
ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ
Ծանր է խոստովանելը, բայց Հայաստանն իր ներքին քաղաքական, սոցիալ-տնտեսական ռեսուրսներով (պաշարներով-Խմբ.) ու երկրի բարոյահոգեբանական մթնոլորտով ինքնիրեն հասցրել է մի վիճակի, երբ զրկուել է ընտրութեան հնարաւորութիւնից կամ աւելի շուտ իր համար որոշումներ ընդունւում են: Ներքին իմունիտետի խրոնիկական (պաշտպանուածութեան մշտական-Խմբ.) կորուստը մի օր երկրի քաղաքական իշխանութեանն առերեսելու էր այնպիսի կացութեան հետ:
Շատ ծանր ու ցաւացնող զգացողութիւն է: Քայլ առ քայլ կորցնում ենք մեր ինքնիշխանութիւնը՝ պարտութեան իներցիան (ընթացքը-Խմբ.) կարծես թէ անկասելի է դառնում, ու մեր շատ բարձր պաշտօնեաներ՝ սթափուելու փոխարէն, պարզապէս լծուել են այդ գործին: Մինչդեռ կարելի էր իրավիճակին գնահատական տալ, սթափուել ու փորձել փրկել կացութիւնը, երկրի արժանապատուութիւնն ու հեռանկարը:
Ռուսականի հոգեւոր ներխուժումը հէնց այս համատեքստում պիտի դիտարկել: Եւ սա մէկ օրուայ խնդիր չէ: Բոլորովին պատահական չէ, որ Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀի, եւրասիական ինտեգրման (միաւորման-Խմբ.) եւ հայրենակիցների հետ կապերի հարցերով յանձնաժողովի նախագահ Լէոնիդ Սլուցկին հայ օրէնսդիրների հետ հանդիպման ժամանակ աւելի շատ ռուսաց լեզուի զարգացման մասին խօսեց:
Ռուսներն այս ուղղութեամբ վաղուց են սկսել աշխատել ու մերոնք էլ սպասարկում են նրանց շահերը: Մի քանի տարի առաջ, երբ «Լեզու»ի եւ «Հանրակրթութեան մասին» ՀՀ օրէնքներում քաղաքական մեծամասնութիւնը փոփոխութիւններ էր առաջարկում, եւ ծանր պայքարից, որոշ նահանջներից յետոյ, այնուամենայնիւ, ականները դրուեցին, պարզ էր, որ նաեւ ռուսական դպրոցների դռներն էին բացուելու: Երբ «Հեռուստատեսութեան եւ ռադիոյի մասին» ՀՀ օրէնքում հայրենական արտադրութեան հաղորդումների քանակը նուազեցուեց՝ իջեցնելով 55 տոկոսի, պարզ էր, որ ռուսերէնով ֆիլմերն ու հաղորդումներն էին հեռարձակուելու: Պարզ էր, որ առանց երկնչելու կառավարութեան երեք անդամներ՝ խախտելով Լեզուի մասին ՀՀ օրէնքը, հայկական հեռուստատեսութեամբ ռուսերէնով «ինտելեկտուալ» (մտաւորական-Խմբ.) խաղեր էին խաղալու եւ յետոյ հաղորդավարի բերանով անհեթեթ պատճառաբանութեամբ փորձելու արդարանալ:
Ու նաեւ Հանրային հեռուստատեսութեան Հն էլ հէնց այնպէս, գեղագիտական նկատառումներով չի անհետացել: Այո, մենք վաղուց ենք սկսել սպասարկել նրանց շահերը, գիտակցաբար, թէ՝ ոչ:
Երբ Ռուսաստանի դեսպանատան մշակութային կցորդը յայտարարում է ռուսաց լեզուի յատուկ կարգավիճակի, դեսպանը ՄՄ շրջագծում ինքիշխանութեան կորստի մասին, ու դրան չի յաջորդում մեր պաշտօնական մեկնաբանութիւնը, ամէն ինչ պարզ է:
Ռուսներն իրենց տարածաշրջանային շահերն են հետապնդում, եւ սա իրենց քաղաքական, ռազմավարական շահի խնդիրն է, իրենց մեկնակէտով շատ էլ արդարացուած:
Արժանապատիւ ու անկորուստ լինելը մեր խնդիրն է, այն ինչ շատ էժան ենք ծախւում, քայլ-քայլ՝ յանձնւում:
Մինչդեռ առաջին հայեացքից փոքր թուացող նահանջների այս օազիսները գումարւում են ու դառնում հոգեւոր ամայութեան լանդշաֆտ (տարածութիւն-Խմբ.), որի վրայ այլոց տակտիկական (մարտավարական-Խմբ.) ու ռազմավարական քայլեր կառուցելը մեծ ջանք չի պահանջում:
Ցաւօք, այս քաղաքական համատեքստում սպասելի էր, որ մի օր հերթը հասնելու էր ռուսրէնի յատուկ կարգավիճակին՝ իր բոլոր հետեւանքներով:
Ու մենք թերագնահատում ենք հոգեւոր կորուստները՝ այնինչ հոգեւոր տարածքների կորստից յետոյ հողն ընդամէնը նիւթ է, աշխարհագրական կօօրդինատ (ուղղութիւն-Խմբ.), որից բաժանուելն անցաւ է ու հեշտ:
Պատահականութիւններ չեն լինում. ՀՀ ազգային վիճակագրական ծառայութեան երէկ հրապարակած հերթական զեկոյցի համաձայն ՀՀ մարզերում բնակչութիւնը 1 տարուայ ընթացքում նուազել է 13-17 տոկոսով»: