ԵՐԵՒԱՆ, «Արմէնփրէս».– Դեկտեմբեր 14ին՝ ժամը 17:00ին (Երեւանի ժամանակացոյցով), ատրպէյճանական զինուած ուժերուն կողմէ սահմանային զինադադարի խախտման պատճառով զոհուած է 1987ի ծնունդ զինուորական ծառայող Հրանտ Պօղոսեանը:
Հայաստանի պաշտպանութեան նախարարութիւնը զինադադարի խախտման եւ արձանագրուած զոհին վերաբերեալ հաղորդագրութիւն մը հրապարակած է՝ դիտել տալով, որ դէպքը տեղի ունեցած է այն ատեն, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբակի նախագահները Պաքու կը գտնուին, ինչ որ կը նշանակէ, թէ Ատրպէյճան կ՛անտեսէ անոնց ներկայութիւնն ու հանգամանքը։ Հաղորդագրութեան մէջ նշուած է. «2013 թուականի Նոյեմբերի 5ին Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման ժամանակ արձագանգելով ռազմական գործողութիւնների առումով զսպուածութիւն ցուցաբերելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչին՝ Հայաստանի պաշտպանութեան նախարար Սէյրան Օհանեանի հրամանով ամբողջ այս ընթացքում հայկական կողմից չի արձակուել ոչ մի կրակոց:
2013 թուականի Դեկտեմբերի 14ի միջադէպը, որի ժամանակ հակառակորդի կրակից զոհուել է պայմանագրային զինծառայող, շարքային Հրանտ Սերէօժայի Պօղոսեանը, հերթական անգամ ցոյց է տալիս, որ ադրբեջանական կողմը, անտեսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչերը, շարունակում է հրադադարի պահպանման անտեսման իր մշտական մօտեցումը, մասնաւորապէս՝ համանախագահների՝ Բաքւում գտնուելու ժամանակ: Այս ամէնի արդիւնքում Հայաստանի զինուած ուժերի գործողութիւնները լինելու են կանխարգելիչ եւ խիստ:
Հայաստանի պաշտպանութեան նախարարութիւնը կիսում է ծանր կորստեան վիշտը եւ իր զօրակցութիւնն է յայտնում շարքային Հրանտ Սերէօժայի Պօղոսեանի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին»:
© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.