ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Տո՜ւր ինծի, Տէ՜ր, ուրախութիւնն անանձնական,
Ճրագներու պէս զայն բոցեմ բազմաստեղնեան՝
Խաւարին մէջ ամէն երդ ու խրճիթներու:
Սարգիսեան եղբայրներն իրաւամբ առաքեալներ են, ովքեր երբեւէ չեն շեղուել ուղուց՝ վկայելով, որ անհնարինը հնարաւոր է, եթէ կայ գաղափար: Նրանց առաջնորդել է մեր ազգի յարատեւութեան համար ի վերուստ տրուած լոյսը. նրանց էլ տրուած էր յաւերժի կանթեղը օտարութեան մէջ վառ պահելու շնորհը: Կանթեղ, որ լուսաւորել է տասնամեակներ շարունակ՝ սերունդների սրտերում բոցավառելով ու պահպանելով ազգայինը: Սարգիսեան եղբայրներն Իսկական են, քանզի պատմութիւն են կերտել՝ հաւատալով իրենց տեսլականին, եւ իրենց գործով ոգեշնչել են նաեւ շրջապատին: Շուրջ քառասուն տասնամեակ նրանց յաջողուել է քաջալերել եւ ուղղորդել սերունդների:
Խաժակ եւ Ժիրայր Սարգիսեանների հետ հանդիպումը կեանքում պատահած անմոռանալի ակնթարթներից է, երբ զգացողութիւններն անիրական են թւում: Նրանք մարմնաւորում են Հայի ոգին ու էութիւնը, կրում են մեր նախնիների շունչն ու յարատեւելու մեր անկոտրում կամքը: Սարգիսեան եղբայրները ճառագում էին յոյսով ու հաւատով առ մեր լուսաւոր ապագան, եւ նրանց խօսքն է, որ որպէս պատգամ պէտք է առաջնորդի մեզ, յուշի մեր առաջնահերթութիւնները, քանզի նրանք մեր պատմութիւնը կերտողներից են:
Խաժակ եւ Ժիրայր Սարգիսեանների հետ հարցազրոյցս տեղի է ունեցել մէկ տարի առաջ Նապա հովտում, որտեղ մեզ ուղեկցել էր Սան Ֆրանսիսկոյի իմ գործընկերը, համայնքի վաստակաշատ ներկայացուցիչ Նուպար Տէմիրճեանը: Երկու ժամում ամփոփուած մեր հանդիպումն այնքան լիցքեր ու ոգեւորութիւն պարգեւեց, որ այսօր, պատրաստելով զրոյցը, կրկին նոյն զգացողութիւններն ունեմ՝ ես ուժեղ եմ եւ կարող ու հաւատում եմ Իմ ազգի յարատեւութեանը…
Սկիզբը…
Խաժակ եւ Ժիրայր Սարգիսեանները ծնուել են Բէյրութում: Ազգային միջավայրում է անցել նրանց մանկութիւնը, պատանեկանութեան շրջանում ձեւաւորւում է հայրենասէրի ոգին: Սարգիսեան եղբայրները յաճախում են Կենտրոնական Բարձրագոյն վարժարան, Հայկազեան քոլեջ: Մանկուց անդամակցում են ՀՄԸՄին, այնուհետեւ՝ ՀՅ Դաշնակցութեանը: «Մենք ունեցել ենք լաւ ուսուցիչներ, ովքեր մեզ ուղղորդեցին ու կրթեցին ազգային գիտակցութեամբ», երախտագիտութեամբ նշում են եղբայրներրը: Հայապահպանումն ու հայկական հարցերի արծարծումը դառնում է Սարգիսեանների կեանքի անքակտելի մասը նաեւ Միացեալ Նահանգներում, որտեղ նրանք գտնելով համախոհներ՝ սկսում են ստեղծարար գործունէութիւնը: Նրանք ակտիւօրէն մասնակցում են Սան Ֆրանսիսկոյում հայ համայնքի ձեւաւորմանը, միաժամանակ՝ տարբեր միջոցներով աջակցում են Հայաստանին: Երկու եղբայրների պատմութիւնը Միացեալ Նահանգների արեւմտեան այս շրջանում հայ համայնքի ձեւաւորման ու ինքնակազմակերպման պատմութիւնն է նաեւ:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Համայնքի ձեւաւորումը։
ԽԱԺԱԿ ՍԱՐԳԻՍԵԱՆ.- Սան Ֆրանսիսկօ եկայ ուսման նպատակով, եւ USF համալսարանում սովորելուն զուգընթաց ակտիւօրէն սկսեցի առնչուել այն ժամանակ դեռ փոքրաքանակ հայ համայնքի հետ՝ շարունակելով այն, ինչ անում էինք Լիբանանում, ձեռնամուխ լինելով նոր աշխատանքների: Տարբեր երկրներից հաւաքուած ուսանողների երեսուն հոգիանոց խմբով հիմնեցինք Սան Ֆրանսիսկոյի «Նիկոլ Աղբալեան» ուսանողական կոմիտէութիւնը 1974ին, եւ նոյն խմբով ձեռնամուխ եղանք համայնքում կազմակերպչական այլ գործերի: Նախաձեռնեցինք մեր շրջանում առաջին շաբաթօրեայ դպրոցը, որ գործեց շուրջ 15 տարի, որին յաջորդեց Գռուզեան-Զաքարեան-Վասպուրական վարժարանի հիմնադրման ծրագիրը: Սա համարում եմ մեր փոքր համայնքի ամենամեծ իրագարծումներից, որ իրականացաւ բարերարների եւ անշուշտ համայնքի աջակցութեամբ: 30 տարուց աւելի գործող այս դպրոցի շրջանաւարտները կարողացել են իրենց բարձրագոյն կրթութիւնը շարունակել լաւագոյն համալսարաններում, եւ ամենակարեւորը՝ մասնակիցն ու շարունակողն են դարձել մեր գործի: Գաղափարակից ընկերների ջանքերով մեր կոմիտէն մասնակցեց Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցու շինութեանը, Համազգային Հայ մշակութային ու կրթական միութեան մասնաճիւղի հիմնադրմանը, ՀՄԸՄի մասնաճիւղի ստեղծմանն ու տարբեր աշխատանքներով նպաստեց մեր համայնքի կազմաւորմանն ու բարգաւաճմանը: Ես անձնապէս մասնակից եմ եղել նշուած բոլոր ձեռնարկումներին:
Մեր կոմիտէութիւնը նախաձեռնեց նաեւ Հայ Դատի յանձնախմբի ստեղծումը, որ ամենաակտիւներից էր Արեւմտեան շրջանում: Ես՝ կենտրոնական, շրջանային եւ տեղական յանձնախմբերի անդամ եմ եղել, քանի որ հաւատում էի այս գործին: Օրինակելի կազմ ենք ունեցել, քաղաքական մեր կապերով մշտապէս Հայ Դատի հարցերը ներկայացրել ենք հանրութեանը՝ թէ՛ հայերին, թէ՛ օտարներին: Ուրախ եմ, որ այսօր Հայ Դատի յանձնախմբերում ներգրաւուած են երիտասարդներ, ովքեր աշխուժօրէն շարունակում են գործունէութիւնը, նոյն եռանդով, ինչ մենք 40 տարի առաջ, երբ հիմնեցինք Վաշինգտոնի գրասենեակը, շրջանային յանձնախմբերը: Դժուար պայքար է, բայց չպէտք է ընկրկենք եւ շարունակենք այն թափով, որ սկսել ենք եւ վստահաբար կը հասնենք բաղձալիին:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Հայութեան առջեւ ծառացած մարտահրաւէրները, ռազմավարական առաջնահերթութիւնները:
ԽԱԺԱԿ ՍԱՐԳԻՍԵԱՆ.- Հայոց Ցեղասպանութեան ճանաչման հարցը համայն հայութեան օրակարգի առաջնահերթութիւններից է: Ինձ համար այս օրերին, ամենամտահոգիչը Հայաստանի իրավիճակն է: Մենք այլընտրանք չունենք, բացի մեր հայրենիքին զօրավիգ լինելուց, մեր երկիրը մեր վերջին կայանն է: Ես անկեղծօրէն չեմ հաւատում, որ Սփիւռքը երկար կեանք ունի, պատմութիւնն է դա մեզ փաստել, մեր շուրջն ենք տեսնում դա՝ օրեցօր ձուլումը, լեզուի, մշակոյթի կորուստը: Լոս Անջելեսում դեռ համայնքային կեանքն աշխոյժ է, ինչը չես ասի այլ քաղաքների մասին, օրինակ՝ Սան Ֆրանսիսկոյի, որ սրանից 50 տարի առաջ բաւական կենսունակ էր, մինչ այսօր իրավիճակն այլ է: Անկեղծ պէտք է լինենք՝ որպէս ազգ եւ ժողովուրդ, մեր փրկութեան յոյսը Հայաստանն է, ուստի պէտք է խորհենք, թէ ինչպէս պէտք է օգտակար լինել, ինչպէս անել, որ մարդիկ չհեռանան Հայաստանից: Այստեղ, մենք ազգային վարժարան մէկ հայ աշակերտ բերելու համար տարբեր զոհողութիւնների ենք գնում, իսկ հայրենիքից շարունակում են հեռանալ: Դժբախտաբար մենք հարցեր ունենք այսօր Հայաստանում, որ մենք մեր ձեռքով ստեղծեցինք. «այսպէս ասած» ղեկավարութիւնը ստեղծեց մի իրավիճակ, երբ պետութիւն-ժողովուրդ կապը խզուած է, եւ արդիւնքում մարդիկ լքում են երկիրը: Կարծում եմ, հարիւրամեակի նպատակը պէտք է լինի Հայաստանի ապահովութիւնն ու զարգացումը եւ միայն այս կերպ կարող ենք ասել, որ կանք ու կը լինենք: Իւրաքանչիւր հայ պէտք է պարտաւորութիւն ունենայ հայրենիքի հանդէպ: Սա է մեր ազգային առաջնահերթութիւնը:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Սան Ֆրանսիսկոյի հայ համայնքն այսօր։
ԽԱԺԱԿ ՍԱՐԳԻՍԵԱՆ.- Սան Ֆրանսիսկոյի համայնքն առաջիններից էր, որտեղ բոլոր կազմակերպութիւնները՝ դպրոցը, եկեղեցին, կուսակցութիւններ ու տասնեակ միութիւններ համերաշխ համակեցութիւն ստեղծեցին տարիների ընթացքում: Տարաձայնութիւններ երբեմն եղել են, սակայն կարողացել ենք յաղթահարել, ինչի շնորհիւ բազմաթիւ իրագործումներ են եղել: Դրանց թւում, ամենաազդեցիկ ձեռնարկներից էր Դէյվիդսըն լերան վրայ 103 ոտաչափ բարձրութեամբ խաչ-յուշակոթողի տեղադրում՝ նուիրուած Հայոց Ցեղասպանութեանը: Սան Ֆրանսիսկոն լինելով տարբեր փոքրամասնութիւնների ու այլախոհների քաղաք շատ բազմատարր է ու զբաղուած, սակայն երբ խօսքը վերաբերում է ազգայինին՝ համախմբւում ենք: Մեր ձեռքբերումներից է Բըրքլիի հեղինակաւոր համալսարանում նուիրեալների աջակցութեամբ հայագիտական ամբիոնի բացումը, որի տնօրէնն է Ստեփան Աստուրեանը: Մեր համայնքի վառ ներկայացուցիչներ Ստեփան Գարամարտեանն ու Արմէն Տէր Կիւրեղեանը Հայաստանի Ամերիկեան համալսարանի համահիմնադիր անդամներն են: Այս հաստատութիւնը, որ բնոյթով միակն է տարածաշրջանում, ինքնին հրաշք էր, եւ այսօր պրոֆեսոր Տէր Կիւրեղեանը, ով դասախօսում էր Բըրքլիի համալսարանում եւ նշանակուել է նաեւ որպէս համալսարանի նախագահ: Մեր համայնքում է գործում նաեւ ԲԱՖԱ (BAFA) բարեսիրական կազմակերպութիւնը, որը տարիներ շարունակ մեծապէս օգնում է Հայաստանին՝ հոգալու կարիք ունեցողների առողջապահական, կրթական եւ սոցիալական կարիքները:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Սերնդափոխութիւն։
ԽԱԺԱԿ ՍԱՐԳԻՍԵԱՆ.- Ես, եղբայրս, մեր սերունդը ջանում է ամէն կերպ օգնել եւ ուղղորդել երիտասարդներին: Դժուարութիւններ ի հարկէ կան, բայց դրանք բոլորի համար են, կարեւորը, որ կարողանանք չկորցնել մեր նպատակակէտը եւ ինքնակազմակերպուած շարունակենք աշխատել:
«Մեր ուժը յոյսն է: Առանց յոյս ունենալու ոչինչ չենք կարող անել», զրոյցին է միանում Ժիրայր Սարգիսեանը: Սան Ֆրանսիսկոյի համայնքի ակնառու գործիչներից լինելով, նա նաեւ ՀՄԸՄի մեծ նուիրեալ է, ով հաւատում է, որ օրինակելի հայ առաջնորդն է թրծում ազգային գիտակցութիւն ու ապագայի տեսլական ունեցող սերունդ:
ԺԻՐԱՅՐ ՍԱՐԳԻՍԵԱՆ.- Իմ պատմութիւնն ու Խաժակի պատմութիւնը նոյն ծագումն ունեն: Մայրս, երիտասարդ հասակում այրիանալով, այդուհանդերձ ջանք չի խնայել, որ մեծանանք հայկական միջավայրում: Ինքն էլ լինելով Հայ Օգնութեան Միութեան անդամ եւ հայ եկեղեցու հետեւորդ, մշտապէս քաջալերել է մեզ մաս կազմելու ազգային կառոյցների, քանզի հաւատում էր, որ միայն առողջ միջավայրում է անհատ թրծւում: Իմ հետաքրքրութիւնը միշտ առաւել ուղղուած է եղել ՀՄԸՄի գործունէութեանը: Սկաուտական տարազը մանկութիւնից հրապուրել է ինձ, որ այնուհետեւ դարձաւ իմ կեանքի ուղիներից: Տարիների ընթացքում սկաուտական եւ մարզական տարբեր պատասխանատուութիւններ եմ ստանձնել, եղել եմ ՀՄԸՄի Արեւմտեան Ամերիկայի Շրջանային վարչութեան, Կեդրոնական վարչութեան անդամ, փոխատենապետ: Այս կազմակերպութիւնը գործով է ապացուցել կոչումը՝ դաստիարակել հոգով եւ մտքով առողջ, ազգային գիտակցութեամբ երիտասարդներ, նաեւ՝ ապահովել արժանի սերնդափոխութիւն: Այս առումով հրամայականներից է ունենալ հաւաքատեղիներ, մարզասրահներ, որոնք կը ծառայեն նաեւ որպէս ազգային միջավայր մեր երիտասարդների համար: Այս առումով, ՀՄԸՄի Սան Ֆրանսիսկոյի մասնաճիւղը միշտ եղել է առաջատար՝ ազգային ոգին բարձր պահելով տասնամեակներ շարունակ:
Տեղեկանք.- Ժիրայր Սարգիսեանի նուիրատուութեամբ հնարաւոր է դարձել ՀՄԸՄի Սան Ֆերնանդոյի «Մասիս» մասնաճիւղի նոր մարզադաշտի կառուցումը, որը կրում է «Ժիրայր Եւ Սրբուկ Սարգիսեան» անունը:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- «Երանելի՜ է մանաւանդ տալը, քան՝ առնելը»։
ԺԻՐԱՅՐ ՍԱՐԳԻՍԵԱՆ.- Երիտասարդութիւնն իր խօսքն ունի ասելու, եւ նրանց համար հնարաւորութիւններ ստեղծելն անհրաժեշտութիւն է: Ինչպէս մեր դէպքում, թէեւ չունէինք մեծ հաւաքատեղիներ, սակայն ունէինք հոգածու ղեկավարներ, ովքեր մեզ ճանապարհ ցոյց տուեցին: Առանց նրանց մենք չէին լինի այն, ինչ կանք. թերեւս անձնապէս կը յաջողէինք, բայց ազգային հաւաքական հարցերում չէինք լինի: Չպէտք է գոհանանք նրանով, ինչ ունենք, այլ հնարաւորութիւններ պէտք է ստեղծենք, որ նոր սերունդներն իրենց խօսքն ասեն: Այս դէպքում, ոչ թէ տալիս, այլ առնում ես իրենցից, մեր մանուկներից ու պատանիներից: Ստեղծելով նրանց համար պայմաններ, միջավայր, որտեղ միասին կը մեծանան, մենք ենք ստանում աւելին:
Դա հաւաքական ներքին բաւարարուածութիւն է բերում նաեւ, առանց որի մարդ արարածը կը դառնայ անձնակենտրոն եւ կը մաշուի օտարութեան մէջ: Այդ մաշումը հնարաւոր կը լինի կանխել, կամ զսպել մեր կազմակերպութիւններին մօտ լինելու միջոցով՝ դպրոց, եկեղեցի, կուսակցութիւն, միութիւններ, որոնք միասին մեր էութիւնն են կազմում:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Որպէս վերջաբան…
ԺԻՐԱՅՐ ՍԱՐԳԻՍԵԱՆ.- Հայութիւնը պէտք է համախմբուի Հայաստանի շուրջ, եւ դա պէտք է դառնայ մեր նպատակը: Կարողանալ հայրենիքին հոգեպէս, ֆիզիքապէս, տնտեսապէս ամէն ձեւով օժանդակել եւ կապը պահել: Դրանից բացի, չեմ կարծում, որ ցանկալի այլ հեռանկար կարելի է ապահովել համայն հայութեան համար:
ԽԱԺԱԿ ՍԱՐԳԻՍԵԱՆ.- Եթէ Հայաստանն ուժեղ լինի, կարողանայ Սփիւռքին շունչ տալ եւ Սփիւռքը գուցէ եւս որոշ ժամանակ գոյատեւի, բայց կարեւորը հայրենիքի բարօրութիւնն է: Հասկանալի է, որ բազմաթիւ մարտահրաւէրներ կան, բայց միասին կարող ենք ոտքի հանել մեր հայրենիքը դժուար կացութիւնից, որպէսզի մենք էլ ուժ ստանանք, քանզի եթէ չկայ ազգայինի պահպանման ձգտումը յանուն Հայաստանի՝ անիմաստ է դառնում ամէնը: Մեր միակ փրկութիւնը հայրենիքն է, եւ պէտք է համախմբուենք այն զարգացնելու համար, եւ սա ամենահրատապ խնդիրն է, չենք կարող այս հարցի շուրջ մտածել նոյնիսկ երկու տարի յետոյ, քանզի ուշ կը լինի: Կամ հիմա՛, կամ երբե՛ք…