
ԷԴԻԿ ԱՆԴՐԷԱՍԵԱՆ
1920 թուականի Նոյեմբերին բռնի ուժով խորհրդայնացուած Հայաստանի Հանրապետութիւնն իր նոր անկախութեան ճանապարհին ոտք դրեց 1988 թուականին՝ Ղարաբաղեան շարժումով: Այո, մեր անկախութիւնը պաշտօնապէս թուագրւում է 1991ով, եւ հիմա էլ նշում ենք նրա 22ամեակը, բայց մենք արդէն անկախ էինք 1988ի Փետրուարից, երբ հրապարակներում երեւացին առաջին Եռագոյնները, երբ թերթերում երեւացին առաջին յօդուածները, որոնցում պատմւում էր ողջ ճշմարտութիւնը Ղարաբաղի ու 20րդ դարասկզբի մեր պատմութեան մասին, որոնցում, թէկուզ ոչ բացայայտ, բայց արդէն խօսւում էր Սփիւռքում ոտքի ելած հայութեան առաջին ձեռնարկների մասին: Սումգայիթի եւ Բաքուի ջարդերից յետոյ արդէն ողջ հայութեան համար պարզ էր, որ մեր ծաւալած պայքարում յոյսներս միայն մեզ վրայ ենք դնելու: Այդ օրերին մենք այլեւս անկախ էինք մեր մտածելակերպով: Մոսկովեան (կենտրոնական) մամուլի հերիւրանքները, Ղարաբաղ ուղարկուած պաշտօնեաները, Հայաստանում եւ Ղարաբաղում ԽՍՀՄ զինուած ուժերի եւ միլիցիայի ձեռնարկած գործողութիւնները, հայաստանեան կոմունիստ ղեկավարների յորդորները՝ դադարեցնել դասադուլներն ու գործադուլները, այլեւս անկարող էին կասեցնել մի շարժում, որ ընդունել էր համաժողովրդական բնոյթ, որ սնւում էր ազգային-ազատագրական գաղափարների կենարար հիւթերով եւ որի նպատակը մարդկային արժանապատուութեան բարձրակէտն էր՝ անկախութեան նուաճումը:
1988ի Դեկտեմբերին բնութիւնն անարդար գտնուեց մեր հանդէպ: Հայաստանին պատուհասած դաժան երկրաշարժը տասնեակ հազարաւոր մարդկանց կեանք խլեց, հարիւր հազարաւորները դարձան անօթեւան: Հայաստանի ողջ հիւսիսը պատուեց աւերակներով: Այդ օրերին շատերին թուաց, որ հայ ժողովուրդն ուղղակի զարնուեց իր թռիչքի պահին: Բայց… Այդ մասին Խորհրդային Միութեան այն ժամանակուայ ղեկավար Միխայիլ Գորբաչովից աւելի լաւ ոչ ոք չի ասել: Երկրաշարժի առիթով Հայաստան այցելած Գորբաչովը խոստովանեց, որ ինքը սահմռկել էր, երբ հարազատներին ու բնակարաններն ընդամէնը օր առաջ կորցրած մարդիկ իրեն հարցեր էին տալիս Ղարաբաղի յետագայ ճակատագրի մասին: Այդ մարդկանց անկոտրում ոգու առաջ անզօր էր ամէն ինչ, անգամ մայր բնութիւնը:
Մեր անկախութեան Հանրաքուէն եւ Հռչակագիրը (1991թ.) պաշտօնական ազդագիրը դարձան Հայաստանի Հանրապետութեան նոր անկախութեան: 70 տարի շարունակ աշխարհում «Ռուսիա» անունով մտաբերուող Հայաստանը կրկին հռչակուեց Անկախ Հանրապետութիւն: Սակայն մեզ տրուած չէր ցնծալ ու լծուել անկախութեան առաջին քարերն իրար վրայ դնելու խաղաղ աշխատանքին: Վրայ հասած Արցախեան պատերազմն իր վրայ սեւեռեց համահայկական ողջ ներուժը: Ժողովրդական լայն ալիքի վրայ Հայաստանում իշխանութեան եկած քաղաքական ուժը, հիմնականում անփորձ մարդիկ, բառիս բուն իմաստով, ի վիճակի չէին պայքարել երկու ճակատով՝ Ղարաբաղում եւ Հայաստանում: Ղարաբաղում՝ թշնամու դէմ, Հայաստանում՝ ծայր առնող սոցիալական լրջագոյն խնդիրների, որոնք ի վերջոյ նորանկախ երկիրը մատնեցին սովի, ցրտի ու մթի: Ի բարեբախտութիւն այդ իշխանութեան՝ 1988 թուականից պայքարի բովում թրծուած ժողովուրդը, Արցախում, Հայաստանում եւ Սփիւռքում տոկաց, լարեց իր ուժերն ու դիմացաւ:
Անհնար է որեւէ գերադրական բառով գերագնահատել անկախութեան առաջին օրուանից Հայաստանում եւ Արցախում իրենց գործունէութիւնը վերագտած հայկական աւանդական կուսակցութիւնների գործունէութիւնը մարտական ջոկատների ձեւաւորման եւ Արցախի ինքնապաշտպանութեան կազմակերպման ուղղութեամբ, անուրանալի է սփիւռքահայութեան ջանքերով ամբողջ աշխարհից Հայաստան առաքուող օգնութեան կազմակերպումը: Սովը, ցուրտը, խաւարը, ինչպէս նաեւ Հայաստանում արդէն իսկ նկատուող անօրինութիւններն ու անարդարութիւնները, ի վերջոյ, շատերին հասցրին յուսալքութեան: Ծայր առաւ արտագաղթի ալիքը, որը կանգ չառաւ նոյնիսկ 1994ին կնքուած յաղթական հրադադարից յետոյ: 1994ի Դեկտեմբերին արդէն Հայաստանի իշխանութիւնները, որ օգտուելով պատերազմական իրավիճակից, հասցրել էին Հայաստանում իրենցով անել ու փոշիացնել հանրային ունեցուածքը, որեւէ պատասխան չունէին տալու ոչ հանրութեանը եւ ոչ էլ պատերազմի թոհուբոհից յետոյ շունչ քաշող քաղաքական ուժերին: Հէնց այդ օրերին Լեւոն Տէր Պետրոսեանի հրամանագրով Հայաստանում արգելուեց հիմնական ընդդիմադիր ուժի՝ ՀՅԴի գործունէութիւնը, սկսուեցին ձերբակալութիւններ, թալանուեցին կուսակցութեան գրասենեակները, փակուեց տպարանը, կասեցուեց «Երկիր» թերթի լոյս ընծայումը: Բայց ռեպրեսիաների (հալածանքներու-Խմբ.) ուղին ոտք դրած իշխանութիւնը դրանով չկարողացաւ հասնել իր նպատակին եւ վերջնականապէս ճնշել այն շարժումը, որն, ինչպէս վերեւում նշեցինք, գալիս էր դեռ 1988ից, 1991ին պաշտօնականացրել էր Հայաստանի անկախութիւնը, իսկ 1994ին՝ յաղթանակով պսակել Արցախեան պատերազմը: 1995ի խորհրդարանական եւ 1996թ. նախագահական ընտրութիւններում այդ ժողովուրդը, առաջնորդ ունենալով ՀՀՇի «կեղտի» մէջ չտապակուած քաղաքական ուժերին (չթուարկենք՝ տեղի խնայողութեան նպատակով)՝ պատրաստ էր եւ կարող էր ՀՀՇից ու Լեւոն Տէր Պետրոսեանից հետ վերցնել իշխանութիւնը, սակայն, երկու դէպքում էլ, զանգուածաբար գործի դրուեց ընտրակեղծիքների՝ դեռեւս շատերի համար նոր ու անհասկանալի մեխանիզմը, որին ի հետեւանք հրապարակում մնաց մի ժողովուրդ՝ խաբուած, յուսահատուած, ձեռնունայն, որին այլեւս տեւական ժամանակ էր անհրաժեշտ վերստին կազմակերպուելու որպէս քաղաքացիական հասարակութիւն, ինչպիսին նա էր՝ 1988ից ի վեր:
Կանգ չառնելով 1996ին յաջորդած ընտրական գործընթացների վրայ, ասենք միայն, որ 1996ը, կարծես դարձաւ այն կաղապարը, որի մէջ ձեւաւորուեցին յետագայ միւս ընտրութիւնները, որոնցով Հայաստանում իշխանութիւնները սկսեցին յաջորդել միմեանց՝ չփոխուելով ու չտարբերուելով միմեանցից: Այս երեւոյթն է՛լ աւելի խորացրեց հասարակութեան հիասթափութիւնը, խոր ճգնաժամի մատնեց ողջ քաղաքական դաշտը, մարդկանց մէջ գրեթէ սպանեց հաւատը ընդդիմութիւն կոչուող երեւոյթի հանդէպ: Վերջին նախագահական ընտրութիւնները, որոնցում առանցքային քաղաքական ուժերը թեկնածու չառաջադրեցին, ասուածի ամենախօսուն ապացոյցն է:
Վերարտադրութեան մոլուցքով տարուած իշխանութիւնները, որոնք մինչ այս պահն էլ կամք չեն դրսեւորում ներքաղաքական հարցերում հաշուի նստել երկրի ընդդիմութեան հետ, պարզապէս ի զօրու չէին առաւել ամրապնդել երկրի անկախութիւնը: Յետագայ տարիներին (1998ից սկսած), չնայած կեանքի աշխուժացմանը, սովի, ցրտի, խաւարի վերջնական յաղթահարմանը, շինարարութեան ծաւալների մեծացմանը, շարունակուեց անարդար սեփականաշնորհումը, մենաշնորհային դիրքերում յայտնուեցին իշխանաւորներին ամենամօտ կանգնած մարդիկ, սկսուեց երկրի ընդերքի գիշատչային շահագործումը եւ ծառայեցումը առանձին խմբերի շահերին, անվերականգնելի կորուստներ հասցուեցին բնութեանը, մշակոյթը, որպէս ազգային հոգեւոր արժէք փոխարինուեց էկրաններից տուն յորդող հռհռոցով ու անճաշակ երգ-երաժշտութեամբ, եւրոպականացման անուան տակ գրեթէ հիմնովին այլանդակուեց կրթական համակարգը: Մեր այս ներքին նկարագրով, բնականաբար, մենք չէինք կարող ադեկւատ (պատշաճ-Խմբ.) արձագանգել մեր շուրջը տեղի ունեցող աշխարհաքաղաքական լուրջ տեղաշարժերին: Եթէ 1988ին, իսկ առաւել եւս 1994ի հրադադարից յետոյ մենք տարածաշրջանում գործօն էինք, այսինքն՝ նորանկախ մի երկիր, որ իր առաջին քայլերն էր անում ինքնահաստատման ճանապարհին եւ որի հետ հաշուի էին նստում կարեւոր խաղացողները, ապա 2013ին, անկախութեան նուաճումից 22 տարի անց, մեր սահմանները պաշտպանում են այլ երկրի զինուորներ, աշխարհի հզօրները, ճնշումներ բանեցնելով, մեզ նետում են ինչ որ հայ-թուրքական, այսպէս կոչուած, կարգաւորման գործընթացների յորձանուտ, ներքաշում անորոշ ապագայ ունեցող միութիւնների մէջ եւ այլն: Յատկապէս վերջին իրադարձութիւնները, կապուած Մաքսային միութեանը մաս կազմելու Հայաստանի որոշման հետ, բաւականին տհաճութեամբ ընդունուեցին առաջադէմ աշխարհի կողմից: Շատերը Եւրոպայում Հայաստանի մասին սկսեցին խօսել որպէս անյուսալի գործընկերոջ, Հայաստանում բազմաթիւ քաղաքագէտներ ու վերլուծաբաններ Հայաստանի այդ քայլը որակեցին որպէս հետքայլ անկախութիւնից: Այս ամէնի մէջ, ցաւօք, ճշմարտութեան մեծ բաժին կայ, բայց միւս կողմից էլ, ինչպէս ճիշդ բնորոշել է ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանը, Հայաստանն ընտրեց հնարաւոր կարելին, այսինքն այն, որ մեզ տակաւին հնարաւորութիւն կ՛ընձեռի կորուստներ չունենալու գոնէ Արցախեան հակամարտութեան մէջ, որ ձգւում է մեր նոր անկախութեան ողջ երկայնքով:
Այս ամէնով հանդերձ, հայ ժողովուրդն ամբողջ աշխարհում արժանի է ամենաջերմ շնորհաւորանքի՝ աներեւակայելի գնով ձեռք բերած անկախութեան եւ այդ անկախութիւնն այս բարդ եւ անկանխատեսելի տարածաշրջանում պահպանելու, երկիր եւ պետութիւն պահելու իր ձգտումների համար: Վստահ՝ մի գեղեցիկ օր էլ մենք առիթներ կ՛ունենանք հպարտանալու արուած գործերով, մարդկութեանը տուած մեր նորանոր արժէքներով ու աշխարհի քարտէսի վրայ մեր ուրոյն գոյնով: Մենք ճանապարհ ունենք անցնելու: Մեր ճանապարհը, որի ընդամնէը 22րդ կիլոմետրին ենք դեռ:
Այս Էջը Կը Հովանաւորեն
Չրաղչեան Ընտանիք