ՀԱՅ ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՈՒԹԵԱՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ
ԳԼԵՆԴԵԼ.- Հայ կրթական հիմնարկութիւնը (ՀԿՀ) ուրախութեամբ յայտնում է, որ 2014-2015 ուսումնական տարեշրջանի «Ռիչարդ Ռ. Թուֆենկեան» կրթաթոշակների համար ըանդունում է դիմումնագրեր: Հինգ՝ 2500 տոլարի կրթաթոշակներ պիտի յատկացուեն համալսարանական հայ ուսանողների, որոնք յաճախում են Ամերիկայի Միացեալ Նահանգներում վարկաւորուած բարձրագոյն դպրոց կամ համալսարան:
Այս կրթաթոշակին որակաւորուելու համար, աշակերտները ծագումով պիտի լինեն հայ, իրենց միջին կրթանիշը (GPA) պիտի լինի ամենապակասը 3.0, նիւթական օժանդակութեան կարիքն ունենան եւ աշխուժօրէն մասնակցած լինեն Հայկական համայնքի աշխատանքներին:
Այն աշակերտները, որոնք գոհացնում են վերոյիշեալ տուեալները, կրթաթոշակի դիմումնագրի ու յաւելեալ տեղեկութիւնների համար պիտի դիմեն http://www.aefweb.org/aefscholarships.php կայքէջ: Բոլոր կրթաթոշակների լրացուած դիմումնագրերն ու փաթեթները՝ մինչեւ Յուլիս 31, 2014ի ժամկէտը, յանձնուած պիտի լինեն փոստին եւ ուղարկուեն հետեւեալ հասցէին. AEF, 600 West Broadway, Suite 130, Glendale, CA 91204:
«Ռիչարդ Ռ. Թուֆենկեան» կրթաթոշակների հիմնադրամը հիմնուած է Ռալֆ եւ Սաւի Թուֆենկեանների կողմից, իրենց զաւկի յիշատակին: 1991ից ի վեր, ՀԿՀը աւելի քան 313,270 տոլարի «Ռ. Թուֆենկեան» կրթաթոշակներ է պարգեւել արժանի աշակերտների, որոնք յաճախել են Ամերիկայի Միացեալ Նահանգների ու Հայաստանի բարձրագոյն ուսումնարաններն ու համալսարանները:
Միայն այն ուսանողները, որոնք հետաքրքրուած են դիմելու կրթաթոշակին, կարող են կապուել ՀԿՀի գրասենեակի ե-նամակով՝ aef@aefweb.org, կամ (818) 242-4154 համարով: