ԱՐՑԱԽ (ԼՂՀ).- Ադրբեջանի հետ շուրջ 50 կմ. սահման ունեցող Արցախի Թալիշ գիւղը, որը մինչ այժմ գրեթէ փաստացի կտրուած էր արտաքին աշխարհից, այսօր արդէն յաղթահարել է իր կարեւորագոյն խնդիրներից մէկը՝ հաղորդակցութեան խնդիրը: Գիւղի դպրոցն արդէն համակցուել է Ինտերնետ ցանցին:
Արցախեան ազատամարտի ընթացքում գիւղը երկու տարի շարունակ գտնւում էր գերութեան մէջ, հիմնովին աւերուել եւ այրուել էր, իսկ բնակչութիւնը՝ տարհանուել: Մոխրակոյտերի վերածուած Թալիշի ազատագրումից յետոյ գիւղ բնակութեան է վերադարձել եւ այժմ ապրում է շուրջ 150 ընտանիք:
Գիւղի դպրոցը ինտերնետային ցանցին համակցելը հնարաւոր դարձաւ իրականացնել Լրատուամիջոցների համահայկական ընկերակցութեան, «Թալիշի պաշտպան» հասարակական կազմակերպութեան, «Նոյեան տապան» լրատուական եւ Արցախի «Արմինկօ» պրովայդերական կազմակերպութիւնների համատեղ ջանքերով, ինչպէս նաեւ շնորհիւ այս նախաձեռնութեանը արձագանգած առանձին անհատների, որոնցից շատերն ունեն թալիշեան արմատներ: Աշխատանքներին օժանդակում էր նաեւ Թալիշի գիւղապետարանը:
Ադրբեջանին սահմանակից արցախեան այս գիւղի դպրոցը ինտերնետին միացնելը համատեղ ծրագրի առաջին փուլն է միայն. արդէն սկսուել է ծրագրի երկրորդ փուլի իրականացումը, որը ենթադրում է հեռավար ուսուցման դասընթացների անցկացում գիւղի աշակերտութեան համար, տեսակամուրջների միջոցով պարբերական հանդիպումներ գիւղի համայնքի եւ Արցախի, Հայաստանի եւ Սփիւռքի արուեստի, մշակոյթի գործիչների հետ, առցանց հանդիպումներ, քննարկումներ՝ ուղղուած գիւղի բազմաթիւ խնդիրների լուծմանը եւ այլն:
Իսկ խնդիրները բազմաթիւ են. անմխիթար վիճակում են դէպի գիւղ տանող եւ գիւղամիջեան ճանապրահները, չի գործում գիւղի ոռոգման ջրի համակարգը, քանի որ գիւղի ջրատարը սկիզբ է առնում այժմ ադրբեջանական զինուժի կողմից վերահսկուող տարածքից, խմելու ջուրը տրւում է ընդամէնը 2 օրը մէկ՝ 1.5 ժամով, գիւղի ջրագծերը ամբողջութեամբ վերանորոգման կարիք ունեն: Ոռոգման ջրի բացակայութիւնը գիւղի բնակչութեանը ամբողջովին կախուածութեան մէջ է դնում եղանակային պայմաններից, որոնք յատկապէս վերջին մի քանի տարիներին խիստ անբարենպաստ են:
Ծրագիրն իրականացնողները յուսով են, որ ծրագրի երկրոդ փուլը, որի ընթացքում գիւղի բնակիչները եւս ինտերնետին անհատական միացման հնարաւորութիւն կը ստանան, մեծապէս կը նպաստի գիւղի համայնքի աշխարհից կտրուածութիւնը յաղթահարելու, ինչպէս նաեւ գիւղում ներդրումային ծրագրեր իրականացնելու համար, ինչն աւելի քան հրատապ է կենսապահովման հետ կապուած բազմաթիւ խնդիրներ ունեցող Թալիշի համար:
Ըստ մեր տեղեկութիւնների, Արցախի կառավարութիւնն այժմ նախատեսում է Թալիշի համայքի հողատարածքների մի մասը կրկին դարձնել ոռոգելի, ինչն անշուշտ շօշափելի օժանդակութիւն կը լինի գիւղի համայնքի տնտեսութեանը եւ գուցէ կը փոխի յատկապէս վերջին տարում նկատուող արտագաղթի միտումները, ինչը բնորոշ չէր Թալիշի համար:
© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.