ԷԴԳԱՐ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ
Տարբեր պատճառներով օտար երկրներում յայտնուած զանգուածների սփիւռքացման գործում կարեւոր դերակատարում ունեն հայրենիքի գաղափարը եւ յարաբերութիւնները հայրենի պետութեան հետ: Մեր հայրենակից, Սփիւռքի հարցերի յայտնի տեսաբան Խաչիկ Թէօլէօլեանը սփիւռք երեւոյթի բնութագրական կողմերից է համարում «ինստիտուցիոնալ կապը սփիւռքեան տարբեր համայնքների եւ հայրենիքի միջեւ»: Իսկ ըստ ֆրանսիացի տեսաբան Ստեֆան Դիւֆուայի. «Սփիւռքը որեւէ այլ բան չի նշանակում, քան տեղափոխման գաղափար եւ կապերի պահպանում իրական կամ մտացածին հայրենիքի հետ»: Այսինքն՝ ցանկացած սփիւռքի համար հայրենիքի հետ կապերն ունեն կենսական նշանակութիւն:
Հայկական Սփիւռքի ձեւաւորումից սկսած՝ կապերը հայրենիքի հետ գոյութիւն են ունեցել, սակայն քաղաքական պատճառներով պայմանաւորուած՝ այդ յարաբերութիւնները տարբեր ժամանակաշրջաններում ունեցել են բովանդակային տարբեր դրսեւորումներ, յաճախ էլ յարաբերութիւններ որպէս այդպիսին գրեթէ գոյութիւն չեն ունեցել: Եթէ 1920-1930ական թթ. Սփիւռքի յարաբերութիւնները խորհրդայնացուած հայրենիքի հետ կարելի է բնութագրել որպէս բարեգործական գործունէութեան շրջան, ապա 1960-1980ական թուականները հիմնականում կարելի է բնորոշել որպէս մշակութային յարաբերութիւնների շրջան: 1988թ. արցախեան շարժման մեկնարկով եւ 1991թ. Հայաստանի անկախացումով, ի թիւս այլ բնոյթի յարաբերութիւնների, սկիզբ է դրւում Հայաստան-Սփիւռք քաղաքական յարաբերութիւնների ժամանակաշրջանին:
Այսպիսով, 1991թ. Հայաստանի քաղաքական անկախացումից յետոյ Հայկական Սփիւռքի հետ յարաբերութիւնների զարգացման նոր հնարաւորութիւններ ստեղծուեցին: Անկախութեան տարիներին ստեղծուեցին նաեւ մի շարք պետական գործիքներ եւ ձեւաչափեր, որոնք պէտք է իրականացնէին եւ համակարգէին ՀՀ պաշտօնական քաղաքականութիւնը Սփիւռքի նկատմամբ:
Սակայն հարկ է նշել, որ անկախութեան քառորդդարեայ գոյութեան ընթացքում Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնները չընթացան կայուն զարգացման հետագծով: Դրանում երբեմն արձանագրուեցին վայրէջքներ, երբեմն՝ վերելքներ, որոնք պայմանաւորուած էին ներքաղաքական, ինչպէս նաեւ արտաքին մի շարք գործօններով: Հայրենիք-Սփիւռք յարաբերութիւններում կարեւոր հանգամանք է Հայաստանում իշխանութեան ղեկին գտնուող քաղաքական ուժի դիրքորոշումը Սփիւռքի նկատմամբ: Վերջին 25 տարիներին Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնների զարգացման դինամիկան մեծ մասաբ կապուած է եղել ՀՀ երեք նախագահների՝ Հայկական Սփիւռքի նկատմամբ դիրքորոշումների եւ մօտեցումների հետ: Այդ դիրքորոշումներում գլխաւոր դերակատարում է ունեցել այն հարցադրումը, թէ արդեօք ինչպիսի՛ քաղաքական յարաբերութիւններ պէտք է ունենալ Սփիւռքի հետ, եւ ի՛նչ դերակատարում պէտք է ունենայ Հայկական Սփիւռքը Հայաստանի Հանրապետութեան թէ՛ ներքին, թէ՛ արտաքին քաղաքական կեանքում: Պէտք է նշել, որ անկախութեան նուաճումից յետոյ տարբեր ժամանակաշրջաններում հանրապետութիւնում իշխանութեան ղեկին յայտնուած քաղաքական ուժերը երբեմն նոյնիսկ միմեանցից արմատապէս տարբերուող մօտեցումներ են ունեցել այս հարցերում: Ուստի, ելնելով դրանից՝ անկախութեան տարիներին Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնները կարելի է բաժանել երեք շրջափուլի՝ պայմանաւորուած երեք նախագահների կառավարման տարիներով եւ Սփիւռքի նկատմամբ վերջիններիս իրականացրած քաղաքականութեամբ:
Այսպէս, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տէր Պետրոսեանը հիմնականում դէմ է եղել Սփիւռքի քաղաքական դերակատարութեան մեծացմանը ՀՀ ներքաղաքական կեանքում: Իսկ ինչ վերաբերում է հայ-թուրքական յարաբերութիւններին, որը կարեւոր կռուան է հանդիսանում Հայաստան-Սփիւռք յարաբերութիւններում, ապա դրանք բնորոշուեցին Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման հարցում բաւական զուսպ քաղաքականութեամբ: Վերջինս գտնում էր, որ Սփիւռքի հետ փոխադարձ անհասկացողութիւնն ու անվստահութիւնն այնքան ժամանակ կը լինեն, քանի դեռ Սփիւռքի առաջնորդները չեն հաշտուել այն մտքի հետ, որ քաղաքականութիւնն արւում է Հայաստանում:
Սփիւռքի հետ կապուած հարցերում հանրապետութեան առաջին նախագահից տարբերուող դիրքորոշում ունէր 1998թ. նախագահ դարձած Ռոբերտ Քոչարեանը: Վերջինիս կատարած մի շարք քայլեր Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնների ջերմացման ազդակներ հանդիսացան: Մասնաւորապէս, Ռոբերտ Քոչարեանը կոշտացրեց դիրքորոշումը Հայոց Ցեղասպանութեան հարցում եւ Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման հարցը հռչակեց ՀՀ արտաքին քաղաքականութեան առաջնահերթութիւններից, իսկ սփիւռքեան առանցքային քաղաքական կազմակերպութիւններից մէկը՝ Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը, դարձաւ իշխանութեան մաս: ՀՀ երկրորդ նախագահը փորձեց նաեւ Հայաստան-Սփիւռք երեք համաժողովների միջոցով աւելի սերտացնել յարաբերութիւնները Սփիւռքի հետ: Ռոբերտ Քոչարեանի նախագահութեան տարիներին վերացուեց երկքաղաքացիութեան սահմանադրական արգելքը, իսկ 1998թ. արտաքին գործերի նախարարութիւնում ձեւաւորուեց Սփիւռքի հետ կապերի գործադիր քարտուղարութիւն, այնուհետեւ՝ գործակալութիւն, որը հանդիսանալու էր առաջին պետական մարմինը, որը համակարգելու էր Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնները:
Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնների երրորդ փուլը համընկնում է նախագահ Սերժ Սարգսեանի կառավարման տարիների հետ, որի ընթացքում, պայմանաւորուած Սերժ Սարգսեանի ունեցած մօտեցումներով եւ իրականացրած քաղաքականութեամբ, Հայաստան-Սփիւռք յարաբերութիւններն էական որակական եւ կազմակերպական բնոյթի փոփոխութիւններ կրեցին:
2008թ. նախագահական ընտրութիւնների արդիւնքում ՀՀ երրորդ նախագահ դարձաւ Սերժ Սարգսեանը: Շատ փորձագէտների կանխատեսմամբ՝ նոր նախագահը պէտք է ուղղակի շարունակողը հանդիսանար նախորդ նախագահի ներքին եւ արտաքին քաղաքականութեան: Սակայն իշխանութեան գալով՝ Սերժ Սարգսեանը որդեգրեց միանգամայն նոր մօտեցումներ թէ՛ ներքին եւ թէ արտաքին քաղաքական մի շարք հարցերում:
Նախորդ երկու նախագահներից տարբեր էին նաեւ Սերժ Սարգսեանի դիրքորոշումները Հայրենիք-Սփիւռք յարաբերութիւններում: Հանրապետութեան երրորդ նախագահի քաղաքական ծրագրերի կարեւոր մասը կազմեց Հայկական Սփիւռքի հետ յարաբերութիւնների ակտիւացումը: Նշենք, որ 2008թ. նախագահական ընտրութիւնների քարոզարշաւի ընթացքում նախագահի գրեթէ բոլոր թեկնածուներն իրենց ծրագրերում առանձին բաժիններ էին յատկացրել Հայաստան-Սփիւռք յարաբերութիւններին: Սերժ Սարգսեանը 2008թ. նախագահական ընտրութիւններից առաջ հրապարակած իր նախընտրական ծրագրում, անդրադառնալով Հայկական Սփիւռքի հետ կապուած հարցերին, նշում է, որ «…այսուհետ հնարաւոր չէ մշակել եւ իրականացնել որեւէ գլոբալ ծրագիր՝ առանց այս գործօնը (նկատի ունի Հայկական Սփիւռքը- Է. Հ.) հաշուի առնելու»: Վերջինիս նախընտրական ծրագրից ակնյայտ էր, որ նախագահ դառնալու դէպքում Սերժ Սարգսեանը Սփիւռքի նկատմամբ իրականացնելու է այնպիսի քաղաքականութիւն, որտեղ էապէս կարեւորուելու էր Սփիւռքի դերը ՀՀ թէ՛ ներքին եւ թէ արտաքին քաղաքականութեան մէջ: Նախագահ ընտրուելուց յետոյ, արդէն երդման արարողութեան ժամանակ՝ 2008թ. Ապրիլի 9ին, նորընտիր նախագահը յայտարարում է. «Կառուցելու ենք այն Հայաստանը, որը կը միաւորի համայն հայութեանը, այնպիսի Հայաստան, որ կը լինի բոլոր հայերի հայրենիքը: Իմ ջանքերն ուղղուած են լինելու համազգային նպատակների իրագործմանը, սերունդների միջեւ կապն առաւել ամրապնդելուն, տարբեր սոցիալական խմբերի շահերը համատեղելուն, ազգային փոքրամասնութիւնների ու հայապահպանութեան խնդիրներին»: Իր նախընտրական ծրագրում Սերժ Սարգսեանը յայտարարել էր նաեւ սփիւռքի նախարարութիւն ստեղծելու մասին: Վաղուց հասունացել էր անհրաժեշտութիւնը՝ ունենալու մի կառոյց, որը կը հանդիսանար Հայաստանի Հանրապետութեան՝ Սփիւռքի նկատմամբ քաղաքականութեան անմիջական իրականացնողն ու համակարգողը: Նախագահ ընտրուելուց յետոյ Սերժ Սարգսեանի առաջին ձեռնարկներից մէկը եղաւ այդ նախարարութեան հիմնումը: Նման նախարարութիւն ունենալու միտքը հնչել էր դեռեւս Հայաստան-Սփիւռք երկրորդ համաժողովի ժամանակ, սակայն դրա իրագործողը հանդիսացաւ Սերժ Սարգսեանը: 2008թ. Հոկտեմբերից արդէն ՀՀ կառավարութեան կազմում սկսեց գործել սփիւռքի նախարարութիւնը: Նորաստեղծ նախարարութիւնը հանդիսանալու էր «…որպէս պետական գործիք Հայաստան-Սփիւռք գործակցութեան զարգացման քաղաքականութիւնն ամբողջական եւ արդիւնաւէտ դարձնելու»: Սփիւռքի նախարարութիւնը Հայաստանի Հանրապետութեան նախագահի ընդհանուր ղեկավարութեամբ մշակում եւ իրականացնում է Հայաստանի եւ Սփիւռքի հետ կապերի ամրապնդման, Սփիւռքի հասարակական-քաղաքական կազմակերպութիւնների հետ գործակցութեան զարգացման, հայապահպանութեան, Սփիւռքի ներուժի յայտնաբերման, հայրենադարձութեան ծրագրերի մշակման եւ նախարարութեան իրաւասութեանը վերապահուած այլ բնագաւառներում Հայաստանի Հանրապետութեան կառավարութեան քաղաքականութիւնը: Այս քայլը դրականօրէն ընդունուեց Սփիւռքի հասարակական-քաղաքական շրջանակների կողմից: Սփիւռքի նախարարութեան ստեղծումով բացւում էր նոր փուլ Հայաստան-Սփիւռք յարաբերութիւններում:
Նախարարութեան ստեղծումից յետոյ, 2009թ. Օգոստոսին ՀՀ կառավարութեան որոշմամբ ընդունւում է Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնների համար մի կարեւոր փաստաթուղթ՝ «Հայաստան-Սփիւռք գործակցութեան զարգացման հայեցակարգը»: «Հայաստան-Սփիւռք գործակցութեան զարգացման հայեցակարգը» սահմանում է Հայաստան-Սփիւռք գործակցութեան զարգացման պետական քաղաքականութեան սկզբունքները, նպատակները, գերակայ ուղղութիւնները, խնդիրներն ու ակնկալուող արդիւնքները: Պետական քաղաքականութիւնը Հայաստան-Սփիւռք գործակցութեան բնագաւառում իրաւական, տնտեսական, դիւանագիտական, կրթական, մշակութային, տեղեկատուական, կազմակերպչական յարաբերութիւնների ամբողջութիւնն է, որն ուղղուած է հայապահպանութեան խնդիրների լուծմանը եւ ՀՀի համար կենսական նշանակութիւն ունեցող հարցերում Սփիւռքի համակարգուած մասնակցութեանը: Հայեցակարգը հռչակում է Հայաստան-Սփիւռք «հայաստանակենտրոն» գործակցութեան զարգացման մասին:
«Հայաստան-Սփիւռք գործակցութեան զարգացման հայեցակարգում» նախանշուած է, որ Հայաստան-Սփիւռք գործակցութեանը համահայկական ընդգրկում հաղորդելու, համազգային, համամարդկային խնդիրները համատեղ քննարկելու եւ սկզբունքները որոշելու, պետական մարմինների գործունէութեանը համահայկական բնոյթ հաղորդելու եւ դրանց միջեւ Հայաստան-Սփիւռք գործակցութեանը նուիրուած համագործակցութիւն ապահովելու նպատակով ՀՀ նախագահի ղեկավարութեամբ նախատեսւում էր ստեղծել համահայկական կենտրոնական մարմին՝ Ազգային խորհուրդ: Ազգային խորհուրդն ունենալու էր ազգային-հասարակական խորհրդատուական բնոյթ, որը քննութեան առարկայ էր դարձնելու համազգային առաջնահերթութիւնները, համահայկական հիմնահարցերը: ՀՀ եւ ԼՂՀ պետական կառոյցները Հայաստան-Սփիւռք գործակցութեան քաղաքականութիւնը մշակելիս պէտք է հաշուի առնեն Ազգային խորհրդի երաշխաւորութիւնները: Ազգային խորհուրդը դառնալու էր համահայկական ներկայացուցչական մարմին, որը, թէեւ ըստ այս հայեցակարգի ունենալու էր խորհրդատուական բնոյթ, սակայն կարեւոր դերակատարում էր ունենալու համահայկական բնոյթի հարցերում կայացուած որոշումներում: Ազգային խորհրդում ընդգրկուելու էին ՀՀ եւ ԼՂՀ պետական պաշտօնեաներ, Սփիւռքի կառոյցների ներկայացուցիչներ, յայտնի անհատներ, հոգեւորականներ: Ապագայում նման համահայկական կառոյցի ստեղծումը լիովին համապատասխանում է Սփիւռքի նկատմամբ իրականացուող քաղաքականութեան հարցում Սերժ Սարգսեանի ունեցած դիրքորոշումներին: Դատելով Հայաստան-Սփիւռք գործակցութեան զարգացման հայեցակարգի Ազգային խորհրդի ստեղծման վերաբերեալ դրոյթներից՝ կարելի է ենթադրել, որ հէնց այս կառոյցին էր վերապահուելու Հայաստան-Սփիւռք միասնական քաղաքական օրակարգի մշակման հարցը, որն օրակարգային խնդիր է նաեւ այսօր:
Բացասական ձեւակերպումներից խուսափելու նպատակով առաջարկում ենք այս հատուածը շարադրել հետեւեալ կերպ. «Ազգային խորհրդի գաղափարը գործնականում կեանքի կոչելու նպատակով՝ Հայաստան-Սփիւռք 5րդ համաժողովի ժամանակ նախագահ Սերժ Սարգսեանն առաջարկեց Հայոց Ցեղասպանութեան 100րդ տարելիցին նուիրուած միջոցառումները համակարգող պետական յանձնաժողովը յետագայում վերանուանել «Համահայկական խորհուրդ»:
Սփիւռքի նախարարութիւն ստեղծելուց յետոյ Սփիւռքի նկատմամբ ՀՀ քաղաքականութեան համակարգման եւ միասնականացման անհրաժեշտութիւն էր առաջացել: Ուստի, 2013թ. Սերժ Սարգսեանի հրամանագրով Հայաստան-Սփիւռք գործակցութեան զարգացման միասնական քաղաքականութիւն իրականացնելու նպատակով Սփիւռքի նախարարութիւնը ճանաչւում էր որպէս գլխադասային մարմին Հայկական Սփիւռքի հետ յարաբերութիւնների բնագաւառներում: Նոյն այդ հրամանագրով սփիւռքի նախարարութեանն իրաւունք էր վերապահւում ուղղակիօրէն աշխատել ՀՀ դիւանագիտական ներկայացուցչութիւնների եւ հիւպատոսական հիմնարկների հետ Հայաստան-Սփիւռք գործակցութեանն առնչուող հարցերով, իսկ ՀՀ գործադիր իշխանութեան եւ տարածքային կառավարման մարմիններին յանձնարարւում էր սփիւռքի նախարարութեան հետ նախապէս քննարկել Հայաստան-Սփիւռք գործակցութեան ուղղութեամբ իրականացուող ծրագրերը: Նշուած հրամանագրում կարեւոր էր եւս մէկ կէտ, որը նախատեսում էր Սփիւռքի ներկայացուցիչների ներգրաւումը Սփիւռքին առնչուող միջգերատեսչական յանձնաժողովների, աշխատանքային խմբերի եւ այլ մարմինների կազմում: Սրանով կարեւոր քայլ էր կատարւում Հայրենիք-Սփիւռք յարաբերութիւններում. Սփիւռքի կառոյցների ներկայացուցիչները հնարաւորութիւն էին ստանում անմիջական մասնակցութիւն ունենալ Հայկական Սփիւռքի նկատմամբ ՀՀ քաղաքականութեան մշակաման գործընթացին: Պէտք է նշել, որ սփիւռքի նախարարութեան ստեղծումից յետոյ որոշ նախարարութիւններ շարունակեցին համակարգել յարաբերութիւնները Սփիւռքի հետ իրենց գերատեսչական ոլորտների շրջանակներում: Մասնաւորապէս, մշակոյթի նախարարութիւնն ակտիւ աշխատանքներ է իրականացնում Հայաստան-Սփիւռք մշակութային կապերի բնագաւառում, իսկ կրթութեան եւ գիտութեան նախարարաութեան կազմում մինչ օրս գործում է Սփիւռքի հետ կապերի բաժինը, որին էլ վերապահուած է Հայրենիք-Սփիւռք կրթական ոլորտի գործունէութեան համակարգումը:
2008թ. նախագահ Սերժ Սարգսեանը նախաձեռնեց հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորմանն ուղղուած քաղաքական գործընթաց: Հայ-թուրքական յարաբերութիւնները թէ՛ Հայաստանի, թէ՛ Սփիւռքի համար կարեւորագոյն խնդիր են: Հայաստան-Թուրքիա յարաբերութիւններում ցանկացած զարգացում ուղղակիօրէն առնչւում է նաեւ Սփիւռքին, ուստի հայ-թուրքական յարաբերութիւնները ոչ միայն Հայաստան-Թուրքիա, այլեւ Հայաստան-Սփիւռք-Թուրքիա յարաբերութիւններ են:
2008թ. Յունիսի 25ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը Մոսկուայում Ռուսաստանի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ յայտարարեց, որ Հայաստանը մտադիր է բարելաւել յարաբերութիւնները Թուրքիայի հետ, եւ ինքը պատրաստւում է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գիւլին հրաւիրել Երեւան՝ դիտելու Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի ազգային հաւաքականների՝ նոյն տարուայ աշնանը տեղի ունենալիք հանդիպումը: Այս յայտարարութեամբ սկիզբ դրուեց հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորմանն ուղղուած «ֆուտբոլային» դիւանագիտութեանը: Այս ամէնի արդիւնքում 2009թ. Ապրիլի 22ին ՀՀ եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարութիւնները Շուէյցարիայի արտաքին գործերի դեպարտամենտի միջնորդութեամբ կնքեցին հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման «ճանապարհային քարտէզ»: Իսկ Օգոստոսի 31ին Հայաստանը եւ Թուրքիան նախաստորագրեցին «Դիւանագիտական յարաբերութիւնների հաստատման մասին» եւ «Երկկողմ յարաբերութիւնների զարգացման մասին» արձանագրութիւնները:
Այս փաստաթղթերի վերաբերեալ Սփիւռքի արձագանգը հիմնականում խիստ բացասական էր: Հասկանալի է, թէ ինչ էմոցիոնալ մօտեցում ունի Սփիւռքը Ցեղասպանութեան հետ կապուած հարցերում, եւ նման արձագանգը կանխատեսելի էր: Սփիւռքի հասարակական-քաղաքական շրջանակները գտնում էին, որ ՀՀ քաղաքական ու տնտեսական շահերով պայմանաւորուած չպէտք է անարգուի Ցեղասպանութեան զոհերի յիշատակը: Այս պայմաններում, 2009թ. Հոկտեմբերի սկզբին պաշտօնական յայտարարութիւն տարածուեց այն մասին, որ Սերժ Սարգսեանը մեկնում է համահայկական ուղեւորութեան՝ հայ-թուրքական արձանագրութիւնների վերաբերեալ Սփիւռքի հետ քննարկումներ անցկացնելու համար: Հոկտեմբերի 2ին մեկնարկեց նախագահի ուղեւորութիւնը հետեւեալ երթուղով՝ Փարիզ, Նիւ Եորք, Լոս Անջելես, Բէյրութ եւ Դոնի Ռոստով: «Ուզում եմ լսել աշխարհասփիւռ հայերի մտահոգութիւնները, որովհետեւ այսօրինակ ցաւոտ հարցում այդպիսիք չլինել չեն կարող, ուզում եմ մտովի համադրել դրանք իմ սեփական մտահոգութիւնների հետ, ստուգել՝ արդեօք կա՞ն կողմեր, որ հաշուի չեն առնուել կամ բաց են մնացել, արդեօք կա՞ն հարցեր, որոնց լուծման համար հնարաւորութիւնների ստեղծման փոխարէն հնարաւոր է անզգուշաբար դռներ փակենք այս փուլում», ասել է նախագահ Սարգսեանը համահայկական ուղեւորութեան ընթացքում Սփիւռքի ներկայացուցիչների հետ հանդիպումներից մէկի ժամանակ: Հայաստանի անկախութեան ընթացքում սա, թերեւս, ամենանշանակալի դէպքն էր, երբ ՀՀ իշխանութիւնները, երկրի նախագահի մակարդակով, փորձում էին երկրի արտաքին քաղաքականութեան իրականացման հարցում կարեւորել Սփիւռքի դիրքորոշումը: Նախագահի այս այցելութիւնը նպատակ ունէր տարհամոզել Սփիւռքին հայ-թուրքական յարաբերութիւնների հարցում՝ դա հիմնաւորելով ստեղծուած մի շարք սոցիալ-տնտեսական եւ քաղաքական անհրաժեշտութիւններով:
Սակայն հանդիպումները գրեթէ չփոխեցին Սփիւռքի վերաբերմունքն այդ հարցում: Պաշտօնական Հայաստանը եւս չհրաժարուեց իր որդեգրած քաղաքականութիւնից, որն ուղղուած էր հայ-թուրքական յարաբերութիւնների բարելաւմանը: Սակայն Սերժ Սարգսեանի համահայկական ուղեւորութիւնը մեր անկախ պետականութեան պատմութեան մէջ, թերեւս, առաջին դէպքն էր, երբ փորձ էր արւում ՀՀ արտաքին քաղաքականութեան կոնկրետ դրուագում ընդհանրացնել եւ նոյնացնել Հայաստանի եւ Հայկական Սփիւռքի դիրքորոշումները, Հայաստանը: Նախագահի համահայկական ուղեւորութեան ընթացքում նշուած քաղաքներում տեղի ունեցան բողոքի ցոյցեր: Կոշտ յայտարարութիւններով հանդէս եկաւ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոս Արամ Ա.ն, արձանագրութիւնների վաւերացմանը դէմ արտայայտուեցին Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն, Ռամկավար Ազատական եւ Սոցիալ-Դեմոկրատ Հնչակեան կուսակցութիւնները, ինչպէս նաեւ մի շարք այլ կուսակցութիւններ ու միաւորումներ: Իսկ Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը, որն այդ ժամանակ հանդիսանում էր հայաստանեան կոալիցիոն կառավարութեան մաս, դուրս եկաւ կառավարութեան կազմից:
Այնուամենայնիւ, 2009թ. Հոկտեմբերի 10ին Շուէյցարիայի Ցիւրիխ քաղաքում ԱՄՆ, ՌԴ, ԵՄ եւ Շուէյցարիայի արտաքին գերատեսչութիւնների ղեկավարների ներկայութեամբ Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդեանը եւ Ահմեդ Դաւութօղլուն ստորագրում են հայ-թուրքական արձանագրութիւնները: Այս արձանագրութիւնների յետագայ ճակատագիրը յայտնի է, երբ 2010թ. Ապրիլի 24ի նախօրեակին՝ Ապրիլի 22ին Հայաստանի իշխող կոալիցիան որոշում է կայացնում ՀՀ Ազգային ժողովում առկախել արձանագրութիւնների վաւերացման ընթացքը: Դրան էլ հետեւում է նախագահ Ս. Սարգսեանի կոչը, որով յայտարարւում էր ՀՀի կողմից արձանագրութիւնների վաւերացման ընթացքի կասեցման մասին:
2013թ. Հայաստանում տեղի ունեցան հերթական նախագահական ընտրութիւնները: Սերժ Սարգսեանն իր նախընտրական ծրագրում յայտարարում էր. «Առաջիկայ տարիներին կը մշակուեն Սփիւռքի հետ համագործակցութեան նոր ձեւաչափեր»: Պարզ էր դառնում, որ հանրապետութեան երրորդ նախագահին չի բաւարարում Հայաստան-Սփիւռք փոխյարաբերութիւնների արդիւնաւէտութեան մակարդակը, եւ անհրաժեշտ էր փնտռել համագործակցութեան նոր ձեւաչափ, որն արդէն իսկ գոյութիւն ունեցող կառոյցների եւ ինստիտուտների հետ միասին խորացնելու էր Հայրենիք-Սփիւռք յարաբերութիւնները: Հայաստանեան քաղաքական էլիտան սկսեց այդ ձեւաչափի մշակման կամ փնտռտուքի աշխատանքները: Այս ամէնը որոշակիօրէն արտացոլուեց նաեւ Սերժ Սարգսեանի նախագահութեան տարիներին կազմակերպուած Հայաստան-Սփիւռք համաժողովների ժամանակ վերջինիս արած առաջարկութիւններում, նաեւ որոշակիօրէն ՀՀ նոր սահմանադրութեան դրոյթներում:
Սերժ Սարգսեանի նախագահութեան տարիներին շարունակեցին կազմակերպուել Հայաստան-Սփիւռք համաժողովներ՝ որպէս արդէն աւանդոյթ դարձած կարեւոր ձեւաչափ Հայրենիք-Սփիւռք յարաբերութիւններում: 2011թ. Սեպտեմբերի 19-20ը տեղի ունեցաւ Հայաստան-Սփիւռք չորրորդ համաժողովը: Այն կազմակերպուել էր նորաստեղծ սփիւռքի նախարարութեան անմիջական նախաձեռնութեամբ եւ Սփիւռքի կազմակերպութիւնների ղեկավարների ու ներկայացուցիչների համահայկական համաժողով էր հանդիսանում: Համաժողովին մասնակցում էին Սփիւռքի շուրջ 550 ներկայացուցիչներ մօտ 50 երկրներից, որոնք ներկայացնում էին Սփիւռքի 151 կազմակերպութիւն:
Հանդիսաւոր նիստում բացման խօսքով հանդէս եկաւ ՀՀ նախագահը: Ողջունելով եւ շնորհաւորելով Հայաստանի անկախութեան 20րդ տարեդարձի առթիւ՝ նա համաժողովի մասնակիցների ուշադրութիւնը հրաւիրեց Հայրենիք-Սփիւռք գործակցութեանն առնչուող այն հիմնախնդիրների վրայ, որոնք կենսական են Հայրենիքի եւ Սփիւռքի հզօրացման, ազգային միասնութեան, Ցեղասպանութեան ճանաչման, հայապահպանութեան համար: Իր խօսքում նախագահը նշեց. «Սփիւռքն ու Հայաստանը պէտք է դառնան միմեանց շարունակութիւն»: Համաժողովի բացմանը ելոյթներով հանդէս եկան Սփիւռքի քաղաքական կազմակերպութիւնների, եկեղեցական ու բարեգործական կառոյցների ղեկավարներ:
Սփիւռքի կազմակերպութիւնների ղեկավարների եւ ներկայացուցիչների համահայկական համաժողովի հանդիսաւոր բացմանը յաջորդեց լիագումար նիստը: Համաժողովի մասնակիցները կամաւորութեան ու նախընտրութեան սկզբունքով բաժանուեցին չորս (լեզուի եւ կրթութեան հիմնախնդիրներ, երիտասարդութեան հիմնախնդիրներ, Հայոց Ցեղասպանութեան 100րդ տարելիցին ընդառաջ՝ տարածաշրջանային յանձնախմբերի գործունէութեան մասին, Հայաստան-Սփիւռք գործակցութեան զարգացման կառուցակարգերի մասին) թեմատիկ խմբերի:
Հայաստան-Սփիւռք հինգերորդ համաժողովը տեղի ունեցաւ 2014թ. Սեպտեմբերի 18-21ը: Հերթական այս համաժողովին մասնակցում էր աւելի քան 1000 ներկայացուցիչ Հայաստանից, Արցախից եւ Սփիւռքից: Ընդլայնուել էր մասնակցութեան աշխարհագրութիւնը, համաժողովին մասնակցելու նպատակով հայրենիք էին ժամանել աշխարհի շուրջ 60 երկրների հայկական կազմակերպութիւնների ու կառոյցների ղեկավարներն ու ներկայացուցիչները՝ 741 մասնակից, Արցախը ներկայացնում էր 20 մասնակցից բաղկացած պատուիրակութիւնը, Հայաստանի Հանրապետութիւնից համաժողովին մասնակցում էին 310 պետական, քաղաքական, մշակութային գործիչներ, գիտնականներ ու լրագրողներ: Համաժողովի բացմանը ելոյթով հանդէս եկան հայաստանեան եւ սփիւռքեան պետական եւ հասարակական-քաղաքական կառոյցները ներկայացնող անձինք: Բացման պաշտօնական միջոցառումից յետոյ համաժողովի ընթացիկ աշխատանքներն այս անգամ եւս զուգահեռաբար շարունակուեցին չորս թեմատիկ նիստերով, որոնք կրում էին հետեւեալ խորագրերը.
- Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման, դատապարտման եւ հետեւանքների վերացման գործընթացը.
- Հայաստան-Սփիւռք գործակցութեան ներկայ հիմնախնդիրներն ու հեռանկարները.
- Սիրիահայ համայնքի հիմնախնդիրները.
- Հայրենիք-Սփիւռք 5րդ համաժողովի թեմատիկ նիստերից մէկի շրջանակներում տեղի ունեցաւ Լրագրողների համահայկական 7րդ համաժողովը:
Հայրենիք-Սփիւռք 5րդ համաժողովը տեղի ունեցաւ Ցեղասպանութեան 100րդ տարելիցին ընդառաջ, մեծապէս կարեւորուեց համահայկական նշանակութիւն ունեցող այդ տարելիցին պատշաճ պատրաստուելու անհրաժեշտութիւնը: Փաստօրէն, 100րդ տարելիցի միջոցառումների մեկնարկը տրուեց հէնց այս համաժողովում, երբ ընդունուած յայտարարութեան մէջ հռչակուեց Հայոց Ցեղասպանութեան 100րդ տարելիցի նախաշեմին հսկայածաւալ շարժում սկսելու մասին՝ «Յիշում եմ եւ պահանջում…» կարգախօսով:
Հայաստան-Սփիւռք 5րդ համաժողովի փակման արարողութեանը հանդէս եկաւ ՀՀ նախագահը, որը կարեւորեց համաժողովի աշխատանքները, անդրադարձաւ սիրիահայերի խնդիրներին, Ցեղասպանութեան 100րդ տարելիցի միջոցառումներին, Հայաստան-Սփիւռք յարաբերութիւններին, միասնական ուժերով գործելու եւ հայութեան առջեւ ծառացած խնդիրները լուծելու անհրաժեշտութեանը: Նախագահ Սարգսեանն առաջարկեց նաեւ, ինչպէս արդէն վերը նշուեց, ստեղծել Համահայկական խորհուրդ, որը կը դառնայ համահայկական հրատապ խնդիրների քննարկման ազգային մշտական հարթակներից մէկը: Նշենք, որ համաժողովի ընթացքում սփիւռքահայ գործիչների կողմից բազմիցս առաջարկութիւն էր հնչել ՀՀ Ազգային ժողովում Սփիւռքի ներկայացուցիչների խումբ ստեղծելու մասին: Համաժողովի վերջում ընդունուած յայտարարութեան մէջ հաւանութիւն տրուեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի առաջարկին, որպէսզի Հայոց Ցեղասպանութեան 100րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական յանձնաժողովը 2015թ. Ապրիլի 24ից յետոյ վերանուանուի Համահայկական խորհուրդ՝ համակարգելու համազգային հրատապ խնդիրները: Նման կառոյցի ստեղծումը կը դառնայ նոր ձեւաչափ՝ համակարգելու Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնները եւ արդիւնաւէտ լուծելու համահայկական նշանակութեան խնդիրները: Սփիւռքի նախարար Հ. Յակոբեանը յայտարարեց նաեւ, որ ձեռնամուխ են եղել համահայկական հեռուստաընկերութեան ստեղծման աշխատանքներին: Նման հեռուստաընկերութեան ստեղծումը կարող է կարեւոր գործիք դառնալ համահայկական տեղեկատուական անվտանգութեան համատեքստում: Հայաստան-Սփիւռք 5րդ համաժողովից աւելի քան երկու տարի անց դեռեւս չի ստեղծուել Համահայկական խորհուրդը, սակայն, մեր ունեցած տեղեկութիւններով, այդ ուղղութամբ ակտիւ աշխատանքներ են տարւում:
2015թ. Դեկտեմբերի 6ին համաժողովրդական հանրաքուէի արդիւնքում Հայաստանն ունեցաւ նոր, բարեփոխուած սահմանադրութիւն, որով արմատապէս փոփոխւում էր երկրի կառավարման համակարգը: Ինչպէս յայտնի է, առաջարկուող բարեփոխումներով Հայաստանը դառնալու էր պառլամենտական հանրապետութիւն: Հանրաքուէի ներկայացուած նոր սահմանադրութեան նախագծում տեղ էին գտել նաեւ ՀՀ իշխանութիւնների մօտեցումները ՀՀ Սփիւռքի նկատմամբ իրականացուող քաղաքականութեան վերաբերեալ:
Հետաքրքիր է այն հանգամանքը, որ Հայաստանի անկախացումից յետոյ տարիների ընթացքում Սփիւռքի հետ յարաբերութիւնների կարեւորութիւնը բարձրացուեց սահմանադրական նորմի աստիճանի, ինչն իր արտայայտութիւնը գտաւ սահմանադրական փոփոխութիւններում: Այսպէս, ՀՀ 1995թ. ընդունուած առաջին սահմանադրութեան մէջ չկայ որեւէ խօսք Սփիւռքի կամ էլ Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնների մասին: 2005թ. Նոյեմբերի 27ին տեղի ունեցած սահմանադրական փոփոխութիւնների արդիւնքում Սփիւռքի մասով ՀՀ սահմանադրութեան մէջ տեղ գտաւ հետեւեալ ձեւակերպումը. «Հայաստանի Հանրապետութիւնը միջազգային իրաւունքի սկզբունքների եւ նորմերի շրջանակներում նպաստում է Հայկական Սփիւռքի հետ կապերի ամրապնդմանը, այլ պետութիւններում գտնուող հայկական պատմական եւ մշակութային արժէքների պահպանմանը, հայ կրթական եւ մշակութային կեանքի զարգացմանը»: Ակնյայտ էր, որ այս փոփոխութիւնով Հայաստան պետութիւնը յաւակնում էր Սփիւռքի հետ կապերի յետագայ ամրապնդմանը, նաեւ յայտարարւում էր հայկական մշակութային ժառանգութեանը տէր կանգնելու մասին: Նոր սահմանադրութեամբ հանւում էր նաեւ երկքաղաքացիութեան արգելքը:
Յաջորդ սահմանադրական փոփոխութիւնը մեր երկրում, ինչպէս վերը նշուեց, տեղի ունեցաւ արդէն 2015թ. Դեկտեմբերի 6ին՝ Սերժ Սարգսեանի նախաձեռնութեամբ: Մինչ հերթական սահմանադրական փոփոխութիւնների հանրաքուէն, 2014թ. Հոկտեմբերին ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական յանձնաժողովի կողմից հռչակուեց սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, որտեղ խօսւում էր ՀՀ նախագահի ընտրութեանը Սփիւռքի ներկայացուցիչների մասնակցութեան հնարաւորութեան մասին: Նշենք, որ դեռեւս 2011թ. Յունուարին պաշտօնական այցով ԱՄՆում գտնուող ՀՀ սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանը Լոս Անջելեսում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ աննախադէպ յայտարարութիւն էր արել այն մասին, որ Հայաստանի ղեկավարութիւնը մտադիր է սահմանադրական փոփոխութիւններ կատարել, որոնք թոյլ կը տան ներգրաւել սփիւռքահայերին ՀՀ պետական կառավարման համակարգում: Նախարարը մասնաւորապէս նշում էր, որ խորհրդարանը պէտք է կազմուած լինի երկու՝ ներքին եւ վերին պալատներից. վերջինում էլ հէնց պէտք է ներգրաւուեն սփիւռքահայերը: Նրա խօսքով, վերին պալատը կը լինի Սենատը, որտեղ պէտք է ընդգրկուեն Սփիւռքի ներկայացուցիչները: «Նախագահի առաջին քայլը եղել է Սփիւռքի նախարարութեան ստեղծումը, որից յետոյ մշակուել է լուրջ քաղաքականութիւն Հայաստան-Սփիւռք յարաբերութիւններում: Այնուհետեւ ներմուծուել է երկքաղաքացիութեան ինստիտուտը, իսկ երրորդ քայլը լինելու է խորհրդարանի վերին պալատի ստեղծումը, որի միջոցով Սփիւռքի հայերը հնարաւորութիւն են ունենալու մասնակցել պետական կառավարմանը, քաղաքականութեան մշակմանը», ասել է սփիւռքի նախարարը:
Հայկական Սփիւռքի հասարակական-քաղաքական շրջանակների ներկայացուցիչները հիմնականում ողջունել են երկպալատ խորհրդարան ստեղծելու գաղափարը:
Սակայն յետագայում համաժողովրդական հանրաքուէի դրուած սահմանադրութեան նախագծում վերը նշուած դրոյթը համապատասխան ձեւակերպում չէր ստացել: Ակնյայտ էր, որ առաջարկուող բարեփոխումների հեղինակները դժուարացել էին գտնել արդիւնաւէտ ձեւաչափ, որով Սփիւռքը ներկայացուցչական մասնակցութիւն կ՛ունենար ՀՀ նախագահի ընտրութիւններին, թէեւ նոր սահմանադրութեամբ այդ պաշտօնն աւելի շատ կրում է խորհրդանշական բնոյթ: Հայաստանի քաղաքական գործընթացներին Սփիւռքի ներգրաւման եւ կառավարմանը մասնակից դարձնելու գաղափարը, թէկուզեւ խորհրդակցական ձայնի իրաւունքով, հիմնականում հանդիսացել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսեանի ծրագրային դրոյթներից մէկը: Սակայն, կարծում ենք, այս խնդիրը Հայաստան-Սփիւռք յարաբերութիւններում ամենաբարդ հարցերից մէկն է: Քանզի, նախ, դժուար է ապահովել բազմաշերտ եւ ոչ միատարր Հայկական Սփիւռքի ներկայացուցչական մասնակցութիւնը: Յետոյ յստակեցուած չեն ՀՀ կառավարմանը Սփիւռքի մասնակցելու ձեւաչափը եւ լիազօրութիւնների շրջանակը: Այս հարցում անհրաժեշտ է ցուցաբերել ծայրայեղ զգուշաւորութիւն, որպէսզի այս քայլը չդառնայ Սփիւռքի պառակտմանը նպաստող յաւելեալ գործօն եւ չվտանգի Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնները:
2015թ. Դեկտեմբերին ընդունուած նոր սահմանադրութիւնում եւս տեղ գտան դրոյթներ Սփիւռքի վերաբերեալ: 19րդ յօդուածը, որն անդրադառնում է Հայկական Սփիւռքի հետ կապերին, բաղկացած է երկու կէտից.
- Հայաստանի Հանրապետութիւնը Հայկական Սփիւռքի հետ իրականացնում է համակողմանի կապերի զարգացմանը եւ հայապահպանմանն ուղղուած քաղաքականութիւն, նպաստում է հայրենադարձութեանը:
- Հայաստանի Հանրապետութիւնը միջազգային իրաւունքի հիման վրայ նպաստում է այլ պետութիւններում հայոց լեզուի, հայկական պատմական եւ մշակութային արժէքների պահպանմանը, հայ կրթական եւ մշակութային կեանքի զարգացմանը:
ՀՀ նոր սահմանադրութեան Հայկական Սփիւռքին վերաբերող դրոյթը համեմատելով սահմանադրութեան նախորդ տարբերակի հետ՝ պարզ է դառնում, որ նոր տարբերակում աւելացել է երկու կարեւոր շեշտադրում՝ մէկը հայրենադարձութեան, միւսը՝ հայապահպանութեան քաղաքականութեան մասով: Սրանով ցոյց է տրւում, որ Հայաստան պետութիւնը յաւակնում է Սփիւռքի հարցերում «էապէս մեծացնել իր քաղաքական դերակատարութիւնը»: Այլ հարց է, թէ իրականում, օբյեկտիւ եւ սուբյեկտիւ պատճառներով, որքանով է յաջողւում այդ քաղաքականութիւնն իրագործել կամ որքան է իրականացուող քաղաքականութեան արդիւնաւէտութեան աստիճանը:
Այսպիսով, հետազօտութեան խնդրոյ առարկայ հանդիսացող ժամանակահատուածում Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնների զարգացման ուղղութեամբ Հայաստանի քաղաքական ղեկավարութեան որդեգրած մօտեցումներն ունեցան նաեւ ակնառու գործնական դրսեւորումներ: Կարեւոր քայլեր կատարուեցին համակարգելու եւ ջերմացնելու Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնները, այդ նպատակով ստեղծուեցին մի շարք նոր պետական գործիքներ: Յարաբերութիւնները Սփիւռքի հետ ոչ միշտ ընթացան հարթ եւ առանց խնդիրների, սակայն մի բան յստակ է, որ Սփիւռքը եւ նրա կարծիքը երբեք չարհամարհուեցին համազգային նշանակութիւն ունեցող կարեւոր հարցերում: Նշենք նաեւ, որ ՀՀ երրորդ նախագահի՝ համահայկական նոր կառոյց ունենալու գաղափարի իրագործման եղանակների եւ ձեւաչափի փնտռտուքը դեռեւս շարունակւում է: Փաստենք նաեւ, որ դեռեւս լուծուած չէ Հայաստան-Սփիւռք միասնական քաղաքական օրակարգի ձեւաւորման հարցը: Կարծում ենք, եթէ յաջողուի մշակել նոր համահայկական կառոյցի արդիւնաւէտ ձեւաչափ, ապա վերջինիս կը վերապահուի Հայաստան-Սփիւռք նոր միասնական քաղաքական օրակարգի մշակումը՝ ներքին եւ արտաքին արդի մարտահրաւէրներին համահունչ: Առաջիկայ տարիներին հէնց այս խնդրի իրագործմանը պէտք է ուղղուած լինեն համահայկական քաղաքական եւ մտաւոր շրջանակների ջանքերը:
Հոկտեմբեր 2016թ.
ԷԴԳԱՐ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ. Խ. Աբովեանի անուան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմութեան եւ իրաւագիտութեան ֆակուլտետի դեկան, պատմ. գիտ. թեկնածու, դոցենտ