
Սամցխէ-Ջաւախքի եւ Քուեմօ-Քարթլիի Հայկական հասարակական կազմակերպութիւնների խորհուրդը ողջունում է Յունիսի 27ին Վրաստան ԵՄ ասոցացման համաձայնագրի ստորագրումը:
Վրաստանի կողմից Բրիւսելում, Եւրոմիութեան գագաթաժողովի ժամանակ ստորագրուած ասոցացման համաձայնագիրը մեծ դռներ է բացում մեր երկրի առաջ, քանզի ակնյայտ է, որ Վրաստանը իր վրայ է վերցնում մեծ բարեփոխումներ կատարելու պատասխանատուութիւն, ինչը առնչուելու է երկրի բոլոր բնագաւառներին:
Մեր խորհուրդը մշտապէս դրական է արտայայտուել Վրաստանի եւրոինտեգրման գործընթացին, քանզի եւրոպական սկզբունքները հոգեհարազատ եւ ընդունելի են Սամցխէ-Ջաւախքի հայ ազգաբնակչութեան համար: Մեր ժողովուրդը իր ապագան տեսնում է եւրոպական ընտանիքում, որտեղ չի լինելու ոչ մի տեսակ խտրականութիւն:
Սամցխէ-Ջաւախքի հայ ազգաբնակչութիւնը յոյս ունի, որ Եւրոպական ուղին բռնած Վրաստանը անպայման հաշուի է առնելու իր հայաբնակ շրջանի քաղաքացիների պահանջները, որոնք բխում են եւրոպական սկզբունքներից եւ Վրաստանի շահերից:
Մեր պահանջները մշտապէս եղել են.
1. Հայոց լեզուին տարածաշրջանային կարգավիճակի շնորհումը Վրաստանի կողմից.
2. Ջաւախքի բոլոր քաղաքներին ինքնիշխան ապակենտրոն կարգավիճակի շնորհում.
3. Հասարակական, կրօնական, մշակութային, ուսումնական հաստատութիւնների նկատմամբ խտրական քաղաքականութեան վերացում.
4. Ուժային մարմինների կողմից ապօրինի վերահսկողութեան եւ միջամտութիւնների վերացում.
5. Վիճելի համարուող եկեղեցիների վերադարձ.
6. Հայ-վրացական համալսարանի ստեղծում.
7. Սամցխէ-Ջաւախքի ազգային դիմագծի արհեստական փոփոխութեան ջանքերին ուղղուած ապօրինի գործունէութեան դադարեցում։
Սամցխէ-Ջաւախքի եւ Քուեմօ-Քարթլիի Հայկական հասարակական կազմակերպութիւնների խորհուրդի պահանջները արդար են եւ բխում են հայ հասարակութեան պահանջներից: Տուեալ պահանջները ոչ միայն չեն հակասում եւրոպական արժէքներին եւ այդ ուղին բռնած երկրի ազգային ու պետական շահերին, այլ հակառակը՝ դրանց ընդունումը Վրաստանը կը դարձնի ազատ, անկախ ու ժողովրդավարական երկիր, որի ապագան միայն ու միայն Եւրոպական միութեան լիիրաւ անդամակցութեան մէջ է:
ՍԱՄՑԽԷ-ՋԱՒԱԽՔԻ ԵՒ ՔՈՒԵՄՕ-ՔԱՐԹԼԻԻ ՀԱՅԿԱԿԱՆ
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԻՒՆՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ