ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Հարաւային Կալիֆորնիայի բժշ-կական լաւագոյն հաստատութիւններից՝ «Գլենդել Ադվենթիստ» Բժշկական կենտրոնն իր արհեստավարժ մասնագէտների շնորհիւ մի քանի տասնամեակ շարունակում է բարձրակարգ ծառայութիւններ մատուցել համայնքին:
«Այս առաքելութիւնը հնարաւոր է դառնում նաեւ աջակիցների շնորհիւ», նշեցին «Գլենդել Ադվենթիստ» Բժշկական կենտրոնի Առողջապահական հիմնարկի դրամահաւաքի գալայի կազմակերպիչները:
Ապրիլի 27ին Հոլիվուդի «Ռէյ Դոլբի Բոլրում» սրահում հաւաքուել էին հիւանդանոցի աշխատակիցներն ու բարերարներ, Գլենդելի քաղաքապետը, հասարակական գործիչներ, առողջապահական ոլորտի ներկայացուցիչներ:
«Չափազանց ուրախ ենք, որ շրջապատուած ենք նման բարեկամներով ու համայնքից գործընկերներով, ովքեր կիսում են մեր նպատակներն ու աջակցում են համայնքին որակեալ ծառայութիւններ մատակարարելու մեր ջանքերին», նշեց «Գլենդելի Ադվենթիստ» բժշկական կենտրոնի նախագահ Քեւին Ռոբերտսը: Նա ներկայացրեց հիւանդանոցի յաջողութիւնները. նուիրեալ բուժանձնակազմի շնորհիւ այստեղ ապաքինւում են ամենատարբեր ծանր հիւանդութիւններ ունեցող հիւանդներ:
Կենտրոնի միւս ղեկավարները եւս բազմիցս ընդգծեցին բարեգործների դերն իրենց առաջընթացում: Ձեռնարկի ընթացքում մեծարեցին անհատներ, ովքեր նշանակալի ներդրում են ունեցել եւ ունեն բուժկենտրոնի զարգացման հարցում: Պատուոգրեր յանձնուեցին Արսէն եւ Յասմիկ Դանիէլեաններին՝ «Ակնառու Անհատական Բարերարութիւն» անուանակարգում, Ֆրեն Բաչնանին՝ «Համայնքին ակնառու աջակցութեան» համար, «Իէնթի Սըրջիքըլ Ասոշիեյթս» կազմաերպութեանը, ի դէմս Հրայր Քութնուեանի, Դէյվիդ Իւնի եւ Կարլ Էրմշարի՝ «Ակնառու Բժշկական մարդասիրութիւն» կարգում եւ «Լէյժր Գլեն Փոստ Աքիւթ Քէյր» կենտրոնին՝ «Ակնառու ձեռնարկատիրական մարդասիրութեան» համար (Outstanding Corporate Philanthropy):
Գալայի ընթացքում տեղի ունեցաւ աճուրդ, կատարուեցին նուիրատուութիւններ եւ յայտարարուեց, որ գոյացած ողջ հասոյթը տրամադրուելու է հիւանդանոցի տարբեր նախագծերին, այդ թւում՝ ծառայութիւնների բարելաւմանը, տեխնիկական նորագոյն միջոցների ձեռքբերմանը: Ուրախալի էր նկատել, որ «Գլենդել Ադվենթիստ» բժշկական կենտրոնի աշխատակազմում մեծ թիւ էին կազմում ամերիկահայ մասնագէտները, որոնք իրենց աշխատանքով նպաստում են այս կենտրոնի յաջողութիւններին: