[embedyt] https://www.youtube.com/watch?v=lzqVXryyQ5I[/embedyt]
«Ես Աբսուրդի Նկարիչ Եմ»
Վարեց՝ ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Համլետ Յովսէփեանը հայ ժամանակակից արուեստի ամենանշանակալի դէմքերից է, եւ վիդէօ-արթի ռահվիրան կովկասեան տարածաշրջանում: Յովսէփեանի ստեղծած հայեցակարգային շարժապատկերները բնութագրւում են անհեթեթ պարզութեամբ, վերացական տարածութեամբ: Իր ստեղծագործութիւններում արուեստագէտն ուսումնասիրում է դատարկութեան գաղափարը՝ որպէս ժամանակակից մշակոյթի քննադատութեան հնարաւորութիւն: Յովսէփեանը ստեղծագործում է ծննդավայրում՝ Հայաստանի Աշնակ գիւղում, որ իր համար դարձրել է փորձարարական աշխատանոց՝ «որպէս ճակատ՝ ընդդէմ հասարակութեան սահմանուած կարգերի»: Այսպէս է Յովսէփեանին բնութագրում «Թիւֆէնքեան» ցուցասրահի հիմնադիր Քերոլայն Թիւֆէնքեանը:
Համլետ Յովսէփեանի աշխատանքները ցուցադրուեցին ԱՄՆում՝ Գլենդելում գործող եւ աշխարհասփիւռ հայ ժամանակակից նկարիչների ներկայացնող «Թիւֆէնքեան» արուեստի կենտրոնում: «Համլետ Յովսէփեան. Ընտրուած հաւաքածու» ցուցադրութիւնը ներառում է արուեստագէտի 1990ից 2018 թուականների աշխատանքները: Յովսէփեանի գոյները իւրայատուկ են. նա իւղաներկին խառնում է ալիւմինի կամ բրոնզի փոշի, որոնք ըստ արուեստագէտի, փոխանցում են իր ստեղծագործական միջավայրի՝ Աշնակ գիւղի երանգները: Արեւահարումից խանձուած, երբեմն մամուռներով պատուած տեսարաններ, որտեղ կարծես հրաբխի նման յանկարծ ժայթքում են վառ գոյներ՝ կարմիր, մանուշակագոյն, որոնք ներկայացնում են այն թաքնուած գեղեցկութիւնը, որ նկարիչը պեղում է իր ծննդավայրում, եւ տեսանելի դարձնում հանրութեանը: Համաշխարհային տարբեր ցուցասրահներում ներկայացուած եւ մեծ ճանաչում ունեցող հայ արուեստագէտն ինքն իրեն համարում է աբսուրդի նկարիչ:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Դուք իւրատեսակ յեղափոխական էք՝ վիդէօ-արթ ոճի առաջամարտիկներից, ով ոճի եւ թեմաների ընտրութեամբ մարտահրաւէր նետեց խորհրդային կարգերին: Ինչպէ՞ս ծագեց ընդվզումը:
ՀԱՄԼԵՏ ՅՈՎՍԷՓԵԱՆ.- Որպէսզի պատկերացում կազմուի իմ արուեստի մասին, պէտք է հասկանալ, թէ ինչ հասարակարգում էի ապրում, երբ սկսեցի զբաղուել արուեստով: Խորհրդային կարգեր էին, երբ կարող էիր ստեղծագործել միայն ընդունուած սահմանների շրջանակում, տիրող էր սոցիալիստական մշակոյթը՝ գործող օրէնքների, բանուոր դասակարգի գովերգում, իշխանութիւնների իդէալոգիայի (գաղափարախօսութեան-Խմբ.) պաշտամունք, ինչն ինձ համար խորթ էր: 70ական թուականներին Փանոս Թերլեմեզեանի անուան գեղարուեստի պետական քոլեջն աւարտելուց յետոյ, որոշեցի հակադրուել կարգերին, սահմանուած չափանիշներին՝ վրձինը դնել մի կողմ, ներկերն էլ, եւ անել ինչ որ նոր բան, որ չկար: Այս մղումը պայմանաւորուած էր նաեւ այն հանգամանքով, որ գրեթէ ամէն ինչ անհասանելի էր՝ վաճառասրահում ներկեր, կտաւ չէին վաճառում, որովհետեւ Նկարիչների միութեան անդամ չէիր: Ես չէի ցանկանում անդամագրուել մի կառոյցի, որտեղ ներգրաւուում էին ֆինանսական հարցեր լուծելու նպատակով, ինձ հետաքրքրում էր համաշխարհային մշակոյթը, որին ինձ մանկուց մօտեցրել էր մայրս:
Հայաստանում մշակութային միջավայրն ինձ չէր բաւարարում, եւ իմ մօտ առաջացել էր ձգտում ժամանակակից արուեստի նկատմամբ, որ գրեթէ անհասանելի էր իմ բնակավայրում՝ Աշնակ գիւղում: Որոշեցի տեղափոխուել Մոսկուա, որտեղ անցկացրածս ժամանակն ու շփումներն ինձ շատ բան տուեցին: Չնայած Ռուսաստանում էլ առկայ սահմանափակումներին, տեղեկատուութիւնը թէկուզ ընդյատակեայ, բայց տարածւում էր: Աւանգարդ (յառաջապահ-Խմբ.) նկարիչներով հաւաքւում, զրուցում էինք, միմեանց փոխանցում աշխարհից ստացուող նորութիւնները: Տարիներ անց, լիցքաւորուած՝ վերադարձայ Հայաստան, եւ հաստատուելով իմ ծննդավայրում՝ սկսեցի ստեղծագործել տարբեր ոճերում:
Վիդէօ-արթով սկսեցի զբաղուել, երբ այն որպէս առանձին ուղղութիւն դեռ գոյութիւն չունէր եւ ձեւաւորուեց 80-90ական թուականներին: 1974թ.ին, գնեցի տեսախցիկ՝ կինոխցիկ, եւ սկսեցի նկարել այն, ինչ ուզում էի, ոչ այնքան աբստրակտ (վերացական-Խմբ.), այլ՝ աբսուրդ (անհեթեթ-Խմբ.) երեւոյթներ, ուշադրութեան արժանացնել մարդկանց տեսադաշտից դուրս մնացած ամէնօրեայ, հասարակ երեւոյթներ, օրինակ՝ մարդ, ով րոպէներ շարունակ նստած յօրանջում է: Սոցիալիզմի մտածողութիւնն իմ համար աւելին չէր, քան մարդու յօրանջը, նինջը: Մէկ ուրիշ տեսարանում մարդ է, որ անընդմէջ պտըտւում է քարի շուրջ՝ կարծես փախչում է իրենից, բայց նորից վերադառնում է՝ առանց սպասումի, որովհետեւ չի տեսնում ապագայ: Ինձ ասում էին, թէ նկարում եմ մտաւորականի, ով յոգնած է, մարդ, ով կարծես ոչինչ չի անում, ձգտում է դէպի ոչինչ, որ երեւի ամենադժուարն է: Անիմաստ ու անհեթեթ թուացող, աբսուրդային իրավիճակներ էի նկարահանում, պարզ երեւոյթների միջոցով էի արտայայտւում, չէի մտածում ինչպէս վեհ գաղափարներ ներդնեմ, դա էլ մի այլ փիլիսոփայութիւն է:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ձեզ յաճախ բնորոշում են որպէս աբստրակցիոնիստ (վերացողական-Խմբ.), այնինչ դուք ձեզ համարում էք աբսուրդի նկարիչ:
ՀԱՄԼԵՏ ՅՈՎՍԷՓԵԱՆ.- Ինձ երբեմն համարում են աբստրակցիոնիստ, բայց չգիտեմ ինչու: Աբստարկտ բառը ուրիշ տեղ է տանում, իր պատմութիւնը, մեծութիւններին ունի, այն լայն հասկացողութիւն է, ոչ միայն ուղղութիւն է, նաեւ՝ մտածողութիւն: Ընդունուած է, որ եթէ նկարչութիւնը ֆիգուրատիւ (կերպարանական-Խմբ.) չէ՝ կոչում են աբստրակտ, բայց ես աբսուրդի նկարիչ եմ: Իմ աշխատանքներում պատկեր չկայ, ես գիծ եւ գոյն եմ նկարում, աբսուրդ եմ նկարում: Ելնելով մտքի, գաղափարի տեսակէտից, ես սիրում եմ աբսուրդը, եւ ոճը ինձ թելադրեց ատելութիւնը սոցռէալիզմի (ընկերային իրապաշտութեան-Խմբ.) հանդէպ, կեանքը թելադրեց որ այս ուղին ընտրեմ՝ անբացատրելի մի ուժ, որ ինձ մղեց դէպի աներեւոյթ, աննիւթ տարածք:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ձեր գոյները, ինչպէս եւ թեմաների ընտրութիւնը իւրայատուկ են: Ինչպէ՞ս է յաջողւում համաշխարհային մշակոյթից հեռու միջավայրում ստեղծագործելով՝ ստանալ համաշխարհային ճանաչողութիւն ստացող գործեր:
ՀԱՄԼԵՏ ՅՈՎՍԷՓԵԱՆ.- Իմ նկարները ծնւում են իմ միջավայրից: Նկարելիս, գոյներին մեծամասամբ խառնում եմ ալիւմինի կամ բրոնզի փոշի, որ այլ երանգ է հաղորդում: Ես այդպէս եմ զգում գոյները, որ գալիս է այն վայրից, որտեղ ես ապրում եմ, որտեղ չկան պատմական, հոգեւոր արժէքներ, հրապուրիչ չէ բնաւ, եւ հիմնականում չոր, խանձուած տեսարաններ են, որ ալիւմինային, արծաթագոյն երանգներ ունեն: Միաժամանակ, ինձ ոգեշնչում են քարերի վրայի մամուռը, քարաքոսները, որ ներառում եմ երբեմն իմ նկարներում: Կարող էք նկատել նաեւ գրուածքներ, որ անընթեռնելի են, քանզի նախընտրում եմ, որ իմաստ պարունակող բառերը, չկարդացուեն, քանի որ, երբ նկարի վրայ կարեւոր միտք ես գրում՝ նկարի գրաւչութիւնը, իրական զգացողութիւնները կորչում են կարծես: Ես դէպքերին ու իրադարձութիւններին անմիջապէս արձագանգող արուեստագէտ չեմ, սպասում եմ, որ դրանք նստուածք տան, վերլուծեմ:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ժամանակակից արուեստի ստեղծագործողի համար դժուար չէ՞ ապրել ու ստեղծագործել գիւղում: Ընկալո՞ւմ են ձեր արուեստը ձեր միջավայրում:
ՀԱՄԼԵՏ ՅՈՎՍԷՓԵԱՆ.- Իսկապէս շատ դժուար է ստեղծագործել գիւղում, բայց եթէ սէրդ արուեստի հանդէպ մեծ է՝ խոչընդոտները դառնում են յաղթահարելի:
Մօրս շնորհիւ իմ մօտ սէր ծնուեց արուեստի նկատմամբ դեռ մանկուց: Ես Աշնակում նկարիչ չէի տեսել, առաջին անգամ նկարչի հանդիպել եմ, երբ ուսանող էի, բայց մայրիկիս պատմութիւններով գիտէի ողջ արուեստի պատմութիւնը, հայ եւ համաշխարհային նկարիչներին: Դա էլ ինձ ոգեշնչեց շարունակել փնտռտուքներն ու ստեղծագործել եւ, գիւղի միապաղաղ կեանքը չխանգարեց այս պարագայում, այլ միայն օգնեց:
Սկզբում դժուարութեամբ էին ընկալում, յետոյ՝ ճանաչեցին, ու սիրեցին: Գիւղում յաճախ գործ ունէի մարդկանց հետ, ովքեր հեռու են արուեստից, եւ պէտք է այնպէս անես, որ քեզ սիրեն ու գնահատեն: Եթէ ներկայանաս որպէս նկարիչ, ցոյց տաս, որ հասկանում ես մի բան, որն իրենց համար հասկանալի չէ՝ կը վիրաւորուեն, եւ համակեցութիւնը կը դժուարանայ: Պէտք է իմանաս՝ ինչպէս վարուել, ինչպէս շփուել քո միջավայրի հետ եւ լինել ներդաշնակ նաեւ այդտեղ:
Ժամանակին ես էլ որոշեցի կրթել նոր սերունդներին նկարչութեան դասեր էի տալիս Թալինում, գիւղում երկու դասարան բացեցի: Թէեւ իմ սաներից ոչ ոք չշարունակեց այս ուղին, բայց գոնէ միջավայր ստեղծեցի, դասաւանդում էի նաեւ նկարչութեան, արուեստի պատմութիւն, եւ տարիներ անց, երբ հանդիպում եմ սաներիցս ոմանց, ոգեւորւում եմ, երբ լսում եմ, որ իմ դասախօսութիւնները ինչ-որ հետք թողել են իրենց կեանքում:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- «Թիւֆէնքեան» արուեստի կենտրոնը դարձել է աշխարհի հայ ժամանակակից արուեստագէտներին ներկայացնող բացառիկ պատկերասրահ: Սա գնահատման լաւագոյն միջոցներից է նկարչի համար, եւ միաժամանակ՝ սփիւռքահայերի համար ծանօթանալու հայ ստեղծագործողին: Ի՞նչ զգացողութիւններ ունէք:
ՀԱՄԼԵՏ ՅՈՎՍԷՓԵԱՆ.- Խորհրդային տարիներին իւրաքանչիւր արուեստագէտի համար երազանք էր ցուցադրուել Ամերիկայում: Այսօր, «Թիւֆէնքեան» պատկերասրահի շնորհիւ շատ ուրախ եմ, որ իմ աշխատանքների ցուցադրութիւնը հնարաւոր դարձաւ Լոս Անջելեսում, որ լաւագոյն առիթ էր ներկայանալու նաեւ հայ համայնքին, պատմելու իմ մասին ու ներկայացնելու իմ արուեստը: Չափազանց կարեւոր է, որ հայ նկարիչը, արուեստագէտը գնահատուած լինի, համարժէք վերաբերմունքի արժանանայ, եւ ի վիճակի լինի ստեղծագործելու՝ առանց կորցնելու ներքին ազատութիւնն ու հաւատարիմ մնալու իրական արուեստին:
Տեղեկանք.- Համլետ Յովսէփեանը անհատական ու խմբակային ցուցահանդէսներ է ունեցել աշխարհի տարբեր երկրներում, այդ թւում՝ Իտալիայում, Ֆրանսիայում, Ֆինլանդիայում, Յունաստանում, միաժամանակ Հայաստանը ներկայացրել է համաշխարհային տարբեր Բիենալեներում: Յովսէփեանի ստեղծագործութիւններին կարելի է ծանօթանալ «Թիւֆենքեան» արուեստի կենտրոնում՝ Երեքշաբթիից Ուրբաթ, ժամը՝ 11ից 5ը՝ նախապէս պայմանաւորուելով: Մանրամասների համար՝ զանգահարել 818.288.4635 հեռախօսահամարով կամ այցելել կայք՝ http://www.tufenkianfinearts.com/