ՎԱՐԴՈՒՀԻ ՔՈՒՇԵՐԵԱՆ

Քառորդ դար է անցել Արցախեան Ազատամարտի օրերից: Համաժողովրդական այդ պայքարն ա-ւարտուեց փայլուն յաղթանակով, որն իրականացուեց հայրենիքից եւ սփիւռքի տարբեր գաղթօճախներից հաւաքուած կամաւորական ջոկատների անձնազոհ պայքարով:
«Պատմական յայտնի ճշմարտութիւն է՝ ժողովուրդների անկախութիւնը ոչ թէ տրւում է, այլ այն նուաճում են համաժողովրդական պայքարի, նուիրեալ հերոսների արեան գնով», իր ելոյթներից մէկում նշել է պաշտպանութեան նախարար Սէյրան Օհանեանը:
Այդ օրերին անասելի մեծ էր ոգեւորութիւնը հայ ժողովրդի զաւակների մօտ: Բոլորի մօտ կար այն զգացումը, որ իրենք ականատեսներն են, նաեւ՝ մասնակիցները այնպիսի մի իրադարձութեան, որ տարիներ անց դառնալու էր պատմական: Եւ ոչ միայն պատմական, այլեւ՝ մշտարծարծ եւ հպարտառիթ իրադարձութիւն՝ մարդկանց յիշողութեան մէջ:
Մի քանի տարի առաջ, երբ Երեւանում էի, իմ բարեկամուհիներից մէկը ոգեւորութեամբ յիշեց Արցախեան շարժումը, ասելով, որ այդ օրերին, նոյնիսկ ինքը պատրաստ էր զէնք վերցնելու եւ կռուելու: Շատերի մօտ այնքա՜ն մեծ էր ոգեւորութիւնը, որ այն փոխանցուել էր նաեւ սփիւռքի հայութեան: Մարդիկ անհամբեր սպասում էին հայրենիքից եկող լուրերին, որոնք օրը օրին տեղեկացւում էին մեր մամուլի էջերից: «Ասպարէզ»ը տեղեկացնում էր՝ «Հարիւր քսան հազար հայեր ցոյց կատարեցին՝ պահանջելով Հայկական Ղարաբաղի վերամիացումը Հայաստանին», «Երեւանի մէջ ցուցարարներու թիւը կը հասնի 200 հազարի», ապա՝ «Երեւանի մէջ Փետրուար 26ին ցուցարարներու թիւը կը հասնի մէկուկէս միլիոնի»:
Քիչ ժամանակ անց, շարժմանը յաջորդեց ղարաբաղեան պատերազմը, որն աւարտուեց մեր յաղթանակով:
Այնուհետեւ հասնում էին հայրենի Արցախի գիւղերի ու քաղաքների ազատագրման լուրերը՝ հայ քաջարի մարտիկների սխրագործութիւններով լի դրուագներ, հայրենիք ազատագրելու անկոտրում կամքով կոփուած,արիաբար կռուող զինուորների մի ամբողջ բանակ: Այն իսկական հերոսամարտ էր, որ ծնունդ տուեց հերոսների մի ստուար բանակի: Նրանցից շատերը հերոսաբար ընկան ռազմի դաշտում:
Երբ յիշում ենք հերոսներին, ապա պարտաւոր ենք յիշելու նաեւ նրանց մայրերին, որոնք արիութիւնն ունեցան դիմագրաւելու իրենց սիրեցեալ զաւակների կորստեան ցաւը. նրանք նոյնպէս հերոսներ են:

Վերջերս, հեռուստատեսութեամբ դիտում էինք հայոց բանակի կազմաւորման տարեդարձին նուիրուած համերգային հաղորդումներից մէկը՝ «Երգ-երգոց»ը, ուր, ունկնդիրների շարքում նստած էին նաեւ Արցախեան պատերազմում զոհուած ազատամարտիկների մայրեր, որոնք հպարտութեամբ էին խօսում իրենց զոհուած զաւակների մասին, աւելացնելով, որ նորից պատերազմ սկսուելու պարագային, պէտք է դարձեալ պատրաստ լինել հակադարձելու թշնամուն: Յուզիչ էր նրանց խօսքը եւ վարակիչ, որ յիշեցնում է Երկիր Նայիրիին նուիրուած Վահան Տէրեանի յայտնի բանաստեղծութեան հետեւեալ տողերը.
«Որտեղ է աղօթքն այնպէս վեհ ու պարզ եւ զոհաբերումն այնպէս խնդագին»:
Իրապէս՝ հերոսամարտերով լի իր բազմադարեան պատմութեան ընթացքում հայ ժողովուրդը անվարան զոհաբերել է իր լաւագոյն զաւակներին:
Երկու եւ կէս տասնամեակ է մեզ բաժանում այն դժուարին տարիներից, եւ այսօր հպարտութեամբ ենք յիշում պանծալի տարեդարձը Արցախեան հերոսամարտի:
Մենք կարողացանք պայքարել եւ յաղթել, որովհետեւ կար հաւատ եւ ոգի, որ շատ կարեւոր է նպատակին հասնելու համար:
Այս օրերին, երբ պատերազմի վտանգը մշտական սպառնալիք է դարձել հայոց հայրենիքի գլխին, պէտք է միշտ վառ պահել Արցախեան Ոգին: Յիշենք մեր անցեալի փառքը. յիշենք, որ հայ ենք եւ հպարտ զգանք: Այդպէս են մտածել եւ գործել մեր մեծերը. Այդպէս է մտածել եւ մեծ հայրենասէրը՝ Գարեգին Նժդեհ, ում խօսքերը, որպէս պատգամ պարտաւոր ենք փոխանցել սերունդներին.
«Բարոյապէս սնանկ է անհատը, երբ նրան պակասում է ազգային հպարտանքի զգացումը ծնունդ՝ ազգային ինքնաճանաչութեան, որ իր սնունդը առնում է մեր պաշտամունքից դէպի այն ամէնը, ինչ որ գեղեցիկ է, վսեմ եւ հերոսական Հայրենի Պատմութեան մէջ: Առանց այդ բարձր առաքինութեան, բարոյապէս պակասաւոր է անհատը, որպէս մարդ եւ որպէս անդամ հաւաքականութեան»:
Այս Էջը Կը Հովանաւորեն
Hollywood Presbyterian Medical Centers
Ալպերթ Մինասեան
Hranoush Newsome