
ԷԴԻԿ ՄԻՆԱՍԵԱՆ

Հայաստանի Երրորդ հանրապետութեան հռչակման եւ կայացման, նրա քսանից աւելի տարիների պատմութեան բազմակողմանի քննութիւնն ու գիտական հետազոտումը հայ պատմագիտութեան կարեւոր խնդիրներից է: Այն ունի արդիական, քաղաքական կարեւոր նշանակութիւն: 20րդ դարավերջին Հայաստանի ազգային անկախութեան վերականգնումը, հայկական զոյգ հանրապետութիւնների ստեղծումը (ՀՀ եւ ԼՂՀ) շրջադարձային իրողութիւն եղաւ հայ ժողովրդի բազմադարեան պատմութեան մէջ:
Հայաստանի Երրորդ հանրապետութիւնը կեանք առաւ առաջին (1918-1920) եւ երկրորդ (1920-1991) հանրապետութիւնների հիմքի վրայ, դարձաւ նրանց ժառանգորդն ու իրաւայաջորդը:
Գոյատեւելով շուրջ 2.5 տարի, Հայաստանի Առաջին հանրապետութիւնը դրեց նորագոյն շրջանի հայոց պետականութեան հիմքերը՝ փաստօրէն ապահովելով նրա՝ թէկուզ եւ անկատար տեսքով, գոյութիւնը՝ ի դէմս Խորհրդային Հայաստանի: ԽՍՀՄ կազմում Խորհրդային Հայաստանը նշանակալից նուաճումների հասաւ հասարակական եւ տնտեսական կեանքի գրեթէ բոլոր բնագաւառներում, ունեցաւ զարգացած արդիւնաբերութիւն եւ մշակոյթ, սակայն չունէր եւ չէր կարող ունենալ քաղաքականապէս ու տնտեսապէս անկախ ազգային պետութիւն ու պետականութիւն: 1980ական թթ. վերջերին եւ 1990ական թթ. սկզբին ԽՍՀՄում տեղի ունեցած քաղաքական բուռն զարգացումների արդիւնքում կազմալուծուեց այդ երկիրը, եւ Հայաստանը, ի թիւս նախկին խորհրդային միւս հանրապետութիւնների, անկախացաւ, որի իրաւական ձեւակերպումը տրուեց 1991թ. Սեպտեմբերի 21ի համաժողովրդական հանրաքուէի արդիւնքներով:
1980ական թուականների երկրորդ կէսը ճակատագրական ժամանակաշրջան հանդիսացաւ Խորհրդային Միութեան համար: Գորբաչովեան վերակառուցման քաղաքականութիւնը, որը խոստանում էր դեմոկրատացնել հասարակութիւնը, ձերբազատել այն անցեալի սխալներից ու թերութիւններից՝ փաստօրէն ոչինչ չտուեց: Երկրում յատկապէս սրուեց ազգային հարցը, ուժեղացան հանրապետութիւնների անջատողական ձգտումները: Կենտրոնի անճարակութեան պատճառով փաստօրէն ստեղծուեց քաղաքական անկառավարելի իրավիճակ: Օգտուելով այդ վիճակից՝ յատկապէս միութենական հանրապետութիւնները փորձեցին անկախանալ: Անկախացման ուղին բռնեցին մերձբալթեան հանրապետութիւնները, Վրաստանը, Ուկրաինան, աւելի ուշ՝ Հայաստանի Հանրապետութիւնը, որը կաշկանդուած էր Արցախեան խնդրով: Այդ ամէնին գումարուեց 1988թ. Դեկտեմբերի 7ի աւերիչ երկրաշարժը՝ իր աղէտալի հետեւանքներով: Սոցիալական, բնապահպանական, լեզուամշակութային, ժողովրդավարական ու այլ հիմնահարցեր լծորդուեցին Արցախեան ազատագրական շարժմանը:
Արցախի հարցում, մի կողմից ԽՍՀՄ ղեկավարութեան միտումնաւոր քաղաքականութեան, միւս կողմից, հանրապետութեան կուսակցական ղեկավարութեան ազգային շահերը անտեսող, չափից աւելի զգուշաւոր գործունէութեան հետեւանքով հայ ժողովուրդը կորցրեց հաւատը կոմունիստական կուսակցութեան հան-դէպ: Դրա հետ մէկտեղ լայն թափ ստացած, ազգային շահերի իրականացմանն ուղղուած ժողովրդավարական շարժումը վայելում էր ժողովրդական զանգուածների վստահութիւնը: Այդ ամէնը յանգեցրեց հանրապետութեան քաղաքական կեանքի արմատական ու շրջադարձային փոփոխութիւնների: Դրանք սկզբնաւորուեցին Հայաստանի գերագոյն խորհրդի 1990թ. Մայիսի 20ի եւ Յունիսի 3ի ընտրութիւններով, որոնք տեղի ունեցան մեծամասնական ընտրակարգով:
1990թ. Մայիսի 20ին, անցած 70 տարում Հայաստանում առաջին անգամ անցկացուեցին Գերագոյն խորհրդի այլընտրանքային ընտրութիւններ, որին մասնակցեց նաեւ Արցախի բնակչութիւնը: Ընտրական պայքարը հիմնականում ընթացաւ Հայոց համազգային շարժման եւ Հայաստանի կոմունիստական կուսակցութեան միջեւ: Ընտրութիւններում ձայները բաժանուեցին ՀՀՇի եւ Հայաստանի կոմկուսի ներկայացուցիչների միջեւ: 1990թ. Օգոստոսի 4ին հանրապետութիւնում նորընտիր խորհրդարանը Հայաստանի Գերագոյն խորհրդի նախագահ ընտրեց ՀՀՇ վարչութեան նախագահ, Ղարաբաղեան շարժման Հայաստանի կոմիտէի անդամ Լեւոն Տէր Պետրոսեանին: Դրանով վերջ տրուեց կոմկուսի մենիշխանութեան եօթանասունամեայ շրջանին:
Հայաստանի նորընտիր իշխանութիւնները ձեռնամուխ եղան ազգային անկախ պետականութեան ստեղծմանը: 1990թ. Օգոստոսի 23ին Հայաստանի Գերագոյն խորհրդի առաջին նստաշրջանը, երկարատեւ ու հանգամանալից քննարկումից հետոյ, ընդունեց «Հռչակագիր Հայաստանի անկախութեան մասին» փաստաթուղթը, որով դրուեց անկախացման գործընթացի սկիզբը:
Հռչակագիրը կարեւոր իրաւական փաստաթուղթ էր դէպի անկախութիւն տանող ճանապարհին: Այն բաղկացած էր 12 կետից եւ նախանշում էր Հայաստանի Հանրապետութեան քաղաքական, տնտեսական, մշակութային զարգացման ուղիները:
Հռչակագրի քաղաքական բաժնում նշւում էր, որ ՀԽՍՀն վերանուանւում է Հայաստանի Հանրապետութիւն (կրճատ՝ Հայաստան, այսինքն՝ այնպէս, ինչպէս հանրապետութիւնը կոչուել է 1918թ.):
Հռչակագրի յատուկ յօդուածով հաստատւում էր հանրապետութեան օրէնքների գերակայութիւնը ԽՍՀՄ օրէնքների նկատմամբ: Եթէ ԽՍՀՄ տուեալ օրէնքը չէր հաստատուած Հայաստանի Գերագոյն խորհրդի կողմից, ապա այն չէր կարող գործել հանրապետութիւնում: 1990թ. Օգոստոսի 24ին պետական դրօշ հաստատուեց Եռագոյնը՝ կարմիր, կապոյտ, նարնջագոյն, որն Առաջին հանրապետութեան դրօշն էր: Այնուհետեւ 1992թ. Ապրիլի 19ին ընդունուեց նոր պետականութեան միւս խորհրդանիշը՝ զինանշանը, որը նոյնպէս առաջին հանրապետութեան խորհրդանիշն էր:
Հայաստանը պէտք է վարէր ակտիւ արտաքին քաղաքականութիւն, ունենար իր դիւանագիտական ներկայացուցչութիւնները տարբեր երկրներում:
Փաստաթղթի տնտեսական բաժնում նշւում էր, որ Հայաստանի տարածքում հողը, նրա ընդերքը, ձեռնարկութիւնները համարւում են հայ ժողովրդի սեփականութիւնը: Երկրի տնտեսութեան հիմքում պէտք է ընկած լինեն մասնաւոր սեփականատիրական եւ ազատ շուկայական յարաբերութիւնները: Հողը, իբրեւ մասնաւոր սեփականութիւն, պէտք է տրուեր գիւղացուն: Ձեռնարկութիւնների մի մասը ենթակայ էր սեփականաշնորհման:
Յատուկ կետով արձանագրւում էր, որ Հայաստանը պէտք է ունենայ իր մասնաբաժինը ԽՍՀՄ զինուած ուժերի միջոցներից: ՀՀն պէտք է ունենայ սեփական դրամական համակարգը:
Մշակութային բաժնում յատուկ ուշադրութիւն էր յատկացւում հայերէնի, իբրեւ պետական լեզուի կիրառման հարցին: Հանրապետութիւնում ներքին ամբողջ գործավարութիւնը պէտք է կատարուէր միայն հայերէնով:
Հռչակագիրն արտօնում էր մարդու իրաւունքների յարգում, խղճի, կուսակցութիւնների, ժողովների, մամուլի ազատութիւն: Վերականգնւում էին Հայ առաքելական եկեղեցու իրաւունքները:
1915թ. Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչմանը սատարելու վերաբերեալ յօդուած մտցուեց: Կարեւոր էր նաեւ, որ հռչակագիրը հաստատում էր Հայաստանի վճռականութիւնը՝ Արցախն իր տարածքի անբաժանելի մասը ճանաչելու վերաբերեալ: Մինչեւ նոր Սահմանադրութեան հիմնական օրէնքի ընդունումը հռչակագիրը ծառայում էր իբրեւ ծրագրային փաստաթուղթ: Հռ-չակագիրը միաժամանակ դարձաւ ազգային օրէնսդրութեան եւ նոր

Սահմանադրութեան ստեղծման հիմքը: Անկասկած այդ փոփոխութիւնները խաթարում էին խորհրդային սահմանադրութեան ամբողջականութիւնն ու ներքին տրամաբանութիւնը, քանի որ իրաւաբանօրէն յստակ համապատասխանում էր ամբողջատիրութեան պահանջներին՝ կոմկուսին ընձեռնելով իշխանութեան անսահմանափակ հնարաւորութիւններ:
Հայաստանի նկատմամբ կենտրոնի վարած ահաբեկչական քաղաքականութեան անընդհատ սաստկացումը բացատրւում էր կայսրութեան փլուզումն ամէն գնով կասեցնելու ձգտումով, քանի որ մեր հանրապետութիւնն ընթանում էր անկախացման ճանապարհով: Պատահական չէր, որ Հայաստանի Հանրապետութիւնը մերձբալթեան հանրապետութիւնների, Վրաստանի եւ Մոլդովայի հետ միասին չմասնակցեց կենտրոնի նախաձեռնութեամբ ԽՍՀՄ պահպանման վերաբերեալ 1991թ. Մարտի 17ին անցկացուած համամիութենական հանրաքուէին՝ այն որակելով ազգերի ազատ ինքնորոշման իրաւունքին հակասող:
Ելնելով Հայաստանի անկախութեան մասին հռչակագրի դրոյթներից ու նպատակներից՝ կենտրոնից ձերբազատուելու եւ ազգի շահերից բխող քաղաքականութիւն վարելու նպատակով, Հայաստանի Գերագոյն խորհուրդը նոյն թուականի Մարտի 1ին որոշեց 1991թ. Սեպտեմբերի 21ին հանրապետութեան տարածքում անցկացնել հանրաքուէ ԽՍՀՄի կազմից դուրս գալու եւ անկախանալու վերաբերեալ: 1991 թուականի Սեպտեմբերի 21ին հանրապետութեան բնակչութեան ճնշող մեծամասնութիւնը, այսինքն՝ 2 մլն. 43 հազար մարդ (կամ քուէարկութեան իրաւունք ունեցողների 94.39 տոկոսը) «այո» ասաց անկախութեանը Հանրաքուէի արդիւնքների հիման վրայ 1991թ. Սեպտեմբերի 23ին Հանրապետութեան Գերագոյն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ պետութիւն: 70ամեայ ընդմիջումից հետոյ կրկին վերականգնուեց Հայաստանի անկախութիւնը:
Հայաստանում նախ ստեղծուեց խորհրդարանական հանրապետութիւն, ապա նախկին խորհրդային հանրապետութիւնների օրինակով մտցուեց նախագահական (պրեզիդենտական) կառավարման համակարգ: Հետեւելով օրէնսդիր, գործադիր եւ դատական իշխանութիւնների տարանջատման վերաբերեալ Անկախութեան մասին հռչակագրի դրոյթներին՝ ՀՀ Գերագոյն խորհուրդը 1991թ. Յունիսի 25ին հիմնեց նախագահի պաշտօնը: Արդէն ստեղծուած նոր օրէնսդրութեամբ 1991թ. Հոկտեմբերի 16ին Հայաստանում առաջին անգամ անցկացուեցին նախագահական այլընտրանքային ընտրութիւններ՝ վեց թեկնածուների մասնակցութեամբ: Ձայների ճնշող մեծամասնութեամբ (83 տոկոս) հանրապետութեան առաջին նախագահ ընտրուեց ՀՀ Գերագոյն խորհրդի նախագահ Լեւոն Տէր Պետրոսեանը, իսկ փոխնախագահ՝ Գագիկ Յարութիւնեանը:
Անկախութեան ուղին բռնած հանրապետութեանը ծանր փորձութիւններ էին սպասում: Այն փաստօրէն կտրուել էր նախկին տնտեսական համակարգի բոլոր օղակներից: 1991թ. Նոյեմբերին հերթական անգամ փակուեց Ադրբեջանից եկող գազամուղը: Սկսուեց Հայաստանի էներգետիկ շրջափակումը, որը գնալով աւելի մեծ չափեր ընդունեց: Դադարեցին գործելուց հանրապետութեան գրեթէ բոլոր ձեռնարկութիւնները եւ ընդհատուեցին պարապմունքները ուսումնական հաստատութիւններում, բնակչութիւնը զրկուեց ջեռուցումից: Գազամուղի փակումից բացի շուտով ընդհատուեց նաեւ երկաթուղային կապը: Հայաստանի տնտեսութիւնը կանգնեց կազմալուծման լուրջ վտանգի առաջ: Օրըստօրէ ծանրանում էր ազգաբնակչութեան սոցիալական վիճակը: Տարածաշրջանում լարուածութիւնը գնալով աւելի էր սրւում:
Հանրապետութեան համար այսպիսի ծանր պայմաններում 1991թ. Դեկտեմբերի 8ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկի մօտակայքի Բելովեժսկ բնակավայրում երեք սլաւոնական հանրապետութիւնների՝ Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Բելառուսի ղեկավարները ստորագրեցին համաձայնագիր ԽՍՀՄի գոյութիւնը դադարեցնելու մասին՝ որպէս միջազգային սուբյէկտ եւ աշխարհաքաղաքական իրողութիւն: Միաժամանակ յայտարարուեց միջազգային համագործակցութեան նոր սուբյէկտի՝ Անկախ, Պետութիւնների Համագործակցութեան (ԱՊՀ) կազմաւորման մասին: Միութենական նախկին հանրապետութիւններից Մինսկի համաձայնագրին առաջինն արձագանքեց Հայաստանի Հանրապետութիւնը, որը ողջունեց ԱՊՀի ստեղծումը, յայտնեց նրան միանալու իր պատրաստակամութիւնը:
1991թ. Դեկտմբերի 21ին Ղազախստանի այն ժամանակուայ մայրաքաղաք Ալմա-Աթայում (այժմ մայրաքաղաքը տեղափոխուել է Աստանա) 11 ինքնիշխան պետութիւններ՝ Ռուսաստանը, Ուկրաինան, Բելառուսը, Ղազախստանը,

Ուզբեկստանը, Տաջիկստանը, Ղրղըզստանը, Թուրք-մենստանը, Ադրբեջանը, Մոլդովան եւ Հայաստանը ստորագրեցին համաձայնագիր՝ ԱՊՀ ստեղծման մասին: Աւելի ուշ ԱՊՀ կազմի մէջ մտաւ Վրաստանը: Դրանով իրականացաւ ԽՍՀՄի փլուզումը: Այլեւս գոյութիւն չունեցող երկրի նախագահ Միխայիլ Գորբաչովին մնում էր հրաժարական տալ: Անկախ պետութեան հռչակումից եւ յատկապէս ԽՍՀՄ փլուզումից հետոյ Հայաստանը թեւակոխեց զարգացման նոր փուլ, պետականութեան կայացման ու ամրապնդման շրջանը:
Անկախութեան հռչակումից կարճ ժամանակ անց ՀՀն ստացաւ համընդհանուր միջազգային ճանաչում: 1991թ. Դեկտեմբերին Հայաստանի Հանրապետութիւնը ճանաչեցին ԱՄՆը, Ռուսաստանը, Կանադան, Ռումինիան եւ այլ պետութիւններ: 1992թ. Մարտի 2ին ՀՀն դարձաւ Միաւորուած Ազգերի Կազմակերպութեան (ՄԱԿի) լիիրաւ անդամ, իսկ 2001թ. Յունուարի 25ին՝ Եւրախորհրդի անդամ: Սկսուեց հայոց անկախ հանրապետութեան պետական շինարարութիւնը: Նախկին խորհրդային համակարգից ժառանգած պետական գործառոյթների մեծ ծաւալը հնարաւոր չէր սեփական ուժերով լիովին ֆինանսաւորել: Անցումային այս դժուարին փուլում հարկաւոր էր ստեղծել նախկինից էապէս տարբեր պետական կառավարման միանգամայն նոր համակարգ, որը պէտք է նպատակաուղղուած լիներ երկրի տնտեսութեան վերականգնմանը, անկախ պետականութեան ամրապնդմանը, բնակչութեան անկում ապրած կենսամակարդակի բարձրացման ու հասարակական յարաբերութիւնների կայուն զարգացման ապահովմանը: ՀՀի անկախացումից յետոյ հրամայական էր դարձել իշխանութեան նոր մարմինների ձեւաւորումը: Այդ գործընթացը սկսուել էր դեռեւս 1990թ. Մայիսին կայացած Գերագոյն խորհրդի ընտրութիւններից յետոյ: Այդ ժամանակ խորհուրդների իշխանութիւնից անցում կատարուեց դէպի խորհրդարանական հանրապետութիւն, բայց որոշ ժամանակ անց երկրում մտցուեց նախագահական կառավարում: Պետական կառավարման նոր համակարգի ձեւաւորման համար հանրապետութիւնում ընդունուեցին մի շարք օրէնքներ: Հարկաւոր էր ամրապնդել պետական կարգը: ՀՀ «Անկախ պետութեան հիմնադրոյթների մասին» սահմանադրական նոր օրէնքով հաստատւում էր իշխանութեան պետական կարգը, ապահովւում էր օրէնսդիր, գործադիր եւ դատական իշխանութիւնների տարանջատումը: Երկրի քաղաքական կայունութեան համար կարեւոր նշանակութիւն ունեցաւ ՀՀ նախագահի պաշտօնի հիմնումը: 1991թ. Օգոստոսի 1ին ընդունուեց «ՀՀ նախագահի մասին» օրէնքը:
1990ական թուականների սկզ-բից սկսած իրականացուել են գործող նախարարութիւնների կառուցուածքային բազմաթիւ փոփոխութիւններ, որոնք յաճախ բացասական հետեւանքներ են ունեցել: Կառուցուածքային յաճախակի փոփոխութիւնները պայմանաւորուած էին գործադիր մարմինների խնդիրների ու լիազօրութիւնների ոչ յստակ տարանջատմամբ, աշխատողների ուռճացուած քանակով:
Հանրապետութեան պետական-քաղաքական կեանքի կարեւոր իրադարձութիւններից էր պետութեան հիմնական օրէնքի՝ ՀՀ Սահմանադրութեան ընդունումը: Քանի որ գործող սահմանադրութիւնը հակասում էր Անկախութեան մասին հռչակագրի սկզ-բունքներին, ուստի ՀՀ խորհրդարանը ստիպուած էր անընդհատ կատարել սահմանադրական փոփոխութիւններ ու շտկումներ: Օրէնսդրական փակուղուց դուրս գալու նպատակով խորհրդարանն 1990 թ. Դեկտեմբերին ընդունեց առաջին սահմանադրական օրէնքը՝ «Հայաստանի անակախութեան մասին», որի համաձայն մինչեւ նոր սահմանադրութեան ընդունումը դադարեցուեց սահմանադրական այն դրոյթների գործողութիւնները, որոնք հակասում էին Հռչակագրի հիման վրայ ընդունուած օրէնքներին:
Ակնյայտ էր, որ միայն փոփոխութիւններով հնարաւոր չէր ստեղծել նոր սահմանադրութիւն: Ուստի այդ պատճառով 1990թ. Նոյեմբերի 15ին ստեղծուեց Սահմանադրական յանձնաժողով, որի վրայ դրուեց նոր Սահմանադրութեան նախագծի մշակման կարեւոր խնդիրը: Սահմանադրութեան մշակուած տարբերակը Հայաստանի Հանրապետութեան Գերագոյն խորհրդի հաւանութեանն արժանանալուց յետոյ, 1995թ. Յուլիսի 5ին դրուեց համաժողովրդական հանրաքուէի:
Նոր սահմանադրութիւնը, իր թերութիւններով հանդերձ, կարեւոր երեւոյթ էր: Այն դրեց ամբողջատիրական համակարգից դէպի ժողովրդավար պետութեան անցնելու իրաւական հիմքը:
Սկսեցին ձեւաւորուել պետաիրաւական նոր կառոյցներ: ՀՀ Սահմանադրութիւնը նախատեսում էր նախագահական հանրապետութեան մոդելը՝ գործադիր, օրէնսդիր եւ դատական իշխանութիւնների տարանջատումով:
Բարձրագոյն օրէնսդիր մարմինը՝ Գերագոյն խորհուրդը, վերանուանուեց Ազգային ժողով:
ՀՀ սահմանադրութիւնը իրաւական ձեւակերպում տուեց քաղաքական նոր համակարգին, հռչակեց սեփականութեան բոլոր ձեւերի հաւասարութիւն, սահմանեց Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիների իրաւուքներն ու պարտականութիւնները: Ըստ սահմանադրութեան՝ Հայաստանի Հանրապետութիւնը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական եւ իրաւական պետութիւն է:
ՀՀ Սահմանադրութեամբ հաստատուեցին Հայաստանի Երրորդ հանրապետութեան խորհրդանիշները՝ դրօշը, զինանշանը եւ օրհներգը:
Հանրապետութեան կայացման տարիներին կատարուած տեղաշարժերը անհրաժեշտ էին դարձնում սահմանադրութեան մէջ փոփոխութիւններ մտցնել:
Դրանցից էին ՀՀ նախագահին ընձեռնուած բացառիկ մենաշնորհային լիազօրութիւնները սահմանափակումը, ՀՀ Ազգային ժողովի կողմից գործադիր իշխանութեան նկատմամբ վերահսկողութեան ուժեղացումը եւ այլն:
Նախապատրաստական անհրաժեշտ աշխատանքներից յետոյ 2005թ. Նոյեմբերի 27ին ընդունուեց ՀՀ Սահմանադրութեան բարեփոխուած նոր տարբերակը:
ՀՀի տարածքային կառավարման կառուցուածքի բարելաւման եւ տեղերում ինքնակառավարման խորացման նպատակին էին ծառայում 1995թ. Դեկտեմբերին կատարուած վարչատարածքային փոփոխութիւնները եւ նոր միաւորումների՝ մարզերի ու համայնքների հիմնումը: Հանրապետութեան շուրջ չուրս տասնեակի հասնող շրջանների միաւորման միջոցով ստեղծուեցին 11 մարզեր՝ Արագածոտնի, Շիրակի, Սիւնիքի, Գեղարքունիքի, Լոռիի, Կոտայքի, Արարատի, Արմավիրի, Վայոց Ձորի, Տաւուշի, գումարած մարզի կարգավիճակ ստացած քաղաքամայր Երեւանը, որը 2009 թուականից վերածուեց առանձին համայնքի: Մարզերը բաժանուեցին համայնքների:
Սկսուեց նոր դատական համակարգի կազմաւորումը, որը հիմնականում աւարտուեց 1999 թուականին: Այդ ուղղութեամբ կարեւոր քայլ էր առաջին ատեանի, վերաքննիչ, վճռաբեկ դատարանների, ինչպէս նաեւ սահմանադրական, տնտեսական, վարչական եւ այլ դատարանների հիմնումը, դատախազութեան ՀՀ համակարգի վերափոխմանն ուղղուած միջոցառումները: 1999թ. Յունիսի 12ին ներդրուեց եռաստիճան դատական համակարգը, սկսեց գործել վերաքննութեան ինստիտուտը, որպիսին չէր եղել խորհրդային ժամանակաշրջանում: 2001թ. ստեղծուեց ՀՀ տնտեսական դատարանը: Ընդունուեցին ՀՀ քրէական, քաղաքացիական, վարչական նոր օրէնսգրքերը: ՀՀ դատական օրէնսգրքի ընդունմամբ դրուեց դատական նոր համակարգի հիմքը, որը գործում է 2008թ. Յունուարի 1ից: Դատական նոր համակարգում ընդգրկուած առաջին ատեանի դատարաններն են՝ ընդհանուր իրաւասութեան դատարանները եւ մասնագիտացուած դատարանները՝ քաղաքացիական, քրէական եւ վարչական:
Անհրաժեշտ բարեփոխումներ իրականացուեցին նաեւ անվտանգութեան եւ ոստիկանութեան մարմիններում:
Կատարուեցին սահմանադրութեան եւ ժողովրդավարութեան ոգուն համապատասխան այլ բարեփոխութիւններ եւս:
Հայաստանի Հանրապետութեան անկախութեան հռչակելուց յետոյ առաջնահերթ նշանակութիւն ստացաւ ազգային պետութեան անվտանգութեան եւ անկախութեան պահպանումը, որի երաշխիքը կարող էր լինել միայն մարտունակ բանակը: Իր կարճատեւ պատմութեան ընթացքում յաղթահարելով պատերազմի ու բանակաշինութեան ծանրագոյն փորձութիւնները՝ հայոց բանակը կոփուեց եւ դարձաւ մեր անկախ պետականութեան կարեւորագոյն երաշխիքը: Իր կայացման ճանապարհին այն անցաւ երեք դժուարին ու կարեւորագոյն փուլեր:
Առաջինն ընդգրկում է 1988 թուականի Փետրուարից մինչեւ 1992թ. Մայիսը, երբ Ղարաբաղեան շարժման ակտիւացման եւ հայ-ադրբեջանական յարաբերութիւնների ծայրաստիճան սրման պայմաններում Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի բնակչութեան ռազմական անվտանգութեան ապահովումը դարձաւ հրատապ խնդիր:
Երկրորդ փուլն ընդգրկում է 1992թ. Յունիս-1994թ. Մայիս ամիսները, երբ անկախ Հայաստանի Հանրապետութիւնը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան հետ միասին, գտնուելով չյայտարարուած, բայց փաստացի պատերազմի մէջ, ձեռնամուխ եղաւ Ազգային բանակի ստեղծմանը:
Երրորդ փուլը ընդգրկում է 1994թ. Յունիսից մինչեւ օրս ընկած ժամանակահատուածը: Այս փուլն անուանւում է բանակաշինութեան, զօրքերի մարտունակութեան բարձրացման, անհրաժեշտ ստորաբաժանումների ստեղծման, խաղաղ պայմաններում բանակի, որպէս ռազմապաշտպանական համակարգի վերջնական ձեւաւորման շրջան: Առաջին փուլի առանձնայատկութիւնն այն էր, որ հայ հասարակութեան մտածողութեան մէջ հասունացաւ այն գիտակցութիւնը, որ միայն սեփական զինուած ուժերը կարող են լինել ժողովրդի ու հասարակութեան անվտանգութեան երաշխիքը:
1990թ. Անկախութեան հռչակագիրը, որով ազդարարուեց Հայաստանի փաստացի անկախութիւնը, նոր իրաւական ու գործնական հեռանկարներ բացեց ազգային բանակի ստեղծման գործում: Նոյն տարուայ Սեպտեմբերին ՀԽՍՀ Գերագոյն խոր-հրդի որոշմամբ հանրապետութեան ՆԳՄ (ՆԳՆ) կառոյցում ստեղծուեց «Յատուկ գունդը: Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան որոշմամբ ստեղծուեց Նախարարների խորհրդին առընթեր Պաշտպանութեան պետական կոմիտէն, որի հիմքի վրայ քիչ աւելի ուշ ստեղծուեց Պաշտպանութեան նախարարութիւնը:
Առաջին իսկ օրերից Պաշտպանութեան կոմիտէն լծուեց բանակաշինութեան դժուարին աշխատանքին, քանի որ իրադրութիւնը ծայրաստիճան լարուած էր: 1992թ. Յունուարի 28ին կառավարութիւնն ընդունեց «Հայաստանի Հանրապետութեան պաշտպանութեան նախարարութեան մասին» պատմական որոշում՝ դրանով իսկ իրաւաբանօրէն ազդարարելով հայոց բանակի ստեղծումը: Քիչ աւելի ուշ հիմնուեց Պաշտպանութեան նախարարութեան կենտրոնական ապարատը՝ գլխաւոր շտաբը, վարչութիւններն ու առանձին բաժիններ:
1992-1993թթ. երկրապահ կամաւորական ջոկատների եւ բանակ զօրակոչուած զինակոչիկների միաւորումով, ստեղծուեց շարժունակ եւ կարգապահ բանակ: Նորաստեղծ պաշտպանութեան նախարարութեան ենթակայութեանը յանձնուեցին ընդամէնը ՆԳՆ պարետա-պահակային գունդը, յատուկ նշանակութեան օպերատիւ գունդը, քաղաքացիական պաշտպանութեան գունդը եւ հանրապետական զինկոմիսարիատը: Հայոց բանակի ակունքներում կանգնած էին նաեւ դեռեւս 1990թ. Սեպտեմբերին կազմաւորուած Երեւանի յատուկ գունդը եւ Արարատի, Գորիսի, Վարդենիսի, Իջեւանի եւ Մեղրու ինքնապաշտպանական վաշտերը:
Հայկական զինուած ուժերի կանոնաւոր զօրամիաւորումները, զօրատեսակները, սպայական կազմը, սպառազինութիւնը եւ ռազմական տեխնիկան ձեւաւորուեցին գերազանցապէս խորհրդային բանակի հիմքի վրայ, աճեց բանակի թուաքանակը: Հաշուի առնելով ՀՀ տարածքում ձեւաւորուած ռազմա-արդիւնաբերական համալիրի գիտատեխնիկական եւ տեխնոլոգիական բարձր մակարդակը՝ աշխատանքներ ծաւալուեցին դրա պահպանման ու զարգացման ուղղութեամբ:
Այս ամէնի շնորհիւ հայոց նորաստեղծ բանակը 1992թ. սկսած՝ մասնակցելով պատերազմական լայնածաւալ գործողութիւններին՝ կամաւորական ջոկատների հետ միասին կռեց մեր առաջին ռազմական յաղթանակները: Նա իրեն փառքով պսակեց նաեւ յաջորդ տարիներին՝ պատերազմը հասցնելով իր յաղթական աւարտին:
Արդէն երրորդ փուլում՝ խաղաղ պայմաններում, նորաստեղծ բանակը, նրա հրամանատարական կազմը հնարաւորութիւն ստացան լծուելու բանակաշինութեան գործին՝ առաւել ուշադրութիւն դարձնելով բանակի ներքին խնդիրներին: Յատկապէս 1995-2013թթ. ամբողջացուեց պաշտպանութեան ոլորտը կարգաւորող իրաւական դաշտը: ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունուեցին «Պաշտպանութեան մասին», «Ռազմական դրութեան մասին», «Զինպատրաստութեան մասին», «Զօրահաւաքային նախապատրաստութեան եւ զօրահաւաքի մասին», «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովութեան մասին», «Զինուորական ծառայութեան անցնելու մասին» հիմնական օրէնսդրական ակտերը:
Բանակաշինութեան գործընթացն ընդգրկեց պաշտպանութեան համակարգի բոլոր ոլորտները՝ սկսած բանակային ենթակառուցուածքների ստեղծումից մինչեւ անհրաժեշտ օրէնսդրական դաշտի ապահովումը:
Տարիների հետեւողական աշխատանքի շնորհիւ բարձրացաւ սպաների եւ զինուորների մարտական պատրաստուածութեան մակարդակը, բարելաւուեց բարոյահոգեբանական մթնոլորտը, ամրապնդուեց կարգապահութիւնը:
Քսանից աւելի տարիների իր պատմութեան ընթացքում Հայաստանի զինուած ուժերը ձեւաւորել են միջազգային ռազմական համագործակցութեան գործուն համակարգ: Յայտնի է, որ առանց այդ համագործակցութեան տարածաշրջանի բարդ ռազմաքաղաքական իրադրութիւնում Հայաստանը չի կարող ապահովել իր անվտանգութիւնը: Միայն 2000ական թթ. ընթացքում ՀՀ պաշտպանութեան նախարարութիւնը Ռուսաստանի Դաշնութեան, ԱՄՆի, Յունաստանի, Չինաստանի եւ այլ երկրների պաշտպանութեան նախարարութիւնների, բարձրագոյն զինուորական պատուիրակութիւնների հետ իրագործել է միջազգային ռազմական համագործակցութեան շուրջ 400 երկկողմ ու բազմակողմ միջոցառումներ:
Հայոց բանակի ստեղծման գործում մեծ է պաշտպանութեան նախարարներ Վազգէն Սարգսեանի, Վազգէն Մանուկեանի եւ Սերժ Սարգսեանի դերը: Բանակը աստիճանաբար զինուեց ժամանակակից ռազմական տեխնիկայով եւ ամուր պատուար դարձաւ անկախութեան պաշտպանութեան գործում: Հայոց բանակը կազմաւորուեց մեր անկախ պետականութեան վերականգնման գործընթացում եւ հանդիսացաւ նրա ամենամեծ ձեռքբերումը: Լաւ կազմակերպուած հայոց բանակում ծառայելը դարձաւ իւրաքանչիւր հայի ազգային նուիրուածութեան վկայականն ու պատուի գործը:
Հայոց բանակն աստիճանաբար զինուեց ժամանակակից ռազմական տեխնիկայով եւ ամուր պատուար դարձաւ անկախութեան պաշտպանութեան գործում: Այսպիսով Հայոց բանակը կազմաւորուեց մեր անկախ պետականութեան վերականգնման գործընթացում եւ հանդիսացաւ նրա առաջին զլխաւոր ձեռքբերումը:
Հայաստանի Հանրապետութիւնը եւս անկախութեան հէնց սկզբից, խորհրդային միւս հանրապետութիւնների նման, կանգնեց համակարգային խորը բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտութեան փաստի առջեւ: Այդ բարեփոխումներն ընդգրկում էին հասարակութեան կենսագործունէութեան բոլոր ոլորտները՝ քաղաքական, տնտեսական, իրաւական, սոցիալական, մշակութային, եւ իրենց բնոյթով շատ մասշտաբային էին ու խորը:
Տնտեսապէս արդարացուած ու դէպի ժողովրդավարութիւն տանող ճանապարհին քիչ չէին բացթողումներն ու չօգտագործուած հնարաւորութիւնները, ձախողումներն ու անյաջողութիւնները: Հայաստանի Հանրապետութիւնը վերջին քսանից աւելի տարիներին ունեցել է կտրուկ ելեւէջներ: Սպիտակի աղէտալի երկրաշարժից դեռ ուշքի չեկած՝ ռազմաքաղաքական հակամարտութիւնների հետեւանքով նորանկախ երկիրը կանգնեց հաղորդակցութեան ուղիների ու տնտեսական շրջափակման ծանր իրողութեան առջեւ: Աւելին, տեւական շրջափակման, սեփական էներգակիրների բացակայութեամբ պայմանաւորուած էներգետիկ ճգնաժամի, արտաքին շուկային ինտեգրուելու տնտեսական քաղաքականութեան ուղենիշներով պարտադրուած փոփոխութիւնների, նախկինում ձեւաւորուած տնտեսական կապերի խզման հետեւանքով խիստ վատթարացաւ հանրապետութեան առանց այն էլ ծանր կացութիւնը, որն աստիճանաբար խորացաւ սուբյէկտիւ գործօնների ազդեցութեամբ:
Նորանկախ հանրապետութիւնը որդեգրեց տնտեսակարգի փոփոխութեան քաղաքականութիւն՝ ուղղուած ազատական տնտեսական յարաբերութիւնների ձեւաւորմանը: Երկար սպասուած անկախութիւնն ու տնտեսական կեանքի ազատականացումը անհրաժեշտօրէն առաջ բերեցին քաղաքական ու տնտեսական համակարգերի կտրուկ փոփոխութիւններ: Նման ծաւալով ու ընդգրկմամբ բարեփոխումների իրականացումն աննախադէպ երեւոյթ էր ամբողջ աշխարհում, որեւէ երկիր մինչ այդ չէր կանգնել այդպիսի խնդրի լուծման առջեւ, եւ հետեւաբար բացակայում էր նաեւ համապատասխան փորձը: Իրաւական-ժողովրդավարական պետութիւն ստեղծելու նպատակով իրականացուեցին քաղաքական այնպիսի կարեւոր բարեփոխումներ, ինչպիսիք են բազմակուսակցութեան, խօսքի, մամուլի ազատութեան եւ քաղաքացիական հասարակութեանը բնորոշ այլ ինստիտուտների սեղծումն ու դրանց հետագայ զարգացումը: Տնտեսական բարեփոխումների արդիւնքում ձեւաւորուել են շուկայական յարաբերութիւններ, իրականացուել գների, արտաքին առեւտրի, ազգային արժոյթի կարգաւորման ազատականացում, ստեղծուել են շուկայական նոր ինստիտուտներ՝ բանկային համակարգ, խորհրդատուական, աուդիտորական, ապահովագրական ընկերութիւններ, արժէթղթերի եւ անշարժ գոյքի շուկայում գործող կազմակերպութիւններ:
Պետական կառավարման համակարգի շարունակուող բարեփոխումների արդիւնքում ձեւաւորուել են նոր ինստիտուտներ՝ մաքսային եւ հարկային մարմիններ, արժէթղթերի շուկան, հակամենաշնորհային գործունէութիւնը, սակագնային քաղաքականութիւնը, պետական գնումները, պետական ծառայութեան համակարգը կարգաւորող յատուկ մարմիններ, պետական կառավարման միւս ինստիտուտների գործունէութիւնը յարմարեցւում է շուկայական տնտեսութեան վարման պահանջներին: Գործում են քաղաքացիական եւ քրէական նոր օրէնսգրքերը, ընդունուել են բիւջետային, հարկային, բանկային, մաքսային համակարգերը, ընկերութիւնների գործունէութիւնը եւ այլ խնդիրներ կարգաւորող բազմաթիւ օրէնքներ եւ օրէնսդրական այլ ակտեր: Իրականացուած սեփականաշնորհման արդիւնքում ՀՆԱի մէջ գերակշիռ մասը կազմում է մասնաւոր սեկտորի բաժինը: Կառուցուածքային բարեփոխումները յաջողութեամբ են ընթանում յատկապէս էներգետիկայի ոլորտում: Քիչ թէ շատ, որոշակի տատանումներով, պահպանւում է դրամի կայունութիւնը, բիւջէի պակասորդը եւ արժէզրկումը գտնւում են կառավարելի մակարդակի վրայ:
Բարեփոխումները փոփոխակի յաջողութեամբ ընթանում են սոցիալական ոլորտում, կրթութեան եւ առողջապահութեան բնագաւառներում: «Կրթութեան մասին» եւ «Բարձրագոյն եւ յետբուհական կրթութեան մասին» օրէնքների ընդունումը կարեւոր նշանակութիւն ունեցաւ կրթական համակարգի կարգաւորման հարցերում:
Անկախութեան առաջին տարիներին անհրաժեշտութիւն առաջացաւ մշակելու ազգային դպրոցի ստեղծման սկզբունքները: Դպրոցը պիտի ապահովէր աշակերտութեան դաստիարակութիւնը ազգային ոգով եւ կազմակերպէր ուսման գործընթացը գիտութեան եւ տեխնիկայի նորագոյն նուաճումների հիման վրայ: Այդ ուղղութեամբ որոշակի քայլեր ձեռնարկուեցին: Ուսուցումը դպրոցներում ազատուեց կոմունիստական գաղափարախօսական կապանքներից: Անկախութեան տարիներին աշխատանքներ տարուեցին կրթութեան բովանդակութիւնը փոխելու ուղղութեամբ: Մշակուեցին ինչպէս հիմնական, այնպէս էլ այլընտրանքային դասագրքեր: Նորութիւն էր կառավարութեան 1995թ. Յունիսի 12ի որոշումը ուսուցման նոր, եռաստիճան համակարգին անցնելու մասին, բակալաւրիատ՝ ոչ լրիւ բարձրագոյն կրթութեամբ, մագիստրատուրա (2 տարի)՝ բարձր որակաւորման մասնագէտների պատրաստում եւ ասպիրանտուրա: 1995թ. մի շարք բուհեր, իսկ 2005թ. գրեթէ բոլոր բուհերը անցել են այդ համակարգին: Փորձեր են ձեռնարկւում նաեւ բուհերի ինքնուրոյնութիւնն ընդլայնելու ուղղութեամբ: Ամրապնդւում է հանրապետութեան բուհերի համագործակցութիւնը արտասահմանեան ուսումնական եւ գիտական հաստատութիւնների հետ:
Ընտանեկան նպաստի համակարգի ներդրումն, իր թերութիւններով հանդերձ, կարեւոր քայլ էր սոցիալապէս անապահով խաւերին աջակցելու տեսանկիւնից: Զգալի ներդրումներ են կատարւում արտադրական ենթակառոյցների ճիւղերում, հիմնականում վարկերի եւ նուիրատուութիւնների տեսքով, աղէտի գօտու վերականգնման, էներգետիկայի, աւտօճանապարհների, ոռոգման եւ խմելու ջրի, կապի համակարգերի զարգացման եւ արդիականացման ուղղութեամբ: Մասնաւոր, այդ թւում՝ օտարերկրեայ ներդրումներ են կատարւում արդիւնաբերութեան (լեռնամետալուրգիական, քիմիական, դեղագործական, թանկարժէք մետաղների եւ քարերի մշակման, սննդի, թեթեւ արդիւնաբերութեան ճիւղերում եւ այլն), ծառայութիւնների (առեւտուր, ֆինանսական ծառայութիւններ, ինֆորմացիոն տեխնոլոգիաներ) եւ այլ ոլորտներում:
Հասարակական, մշակութային յարաբերութիւնների դաշտը, որը չափազանց կարեւոր է քաղաքացիական հասարակութեան ու իրաւական-ժողովրդավարական պետութեան կայացման տեսանկիւնից, նոյնպէս ենթարկուել է արմատական փոփոխութիւնների: Մի կողմից, աստիճանաբար ներթափանցում ու ամրագրւում են արեւմտեան արժէքները, միւս կողմից՝ շարունակւում են արտայայտուած մնալ խորհրդային շրջանում ձեւաւորուած բազմաթիւ իրողութիւններ: Առկայ են նաեւ ազգային արժէքների վերաիմաստաւորման գործընթացներ: ՀՀում անկախութեան հռչակումից յետոյ վերացուեցին գաղափարական կապանքները, որոնք կաշկանդում էին ազգային մշակոյթի զարգացումը: Ստեղծուեցին ազատ ստեղծագործելու մեծ հնարաւորութիւններ:
Սկսած 1994թ.ից, վերը թուարկուած բարեփոխումների եւ ներդրումների շնորհիւ, Հայաստանի Հանրապետութիւնում արձանագրուել է տարեկան միջին հաշուով 5.9 տոկոս տնտեսական աճ, ըստ որում՝ 2000թ. գրանցուել է 9.6 տոկոս, 2002թ.՝ 12.9 տոկոս: 2009 թուականին, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով հանրապետութեան տնտեսութեան մէջ, յատկապէս գիւղատնտեսութեան եւ շինարարութեան բնագաւառում գրանցուել է տնտեսական ամէնամեծ անկումը: 2012 թուականին պաշտօնապէս արձանագրուեց 7 տոկոսի աճ:
Անշուշտ, պէտք է նշել, որ վերը նշուած բարեփոխումները, բազմաթիւ ձեռքբերումների հետ մէկտեղ, ունեցան նաեւ բացասական հետեւանքներ՝ ծնելով աղքատութիւն եւ սոցիալական բեւեռացում, գործազրկութիւն եւ արտագաղթ, կախուածութիւն արտաքին ֆինանսա-տնտեսական կենտրոններից եւ այլն: Դրանով հանդերձ, տնտեսութեան փլուզման կասեցումը, երկրի պաշտպանունակութեան ամրապնդումը հասարակական-քաղաքական կեանքի զարգացման եւ այլ բնագաւառների ձեռքբերումները վկայում են անկախութեան ուղին որդեգրած ժողովրդի անսպառ հնարաւորութիւնների մասին:
ՀՀ անկախութեան տարիներին յաջողութիւններ արձանագրուեցին ժողովրդավարութեան արմատաւորման, քաղաքացիական հասարակութեան ստեղծման, ներքին կեանքի կայունութեան ապահովման ուղղութեամբ: Կայացաւ կառավարման համակարգը՝ ժամանակակից պետութեան բոլոր յատկանիշնրով: Պետութիւնը վարում էր հաւասարակշռուած արտաքին քաղաքականութիւն, ջանքեր էր կիրառում հանրապետութիւնը միջազգային գործընթացնրին ինտեգրելու համար:
Հայ ժողովրդի հպարտութիւնը հերոսական Արցախն է, համաժողովրդական սխրանքով կերտած նրա անկախութիւնը եւ կայացած պետականութիւնը:
Անկախութեան շրջանի ամենամեծ նուաճումներից մէկը հայկական բանակն է՝ քաջարի պաշտպանը Հայաստան հայրենիքի, երաշխաւորը նրա ժողովրդի անվտանգ կեանքի:
2011թ. Սեպտեմբերի 21ին Հայաստանի անկախութեան 20ամեակին նուիրուած զօրահանդէսի ժամանակ Երեւանի Հանրապետութեան հրապարակով անցան խրոխտ շարքերով հայրենիքի պաշտպանները՝ աշխարհին ցուցադրելով իրենց մարտական պատրաստուածութիւնը, անկոտրում կամքն ու ոգին:
Այդ օրերին հայ ժողովուրդն ապրեց հպարտութեան յուզիչ պահեր՝ գալիքին նայելով վստահութեամբ եւ նորանոր յաղթանակներ կերտելու վճռականութեամբ:
ԷԴԻԿ ՄԻՆԱՍԵԱՆ, ԵՊՀ պատմութեան ֆակուլետի դեկան, պատմական գիտութիւնների դոկտոր, պրոֆեսոր