
ՅԱՍՄԻԿ ԴԻԼԱՆԵԱՆ
ԵՐԵՒԱՆ, «Ռադիօլուր».- ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանն այսօր աշխատանքային այցով այցելել է միանգամից երկու՝ Արարատի ու Վայոց ձորի մարզեր: Սերժ Սարգսեանը այցելել է Արարատի մարզի Այնթապ համայնքի նորակառոյց մսուր-մանկապարտէզ, ապա՝ Վեդու նորակառոյց մշակոյթի տուն: Երկու հաստատութիւններն էլ կառուցուել են նախագահի յանձնարարականով: Վայոց ձորի մարզում նախագահը այցելել է Արենի:
Տասնամեակներ շարունակ Արարատի մարզի ամենամեծ համայնքը՝ Այնթապը մանկապարտէզ չի ունեցել: Մայրաքաղաքին թերեւս ամենամօտ գտնուող համայնքի երեխաները ստիպուած են եղել յաճախել յարակից գիւղերի մանկապարտէզներ: Ապագայ սերունդները թերեւս չեն էլ հասկանայ, թէ ինչպէս կարելի է սեփական համայնքի նորակառոյց մանկապարտէզը թողած՝ յաճախել բնակավայրից հեռու գտնուող մանկապարտէզ:
Տարիներ յետոյ նրանք գուցէ նաեւ չիմանան, որ տասնամեակներ շարունակ իրենց գիւղում մանկապարտէզ չեն ունեցել: Եւ միայն ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի յանձնարականով է կառուցուել երկյարկանի մանկապարտէզը, որը գտնւում է գիւղի կենտրոնում. այս ուսումնական տարում այն իր դռներն է բացել այնթապցի 144 երեխաների առջեւ: Տեղացիները հպարտութեամբ են խօսում իրենց նորակառոյց մանկապարտէզի մասին:
Նախագահին Այնթապում սպասում էր նաեւ նոյն գիւղի 12րդ փողոցի թիւ 12 տան բնակչուհի Գիւլնարա Պետրոսեանը, ում տունն այս տարուայ Մայիսի 17 լոյս 18ի գիշերը գազի պայթիւնի հետեւանքով ամբողջովին վնասուել էր: Բազմաթիւ դռներ է ծեծել, այսօր յուսահատուած նախագահին էր սպասում:
«Ամուսինս երկրորդ կարգի հաշմանդամ է, ութ հոգուց է բաղկացած իմ ընտանիքը, հիմա ես վարձով եմ ապրում: Գիւղապետարանն ընդամէնը 300 հազար դրամ է յատկացրել, 50 հազար դրամ մարզպետարանն է տրամադրել, 45 հազար դրամ էլ արտակարգ իրավիճակների նախարարութիւնն է տրամադրել, քանի որ տղաս իրենց մօտ է աշխատում: Ես տուն եմ ուզում, ունեմ 26 տարեկան հաշմանդամ տղայ: Թոռնիկ ունեմ, մենք վարձով ենք մնում, չեմ կարողանում վարձը տալ», ասում է տիկին Գիւլնարան:
Նախագահ Սերժ Սարգսեանի յաջորդ կանգառը Արարատի մարզի Վեդի քաղաքն էր, որտեղ էլ տօնական տրամադրութիւն էր տիրում: Կրկին նախագահի յանձնարարականով, Վեդիում այսուհետ կը վերականգնուեն մշակութային երբեմնի աւանդոյթները: Վեդիցիների առջեւ իր դռներն է բացել բոլորովին նոր վերանորոգուած երկյարկանի մշակոյթի տունը: «Նախկին շէնքից միայն պատերն էին մնացել, 1988թ. վերանորոգման նպատակով հին շէնքը քանդուել էր, սակայն, այդպէս էլ մնացել էր», ասում է Վեդիի քաղաքապետ Վարուժան Բարսեղեանը, յուսալով, որ քաղաքի երբեմնի մշակութային աւանդոյթները կը վերականգնուեն:
Քաղաքաշինութեան նախարար Սամուէլ Թադէոսեանի տեղեկացմամբ՝ պետբիւջէից 350 մլն. դրամ է ծախսուել: «ՀՀ նախագահի յանձնարարականով 2011թ. նախագծման աշխատանքներից յետոյ անմիջապէս սկսուեցին շինարարական աշխատանքները: Եւ այսօր արդէն շահագործման է յանձնւում մշակութային կենտրոն, որը համապատասխանում է բոլոր չափանիշներին: Հիմնական աշխատանքներն սկսուեցին 2012թ. կիսամեակից յետոյ, այս տարի արդէն հասցրեցին աւարտել»:
Հանրապետութեան նախագահի աշխատանքային այցը շարունակուեց արդէն Վայոց ձորի մարզում: Սերժ Սարգսեանը ծանօթացաւ «Արենի 1» քարայրի պեղման աշխատանքներին: Յիշեցնեմ, այստեղ էին յայտնաբերուել աշխարհի ամենահին կօշիկն ու գինու արտադրութիւնը: 2007թ.ից տարածքում պեղումներ են կատարւում: Արենի գիտական արշաւախմբի ղեկավարը Հնագիտութեան եւ ազգագրութեան ինստիտուտի գիտաշխատող Բորիս Գասպարեանն է: «Քարայրի ներսում կենսաբանական մնացորդները չեն քայքայուել, մեզ են հասել տարբեր սերմեր, հատիկներ… Սա ուսումնասիրման համար եզակի հնարաւորութիւն է», ասում է Հնագիտութեան եւ ազգագրութեան ինստիտուտի տնօրէն Պաւել Աւետիսեանը: «Աշխարհում հազուադէպ յուշարձաններ կան, որոնք այսպիսի պահպանուածութեամբ նիւթեր կարող են տրամադրել: Յուշարձանն իր գիտական նշանակութեամբ եզակի է ոչ միայն հայկական լեռնաշխարհում», ընդգծում է նա:
Լուսինէ Մարգարեանը հնագիտական գործուածքներ է ուսումնասիրում, «Արենի 1» քարայրի պեղումներին մասնակցում է 2010թ.ից: Խնամքով ու համբերատարութեամբ պատմում է, թէ ինչ է յայտնաբերել աշխատելիս: Լուսինէն եւ իր ընկերներն ամենաշատ ու ամենամօտիկից են ծանօթ պեղուած նիւթերին: Նա ասում է. «Բուսատեսակի ուսումնասիրութիւնը շատ կարեւոր է, թէ տնտեսական ինչ նշանակութիւն է ունեցել այն տուեալ ժամանակահատուածում, եւ ամենակարեւորը՝ բնորոշում է, թէ բուսականութիւնը ինչպիսի կլիմայական պայմաններում է ապրել: Տուեալ բոյսի առկայութիւնն ու այժմ դրա բացակայութիւնը վկայում են կլիմայի որոշակի փոփոխութեան մասին: Տարածքում կան բուսատեսակներ, որոնք արդէն ոչնչացել են»:
Յաւելեմ, որ այս հրաշալի տարածքն առայժմ փակ է զբօսաշրջիկների համար, աշխատանքներ են տարւում, որպէսզի որոշակի հեռաւորութիւնից նրանք եւս կարողանան տեսնել ու հիանալ վայոցձորեան հրաշալի բնութեամբ ու քարայրով:
Եւ վերջում նկատենք, որ այս տարածքում պեղումներ կատարում են հիմնականում երիտասարդները, նրանք նշում են, որ չնայած շատ քիչ են վարձատրւում, այդուհանդերձ, սիրով ու նուիրումով են մօտենում իրենց աշխատանքին: Երիտասարդ գիտնականները յոյս ունեն՝ գուցէ մի օր իրենք էլ ֆինանսապէս ապահովուած կը լինեն ու արժանավայել աշխատավարձ կը ստանան: