ԵՐԵՒԱՆ, «Եռագոյն».- Հայաստանի Հանրապետութեան մէջ 12-21 Հոկտեմբեր 2011ին իրականացուած մարդահամարի վիճակագրական մշակման աշխատանքներու առաջին հանգրուանը աւարտած է: Այս մասին, ըստ «Արմէնփրէս»ի, 31 Հոկտեմբերին կայացած մամլոյ ասուլիսի ընթացքին յայտարարեց Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայութեան (ԱՎԾ) մարդահամարի եւ ժողովրդագրութեան բաժինի պետ Կարինէ Կույումճեան:
«Մարդահամարի դաշտային աշխատանքերի աւարտից յետոյ իրականացուել են ծածկագրման եւ մուտքագրման աշխատանքներ: Յառաջիկայում կայ նաեւ տրամաբանական հսկման ծրագրի մշակման նախագիծ, որն իր մէջ պիտի ներառի անհրաժեշտ պատասխաններ բոլոր բնութագրիչների համար», ըսած է Կույումճեան՝ շեշտելով, որ 2011ի մարդահամարին 2 միլիոն 871 հազար 771 մարդ հաշուըուած է:
«2011ի մարդահամարի նախնական տուեալների համաձայն՝ 2001ի համեմատութեամբ, որի ժամանակ հաշուառուած էր 3,002,594 մարդ, առկայ բնակչութեան թուաքանակի ցուցանիշը նուազել է 130,823 մարդով, իսկ մշտական բնակչութիւնը՝ 194,157 մարդով: Մարդահամար անցկացնելու մեթոտաբանական հիմքը խարսխուած է եղել ՄԱԿի մարդահամար անցկացնելու մեթոտաբանութեան վրայ», յայտարարած է Կարինէ Կույումճեան՝ աւելցնելով, որ, ըստ 2011ի մարդահամարի նախնական արդիւնքներուն՝ Հայաստանի մնայուն բնակչութեան 36.7 տոկոսը կը կազմէ գիւղական բնակչութիւնը: Քաղաքային բնակ-չութիւնը կը կազմէ 63.3 տոկոսը, որուն գերակշռող մասը Երեւանի մէջ է:
Քաղաքային բնակչութեան թիւի ցուցանիշը՝ 2001ի հետ բաղդատած նուազած է 154.866ով կամ 7.5 տոկոսով, իսկ գիւղական բնակչութիւնը՝ 39.291ով կամ 3.4 տոկոսով:
Նախատեսուած է, որ Հայաստանի 2011ի մարդահամարին վերջնական արդիւնքները հրապարակուին 2013ին:
© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.