ՄԱՐԻ ՄԱՆՈՒԿԵԱՆ
Հայոց Լեզուի Եւ Գրականութեան Ուսուցչուհի
Քալիֆորնիայի բազմահոծ հայ համայնքը հարուստ է հեռուստաեթերներով, զօր ու գիշեր ունկնդրում ենք բազմազան հաղորդումներ՝ լուրեր աշխարհի բոլոր կողմերից, մարմնամարզութիւն, երգ, պար, երաժշտութիւն եւ այլն
Անշո՛ւշտ, այս բոլորը գնահատելի է… ուստի, հարկ եմ համարում խօսքերս ուղղել բոլոր այն անձանց, որոնց շնորհիւ վայելում ենք հայկական հետաքրքրաշարժ հաղորդումները:
Երեւի նկատած կը լինէք՝ յարգելի հեռուստադիտողներ, որ հայկական հաղորդաշարերից ամենաժողովրդականութիւն վայելողը հայ բժիշկների՝ «Ուղիղ եթեր»ներով մատուցուող հարց ու պատասխանի ձեւն է:
Ուստի, կարդալով վերոնշեալ խորագիրը, անկասկած, յարգելի ընթերցողը, մասամբ, ժպիտով պիտի մտաբերի՝ «Ուղիղ եթեր»ների պարգեւուած զուարճալի ժամերը:
Հաղորդաշարի հեղինակ եւ վարող բժշկուհին, ժպիտը դէմքին, յայտնւում է լուսաւոր պաստառին: Ճարպիկ հեռուստադիտողներն էլ, իրենց հարկի-անհարկի հարցերով շտապում են զանգահարել եւ մասնակիցը դառնալ զուարճալի ներկայացմանը:
– Բարե՛ւ ձեզ, յարգելի դիտողներ, ուրախ եմ դարձեալ ձեզ հետ յանդիպելու եթերում եւ պատասխանելու այն բոլոր հարցերին, ինչը որ անհանգստացնում է ձեզ: Ուրեմն սկսենք, դուք եթերում էք:
Տարիներ շարունակ հետեւել եմ, թէ ինչպէս հաղորդավարները՝ նախքան հաղորդման սկսելը, յայտնում են դիտողներին եւ պահանջում, որ իրենց ձայնը լսելիս՝ իջեցնեն հեռուստացոյցի ձայնը եւ խօսեն միայն հեռախօսով:
Սակայն, եկէք տեսնենք, թէ տարիներ շարունակ լսուող վերոնշեալ յորդորն ինչպէ՞ս են ըմբռնել դիտողները եւ ինչպէ՞ս են ըմբռնում՝ մինչեւ օրս:
Սերգէյն աշխատանքից յոգնած՝ տուն վերադառնալով, թիկնել էր փափուկ բազկաթոռին եւ անհամբերութեամբ սպասում էր հեռուստատեսային ներկայացմանը:
Տանտիրուհին՝ տիկին Մարգարիտն արդէն հասցրել էր զանգահարել եւ հերթագրուել հաղորդաշարին:
– Սերգէյ ջան, էս հեռախօսը վեկալ (վերցուր-Խմբ.), պահի ականջիդ մօտ, հէնց որ լսես «Դուք եթերում էք»ը, վռա՛զ (շուտով-Խմբ.) հեռախօսը կը տաս ինձ:
Ախր բժշկուհուն զանգահարողները շատ-շատ են, պէտք է համբերութեամբ, երկա՜ր սպասել:
Վերջապէս, երկար սպասելուց յետոյ, Սերգէյի ականջում զրնգում է՝ «Դուք եթերում էք, լսում եմ ձեզ»ը: Հլու-հնազանդ պարտականութիւնն աւարտած համարելով, Սերգէյն ուրախութեամբ վեր ցատկելով փափուկ բազկաթոռից, հեռախօսը յանձնում է տիկին Մարգարիտին, որն զբաղուած էր խոհանոցում: Արագ խլելով հեռախօսը ամուսնու ձեռքից.
– Ալօ, բարեւ ձեզ, ողջունում եմ ձեր հաղորդաշարը… Եւ յանկարծ Մարգարիտի խօսքերն ընդհատւում են.
– Տիկի՛ն, իջեցրէ՛ք ձեր հեռուստացոյցի ձայնը, խօսէ՛ք ինձ հետ միայն՝ հեռախօսով…
– Լաւ, բժշկուհի ջան, ես հասկացայ, հիմա կ՛իջացնեմ…
«Ա՛յ տղայ, ինչի՞ TV-ի ձայնը չէիր իջացրել»ից յետոյ, տիկին Մարգարիտը շարունակում է իր ընդհատուած հեռախօսային կապը.
– Բարեւ ձեզ, բժշկուհի ջան, հիմա ինձ լաւ լսում էք, չէ՞… Բժշկուհի ջան, ողջունում եմ ձեր հաղորդաշարը…
– Տիկի՛ն, տուէք ձեր հարցը…
– Ինչ ասեմ, բժշկուհի ջան, էս առաւօտ, զարթնեմ տեսնեմ ի՞նչ՝ ձախ ոտիս բութ մատը կարմրել ա ու ցաւըմ ա… Ի՞նչ խորհուրդ կը տայիք, բժշկուհի ջան…
– Տիկին, ես ոտքի մասնագէտ չեմ, դիմէ՛ք համապատասխան մասնագէտի…
– Շատ շնորհակալ եմ, բժշկուհի ջան՝ ձեր խորհրդի համար…
Բոլորովին անիմաստ հարցադրումներով, սահում էին եթերային րոպէները, եւ հազարաւոր դիտողներ ունկնդրում էին ստեղծուած ծիծաղելի խօսակցութիւնը եւ ուշի-ուշով հետեւում, թէ ո՞վ է լինելու յաջորդ հարցատուն:
– Ալօ, բարեւ ձեզ, դուք եթերում էք…
– Բարեւ ձեզ, բժշկուհի ջան, ես ո՞ւմ հետ եմ խօսում… Օհօ՜, կարծես ուրիշի հետ եմ խօսում…
– Տիկին, դուք խօսում էք բժշկուհու հետ, լսում եմ ձեզ, տուէ՛ք ձեր հարցը եւ իջեցրէ՛ք հեռուստացոյցի ձայնը, ինձ հետ խօսէք միայն՝ հեռախօսով…
– Եղաւ, բժշկուհի ջան, ողջունում եմ ձեր հաղորդաշարը…
– Լսում եմ, տիկին, ձեր հարցը տուէք, խօսէ՛ք…
– Հա, բժշկուհի ջան, կը ներե՛ս… ասեմ, որ միջնեկ տղէս Հայաստանում ա ապրըմ, ուժեղ գլխացաւ ունի… Ինչո՞վ օգտակար կարող էք լինել տղիս, բժշկուհի ջան:
– Տիկին, շատ եմ ցաւում, որ այստեղից չեմ կարող օգնել ձեր որդուն… Եթէ այստեղ լինէր, կը բերէիք իմ գրասենեակը, եւ ես կը փորձէի օգտակար լինել… Առողջութիւն ձեր որդուն…
– Անչափ շնորհակալ եմ, բժշկուհի ջան, դուք հրաշալի մասնագէտ էք… ես ձեզ նորից կը զանգահարեմ…
Եւ այսպէս շարունակ, բժշկուհին՝ «Դուք եթերում էք»ները շարունակելով, ի վերջոյ յայտնում է. «Յարգելի դիտողներ, այսօր էլ աւարտին հասաւ մեր եթերաժամը, սակայն ես դեռ այստեղ եմ եւ պատասխանելու եմ բոլոր նրանց, ովքեր չկարողացան իրենց յուզող հարցերն ուղղել ինձ: Յոյսով եմ, որ այսօր էլ, ինչ որ չափով կարողացայ ձեզ օգտակար լինել: Ցտեսութիւն, մինչ նոր հանդիպում՝ եթերում»:
Կարելի էր շարունակել «Ուղիղ եթեր»ների պարգեւած ժամանցային, ինչ որ ծիծաղելի եւ զուարճալի երկխօսութիւնները, սակայն կ՛ուզէի նշել այն ներկայ իրողութիւնը, թէ ԱՄՆում իւրաքնչիւրն ունի իր ընտրած ընտանեկան բժիշկը, դեռ աւելին… Այնպէս որ, ամէն մի զանգահարող անհատ ունի իր խորհրդատու բժիշկը եւ ինչո՞ւ չէ, նաեւ բժշկի գրասենեակից յիշեցման զանգով էլ, առնուազն մէկ կամ երկու անգամ այցելում են իրենց բժշկին:
Ասեմ նաեւ, որ «Ուղիղ եթեր» զանգահարողներից շատերն էլ պարզապէս զանգահարում են հենց այնպէս, գուցէ եւ իրենց ձայնը եթերով լսելու եւ, ի լուր հազարաւոր դիտողների, բարձրաձայնում են իրենց առողջական խնդիրները, ստանալով «սպառի»չ պատասխան, որի համար էլ եթերում հնչում է շնորհակալութիւնների շարանը:
Ի վերջոյ, կարծում եմ, «Ուղիղ եթեր»ների մատուցման ներկայիս ձեւը պէ՛տք է փոխել եւ արդիական, կարեւոր, օգտակար եղանակներով հետաքրքրութիւն առաջացնել դիտողների մօտ:
Վստահ եմ, որ հայ տիտղոսաւոր բժիշկներն ունեն այն բարձր, գիտական կարողութիւնները, որով պիտի մատուցեն մեզ օգտակար խորհուրդներով լեցուն եթերաժամեր:
Ի միջիայլոց, երեք օր առաջ դիտում էի Հայաստանից սփռուող «Մի՛ վնասիր» մէկժամեայ հաղորդումը: Հաղորդման հեղինակն ու վարող բժիշկը ցոյց տալով երկար սեղանի վրայ դասաւորուած տարատեսակ հացերը, սկսեցին նախ խօսել հանապազօրեայ հացի օգտակարութեան մասին, շեշտելով, որ հացն ամենաշատ օգտագործուող սնունդն է ողջ աշխարհում: Հրաւիրուած մասնագէտները, բժշկի խնդրանքով, մանրամասնօրէն բացատրեցին հացի պատրաստման եղանակները՝ անցեալում եւ ներկայիս:
Բացատրեցին, որ անցեալին հացի պատրաստման եղանակներն այլ էին: Խմորը երկար հանգստանալուց յետոյ միայն՝ «ուղարկւում էր փուռ»:
Իսկ ներկայիս, շարունակեց մասնագէտը, տարբեր բաղադրիչների օգնութեամբ, կարճ ժամանակամիջոցին, արդէն պատրաստ են գեղեցիկ տեսքով, կարմրաթուշ հացերը:
Հարց եղաւ նաեւ սեւ հացի մասին, որի կտրուկ պատասխանն էր.
– Բնական սեւ հաց չկայ, հացերը սեւանում են քիմիական ներկերի միջոցով:
Այնուհետեւ, ներկաների խնդրանքով, մասնագէտը ցոյց տուեց եւ բացատրեց ճիշդ եղանակներով պատրաստուող հացի տեսքը եւ յորդորեց ներկաներին, որ օգտագործեն միայն բնական եղանակներով թխած հացատեսակներ:
Անչափ հետաքրքիր եւ օգտաշատ հաղորդման երկրորդ բաժնում, բժիշկն անդրադարձաւ աւանդական, օգտակար ճաշատեսակներից՝ «չորաթան»ին եւ սիրով բացատրեց պատրաստան եղանակն ու օգտակարութիւնը: Հաղորդման աւարտին, բժիշկը մանրամասնօրէն խօսեց չամիչի ճիշդ մշակման եւ, անշո՛ւշտ, օգտակարութեան մասին:
Մէկ ժամ տեւող «Մի՛ վնասիր» ուսանելի, օգտաշատ հաղորդումից շատ բան սովորեցի:
Ակամայից սկսեցի մտածել. «Ինչ լա՜ւ կը լինէր, եթէ մեր յարգարժան հայ բժիշկները մատուցէին մեզ մակարդակով հաղորդումներ, առանց «Ուղիղ եթեր»ների:
Մեզ մօտ էլ, այստեղ, հայկական նպարատներում տեսնում ենք նորանոր հացատեսակներ, լաւաշներ՝ գեղեցիկ, գրաւիչ պիտակներով, խառը կանաչիով հացեր եւ զանազան խմորեղէններ, որոնցից շատերը պատրաստւում են տնային պայմաններում, իսկ պատրաստման եղանակը մնում է անյայտ՝ սպառողին:
Այս դէպքում է, որ պահանջւում եւ կարեւորւում է գիտակ բժիշկների կամ մասնագէտների անհրաժեշտութիւնը:
Դարձեալ այստեղ, մեզ մօտ, ընդունուած է ջրի առաքումը: æրերի տեսակներն էլ շատ-շատ են:
Տարակուսանքով նայում ես բազմատեսակ հացերին եւ փայլուն պիտակներով ջրի շշերին, որոնք խնամքով շարուած են ամերիկեան բարձր անուն շահած խանութներում եւ չես կարողանում կողմնորոշուել՝ ո՞րն ընտրես, ո՞րը թողնես:
Ուստի, յուսալի եւ ցանկալի է, որ այսուհետ, մեր բժիշկները հանրութեանը մատուցեն օգտակար գիտելիքներ՝ յագեցած բարձր մակարդակով, առանց «Ուղիղ եթեր»ների: