ՍԱՐԳԻՍ ԱՐԾՐՈՒՆԻ
Այսօր (Հինգշաբթի, 12 Սեպտեմբեր-Խմբ.) բնապահպանները բողոքի երթ են անցկացրել Երեւանում՝ Ամուլսարի պաշտպանութեան օրակարգով: Ամուլսարի շուրջ ճգնաժամը խորացաւ օրերս, երբ վարչապետ Նիկոլ Փաշինեանը «Ֆէյսբուք»ի ուղիղ եթերում խնդրել է Ջերմուկ քաղաքի բնակիչներին ապաշրջափակել Ամուլսարի հանք տանող ճանապարհները: Վարչապետը նշել էր, որ եթէ հիմա նոյնիսկ դէպի Ամուլսար տանող ճանապարհները բացուեն, այնտեղ շինարարական աշխատանքները չեն մեկնարկի մինչեւ 2020 թուականի Ապրիլ:
Հայկական բնապահպանական ճակատ նախաձեռնութեան «ֆէյսբուք»եան էջում էր յայտարարութիւն տեղադրուել այսօրուայ երթի մասին: ՀԲՃն վերահաստատել էր Ամուլսարի պաշտպանութեան յանձնառութիւնը եւ յայտնել էր, որ այդ ուղղութեամբ գործադրելու ենք բոլոր ջանքերը:
Ահա այս համատեքստում այսօր պետութեան առաջին դէմքերը հանդէս են եկել յայտարարութիւններով, որոնք առնուազն տարակուսելի են ու անգամ կասկածի տակ են դնում յեղափոխութեան օրակարգը:
«Եթէ այսօր ապօրինի ձեւով փակենք հանքը, վաղը նոյն կերպ ապօրինի ձեւով կը փակենք լրատուամիջոցը», այսօր Ազգային ժողով-կառավարութիւն հարցուպատասխանի ժամանակ յայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինեանը՝ պատասխանելով պատգամաւոր Արման Բաբաջանեանի այն հարցին, թէ ինչո՞ւ է վարչապետը Ամուլսարի հարցում «պատասխանատուութիւն ստանձնում նախկին յանցաւոր ռեժիմի կողմից տրուած լիցենզիայի (արտօնագիրի-Խմբ.) համար», առանց դրա օրինականութիւնը քննարկելու:
Աւելորդ է ասել, որ Փաշինեանի յայտարարութիւնը, մեղմ ասած, կոռեկտ (պատշաճ, ճիշդ-Խմբ.) չէ ու արդարացիօրէն արժանանալու է քաղաքացիական հասարակութեան սեգմենտների (հատուածներու-Խմբ.) ու ԶԼՄների քննադատութեանը: Յեղափոխութեան առաջնորդը նոյնիսկ այլաբանօրէն չպէտք է խօսի մամուլի փակման հնարաւորութեան մասին: Բացի դրանից՝ հանքարդիւնաբերութիւնն ամենեւին էլ ժողովրդավարական պետութեան կարեւոր յատկանիշ չէ, մանաւանդ որ Ամուլսարը ու միւս հանքերը նախկին համակարգի կոռուպցիոն (զեղծարար-Խմբ.) դրսեւորման հետեւանք են: Սա փաստ է, որի մասին ընդդիմադիր ու յեղափոխութեան առաջնորդ Նիկոլ Փաշինեանը բարձրաձայնել է բազմաթիւ անգամներ: Միայն այս հանգամանքն անկարելի է դարձնում Ամուլսարի ու ազատ մամուլի համեմատութիւնը, հակառակ պարագայում՝ հասարակութիւնն աստիճանաբար տարբերութիւններ չի տեսնելու նախկին ու ներկայ իշխանութիւնների, նախայեղափոխական ու յետ-յեղափոխական իրավիճակների միջեւ:
«Չէք կարծո՞ւմ, որ այդպիսով դէմ էք գնում յեղափոխութեամբ այդ նոյն յանցաւոր ռեժիմի (վարչակարգի-Խմբ.) սպասարկող տնտեսական կառուցակարգերը վերացնելու ձեր իսկ տուած խոստումը», հարցրել է Բաբաջանեանը՝ լսելով Փաշինեանի դիրքորոշումն Ամուլսարի հանքի վերաբերեալ: Ի պատասխան Արման Բաբաջանեանի հարցի, վարչապետն ասել է. «Ինչո՞ւ էք, օրինակ, դուք կիսում նախորդ յանցաւոր ռեժիմի քաղաքական պատասխանատուութիւնը՝ համաձայնելով նրա ընդունած կասկածելի հանրաքուէով Սահմանադրութեամբ եւ Ընտրական օրէնսգրքով ձեւաւորուած Ազգային ժողովում լինել պատգամաւոր»:
Այս դրուագում վարչապետի պատասխանը նոյնիսկ ցնցող է, որովհետեւ Փաշինեանը չգիտես ում է մեղադրում յեղափոխութեան օրակարգը տապալելու մէջ: Ինչո՞ւ ցայսօր չեն կատարուել համակարգային բարեփոխումներ, ինչո՞ւ է գործում հին ԸՕն (ընտրական օրէնսգիրքը-Խմբ.) կամ ինչո՞ւ իրականութիւն չի դարձել դատական ռեֆորմը (բարեփոխումը-Խմբ.)՝ կասկածի տակ դնելով նախկին համակարգի ապամոնտաժման (քակելու, քանդելու-Խմբ.) գործընթացը, հնարաւոր չդարձնելով քրէաօլիգարխիային իրաւա-քաղաքական համապարփակ գնահատական տալը:
Սրանք հարցեր են, որոնց պատասխանները պէտք է տայ Նիկոլ Փաշինեանը, ու հիմա հասկանալի չէ՝ ինչի՞ կամ ո՞ւմ վրայ է զայրացել վարչապետը, արդեօք նա նեղսրտո՞ւմ է, որ իրեն պարբերաբար յիշեցնում են յեղափոխութեան օրակարգի մասին:
Այնպիսի տպաւորութիւն է, որ Փաշինեանն այլեւս չի հաւատում յեղափոխութեանը, մանաւանդ այսօր խորհրդարանի նախագահը ԱԺ մօտ ցուցարարների հետ հանդիպման ժամանակ, ըստ էութեան, կասկածի տակ է դրել Նիկոլ Փաշինեանի հիմնարար յայտարարութիւններից մէկը:
«Երբ Նիկոլ Փաշինեանը յայտարարեց, որ յեղափոխութիւնից յետոյ լինելու է ուղիղ ժողովրդավարութիւն, եւ ժողովուրդն է որոշելու, եթէ ժողովրդի մեծամասնութիւնը որոշում է, որ էդպէս, ուրեմն էդպէս է լինելու, իսկ Ջերմուկ համայնքը արդէն վաղուց որոշել է, որ ինքը չի ուզում, որ հանքը շահագործուի», ասել է Անի Խաչատրեանը, որին ընդհատել է Արարատ Միրզոյեանի պատասխանը:
«Հիմա մտնենք տափակ քն-նարկման մէ՞ջ», ասել է Արարատ Միրզոյեանը, ինչը զայրացրել է բնապահպաններին:
Եթէ ուղիղ ժողովրդավարութեան մոդելը «տափակութիւն» է դարձել՝ այն Փաշինեանի կողմից հնչեցուելուց ընդամէնը մէկ տարի յետոյ, ապա միանգամայն տրամաբանական է, որ երթի մասնակիցները հնչեցրել են հրաժարականի պահանջ:
«ԱՌԱՋԻՆ ԼՐԱՏՈՒԱԿԱՆ»