ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
«Առողջ սիրտ եւ առողջ միտք», այսպիսի խորագիր էր կրում Ամերիկայի Սրտաբանական միութեան-Կաթուածի ամերիկեան միութեան եւ Գլենդելի «Ադվենտիստ Հելթ» առողջապահական կենտրոնի համատեղ ձեռնարկը, որ քարոզում էր առողջ կենսակերպ:
Քաղաքի կենտրոնական այգում տեղակայուած տաղաւարներից իւրաքանչիւրում տարբեր մասնագէտներ ներկայացնում էին առողջ կենսակերպին նպաստող խորհուրդներ եւ տրամադրում անվճար խորհրդատուութիւն: Սննդի տաղաւարում կարելի էր համտեսել աղցաններ եւ մանրամասն տեղեկութիւններ ստանալ որոշ ուտեստների առողջարար յատկութիւնների մասին: Մէկ այլ տաղաւարում այցելուներն առիթ ունեցան ծանօթանալու ֆիզիկական յատուկ վարժութիւնների համակարգի եւ միաժամանակ վարժուել ոլորտի մասնագէտի հետ: Գլենդելի բազմաթիւ քաղաքացիներ կարողացան ստուգել արեան ճնշումը, օրգանիզում շաքարի քանակը, ինչպէս նաեւ՝ այլ բժիշկների հետ խօսել իրենց անհանգստութիւնների մասին: Քաղաքի հրշէջ ծառայութեան աշխատակիցներն էլ սովորեցնում էին սրտի կանգի դէպքում վերակենդանացման ձեւեր: Միաժամանակ, այցելուները անվճար ստացան օգտակար միրգ եւ բանջարեղէն:
Ձեռնարկի կազմակերպիչները նախաձեռնել էին առողջ կենսակերպին նպաստող ամբողջական մօտեցում. «Ակնկալում ենք, որ աս ձեռնարկը սկիզբը կը լինի դէպի առողջ ապրելակերպ երկար ճամբորդութեան, որ սկսւում է եօթ պարզ քայլերից, որոնց թւում է առողջ սննդակարգը, ֆիզիկական ակտիւութիւնն ու հանգիստը: Ուրախ եմ, որ «Ադվենտիստ Հելթ» կենտրոնի հետ համագործակցաբար կարողացանք այս ձեռնարկն իրականացնել նաեւ գլենդելցիների համար», նշեց Ամերիկեան Սրտաբանական միութեան Լոս Անջելեսի շրջանի փոխնախագահ Շոն Քէյսի Ուայթը:
Գլենդելի քաղաքապետ Արա Նաջարեանը ողջունեց նախաձեռնութեան անդրանիկ ձեռնարկը՝ կարեւորելով քաղաքացիների առողջութեան համար իրականացուող իւրաքանչիւր քայլ. «Քաղաքապետարանը բազմաթիւ ուղղութիւններով է աշխատում բնակիչների համար առողջ կենսակերպ ապահովելու համար՝ սոցիալական, տնտեսական բնապահպանական, առողջութեան կրթութեան յատուկ դասընթացներ ենք կազմակերպում դպրոցներում: Այսօր էլ քաղաքի հրշէջ ծառայութեան աշխատակցիներն են միացել այս հիանալի ձեռնարկին, ինչը նշանակում է, որ առաւել արդիւնաւէտ կը լինենք հաւաքական ջանքերի դէպքում, ինչի խորհրդանիշներից է «Առողջ սիրտ եւ առողջ միտք» նախաձեռնութիւնը»:
Ձեռնարկի այցելուներն էլ իրենց գոհունակութիւնը յայտնեցին կազմակերպիչներից՝ նշելով, որ միջոցառումը կարեւոր էր նաեւ առողջապահական ոլորտի նորութիւններին տեղեկանալու առումով:
Նման հաւաքներ նախատեսւում են նաեւ Սիմի Վելի (Simi Town Center) եւ Լոս Անջելեսի Պոյլ Հայց (Mariachi Plaza) շրջաններում Սեպտեմբերի 5ին եւ Հոկտեմբերի 12ին: