ՀԵՆՐԻԿ ԱՆԱՍԵԱՆ
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ
Մարտի 13ին Գլենդելի «ALEX» թատրոնում տեղի է ունենալու Արցախի Հանրապետութեան Կամերային (սենեկային) նուագախմբի համերգը: Եւ որովհետեւ մեր համայնքի երաժշտասէր հասարակայնութեանը ծանօթ չէ այդ խումբը, նուագախմբի ղեկավարութիւնը նպատակայարմար է գտել մեզ ուղարկել ներքոյ հաղորդագրութիւնը՝ հայ մամուլի միջոցով հասարակութեանը ծանօթացնելու տասնամեայ նուագախմբի գործունէութեանը եւ շնորհալի խմբավար Գէորգ Մուրադեանին:
«ԱՐՑԱԽ» ՍԵՆԵԿԱՅԻՆ
ՆՈՒԱԳԱԽՈՒՄԲ
«Արցախ» սենեկային նուագախումբը ստեղծուել է Արցախի Հանրապետութեան կողմից, 2004 թուականի Մարտի 16ին: Յաջորդ օրն իսկ, նուագախմբի տնօրէն է նշանակուել կոմպոզիտոր եւ դաշնակահար Սիմոն Սարգսեանը: Նուագախումբն իր այսօրուայ կազմով ամբողջացել է նոյն տարուայ աշնանը, եւ որպէս ղեկավար է հրաւիրուել փորձառու դիրիժոր-խմբավար Գէորգ Մուրադեանին՝ Երեւանից: Նա իր հետ Արցախ է բերում նաեւ լարային գործիքներ նուագող շնորհալի երաժիշտների:
«Արցախ» նուագախումբը մշտապէս ելոյթներ է ունենում Հայաստանի, Ամերիկայի եւ Եւրոպայի յայտնի երաժիշտների հետ: Բաւականին հարուստ է նուագախմբի կատարած ստեղծագործութիւնների ցանկը: Նրա ծրագրերում ընդգրկուած են ինչպէս հայկական հին տաղեր ու շարականներ (Շնորհալի, Նարեկացի), այնպէս էլ հայ կոմպոզիտորների բազմաթիւ ստեղծագործութիւններ (Կոմիտաս, Եկմալեան, Խաչատուրեան, Բաբաջանեան, Միրզոյեան եւ այլն):
Նուագախմբի երգացանկի մէջ են նաեւ արեւմտաեւրոպական երաժշտութեան հանճարները՝ Բախ, Մոցարտ, Բեթհովեն, Հայդն, Շտրաուս, Բիզէ եւ այլն: Նուագախումբը համերգներ է տալիս ոչ միայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան մայրաքաղաք Ստեփանակերտում, այլեւ ողջ տարածաշրջանում՝ Շուշի, Վանք, Հադրութ, Մարտունի, Մարտակերտ, ինչպէս նաեւ Երեւանում: 2012թ. նուագախումբը համերգներ է տուել Նորուեգիայում, 2013ին՝ Մոսկուայում:
ԳԷՈՐԳ ՄՈՒՐԱԴԵԱՆ՝
ՆՈՒԱԳԱԽՄԲԻ ԳԵՂԱՐՈՒԵՍՏԱԿԱՆ
ՂԵԿԱՎԱՐ ԵՒ ԴԻՐԻԺՈՐ
«Արցախ» նուագախմբի ղեկավար Գէորգ Մուրադեանը ծնուել է 1947թ. Երեւանում: Օպերային-սիմֆոնիկ դիրիժորի մասնագիտութիւնը ձեռք է բերել Երեւանի Կոմիտասի անուան պետական երաժշտանոցում: 1974-90թթ. ղեկավարել է Հայաստանի ռադիոյի եւ հեռուստատեսութեան պետական կոմիտէի սիմֆոնիկ նուագախումբը: Այդտեղ է ձայնագրել հայ կոմպոզիտորների բազմաթիւ ստեղծագործութիւններ: 1986-87թթ. վերապատրաստուել է Վիեննայի երաժշտական ակադեմիայում:
1991ից ղեկավարել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նուագախումբն ու ֆիլհարմոնիկ երգչախումբը: Նրա ղեկավարութեամբ երգչախումբը կատարել է Մոցարտի, Վերդիի, Բեռլիոզի ռեքուիէմները, Հենդելի մեսսիան, Բեթհովենի 9րդ սիմֆոնիան եւ հայ կոմպոզիտորների բազմաթիւ վոկալ ստեղծագործութիւններ:
Գէորգ Մուրադեանը ղեկավարել է նաեւ Ս. Էջմիածնի Մայր տաճարի եւ Ս. Գէորգ եկեղեցու երգչախմբերը: Գէորգ Մուրադեանը որպէս օպերային դասարանի ղեկավար, առաջամարտիկներից է ոչ միայն Երեւանի պետական երաժշտանոցում, այլեւ Եւրոպայի մի շարք երաժշտանոցներում:
2009 թուականին Գէորգ Մուրադեանին շնորհուել է Արցախի Հանրապետութեան վաստակաւոր արտիստի կոչում:
ՀԱՄԵՐԳԻ ԾՐԱԳԻՐԸ
Մարտի 13ին Գլենդելի «Ալեքս» թատրոնում կայանալիք Արցախի Հանրապետութեան սենեկային նուագախմբի նախանձելիօրէն հարուստ ծրագրից այդ օրը կը կատարուեն ինչպէս հայկական հին տաղեր ու շարականներ, այնպէս էլ հայ կոմպոզիտորների ստեղծագործութիւններ: Դասական կոմպոզիտորներից այդ համերգին կը հնչեն օպերային արիաներ:
Բաւականին ուշագրաւ է այն փաստը, որ նուագախմբի ղեկավար Գէորգ Մուրադեանը հաշուի է առնում ժամանակակից երաժշտասէրի ճաշակն ու ըստ այնմ էլ նուագախմբի համար ընտրում է ստեղծագործութիւններ, որոնք լայն տարածում ունեն ազնիւ երաժշտութեան սիրահարների շրջանում:
Վերջին տարիներին բազմատեսակ երաժշտախմբեր յաճախ են կատարում արգենտինացի կոմպոզիտոր Պիացոլլայի եւ իսպանացի կոպոզիտոր Ռոդրիգեսի գործերը: Դրանք մեծ տարածում ունեն աշխարհում: «Արցախ» նուագախմբի համերգին կը հնչեն Պիացոլլայի նշանաւոր «Տանգօ»ն, ամէնքին յայտնի «Կնոջ Բոյրը» կինոնկարից, որի գլխաւոր դերում հանդէս է գալիս հանճարեղ Ալ Պաչինօն: Համերգում կը կատարուի նաեւ Ռոդրիգեսի «Կոմպարսիտա» պարը: Համերգը կ՛աւարտուի Եոհան Շտրաուսի նշանաւոր «Radetzky March» քայլերգով:
ՄԵՆԱԿԱՏԱՐՆԵՐԸ
Արցախի Հանրապետութեան «Արցախ» սենեկային նուագախմբի համերգին հանդէս կը գան երեք մենակատարներ.
Իրինա Զաքեան.- Ծնուել է Գիւմրիում: Աւարտել է Երեւանի պետական երաժշտանոցի վոկալ-երգեցողութեան բաժնի դասատու Նելլի Փիրումովայի դասարանը: Որպէս օպերային երգչուհի, Իրինա Զաքեանը մշտապէս ելոյթներ է ունենում Հայֆիլհարմոնիայի եւ օպերային թատրոնի սիմֆոնիկ նուագախմբերի հետ: Յաճախ երգչուհին ելոյթներ է ունենում օտար բեմերի վրայ: Եղել է Միացեալ Նահանգներում, Կանադայում, Իտալիայում, Իսպանիայում, Գերմանիայում, Չինաստանում եւ այլուր: Իրինա Զաքեանը ելոյթներ է ունեցել բազմաթիւ հայ եւ օտարազգի դիրիժորների հետ: Մասնակցել է միջազգային բազմաթիւ մրցոյթների: Երգչուհու յայտագրում են արեւմտաեւրոպական կոպոզիտորների բոլոր նշանաւոր օպերաները:
Լիլիթ Պետրոսեան.- Սկզբում հանդէս է եկել որպէս դաշնակահարուհի, այնուհետեւ տարուել է երգարուեստով: Ծնուել է Հայաստանում: 1994ին աւարտել է Ալ. Հեքիմեանի անուան երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժինը: 2003ին աւարտել է Երեւանի Սայաթ Նովայի անուան երաժշտական դպրոցի վոկալ-երգեցողութեան բաժինը: Լիլիթ Պետրոսեանը իր երգեցողական-արտիստական գործունէութիւնը սկսել է «Արցախ» նուագախմբում:
Արսէն Պետրոսեան.- Դուդուկահար, մենակատար: Աւարտել է Երեւանի պետական երաժշտանոցի ժողովրդական երաժշտութեան բաժնի Գէորգ Դաբաղեանի դասարանը: Ներկայումս սովորում է ասպիրանտուրայում, պրոֆեսոր դառնալու մտադրութեամբ: Անցեալ տարի իր մենահամերգում կատարել է Հենրիկ Անասեանի Դուդուկի կոնցերտը՝ դաշնամուրի նուագակցութեամբ: Ընդառաջելով իր խնդրանքին, հեղինակը նուագախմբային նուագակցութիւնը փոխադրել է դաշնամուրի նուագակցութեան:
Հենրիկ Անասեանի Դուդուկի կոնցերտը՝ նուագախմբի հետ, նախապէս կատարուել է Կարակասում, Վենեզուելա (մենակատար՝ Պեդրօ Եուստաչէ), այնուհետեւ՝ Երեւանում, երկու անգամ, մենակատար՝ Գէորգ Դաբաղեան: 2014ին կոնցերտը հնչել է Ռումինիայի բազմաթիւ քաղաքներում, ազգութեամբ ռումինացի Կոսմին Բալեանի (չշփոթել ԲԱ-ԼԵԱ-ՆԻ հետ) կատարմամբ։
Հենրիկ Անասեանի Դուդուկի կոնցերտը՝ նուագախմբի հետ, Լոս Անջելեսում կատարուելու է առաջին անգամ: