որ չեն ցանկանում նոյնիսկ լսել եւ մինչեւ անգամ կոպտում են: Չեմ նեղւում, ոմանք չեն հասկանում այս ամէնի կարեւորութիւնը եւ դրա համար չեն գնահատում: Հայերը թողել են իրենց հայրենիքը, ապրում են օտարութեան մէջ, եւ շատ կարեւոր է որ այստեղ միասնական լինենք՝ եթէ կայ հայ թեկնածու, անպայման պէտք է սատարենք», ասում է Փոլինը, որ նախագծին մասնակից է դարձրել նաեւ իր կրտսեր քոյրիկին, ով նոյնպէս մեծ ոգեւորութեամբ օգնում է կամաւորներին:
Կամաւորները պատմում են, որ մարդիկ, ովքեր խուսափում են արձանագրուել հիմնականում աւելի երիտասարդներն են, ում չեն հետաքրքրում ընտրութիւնները, կամ անտարբեր են հայկական հարցերին: Ոմանք խուսափում են՝ արդարանալով ժամանակի սղութեամբ կամ փոփոխութիւնների նկատմամբ հաւատի բացակայութեամբ: Կան նաեւ այնպիսի մոլորութիւն՝ ինչպիսին արձանագրուելու դէպքում «jury duty»ին կանչուելն է, որ իրականում, որեւէ կապ չունի արձանագրուած լինել չլինելու հետ:«Jury duty»ի կանչւում են բոլոր այն անձիք, ովքեր ունեն վարորդական իրաւունք կամ ID:
Երբեմն երիտասարդներին յաջողւում է փոխել մարդկանց կարծիքը եւ հետաքրքրութիւն առաջացնել ընտրութիւնների նկատմամբ: Լինում են դէպքեր, երբ դա աւելի դիւրին է լինում, օրինակ երբ տեղեկանում են, որ ընտրութիւններին մասնակցում է հայ թեկնածու:
«Այս ընտրութիւնների կարեւորութիւնը միայն հայ թեկնածուի առկայութիւնը չէ, այլեւ հայերի մասնակցութեան տոկոսը: Բոլոր տեղամասերից հետեւում են այս ընտրատարածքի ընտրութիւններին, որովհետեւ ցանկանում են տեսնել հայ համայնքի հզօրութիւնը: Նման հարցերը հաշուի են առնում նաեւ Վաշինգտօնում հայկական այլ խնդիրների լուծման ժամանակ: Մասնակցութեան մեծ տոկոսը նաեւ մեր համայնքի ուժն է արտայայտում: Եթէ ընտրութիւններում հայերի մասնակցութիւնը լինի 12-13 հազար, այսօրուայ 10 հազարի փոխարէն, ապա մեր թեկնածուն կը կարողանայ հեշտութեամբ ընտրուել: Ընդամէնը պակասող երկու հազար քուէի մասին է խօսքը», նշում է Էլեն Ասատրեանը:
Յուսանք որ «HAY VOTES» ծրագրում ներգրաւուած կամաւորների եռանդն ու ներդրումը կ՛ունենայ սպասուած արդիւնքը, բազմապատկելով հայ համայնքի ուժն ու հնարաւորութիւնները: