ՖՐԵԴՐԻԿ ՎԱՐԴԱՆԵԱՆՍ

Կիրակի, Յունիսի 9ին, Քրեսենթա Հովտի Հայց. առաքելական եկեղեցւոյ դաստիարակչական յանձնախումբը, Ազգային առաջնորդարանի «Տիգրան եւ Զարուհի Տէր Ղազարեան» սրահում կազմակերպել է «Այլափոխուած Երեւան. Մայրաքաղաք դարձած գաւառը» հետաքրքիր դասախօսութիւնը: Օրուայ դասախօսներն էին ճարտ. դոկտ. Մարքօ Բրամպիլլա եւ դոկտ. Անդրէ Մարութի: Հիւր ճարտարապետներին ներկայացրեց Վահէ Հայրիկեանը:
Դասախօսութեան ընթացքին ներկայացուեց Երեւանի պատմութիւնը եւ այլափոխումը՝ սկսեալ Երեւանի նախապատմական բերդից եւ ամբողջովին հայկական գերիշխանութեան տակ, ապա պարսիկների, օսմանցիների, ցարական եւ համայնավար Ռուսաստանի կողմից իշխուելու տարիներից, մինչեւ նրա «պարտէզ քաղաք»ի յատակագծի եւ դրա վերջնական պատկեր ներկայացնող ժամանակակից Երեւան քաղաքը:
Ըստ ճարտ. Անդրէ Մարութի՝ 4000 տարուայ եւ աւելի պատմութիւն ունեցող Երեւանը, մի փոքրիկ մասնիկն էր ամբողջ Հայաստանի եւ շրջապատուած էր Շէնգաւիթ, Արտաշատ, Դուին եւ Էրեբունի շրջաններով, որոնք աւելի կարեւոր դեր ունէին քան Երեւանը: 2000 տարի առաջ, Տիգրան Մեծի ժամանակ, կարճ ժամանակուայ ընթացքում Հայաստանը հելլենական մշակոյթի ազդեցութեան տակ գտնուեց եւ Գառնի տաճարը փոքրիկ նմուշ էր այդ շրջանի: Մեծն Տիգրանից յետոյ, պարսիկ Սասանեանների յարձակումներն են տեղի ունեցել, իսկ 7րդ եւ 10րդ դարերին Բագրատունեաց տոհմի իշխանութեան ժամանակ տեղի է ունեցել Հայաստանի մշակութային զարթօնքը:
Ճարտ. Անդրէ Մարութին պատմում է, թէ 1199-1375 տարիների ընթացքում Արեւմտեան Հայաստանը աւելի ուշադրութեան տակ էր քան Արեւելեան Հայաստանը: Էջմիածնի կաթողիկոսարանը Սիս էր տեղափոխուել եւ մինչեւ 16րդ դար Երեւանը շատ ուշադրութիւն չէր գրաւել որպէս քաղաք: 16րդ դարում Օսմանեան կայսրութիւնը գրաւում է Արեւելեան Հայաստանը եւ 1582 թուականին կառուցում է Երեւանի բերդը: Ապա, պարսից Սաֆավիդ եւ Օսմանեան կայսրութեան միջեւ պատերազմները տեւում են 100 տարի Արեւելեան Հայաստանի վրայ, մինչեւ 1828 թուականը, երբ ռուսները վերջնականօրէն գրաւում են Արեւելեան Հայաստանը:
Ընդհանուր առմամբ, Երեւանի ճարտարապետական կերպարանքը պարսկական է եղել 1828 թուականից առաջ: Երեւանի հին բազարը (շուկան), Սարդարի պալատը եւ քարվանսարայները պարսկական տիպար ունէին: Երեւանի մէջ այդ թուականներին կար երկու մզկիթ եւ մէկ եկեղեցի:
Ճարտ. Անդրէ Մարութի նաեւ տեղեկացնում է, որ 13րդ դարում Մարքօ Փոլօն անցել է Երեւանից եւ սկսեալ ռուսների տիրապետութիւնից, եւրոպացի այլ ճամբորդներ այցելել են Երեւան եւ այլ շրջաններ, նկարագրելով հայկական կոթողների ճարտարապետական նախագիծերը եւ քարտէզները: Ժոզէֆ Փիթօն 1660 թուականին նկարագրել է Էջմիածնի Մայր տաճարը իր պարսկական պարիսպի ձեւաւորումով: Քեն Փորթըրը 1821 թուականին նկարագրել է Գառնիի աւերակները եւ ծանօթացել պարսկական խանին: Ֆրեդերիք Դուբուան 1840 թուականին նկարագրել է Գեղարդի վանքը եւ Ջան Չարդին 1686 թուականին մանրամասնօրէն նկարագրել է Էջմիածնի ճարտարապետութիւնը: 1842 թուականին Չարլզ Թեքսիըրը չափագրել է Անիի տաճարը եւ պարիսպը: 1960 թուականին ֆրանսիացի Ֆելիսիթ Բրոսեթը գնում է Անի եւ նկարագրում Անիի յուշարձանները: 19րդ դարից յետոյ լուսանկարչութիւնը ի յայտ է գալիս եւ 1898 թուին Հենրի Ֆինիս Բլոսը 450 նկարներ է նկարահանում Հայաստանի տարբեր շրջաններից:
1860 թուականին Թավերնիէն նկարագրում է Երեւանի բերդը, զինուորանոցը, Երեւանի քարտէզը, Հրազդան գետը եւ ներկայ ճանապարհները: Չարդինի քարտէզը նկարագրում է Երեւանը իր կանաչապատուած այգիներով: 1808 թուականին Երեւանը ունեցել է հետեւեալ բնակչութիւնը՝ ա. Երեւանի բերդում՝ պարսիկ բնակչութիւն, բ. Չահար թաղում՝ պարսիկ բնակչութիւն, գ. Կոնդի շրջան՝ հայ բնակչութիւն, դ. Դեմիր Բուլաղ շրջան՝ հայ բնակչութիւն:
1828 թուականին ռուսները գրաւում են Երեւանը եւ դրանից յետոյ նոր թափով շինարարութիւն է տեղի ունենում, եկեղեցիներ կառուցւում, փողոցները լայնանում եւ նոր ոճով շէնքեր են ի յայտ գալիս: 1856 թուականին հայկական ներգաղթ է տեղի ունենում Պարսկաստանից դէպի Երեւան:
Ըստ ճարտ. Մարքօ Բրամբիլլայի, Երեւանի ընդհանուր պատկերը 70 կամ 80 տարի առաջ ընդհանրապէս այլ էր, քան ինչ որ մենք տեսնում ենք այսօր: 1827 թուականին 10,000 բնակչութիւն ունեցող Երեւան քաղաքը, 80 տարուայ ընթացում շատ արագ կերպով պատկերափոխուեց: Ըստ նրան՝ եւրոպական այլ քաղաքներ դարերի ընթացքում կարողացել են կերտել իրենց իրական քաղաքների տեսքը, իսկ հին Երեւանը ազդուած է եղել օսմանեան, պարսկական եւ համայնավար շրջանի ճարտարապետական ոճից, որից խուսափելը դժուարին է եղել:
1930ական թուականներին, երբ Հայաստանը արդէն մաս էր կազմում Սովետական Միութեան, այն տպաւորութիւնը եւ համոզմունքը ստեղծուել էր, որ այլեւս Երեւանը չի կարող գիւղաքաղաքի տեսք ունենալ եւ պէտք էր հայկական ճարտարապետական ոճով այն վերակառուցել: Նկատի ունենալով, որ Երեւանը օժտուած է եղել բեղուն կանաչապատմամբ եւ ջրով, պէտք էր լայն փողոցներով, մարդկանց հանգիստը ապահովելով, այգի քաղաք կոչուած ծրագիրը մշակել եւ այդ միտումով մոսկուաբնակ ճարտ. Ալեքսանդր Թամանեանը հրաւիրւում է Երեւան, ստանձնելու համար քաղաքաշինութեան այդ ծրագրի աշխատանքները:

Թամանեանի շնորհիւ երկու կարեւոր շէնք է կառուցւում Երեւանում, մէկը՝ կառավարութեան շէնքը եւ միւսը՝ Օպերայի շէնքը, օգտագործելով որոշ ճարտարապետական թեմաներ, որոնք ըստ ճարտ. Բրամբիլլայի, իսկապէս հայկական չէին: Թամանեանը ստեղծել է որոշ ճարտարապետական ոճ, որ կոչւում է հայկական ճարտարապետութիւն թէկուզ նոյնիսկ այսօր հայ ճարտարապետները չգիտեն, թէ ինչ է իսկական հայկական ճարտարապետութիւնը:
Այսօր, Երեւանում կառուցուող 30 եւ աւելի յարկանի բարձրահասակ շէնքեր են կառուցւում եւ չի կարելի նոյնիսկ Թամանեանի թողած ոճը գործածել այդտեղ: Թամանեանը մի քանի գործածուած տարրեր ներմուծեց հայկական ճարտարապետութեան մէջ եւ այսօր որոշ հայ ճարտարապետներ փորձում են դրանք օգտագերծել: Թամանեանին հետեւող հայ ճարտարապետների նկարագրած եւ կառուցած շինարարութիւնների առաջին յարկը ընդհանրապէս դասական կամարներով կը փակուի, իսկ աւելի բարձր յարկերը աւելի փափուկ եւ թեթեւ ու շատ յաճախ երկու սիւն միասին, ու մէկ աշտարակով կ՛աւարտուի, որ միայն փորձ է իրական հայկականութեան ոճ ունենալու:
Այսօր նաեւ հայ ճարտարապետները փորձում են երկու յարկից շէնքերը իրար միացնել՝ անկիւնում զետեղուած մի այլ ձեւաւորուած շէնքով կամ գործածել տարբեր շինանիւթեր. օրինակի համար, առաջին յարկում օգտագործել սեւ բազալդ, իսկ վերջինը՝ տուֆ:
Ըստ ճարտ. Մարքօ Բրամբիլլայի՝ թէկուզ Թումանեանի շնորհիւ այսօրուայ հայ ճարտարապետներ շատ գեղեցիկ շէնքեր կը գծեն այն թեմաներից, որոնք սովորել եւ ընդունել են: Բայց 60ական եւ 80ական թուականներին Հայաստանում եւ ինչպէս ողջ Ռուսաստանում խրուշչովեան տիպի կառուցուած ահաւոր ու անորակ շէնքերը մինչեւ օրս մեծ դժուարութիւն կը ստեղծեն Երեւան քաղաքի ապագայի համար: Նաեւ անկախութեան տարիների ապօրինի շինարարութեան հետեւանքով կառուցուած շէնքերը եւ ներկայիս ալ շարունակուող չծրագրուած, արագընթաց շինարարութեան արտօնութիւնները եւ ընդհանուր առմամբ հայկական ոճով մշակուած ճարտարապետական ծրագրի պակասը լուրջ մտահոգութիւն կը ստեղծեն Երեւան քաղաքի պատկերը հայկական ոճի մէջ պահելու համար: