ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ
Հայաստանի Հանրապետութեան անկախութեան 21 տարիների ընթացքում մեր քաղաքական բառապաշարում վստահաբար ամենաշատ գործածուած բառը «բարեփոխում» բառն է: Համաշխարհային բանկի, միջազգային տարբեր կառոյցների դրամաշնորհներով ու ֆինանսաւորմամբ եւ, անշուշտ, իշխանութիւնների «քաղաքական կամքով» բարեփոխել ենք առողջապահութեան ոլորտը, սոցիալական հիմնադրամ ենք ստեղծել, տասը եւ աւելի տարիներ եւրոպական կրթական դաշտին ինտեգրացուելու (համարկուելու-Խմբ.) ուղեգիծ ենք որդեգրել, դատաիրաւական բարեփոխումների մի քանի փուլեր ենք անցել, մեր օրէնսդրական դաշտը եւրոպականին համարկելու պարտաւորութիւններ են ստանձնել՝ օրէնքների մի ճնշող մասը միջազգային փորձաքննութիւն է անցել եւ, թւում է, թէ իրագործում ենք… խօսքի ազատութիւն…. ազատ մամուլ…. բարեփոխուած ընտրական օրէնսգիրք…:
Իրապէս, ոլորտ չի մնացել, որ անցած չլինի բարեփոխման թրի տակով….: Դժուար չի նաեւ ենթադրել, թէ այս բարեփոխումներն ինչ են արժեցել՝ բառի ուղիղ՝ թուային պատկերով ու նաեւ բարոյական ընդգրկումով:
Զեկոյցների, խորհրդատուութիւնների, մշտադիտարկումների ու հայեցակարգերի պակաս գրեթէ չկայ…: Իսկ ՀՀ սահմանադրութեամբ ամրագրուած սոցիալական, իրաւական եւ ժողովրդավարական պետութեան յանձնառութիւնն էլ կայ ու կայ:
Այս ամէնն ի հարկէ հրաշալի է… բայց իրականում որտե՞ղ ենք մենք: Իսկ, թէ իրականում որտեղ ենք մենք նոյնիսկ մակրոտնտեսական ցուցանիշերի կա՛մ խիստ մասնագիտական վերլուծութիւնների անհրաժեշտութիւն չկայ:
Մինչ մենք «բարեփոխւում ենք», այդպէս էլ չյաղթահարելով անցումային շրջանը, ՀՀ բիւջէի մի լուրջ հատուած լափւում փոշինում է «ատկատչիկների» կողմից, օլիգարխների մի յայտնի բանակ շարունակում է ամենաթողութեան ու ցինիզմի իր արշաւը, իսկ հանրապետութեան ազգաբնակչութեան 30 տոկոսից աւելին անցնում է պաշտօնական աղքատութեան եզրագիծը:
Հաւանաբար առաջիկայում բարեփոխումների շարքին կը դասուի եւ իբրեւ սոցիալական ձեռքբերում կը ներկայացուի քաղաքական մեծամասնութեան օրէնսդրական փոփոխութիւնը, համաձայն որի 2013ից հանրապետութեան նուազագոյն աշխատավարձը 35000 դրամ կը դառնայ: Շտապեմ աւելացնել, որ առաջին հայեացքից տպաւորիչ այս գումարը մօտ 20000ով պակաս է կենսաապահովման նուազագոյն զամբիւղից (նոյնն է թէ կենդանի մնալու գնից): Իսկ… Հայաստանից հեռանում են, հեռանում… արտագաղթի ծաւալները վաղուց են մեր ազգային անվտանգութեանը սպառնալիք դարձել: Հայաստանում մնացած յամառներն էլ իրենց ոտնահարուած իրաւունքների պաշտպանութիւնը Եւրոպական դատարանում են փնտռում, ու ամէն անգամ անարդար վճիռ կայացրած դատաւորի դիմաց պարտւում է Հայաստանի Հանրապետութիւնն ու մենք՝ հարկատուներս մեր միջոցներից վճարում ենք իբրեւ պարտուած դատերի հատուցում:
Երբեմն մտածում եմ, թէ թանձրացնում եմ գոյները, անհամբեր եմ կա՛մ՝ անհաւան: Ինձ եւ շատերի ներշնչում եմ հաւատալ, փոխուել. ի վերջոյ Հայաստանի հեռանկարին չհաւատալու իրաւունք ոչ մէկը չունի: Ու նաեւ դժուար է պարտուածի բեռով ապրելը…
Ու դարձեալ հերթական միջազգային զեկոյցը. ըստ Freedom House-ի. Հայաստանը շարունակում է մնալ կիսաաւտորիտար կառավարում ունեցող «հիբրիդային» տիպի պետութիւնների շարքին, ընտրական գործընթացների՝ ժողովրդավարական չափանիշներին համապատասխանութեան առումով աւելի վատ է, քան աւտորիտար պետութիւնների խմբին դասուած Ղրղըզստանում: Լրատուամիջոցների անկախութեամբ նոյն մակարդակին ենք, ինչ Տաջիկստանը:
Ըստ էութեան այս գնահատականները նորութիւն չեն մեր իրականութեան համար, աւելին՝ հէնց այս շարունակուող եւ չփոփոխուող իրականութիւնն է համատարած անելանելիութեան ու բարոյական անկումի, անտարբեր ու սպառող քաղաքացու, ներքին պարտութեան ու յոռետեսութեան պարարտ հող ծնում:
Իսկ ազգի բարոյահոգեբանական վիճակը քաղաքական ուժի տարր է, երկրի քաղաքական որակների բաղադրիչ: Կա՞յ արդեօք այս անհանգստութիւնը մեր քաղաքական- իշխանական վերնախաւում, կա՞յ արդեօք գիտակցումը, որ ներքին պարտութիւնն ու յուսահատութիւնը ռազմավարական բացթողում է, ներքին իմունիտետի (ախտերու դէմ պաշտպանուելու-Խմբ.) կորուստ… չեմ կարծում, վստահ չեմ:
Այս էլ քանի տարի կեղծուած ընտրութիւնները մեր քաղաքական աւանդոյթի անբաժանելի բաղադրիչն են, ողջ քաղաքական դիսկուրսը (քննարկումները, բանավէճը-Խմբ.) ոչ թէ գաղափարների շուրջ է, այլ ամէն գնով իշխանութիւն պահելու եւ իշխանական կերակրատաշտին մօտ լինելու շուրջ: Ու այս ճանապարհին մենք չենք խնայում մեր քաղաքացուն՝ նրան ընտրակաշառք վերցնող, յանցակից ենք դարձնում:
Օսկանեանի հետ կապուածն անշուշտ պիտի դիտարկել նախագահական ընտրութիւնների համատեքստում, իսկ ուղերձը յստակ էր. իշխանութեան վերարտադրման տրամաբանութիւնից դուրս որեւէ վարքագիծ, քիչ թէ շատ ընդդիմադիր կեցուածք անընդունելի է: Եւ անհագստացնողը բոլորովին էլ անձերը չեն, այլ այն քաղաքական մշակոյթը, որի մէջ ապրում է Հայաստանը: Արդեօք գիտակցւում է սոցիալական, տնտեսական ու քաղաքական խնդիրների բեռն ու համապատասխան օրակարգ ձեւակերպւում, եթէ այո՛ ովքեր են դրա իրականացնողները: Ի՞նչ Հայաստան ենք կառուցում, ո՞ւր է գնում այդ երկիրը, նրա քաղաքացու իրաւունքներն ինչպէ՞ս են պաշտպանուած, տագնապալի աշխարհաքաղաքական զարգացումների, պատերազմների, քաղաքական ճգնաժամերի մէջ մեր տեղն ո՞ւր է…
Սրանց լուծումներն անշուշտ մի կողմից քաղաքական, բարոյական ու ինտելեկտուալ հեղինակութիւն ունեցող իշխանութիւն են ուզում, միւս կողմից հաւասար իրաւունքներով, ազգային ինքնագիտակցութեան կրող քաղաքացիներ. Սահմանադրական պետութեան երկու կարեւոր յենասիւները:
Կա՞յ արդեօք մեր իրականութեան մէջ բարոյահոգեբանական ու քաղաքացիական այն ներուժն ու մտածողութիւնը, որ միաւորուի ու ՆՈՐ, ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ խնդիր ձեւակերպի ու պարտադրի: Դժուարանում եմ պատասխանել:
Առաջիկայում նախագահական ընտրութիւններ են՝ կը կարողանա՞ն արդեօք ինչ-որ բան փոխելու յանձնառութեամբ միաւորուել քաղաքացիական ու քաղաքական առողջ ուժերը՝ թէ քաղաքացիական ապատիայի (անտարբերութեան-Խմբ.) ու ընդդիմադիր ուժերի անհանդուրժողականութեան արդիւնքում դարձեալ թաւշէ սահունութեամբ կը վերարտադրուի գործող իշխանութիւնը: Ու ինչպէս յայտնի խաղում են ասում՝ յետոյ նեղացող չլինի…