ՀՀ էներգետիկայի նախկին նախարար Արմէն Մովսիսեանը Tert.am-ի հետ զրոյցում անդրադարձել է «Որոտան» ՀԵԿՀի վաճառքի վերաբերեալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանի յայտարարութեանը:
ՀԱՐՑ.- Պարոն Մովսիսեան, ՀՀ 2րդ նախագահ Ռոբերտ Քոչարեանն իր հարցազրոյցում անդրադարձել է Որոտանի ՀԵԿի մասնաւորեցման գործընթացին, այն որակելով որպէս «վաճառք ծայրայեղ կասկածելի ձեւով (շրջանցելով խորհրդարանը)»: Դուք, որպէս էներգետիկայի նախկին նախարար, ով իր պաշտօնավարման ժամանակ անմիջական մասնակցութիւն է ունեցել գործընթացին, ինչպէ՞ս կը մեկնաբանէք այդ անդրադարձը:
ԱՐՄԷՆ ՄՈՎՍԻՍԵԱՆ. Ես բազմիցս առիթներ եմ ունեցել հրապարակաւ խօսելու Որոտանի ՀԵԿի մասնաւորեցման գործընթացի մանրամասների մասին թէ՛ Խորհրդարանի ամբիոնից, թէ՛ բազմաթիւ հարցազրոյցների միջոցով: Իրօք, Որոտանի գործարքում մասնաւորեցւում է գոյքային համալիրը, եւ սա ամենեւին էլ առաջին նախադէպը չէ մեր երկրում, երբ մասնաւորեցւում է գոյքային համալիրը, ոչ թէ ընկերութիւնը եւ որ այդ համալիրը մասնաւորեցւում է կառավարութեան համապատասխան որոշումներով: Այսպէս, 2003 թուականին Հայաստանի իշխանութիւնները մասնաւորեցրել են «Սեւան-Հրազդանեան Կասկադ» ՓԲԸ եւ «Հրազդանի æԵԿ» ՓԲԸ գոյքային համալիրները: Նշուած դէպքերում գործընթացներն իրականացուել են առանց խորհրդարանի, որոշումներն ընդունուել են կառավարութեան կողմից եւ, համաձայն այդ ժամանակ գործող Սահմանադրութեան պահանջի, վաւերացուել են գործող նախագահի կողմից: Այս գործարքների նկատմամբ քննադատութիւններ, մեր օրերում, կարծես թէ չեն հնչում: Կարծում եմ, զուտ մտահոգ տրամաբանութեան հարթութիւնում այս փաստը մի փոքր դժուար է բացատրել, քանի որ իդենտիկ (նոյնական-Խմբ.) նոյն սկզբունքով կատարուած գործարքներից երրորդը չի կարող զարմանալի լինել, իսկ առաջին երկուսը՝ ոչ, հետեւաբար բացատրութիւնը պէտք է փնտռել բոլորովին այլ դաշտում:
ՀԱՐՑ.- Պարոն Մովսիսեան, Ռոբերտ Քոչարեանը նշում է նաեւ, որ առք ու վաճառքի համաձայնագիրը անթոյլատրելիօրէն ասիմետրիկ (անհամաչափ-Խմբ.) է, այսինքն՝ անտեսում է ՀՀ շահերը եւ չափազանց խոցելի է դարձնում մեր հանրապետութիւնը բոլոր հնարաւոր դատական վէճերում, իսկ վաճառքն այս պայմաններով կը յանգեցնի ելեկտրաէներգիայի սակագների բարձրացման: Ի՞նչ կ՛ասէք այս մասին:
ԱՐՄԷՆ ՄՈՎՍԻՍԵԱՆ. Համաձայն չեմ այն կարծիքի հետ, թէ համաձայնագիրն ասիմետրիկ է: Իմ կարծիքով Հայաստանի շահերը բաւականին ամուր են ներկայացուած, իսկ եթէ նոյնիսկ կան 1-2 թոյլ կէտեր, որոնք միգուցէ եւ մենք չենք նկատել բանակցելիս, ապա գործարքը դեռեւս փակուած չէ, եւ դրանք հանգիստ կարելի է շտկել: Չթուարկեմ, բայց Հայաստանի կողմից տարիներ ի վեր կնքուած ցանկացած պայմանագրում կարելի է գտնել թոյլ կողմեր: Ինչ վերաբերում է սակագնի բարձրացմանը. բնականաբար 180 մլն. դոլարով վաճառքի դէպքում այն կ՛ազդի սակագնի վրայ: Բայց չէ՞ որ մասնաւորեցման ցանկացած գործարք տասնամեակներ շարունակ ազդել ու բոլոր նորերը դեռ ազդելու են սակագնի վրայ՝ անմիջականօրէն կամ շղթայաւորուած, մէկն անմիջապէս, միւսը՝ ժամանակի ընթացքում: Եւ սա հանրայայտ ճշմարտութիւն է: