ԿԱՐՕ ԱՐՄԵՆԵԱՆ
Ատրպէյճանի կողմէ շղթայազերծուած վերջին յարձակողականը հայ-ատրպէյճանական շփման գծի արցախեան հատուածի երկայնքին պէտք է դիտել որպէս մէկ նոր փուլ Թուրքիա-Ռուսաստան առճակատումներու շղթային մէջ՝ թելադրուած Թուրքիոյ ռազմավարական առաջնահերթութիւններէն և թուրք-ատրպէյճանական առանցքի լիարժէք օգտագործմամբ։
Յստակ է, որ Սուրիոյ և Իրաքի ռազմաբեմերուն վրայ, Թուրքիոյ քաղաքականութիւնը բախեցաւ Ռուսաստանի ուղիղ և հուժկու միջամտութեան և քրտական ուժի ազդու հակադարձութեան, որ միաժամանակ աջակցութիւն կը ստանար (և կը ստանայ) թէ՛ Ամերիկայի Միացեալ Նահանգներէն և թէ՛ Ռուսաստանէն՝ հակառակ աջակից կողմերու շփոթեցուցիչ հռետորաբանութեան։
Փաստը այն է, որ այսօր պատերազմի նոյն ճակատին վրայ կը գտնուին ԱՄՆ, Ռուսաստան, Եւրոպա, Սուրիոյ քրտական PYD-ի և Իրաքեան Քիւրտիստանի զինեալ ուժերը։ Այս նոյն ճակատին վրայ կը գտնուին Սուրիոյ և Իրաքի բանակները։ Նոյն ճակատին վրայ կը գործեն Իրանն ու իր արբանեակ զօրամիաւորումները Իրաքի, Սուրիոյ և Լիբանանի մէջ։ Եւ գէթ անուանապէս — և գէթ առժամաբար — նոյն ճակատին վրայ կը գտնուին Սէուտական Արաբիան և Արաբական ԹԵրակղզիի միւս երկիրները։ Այս – թէկուզ ժամանակաւոր – շահերու սերտաճումը տարածաշրջանին մէջ, առաջին հերթին, ուղղուած է Իսլամական Պետութեան և ծայրայեղական միւս ուժերուն դէմ։ Բայց նաև իրերու ներկայ դասաւորումով՝ ան ինքնաբերաբար ուղղուած է զանոնք հովանաւորող և զանոնք մշտապէս պարենաւորող Թուրք Պետութեան դէմ… Ան ուղղուած է Էրտողանի վարչակարգին և այս վերջինիս վարած արկածախնդրական, վտանգաւոր և ապակայունացուցիչ քաղաքականութեան դէմ։ Պարզ խօսքով, Թուրքիոյ վարած քաղաքականութիւնը տարածաշրջանին մէջ ստեղծած է ինքն իր հակաթէզը և — գէթ առայժմ – լայնօրէն անկարելի դարձուցած՝ Թուրքիոյ գործնական դերակատարութիւնը Հիւսիսային Սուրիոյ և Հիւսիսային Իրաքի մէջ։
Այս իրականութեան դիմաց, մենք ականատեսն ենք նոր երևոյթի մը։ Հակառակ նախագահ Օպամայի պնդումներուն, Թուրքիա ոչ միայն կը մերժէ վերանայման ենթարկել իր քաղաքականութիւնը Իսլամական Պետութեան հանդէպ, այլ ընդհակառակն նոր թափով ճակատ կը յարդարէ Արևմուտքի և Ռուսաստանի դէմ։ Թուրքիոյ այսօրուան քաղաքականութիւնն է ընդլայնել ռազմաճակատը դէպի Եւրոպա և դէպի Կովկաս և պարտադրել ինքզինք։ Իսլամական Պետութեան ահաբեկչական գործողութիւններու դաշտը ներկայիս Արևմուտքն է։ Իսլամական Պետութեան արիւնահեղ գործողութիւնները Արևմուտքի մէջ և գաղթական զանգուածներու Թուրքիայէն ղեկավարուած «ներխուժումները» դէպի Եւրոպա Թուրքիոյ նորահնար զէնքերն են Արևմուտքի կամքը թուլցնելու և Եւրոպան պատանդ վերցնելու և Թուրքիոյ դիրքերը Արևմուտքի մէջ մեծ չափերով ամրապնդելու ձգտող։ Թուրքիոյ նպատակն է Արևմուտքը բարոյալքել և զիջումներու առաջնորդել։ Անոր նպատակն է Եւրոպան ներսէն իւրացնել. զայն քաղաքականօրէն «թրքացնել». փո՛ւլ բերել Եւրոպական Միութեան ներքին համաձայնութիւնը և ԱՄՆը զրկել Եւրոպայի իր կենսական խարիսխէն։
Նոյն տրամաբանութեամբ, Թուրքիա կը յիշեցնէ Մոսկուայի, որ ինք և իր արբանեակը՝ Ատրպէյճան միասնաբար ի վիճակի են ապակայունացնելու Ռուսաստանի կասպեան խարիսխը…
Այն չափով որ, Թուրքիա կը յաջողի պաշտպանողական դիրքերու վրայ դնել Արևմուտքը Եւրոպայի մէջ, նոյն չափով ան կրնայ ամրապնդել իր հեղինակութիւնը Ռուսաստանի իսլամական շրջաններէն և Կեդրոնական Ասիոյ տարածքներէն ներս։ Ասիկա Թուրքիոյ նորօրինակ փանթուրքիզմն է, որուն մանրամասն վերլուծումը ըրած եմ իմ «Փանթուրքիզմի Գրաւը և Արցախի Հարցը» խորագրեալ յօդուածով («Ասպարէզ», Փետրուար 12, 2015)։
Թուրքևատրպէյճանական սպառնալիքը Հայաստանի և Արցախի դէմ այսօր արդէն կը ներկայանայ բոլորովին նոր տարողութեամբ և այժմէականութեամբ։ Ան միայն հայ պետականութեան անվտանգութեան խնդիրը չէ այլևս։ Թուրքիա որոշած կը թուի ըլլալ, որպէս առաջին քայլ, Մոսկուայի հետ հաշուի նստիլ Հայաստանի և Արցա՛խի մէջ։ Թուրքիոյ կրած պարտութիւնները Սուրիոյ և Իրաքի ճակատներուն վրայ կը մղեն Էրտողանի վարչակարգը Ռուսաստանի դէմ հակադարձութեան դիմելու Կովկասի մէջ…Թուրքիա այժմ կը «փնտռէ» Ռուսաստանի աքիլլէսեան կրունկը Ռուսաստանի՛ իսկ ազդեցութեան գօտիէն ներս։ Եւ հակառակ երէկուընէ ի վեր բարձրաձայնուած Մոսկուայի կացութիւնը չսրելու փուճ յորդորներուն (ուղղուած «երկու կողմերուն»…), կացութիւնը սուր է արդէն և Ռուսաստան «ոտքով-ձեռքով» մէջն է այս հարցին։ Այս լուրջ սպառնալիքը ուղղուած է, որքան Հայաստանի և Արցախի, նոյնքան և առաւե՛լ ՝ Ռուսաստանի կենսական շահերուն։ Իրականութեան մէջ՝ նախ և առա՛ջ Ռուսաստանի կենսական շահերուն։ Այս պահուն ականատեսն ենք թուրքևատրպէյճանական միացեալ ուժի գրոհին եթէ նոյնիսկ այդ գրոհը կը թուի Ազրպէյճանի առանձնակի նախաձեռնութեամբ դրսևորուիլ առայժմ։ Պէտք չէ մոռնալ, որ թուրքևատրպէյճանական փոխօգնութեան դաշինքով, Թուրքիա կրնայ իր զինեալ ուժերով աջակցիլ Ատրպէյճանի, եթէ պատերազմական վիճակ ստեղծուի Արցախի խնդրով։
Քանի մը օրէ ի վեր, Էրտողանի գործակալները Ուաշինկթընի մէջ լծուած են գործի ԱՄՆի քաղաքական բեմը անգամ մը ևս ապակողմնորոշելու։ Իրենց քուլիսային նոր արշաւով՝ անոնք Հայաստանը կը պիտակաւորեն որպէս ռուսական զէնքի նոր ճամբար…Կ՚ուզեն Հայաստանը ցոյց տալ որպէս Արևմուտքի շահերուն դէմ ուղղուած ստոյգ սպառնալիք ՆԱԹՕի զգայուն սահմանագծին վրայ։ Այս նոր քարոզարշաւը նաև կը միտի դիւանագիտական ծածկոյթ հայթայթելու Ատրպէյճանի վերջին յարձակողականին։ Ան անուղղակիօրէն կը միտի Ատրպէյճանի նախայարձակումը ներկայացնելու որպէս ՆԱԹՕ-ի շահերէն բխող «հարազատ» (լեգիտիմ) գործողութիւն։ Այս բոլորէն անգամ մը ևս կը հետևի, որ Թուրքիոյ և Ատրպէյճանի նպատակն է վերջնական քայքայման տանիլ ԵԱՀԿ-ի Մինսքի Խումբի Համանախագահութեան բանակցային գործընթացը մահացու հարուած տալով ռուսևարևմտեան ներկայ համագործակցութեան։
Դժուար է գուշակել, թէ յառաջիկայ ամիսները ի՞նչ նոր իրականութեան առջև կը դնեն Հայաստանն ու Արցախի հարցը։ Կացութիւնը կրնայ արագօրէն կերպարանափոխուիլ Թուրքիոյ և գերտէրութիւններու միջև։ Մէկ բան յստակ է։ Այն՝ որ հայկական կողմի յաջողութեան բանալին, թէ՛ ռազմի գծերուն և թէ՛ դիւանագիտական սակարկութիւններու սեղանին վրայ, կը կայանայ, առաջին հերթին, մեր իսկ սեփական ուժին և գործելու վճռակամութեան մէջ։ Մենք այս կռիւը պիտի շահինք մեր ինքնուրոյն գործով և մանաւանդ յենուելով մեր ազգային միասնականութեան։ Նոր մարտահրաւէրն է ասիկա։ Ինչպէս միշտ, մենք այս կռիւը պիտի շահինք արիւնով և հանճարով։
Կարօ Արմենեան
Ապրիլ 2, 2016
Ուաշինկթըն
menk haghteluenk ays baderazme.
Անհրաժեշտություն կա անցյալ հարյուրամյակի իրադարձությունների քննական ուսումնասիրության՝ ներկայիս կացությունը հասկանալու և համապատասխան որոշումների հանգելու համար։ Անչափ կարևոր ենք գտնում Կովկասում, Փոքր Ասիայում և Մերձավոր Արևելքում Ռուսաստանի և Արևմուտքի աշխարհաքաղաքական վճռական ազդեցության գոտիները պարզաբանելու-սահմանազատելու, և ըստ այդմ ճիշտ որոշումներ և քայլեր առնել։
10 մլն բնակչություն ունեցող Թուրքիա պետությունը ավելի վտանգավոր է, քան թե 100 մլն թուրք բնակչություն ունեցող ոչ թուրքական պետությունը։ Այս մտքի կարևորությունը պետք է նախ հասկանանք մենք, և հետո պարզաբանենք նրանց, ում այս հարցը վերաբերում է։ Քանի դեռ մենք մեր տեղում և դերում չենք, այս հարցը՝ թուրք բնակչությամբ ոչ թուրքական պետության գաղափարը՝ տեղից չի շարժվի, այդ միտքը կմնա անարժեք։ Թուրքիան միայն հայկական պետությամբ կամ հայկական պետություններով փոխարինելու գաղափարն է իրականանալի /ընդունելի, նախկինում ընդունված պայմանագրերին և որոշումներին համապատասխանելի/․․․
Մանավոր քննության կարոտ է Հայաստանի Առաջին Հանրապետության և Վրաստանի ու Ադրբեջանի հռչակման շամանակաշրջանի իրադարձությունների, Լոզանի կոնֆերանսի և դաշնագրի ժամանակաշջանի իրադարձությունների պարզաբանումը։ Լոզանի պայմանագիրը չի վերաբերում հայերին և թուրքերին, այն վերաբերում է ԱՐԵՄՈՒՏՔԻՆ և ԱՐևԵԼՔԻՆ։ Լոզանում Սևրի պայմանագիրը վերահաստատվել է․․․