Շարունակելով հումանիտար ու հասարակական գիտութիւնների ասպարէզում Հայաստանում առկայ ճգնաժամի յաղթահարման ուղիների փնտռտուքը, «Վէմ»ի թիւ 2ի Խմբագրականում վերլուծութեան է ենթարկուել խորհրդային-ամբողջատիրական մտածողութիւնից ժառանգութիւն մնացած եւ հայ պատմագիտական մտքի առաջընթացը կաշկանդող այսպէս կոչուած՝ «օբյեկտիւիստական» պատմաճանաչողութիւնը, որով այսօր էլ առաջնորդւում է հայաստանեան հետազօտողների գերակշիռ մասը: Ցոյց է տրուել, որ բնագիտութեանը բնորոշ մեթոդաբանութեան մեխանիկական իւրացման միջոցով 19րդ դարի կէսերին ձեւաւորուած եւ մարքսիզմի «խողովակով» հայ պատմագիտութեանը փոխանցուած ճանաչողական նման ելակէտը որեւէ կապ չունի գիտակցութեամբ ու կամքով օժտուած մարդկանց գործողութիւններն ուսումնասիրող պատմական գիտութեան հետ եւ բացարձակապէս սնանկ է: Զուգահեռաբար՝ «Հիմնաքարեր» բաժնում հրապարակուող «Պատմութեան գաղափարը Եոհան Դրոյզենից մինչեւ Ռոբին Քոլինգուուդ» ուսումնասիրութեան միջոցով «Վէմ» հանդէսը սկսել է գիտական պատմութեան՝ պատմագիտութեան ձեւաւորման ու զարգացման յաջորդական հանգրուանների ներկայացումը, ինչը թոյլ է տալիս արդի հայ հետազօտողին մտովի վերապրելով այդ բարդ պրոցեսը՝ յաղթահարել ներկայումս իրեն բաժին ընկած խիստ պարզունակ ճանաչողական փակուղիները:
Առաջին համաշխարհային պատերազմի 100ամեակի առիթով հանդէսի երկրորդ համարում շարունակուել են ինչպէս ժամանակի մթնոլորտը վերակենդանացնող (Սուսաննա Գ. Յովհաննիսեան), այնպէս էլ Մեծ Եղեռնի հետեւանքները քննող (Իշխան Գ. Չիֆթճեան) հրապարակումները:
«Վէմ»ի հիմնական բաժիններում տպագրուած ուսումնասիրութիւններից ուշագրաւ ու միաժամանակ՝ խիստ արդիական է ճանաչուած հնագէտ, Արցախի Տիգրանակերտի հետազօտութեան արշաւախմբի ղեկավար Համլէտ Լ. Պետրոսեանի արցախեան պատկերաքանդակներին նուիրուած հրապարակումը: Պատճառն այն է, որ վերջերս «պեղելով, ակադեմիկոս Յովսէփ Օրբելու՝ Սանկտ-Պետերբուրգում գտնուող ժառանգութեան մասունքները, ադրբեջանցի հետազօտողները սկսել են օգտագործել ականաւոր հայ գիտանականի հարցադրումները՝ իրենց տխրահռչակ «աղուանական» համադրոյթի հիմնաւորման համար»:
Հանդէսի 2014 թուականի երկրորդ համարի «Լրատու» բաժնում տեղ են գտել անցած ամիսներին համապատասխանաբար՝ Փարիզում ու Բէյրութում վախճանուած ֆրանսիացի ականաւոր պատմագէտ Ժակ Լը Գոֆի եւ Սփիւռքի գրական կեանքի յենասիւներից մէկի՝ Պօղոս Սնապեանի գիտական վաստակն ամփոփող յօդուածներ:
Մեծ հետաքրքրութեամբ է ընթերցւում նաեւ իսրայէլցի ժամանակակից պատմաբան Եաիր Աուրոնի «Անընդունելի անտարբերութիւն. սիոնիզմը եւ Հայոց Ցեղասպանութիւնը» գրքի ընդարձակ գրախօսականը (Արմէն Ց. Մարուքեան): Բացայայտւում է հրեայ հետազօտողի հարցադրումների խորքային շերտը, որն այդպէս էլ չի ընկալուել որոշ հարցերում թուրքական պատմագրութեան դրոյթները կրկնած այս աշխատութեան հեղինակին Հայաստանում «երկինք բարձրացնող» մտաւորականների ու պատմաբանների կողմից:
«Վէմ»ի թիւ 2ում զգալիօրէն աւելացել է նաեւ ՀՅԴ պատմութեան վաւերագրերի հրապարակումը: Դրանցից արդիական հնչեղութիւն ունեն յատկապէս 1917-1918 թուականներին հայ-ռուսական փոխգործակցութեան խորացման նպատակով Ռուսաստանում բուռն գործունէութիւն ծաւալած, բայց խորհրդային իշխանութիւնների կողմից որպէս պատանդներ ձերբակալուած դաշնակցական գործիչներ Յակոբ Զաւրեանին (Զաւրիեւ) եւ Լիպարիտ Նազարեանին վերաբերուող փաստաթղթերը (Վլադիմիր Ն. Ղազախեցեան):
© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.