«Յաղթելու Ենք, Եւ Ոչ Ոք Դրանում Թող Չկասկածի»
Վարեց՝ ԼՈՒՍԻՆԷ ՄՆԱՑԱԿԱՆԵԱՆ
«Երկիր»ի զրուցակիցն է Երեւանի աւագանու արտահերթ ընտրութիւններում ՀՅԴ ցուցակը գլխաւորող Միքայէլ Մանուկեանը:
ԼՈՒՍԻՆԷ ՄՆԱՑԱԿԱՆԵԱՆ.- Պրն. Մանուկեան, երբ յայտնի դարձաւ, որ Երեւանի աւագանու ընտրութիւններում ՀՅԴ ցուցակը դուք էք առաջնորդելու, «Ժամանակ» թերթում եւ ապա 1in.am կայքում նիւթ հրապարկուեց, որն ըստ էութեան, ամբողջովին զրպարտանք էր ձեր հասցէին: Արդեօք չէ՞ք պատրաստւում դատի տալ թերթին եւ յօդուածի հեղինակին:
ՄԻՔԱՅԷԼ ՄԱՆՈՒԿԵԱՆ.- Ես չգիտեմ լրագրողին, չգիտեմ նրա տարիքը: Երեւի շատ երիտասարդ է, տեղեակ չէ այդ տարիների անց ու դարձին, հակադաշնակցական հիստերիային , տեղեակ չէ, թէ ինչ է եղել, եւ միգուցէ ինչ որ մարդկանց պատմելով՝ գայթակղուել եւ որոշել է «ցնցող» նիւթ հրապարակել: Ինչ վերաբերում է դատի տալուն, միանգամից ասեմ՝ ոչ, չեմ պատրաստւում, չեմ էլ ուզում մտածել դրա մասին:
ԼՈՒՍԻՆԷ ՄՆԱՑԱԿԱՆԵԱՆ.- Ինչո՞ւ:
ՄԻՔԱՅԷԼ ՄԱՆՈՒԿԵԱՆ.- Ես տեսել եմ այդ տարիներին, թէ ինչպէս են վարուել մամուլի հետ, ինչպէս էին համակարգիչները երրորդ յարկից ուղղակի շպրտում ներքեւում կանգնած բեռնատարի մէջ, ինչպէս էին փակում լրատուամիջոցներին եւ ինչպէս էին վարւում լրագրողների հետ: Ես այդ ամէնը տեսել եմ, նա՝ յօդուածագիրը, չի տեսել, եթէ նոյնիսկ տեսել է ու չի յիշում, կամ իր մօտ յիշողութեան կուրացում է, դա չի նշանակում, որ ես պէտք է միջոցներ ձեռնարկեմ եւ պատժեմ:
ԼՈՒՍԻՆԷ ՄՆԱՑԱԿԱՆԵԱՆ.- Այսինքն՝ սիրոյ եւ հանդուրժողականութեան կողմնակից է՞ք:
ՄԻՔԱՅԷԼ ՄԱՆՈՒԿԵԱՆ.- Ես միշտ եմ հանդուրժող եղել, այո, սէրն էլ Աստծոյ պարգեւ է, ես սիրում եմ: Այնպէս որ, թող մտածեն նրանք, ովքեր ստի, չարութեան քարոզով են զբաղուած:
ԼՈՒՍԻՆԷ ՄՆԱՑԱԿԱՆԵԱՆ.- Բայց ձեր «սիրոյ եւ հանդուրժողականութեանը», նրանք ատելութեան չափաբաժնի աւելացնելով, կարող են վտանգաւոր եզրագծի հասնել:
ՄԻՔԱՅԷԼ ՄԱՆՈՒԿԵԱՆ.- Օրինակ:
ԼՈՒՍԻՆԷ ՄՆԱՑԱԿԱՆԵԱՆ.- Օրինակ՝ աւելի կատաղի յարձակուեն ձեր վրայ: Իսկ եթէ խնդիր է դրուած կամ պատուիրուած է ձեզ վարկաբեկե՞լ:
ՄԻՔԱՅԷԼ ՄԱՆՈՒԿԵԱՆ.- Չեմ ուզում հաւատալ դրան, բայց եթէ, ինչպէս դուք էք ասում, շարունակուի, կը մտածեմ այդ մասին:
ԼՈՒՍԻՆԷ ՄՆԱՑԱԿԱՆԵԱՆ.- Բայց յօդուածում ակնյայտ մեղադրում են ձեզ Համբարձում Գալստեանի սպանութեան գործում: Կարելի է կարծել, որ դա նաեւ հաղորդում է քրէական գործը վերաբացելու համար:
ՄԻՔԱՅԷԼ ՄԱՆՈՒԿԵԱՆ.- Շատ էք լրջացնում: Տեսէք, երկրում իրավիճակ է փոխուել, ու որոշ մարդիկ փորձում են այդ իրավիճակից օգտուել եւ իրենց մէջ հաւաքած թոյնը դուրս թափել՝ հասարակութեանը շեղելու համար: Ես կ՛առաջարկէի այդ թոյնը պահ տան ինչ որ տեղ եւ փորձեն իրենց գրիչը, իրենց հնարաւորութիւնները օգտագործել երկրին օգնելու համար: Երկիրը լուրջ մարտահրաւէրների առաջ է, եւ ամենեւին պէտք չէ դրանք անտեսել, կամ աւելի ճիշդ՝ խորացնել: Անհանդուրժողականութիւնը, ատելութիւնը, այս համատարած հիստերիան մեզ այլ տեղ է հասցնելու, որը միայն ձեռնատու է մեր հակառակորդներին:
ԼՈՒՍԻՆԷ ՄՆԱՑԱԿԱՆԵԱՆ.- Յօդուածագիրը ձեզ մեղադրում է սրճարան ունենալու մէջ:
ՄԻՔԱՅԷԼ ՄԱՆՈՒԿԵԱՆ.- Բայց ո՞վ չգիտի, որ դա իմ սրճարանը չէ, այդտեղ ես ունեմ մասնաբաժին: Աւելին ասեմ, նաեւ «Մագնոլիա» սրճարանում ունեմ մասնաբաժին: Եթէ այդ լրատուամիջոցը չգիտի, թող իմանայ եւ յատկապէս թող իմանայ ինձանից, որ պատերի տակի խօսակցութիւններով յօդուած չգրի: Սրճարանների գործունէութեամբ ինքս երբեք չեմ զբաղուել, ես ընդամէնը բաժնետէրերից մէկն եմ: Իսկ որպէս յաւելեալ ինֆորմացիա (տեղեկութիւն-Խմբ.), ասեմ, որ սրճարանի տարածքը տրամադրուել է այն ժամանակ, երբ քաղաքապետը Վանօ Սիրադեղեանն էր: Ոչինչ գաղտնի չի արուել, եւ չեմ պատրաստւում ոչինչ թաքցնել: Կարծում եմ՝ արժեր յօդուած գրելուց առաջ հանդիպել ինձ հետ եւ զրուցել:
ԼՈՒՍԻՆԷ ՄՆԱՑԱԿԱՆԵԱՆ.- Ձեզ չեն էլ զանգե՞լ:
ՄԻՔԱՅԷԼ ՄԱՆՈՒԿԵԱՆ.- Ոչ զանգել են, ոչ էլ հանդիպել: Գրել են՝ ինչ լսել են կամ ոնց ուզել են:
ԼՈՒՍԻՆԷ ՄՆԱՑԱԿԱՆԵԱՆ.- Իսկ ինչո՞ւ հէնց հիմա յիշեցին այդ գործը:
ՄԻՔԱՅԷԼ ՄԱՆՈՒԿԵԱՆ.- Ուրիշ էլ ի՞նչ յիշեն: Ժամանակներն են այդպիսին: Գուցէ իմ՝ Երեւանի քաղաքապետի թեկնածութիւնը խմբագրի դուրը չի եկել:
ԼՈՒՍԻՆԷ ՄՆԱՑԱԿԱՆԵԱՆ.- Գուցէ ձեր մրցակիցների՞ դուրը չի եկել:
ՄԻՔԱՅԷԼ ՄԱՆՈՒԿԵԱՆ.- Չեմ ուզում դրան հաւատալ: Կարծում եմ՝ իմ մրցակիցները, նոյնիսկ կատակների սիրահար ՔՊ թեկնածուն, նման բան չէր անի: Վստահ եմ, պայքարը ազնիւ է լինելու: Կողքից կը լինեն նման մրոտողներ, բայց դա էլ կ՛անցնի: Վերջիվերջոյ ամէն ինչ անցողիկ է, վերջում իրար երեսի ենք նայելու չէ՞:
ԼՈՒՍԻՆԷ ՄՆԱՑԱԿԱՆԵԱՆ.- Իսկ ինչպէ՞ս էք գնահատում ձեր շանսերը:
ՄԻՔԱՅԷԼ ՄԱՆՈՒԿԵԱՆ.- Շանսերս գերազանց են, ես երեւանցի եմ, ծնուել, մեծացել եմ Երեւանում եւ շատ լաւ պատկերացնում եմ խնդիրները, դրանց լուծման ճանապարհները:
ԼՈՒՍԻՆԷ ՄՆԱՑԱԿԱՆԵԱՆ.- Գերազանց, այսինքն…