«Մոդդ Իւենց» հայ-ֆրանսիական կազմակերպութիւնը, որ զբաղւում է տարաբնոյթ ձեռնարկների կազմակերպմամբ՝ գրասենեակ բացեց նաեւ Լոս Անջելեսում: Մշակութային, սոցիալական, կորպորատիւ (ընկերակցական-Խմբ.) միջոցառումների, այդ թւում՝ հարսանեաց հանդէսների եւ ինսենթիւ (քաջալերական-Խմբ.) այցերի կազմակերպում, միջազգային բիզնես նախագծեր, եւ այլ ծառայութիւններ «Մոդ Իւենց»ը իրականացնում է միջազգային չափանիշներին համապատասխան:
«Ստեղծագործ եւ համարձակ» կարգախօսով, Հոկտեմբերի 22ին Հոլիվուդում տեղի ունեցաւ «Մոդդ Իւենց»ի (Modd Events) ամերիկեան մասնաճիւղի բացումը, որի ընթացքում համահիմնադիրներն ու գեղարուեստական ղեկավարը ստեղծագործական մօտեցումներով ներկայացրին առաջարկուող ծառայութիւնները: Հարկ է նկատել, որ «Մոդդ Իւենց»ի իւրաքանչիւր նախագծում ակնյայտ է մանրամասներին յատուկ ուշադրութիւնը, ինչն էլ բացառիկ է դարձնում ամբողջական պատկերը:
«Մոդդ Իւենց»ի յաջողութեան գրաւականներից է մի քանի երկրներում գործող բազմամշակոյթ աշխատակազմը, որ համադրում է ազգայինն ու համաշխարհայինը՝ նորարարական լուծումներ առաջարկելով յաճախորդին: Հիմնելով Փարիզում, այնուհետեւ՝ մասնաճիւղեր բացելով Երեւանում, Մոսկուայում եւ այսօր արդէն Լոս Անջելեսում, «Մոդդ Իւենց»ի հիմնադիրներն ու աշխատակիցներն իրենց նախագծերն իրականացնելիս օգտւում են տարբեր մշակոյթների առանձնայատկութիւններից՝ համակցելով արդիականն ու աւանդականը:
«Մեր թիմում աշխատում են Ֆրանսիան, Հայաստանը, Ռուսաստանը եւ այժմ արդէն Ամերիկան ներկայացնող բարձրակարգ մասնագէտներ: Համակցելով ֆրանսիական նրբաճաշակութիւնը, հայկական ոգին, նաեւ ամերիկեան ազատութիւնը՝ յաճախորդներին առաջարկում ենք իւրատեսակ ծառայութիւններ: Մենք գրագէտ ենք մօտենում աշխատանքին, եւ ամենակարեւորը՝ գործում ենք մեծ սիրով», նշում է «Մոդդ Իւենց»ի ստեղծագործական տնօրէն Արտաշէս Դաւթեանը:
Լոս Անջելեսում «Մոդդ Իւենց»ը հիմնական գործունէութիւնից բացի, որոնց շարքում՝ համերգների, փառատօնների, շնորհանդէսների, ցուցահանդէսների կազմակերպում, ամերիկահայերին առաջարկելու է նաեւ ազգայինով համեմուած հարսանեաց հանդէսների իրականացում նաեւ Հայաստանում: «Ցանկանում ենք Միացեալ Նահանգներում էլ ներկայացնել մեր ձեռագիրը: Ուսումնասիրելով ոլորտը եւ ծանօթանալով տեղական առանձնայատկութիւններին՝ համոզուել ենք, որ ասելիք ունենք այստեղ եւ կարող ենք փոփոխութիւններ մտցնել գործող շուկայում: Մեզ օգնում է նաեւ այն հանգամանքը, որ մեր թիմում աշխատում են բազմաթիւ սփիւռքահայեր, ովքեր քաջատեղեակ են պահանջարկին, եւ դա մեզ օգնում է հասկանալու եւ գոհացնելու սփիւռքահայ յաճախորդին: Ամերիկայում բնակուող մեր հայրենակիցներին առաջարկելու ենք նաեւ տարաբնոյթ ձեռնարկների կազմակերպում եւ անցկացում հայրենիքում», տեղեկացրեց «Մոդդ Իւենց»ի համահիմնադիր եւ գործադիր տնօրէն Արմէնուհի Յարութիւնեանը: Անդրադառնալով կազմակերպութեան առանձնայատկութիւններին, նա նշեց, որ անհրաժեշտութեան դէպքում, աշխատանքին միանում են տարբեր երկրներում գործող գրասենեակների աշխատակիցները, եւ համատեղ ուժերով ստեղծուած արդիւնքը դառնում է աւելի հետաքրքիր, միաժամանակ՝ ժամանակակից ու իմաստալի:
Լոս Անջելեսում «Մոդդ Իւենց»ի ներկայացուցիչը Ազնիւ Հայթայեան Երիցեանն է, ով բարձր գնահատելով կազմակերպութեան աշխատանքը՝ սիրով համաձայնել է միանալ նրանց: «Վաղուց եմ ճանաչում «Մոդ Իւենց»ի հիմնադիրներին եւ Հայաստանում նոյնիսկ առիթ եմ ունեցել աշխատել նրանց նախագծերում: Առաջարկուող ծառայութիւնները բազմազան են՝ խոշոր կազմակերպութիւնների համար տարաբնոյթ ձեռնարկների՝ շնորհանդէսների, հանդիսութիւնների, համերգների անցկացումից մինչեւ հարսանիք, ծնունդ, կնունք: Այս ամէնը առաջարկուելու է նաեւ Ամերիկայի հայ համայնքին», տեղեկացնում է Ազնիւ Հայթայեան Երիցեանը: Նա ունի նաեւ ամուսնու՝ Տաճատ Երիցեանի աջակցութիւնը, ով կարծում է, որ կազմակերպութեան նպատակը նաեւ հայրենասիրական բնոյթի է: «Մոդդ Իւենց»ի գործունէութիւնը նաեւ քարոզչական, հայրենասիրական աշխատանք է: Ժամանակն է, որ Սփիւռքում համոզուեն, որ կարելի է Հայաստանից էլ գաղափարներ, ներուժ բերել եւ արդիւնաւէտօրէն կիրառել այստեղ եւ ոչ միայն հայրենիք տանել»:
«Մոդդ Իւենց»ի աշխատանքի որակի լաւագոյն վկայութիւնը կազմակերպութեան «կենսագրութիւնն» է, որ ներառում է պետական, մասնաւոր եւ անհատական մակարդակում բարձրակարգ ձեռնարկների անցկացում: «Մենք դարձել ենք շուկայում տրամադրուող ծառայութիւնների որակի չափանիշ, եւ դրա ապացոյցն է մեր պորտֆոլիոն (թղթապանակը-Խմբ.), որն իր մէջ ներառում է երկրի խոշորագոյն ընկերութիւնների կորպորատիւ ձեռնարկների, մշակութային միջոցառումների թիմակառուցողական նախագծերի, միջազգային բիզնես նախագծերի լաւագոյն դրուագներ: Բազմամեայ փորձը միանալով նորարարական գաղափարներին՝ տալիս է իւրայատուկ արդիւնք: Արհեստավարժ մասնագէտների մեր թիմը միշտ պատրաստ է գերազանցելու ձեր սպասումները», հաւաստիացնում են «Մոդ Իւենց»ի ղեկավարները:
«Մոդդ Իւենց»ի կազմակերպուած միջոցառումների ցանկում առանձնանում են Դիլիջանի միջազգային քոլեջի բացման հանդիսաւոր արարողութեան իրականացումը, Ուիլեամ Շեքսպիրի անուան թատերական փառատօնը, Ձիւդոյի Եւրոպայի երիտասարդական առաջնութիւնը եւ բազմաթիւ այլ միջոցառումներ:
© 2021 Asbarez | All Rights Reserved | Powered By MSDN Solutions Inc.