Սուրէն Խաչատրեանը Հայաստան է վերադարձել 2016 թուականի Յունիսին: Սուրէնը ծնուել եւ մեծացել է Երեւանում, բայց նրա ընտանիքը տեղափոխուել էր ԱՄՆ՝ ցանկանալով որդու համար ապահովել աւելի լաւ ապագայ: Ու քանի որ Սուրէնի քոյրը եւ մի քանի այլ ազգական արդէն իսկ բնակւում էին ԱՄՆում, այդ քայլը քիչ թէ շատ հիմնաւորուած էր: Սուրէնի ընտանիքը հաստատուեց Կալիֆոռնիայի Սան Խօսէ քաղաքում, որն ԱՄՆ տեղափոխուող հայերի համար այնքան էլ ստանդարտ (հիմնաչափ-Խմբ.) ընտրութիւն չէր:
«Իմ ընտանիքում բոլորը մատեմատիկոսներ ու ինժեներներ են, որոնք ծանօթներ ունէին Սիլիկոնի Հովտում, տեղի հայ համայնքում: Ցաւօք, իմ տարիքի ոչ ոք չկար, առաջին 6-7 ամսուայ ընթացքում առհասարակ հնարաւորութիւն չեմ ունեցել՝ շփուելու իմ տարիքի երիտասարդ հայերի հետ: Հայաստանցի հայի համար ինտեգրուելը (համարկուիլը-Խմբ.) շատ դժուար էր, սփիւռքահայութիւնը սովոր չէր տեսնել ԱՄՆ տեղափոխուող հայաստանցիների, ես ինձ օտար էի զգում: Անգամ հայկական եկեղեցի այցելելը չէր օգնում: Երբ խօսում էի մաքուր հայերէն, մարդիկ զարմանում էին, որովհետեւ սովոր չէին լսել հայերէն, միմեանց հետ խօսում էին անգլերէն, իսկ հայերէն՝ միայն նեղ ընտանեկան միջավայրում, ծնողների հետ»:
Միգուցէ, մտածում էր Սուրէնը, Լոս Անջելեսում աւելի հեշտ կը լինի ինտեգրուել հայ համայնքին, բայց երբ վերջապէս տեղափոխուեց, ԱՄՆում ապրել էր արդէն 8 տարի ու գիտեր, որ Սփիւռքն իր տեղը չէ: Ըստ Սուրէնի՝ միգուցէ հէնց դա է պատճառը, որ միշտ ցանկանում էր վերադառնալ Հայաստան:
«Եթէ հէնց սկզբից Լոս Անջելես գնացած լինէի, միգուցէ այնտեղ էլ մնայի: Ինչ խօսք, ես երախտապարտ եմ, որ նախ բնակութիւն հաստատեցինք Սան Խօսէում, որովհետեւ հէնց այդտեղ ես առաջին անգամ զգացի, որ իմ տեղն ԱՄՆն չէ»:
Աւարտելով Կալիֆոռնիայի Սանտա-Բարբարայի համալսարանը եւ Փեփըրդին համալսարանի մագիստրատուրայի գործարար կառավարման բաժինը՝ Սուրէնը 2 տարի աշխատեց որպէս բիւջէի վերլուծաբան: ԱՄՆում 10 տարի բնակուելուց յետոյ՝ 2009 թուականին, նա կարճ ժամանակով վերադարձաւ Հայաստան եւ այստեղ բիզնես-վերլուծաբանի աշխատանք գտաւ, որը նրա համար ճանապարհ հարթեց դէպի աւելի բարդ ու հետաքրքիր աշխատանք Ուկրաինայում, որտեղ էլ նա 18 ամիս աշխատեց Դօյչէ Բանկի զարգացման կենտրոնում: Դա օգնեց նրան ստանալ իր երազանքի աշխատանքը Նիւ Եորքում:
«Նիւ Եորք տեղափոխուելիս ես տարիքով աւելի մեծ էի ու կարիքը չէի զգում՝ մշտապէս ակտիւօրէն (աշխոյժօրէն-Խմբ.) ներգրաւուած լինելու հայկական Սփիւռքում, ինչպէս 17 տարեկանում, երբ դեռ նոր էինք տեղափոխուել ԱՄՆ: Այժմ աւելի հասուն մարդ էի, գիտէի, թէ ինչ է ինձ հարկաւոր: Նիւ Եորքն ունի շատ ուժեղ հայ համայնք, բայց մարդիկ իրար հետ շատ չեն շփւում, որովհետեւ քաղաքը մեծ է, մարդիկ իրարից հեռու են ապրում: Մանհեթընում կայ մեծ հայկական եկեղեցի, բայց ոչ բոլորն են գալիս կիրակնօրեայ պատարագին: Նիւ Եորքում ես աշխատում էի որպէս ՏՏ բիզնես-վերլուծաբան եւ նախագծերի ղեկավար, մինչեւ առաջարկ ստացայ Ամերիաբանկից»:
Ըստ Սուրէնի, կեանքը Նիւ Եորքում շատ դժուար է: Դինամիկ անցուդարձն ու աշխատանքը խլում են ողջ ժամանակը, իսկ այն, որ հայկական Սփիւռքը ցրուած է քաղաքով մէկ, նաեւ դժուարացնում է կողակից գտնելը: Բացի դրանից, 2008 թուականին Սուրէնի ծնողները վերադարձել էին Հայաստան, եւ նա շատ էր կարօտում նրանց, ուստի որոշեց ինքն էլ վերադառնալ Հայաստան եւ ամէն ինչ սկսել նորից:
«Ծնողներս սկսեցին համոզել ինձ, որ վերադառնամ, ասում էին, որ եթէ աշխատանք գտնեմ, ամէն ինչ լաւ կը լինի, ուստի Նիւ Եորքում երեք ու կէս տարի աշխատելուց յետոյ ես դիմեցի Ամերիաբանկ եւ ստացայ աշխատանքի առաջարկ: Անկեղծ ասած, շատ էի կասկածում, որովհետեւ գոհ էի իմ այն ժամանակուայ աշխատանքից, իսկ տեղափոխութիւնը նշանակում էր, որ պիտի հրաժարուէի մեծ հնարաւորութիւններից, բայց ես Ամերիաբանկի մասին շատ լաւ բաներ էի լսել եւ ի վերջոյ որոշեցի ռիսկի դիմել: Շատ երախտապարտ եմ, որ որոշումս իրեն արդարացրեց»:
Ներկայումս Սուրէնն աշխատում է Ամերիաբանկում որպէս նախագծերի աւագ ղեկավար: Նրան են վստահւում ամբողջ կազմակերպութեան մակարդակով իրականացուող նախագծերը: Օրական Սուրէնն ունենում է 2-5 գործնական հանդիպում, անընդհատ վերանայում եւ կատարելագործում է նախագծերն ըստ ներկայացուող պահանջների: Սուրէնը շատ գոհ է իր նոր աշխատանքից, կազմակերպութեան միջավայրից եւ ասում, որ աշխատանքն Ամերիաբանկում իրեն ստիպում է միշտ, ամէն օր ձգտել դէպի կատարելութիւնը: Ըստ նրա՝ աշխատակիցների մասնագիտական աճն ու զարգացումն Ամերիաբանկում առաջին տեղում են, իսկ ամենաշատը նրան դուր է գալիս այն, որ Ամերիաբանկում ղեկավարութիւնը միշտ աջակցում է աշխատակիցներին, իսկ ինքն աշխատանքն ամէն օր հնարաւորութիւն է տալիս՝ նոր մարտահրաւէրներ յաղթահարելու:
«Մենք ձանձրանալու ժամանակ չունենք: Ամէն օր նոր գաղափարներ, նոր մարտահրաւէրներ: Ամերիաբանկում ես իրականացնում եմ CRM-նախագծեր ամբողջ բանկի մակարդակով: ԱՄՆում նման նախագծերը սովորաբար իրականացնում են խոշոր խորհրդատու ընկերութիւններ, իսկ այստեղ ես հնարաւորութիւն ունեմ՝ ինքս ղեկավարելու դրանք իմ անգնահատելի գործընկերների աջակցութեամբ»:
Սուրէնի աշխատանքը Հայաստանում շրջադարձային եղաւ նրա կեանքի համար:
«Ամերիաբանկում աշխատելու առաջին մի քանի շաբաթուայ ընթացքում իմ աշխատատեղը գտնւում էր մարքեթինգի եւ PRի թիմերի հարեւանութեամբ: Աւելի կոնկրետ (որոշագի-Խմբ.)՝ ես նստում էի իմ ապագայ կողակցի կողքին: Իմ՝ Հայաստանում մնալու որոշման մէջ հսկայական դեր խաղաց ամուսնութիւնս»:
Սուրէնի համար Հայաստանում աշխատելու ամենամեծ մարտահրաւէրներից մէկն այն էր, որ հնարաւոր չէր առաւօտեան ժամն 9:00ին հանդիպում նշանակել: Այժմ՝ 3 տարի անց, նա արդէն սովոր է դրան եւ բացայայտել է հայրենիքում ապրելու բազում առաւելութիւնները՝ կարող է աշխատանքի գնալ ոտքով, ընկերների հետ հանդիպել ցանկացած ժամանակ՝ թէկուզ ընդամէնը 20 րոպէ առաջ նրանց տեղեկացնելով, վստահ լինել, որ կարող է պահպանել հայկական ինքնութիւնը: Ամէն օր Սուրէնի համար նոր բացուող էջ է՝ լի նոր բացայայտումներով ու մարտահրաւէրներով:
«Ապագայի համար միայն մէկ ցանկութիւն ունեմ: Կը ցանկանայի, որ որդիս ապրեր խաղաղ ու ապահով կեանքով, տնտեսապէս զարգացած ու քաղաքականապէս կայուն Հայաստանում»:
«ՓԱՍՏԻՆՖՕ»