ԿԱՐՕՏ ՍԱՍՈՒՆԵԱՆ
Թարգմանեց՝ ՄԵԼԻՆԷ ԱՆՈՒՄԵԱՆ
Արեւմտահայեր, արեւելահայեր, սփիւռքահայեր: Այդ անուններով է յիշատակւում աշխարհասփիւռ հայութիւնը: Հիմա էլ, ուզենք թէ չուզենք, մայր հայրենիքում կան տարիներով գաղտնի ապրած «մուսուլման հայեր»:
Այո՛, սխալ չլսեցիք, որքան էլ անուանումը զգայական թուայ: Ի դէպ, այդ զգայականութիւնը, այդ զգայական հանգամանքը զգայական է ե՛ւ մուսուլման, ե՛ւ քրիստոնեայ հայերի համար: Երկու կողմն էլ խիստ զգայական է համարում այդ հանգամանքը, որը մօտ ազգականների միջեւ անգամ դժգոհութիւն է յարուցում եւ այդպէս ընդունւում: Բռնի կամ սեփական կամքով իսլամացած քրիստոնեայ հայերը ներկայում շատ մեծ թիւ են կազմում իրենց հայրենի հողը համարուող Արեւմտեան Հայաստանում: Հարիւրամեակներ շարունակ թուրքերի կողմից նուաճման տակ գտնուող հայ բնակչութեան թիւը թէեւ հաստատուած չէ, սակայն ենթադրւում է 7-8 միլիոն: Սոյն թիւը, որը հնարաւոր չէ հաշուի չառնել, 3 անգամ աւել է Արեւելեան Հայաստան համարուող Հայաստանի բնակչութիւնից: Ներկայում որպէս Թուրքիայի տարածք նշուող հողերում 1890-1915 թուականների ընթացքում իսլամացած հայերից բացի, կան նաեւ համշենահայերը, որոնց մահմեդականացման գործընթացի ժամանակահատուածը եւ պատճառներն առայժմ վերջնականապէս հաստատուած չեն, եւ ովքեր բնակւում են սեւծովեան շրջանի առափնեայ հատուածում: Սոյն հայերի մի մեծ մասն ապրում է Ռիզէի, Արդուինի եւ Խոպայի կողմերում: Ինչ վերաբերւում է միւս շրջաններում բնակուող մուսուլմանացած հայերի մի ստուար զանգուածին, ապա վերջինս բռնի իսլամացուել է օսմանեան սուլթան Սելիմի օրօք, ինչպէս նաեւ, արաբների՝ Հայաստանի գրաւման ժամանակաշրջանում: Այդ մահմեդականացուած հայերը ներկայում յիշատակւում են որպէս ուծացուած քրդական աշիրեթներ, որոնց անդամների մեծ մասը կտրականապէս հրաժարւում է ընդունել իր հայկական ծագումը:
Մի փոքր այլ է 1890-1915թթ. իսլամացած հայերի դէպքը, հայեր, ովքեր իսլամ են ընդունել՝ մահուան ահից ելնելով, զէնքի ուժով: Այդ հայերի թոռները, գիտակցելով այդ հանգամանքը, կարողացել են հայրենի հողում գաղտնի կերպով շարունակել իրենց գոյութիւնը: Այդ ծպտեալ հայերը մխում են մեր օրերում՝ «անթեղուած կրակի նման»: Դրա օրինակներից մէկը խիստ վառ կերպով դրսեւորուեց Դիարբեքիրում գտնուող Ս. Կիրակոս հայկական եկեղեցու վերականգնումից յետոյ: Նախքան եկեղեցու վերանորոգումը, զբօսաշրջիկների հետ մէկտեղ, այն այցելում էին ընդամէնը 8-10 հոգի: Եկեղեցու վերականգնումից եւ վերաբացումից յետոյ սկսեց ձեւաւորուել 15-20 հոգիանոց մի փոքրիկ համայնք, որի թիւը որոշ ժամանակ անց հասաւ 40-50 հոգու: Յետագայում եկեղեցին ունեցաւ շուրջ 80-100 հոգիանոց մշտական այցելու: Իսկ Սուրբ Զատիկին այդ թիւն անցաւ 1200ը: Որտեղի՞ց ենք սահմանել այդ թիւը: Սուրբ Յարութեան տօնին մօտ 1200 հատ հաւկիթ ու չեօրէկ (խմորեղէն, որ Սուրբ Զատիկի տօնին թխում են արեւմտահայերը-«Ակունք») էր պատրաստուել: Փաթեթները բաժանելուց յետոյ եղան անգամ այնպիսիք, որոնց ձու եւ չեօրէկ չհասաւ: Այդ 1200 հոգուց 200ը ժամանել էին Ստամբուլից, 200ը՝ Սփիւռքից, իսկ մնացեալը Դիարբեքիրի, Սասունի, Բիթլիսի, Մուշի, Վանի եւ Մարդինի կողմերից եկած իսլամացուած հայեր էին: (Ամէն Կիրակի, երբ եկեղեցի եմ այցելում, նկատում եմ, որ այդ թիւն աճում է):
Այս թիւն արտայայտում է հետեւեալը. հայերը յառնում են մոխրից հենց իրենց մայր հայրենիքում: Նրանց թիւը կ՛աճի, եթէ փչես այդ անթեղուած կրակի վրայ: Կրակ, որ պէտք է փայփայել: Մի անգամ էլ դուք փորձէք…
Տիգրանակերտ
garodsasunian@gmail.com
«Ակունք»
ԿԱՐՕՏ ՍԱՍՈՒՆԵԱՆ, Դիարբեքիրում բնակուող սասունահայ