[embedyt] https://www.youtube.com/watch?v=4PAjJAfu4og[/embedyt]
Գլենդելի Քաղխորհրդի Թեկնածու Արտաշէս Քասախեանն Առաջարկում է Կառավարման Եւ Զարգացման Նորարարական Մօտեցումներ
Վարեց՝ ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Գլենդելում նախատեսուած են քաղաքային խորհրդի ընտրութիւններ, որոնց մասնակցում է նաեւ քաղաքի քարտուղար, քաղաքական-հասարակական գործիչ Արտաշէս Քասախեանը: Որպէս Գլենդելի քաղաքապետարանի ընտրուած պաշտօնեայ, Արտաշէսը տասնհինգ տարի նուիրուած գործունէութիւն է ծաւալել՝ հիմնականում կենտրոնանալով կառավարման թափանցիկութեան բարձրացման, քաղաքացիական ներգրաւուածութեան մեծացման ու համակարգում՝ տեխնոլոգիաների (արհեստավարժութեան-Խմբ.) լայն կիրառման ուղղութեամբ: 2005 թուականին, առաջ անցնելով իր ութ մրցակիցներից եւ ընտրուելով քաղաքապետարանի քարտուղարի պաշտօնում, Քասախեանը դարձաւ քաղաքապետարանում երբեւէ ընտրուած ամենաերիտասարդ պաշտօնեան:
Քաղխորհրդի անդամի պաշտօնում ընտրուելու դէպքում, Արտաշէս Քասախեանը նշում է, որ կը շարունակի հետամուտ լինել այն հարցերին, որոնցով զբաղւում է տարիներ շարունակ՝ ներառելով յանցաւորութեան դէմ պայքարը, տրանսպորտի եւ երթեւեկութեան, մատչելի բնակարանների հարցը, աշխատանքներ կը տանի մշակոյթի խթանման, կանաչ տարածքների աւելացման եւ մի շարք այլ հարցերի ուղղութեամբ՝ քաղաքում կեանքի որակը բարելաւելու եւ ընտանիքների համար ցանկալի կեցավայր դարձնելու համար:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Դուք 15 տարի է աշխատում էք Գլենդելի քաղաքապետարանում եւ լաւագոյնս պատկերացնում էք թէ՛ կառավարման համակարգը եւ թէ քաղաքում առկայ խնդիրներն ու մարտահրաւէրները: Ինչո՞ւ այժմ որոշեցիք առաջադրուել որպէս քաղխորհրդի անդամ:
ԱՐՏԱՇԷՍ ՔԱՍԱԽԵԱՆ.- Ես միշտ եմ հետաքրքրուել Գլենդելի քաղաքականութեամբ, որովհետեւ սա այն քաղաքն է, որտեղ ես ապրել եմ 35 տարի, եւ այս քաղաքն եմ համարում իմ տունը: Իսկ ինչու եմ որոշել առաջադրուել, որովհետեւ ամերիկեան երազը որ կայ, երիտասարդներն այսօր չեն կարողանում իրականացնել Գլենդելում՝ պայմանաւորուած ահռելի թանկացումներով, կենսամակարդակի նուազմամբ, յանցագործութիւնների աճով: Ես ունեմ այս մտահոգութիւնները որպէս Գլենդելի բնակիչ, ծնող, եւ ցանկանում եմ, որ իմ եւ այս քաղաքի բնակիչների զաւակները բոլորն էլ ունենան նոյն հնարաւորութիւնները, ինչը ես եմ ունեցել՝ յաճախի բարձր կրթական մակարդակի հանրային դպրոց, քայլի ապահով եւ մաքուր փողոցներում, կարողանայ ձեռք բերել բնակարան մատչելի արժէքով եւ կարողանայ իրականացնել իր երազանքներն այս քաղաքում:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ձեր ծրագրային առաջնահերթութիւններից է հանրային անվտանգութեան ապահովումը: Գլենդելը համարւում է ամենաապահով քաղաքներից: Ի՞նչ մարտահրաւէրներ կան ըստ ձեզ:
ԱՐՏԱՇԷՍ ՔԱՍԱԽԵԱՆ.- Գլենդելը շարունակաբար հանդիսացել է երկրի ամենաապահով քաղաքներից մէկը եւ համեմատաբար դեռ ապահով է: Այնուամենայնիւ, վերջերս իրականացուող պետական քաղաքականութիւնը նպաստեց, որ աւելանան ոճրագործութիւնների թիւը, կողոպուտի դէպքերը, եւ կարծում եմ, որ կարիք ունենք աւելի մեծ թուով ոստիկանների, վերահսկողութեան այլ նոր ձեւերի կիրառման:
Միաժամանակ, երկրում աճել է զէնքով բռնութիւնների թիւը, ինչն առաւել մտահոգիչ է դպրոցների դէպքում: Ես կը վերականգնեմ քաղաքի զէնքի յետ գնման ծրագիրը, ինչպէս նաեւ՝ կ՛ապահովեմ մեր հանրակրթական դպրոցներում ոստիկանների թուի աւելացումը՝ համոզուելու համար, որ մեր երեխաների անվտանգութիւնն ապահովում են արհեստավարժները։ Որպէս համայնք մենք պէտք է պաշտպանենք մեր երեխաներին, ինչը նշանակում է նաեւ մեր երեխաներին կրթել թմրամիջոցների եւ այլ վնասակար միջոցների վտանգների ուղղութեամբ: Աշխատելու եմ զերծ պահել քաղաքը թմրամիջոցների տարածումը խթանող հաստատութիւններից:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.– Ձեր ծրագրում տեղական տնտեսութեանն աջակցելու բազմաթիւ առաջարկներ կան: Կը թուէ՞ք դրանց մի մասը:
ԱՐՏԱՇԷՍ ՔԱՍԱԽԵԱՆ.- Իմ հիմնական առաջնահերթ խնդիրներից է լինելու ապահովել, որ Գլենդելում նպաստաւոր միջավայր լինի տնտեսական զարգացման համար, եւ բիզնեսի համար բարենպաստ քաղաքականութեան իրականացուի՝ վերացնելով այն արհեստական խոչընդոտները, որոնց ներկայումս բախւում են քաղաքում գործ սկսել ցանկացող ձեռներէցները: Աշխատելու եմ, որ ստեղծուեն այնպիսի օրէնքներ, որոնք կ՛օգնեն փոքր բիզնեսին աւելի մրցունակ դառնալու եւ զարգացնելու մեր տեղական տնտեսութիւնը՝ խթանելով տեղական աշխատատեղերի ստեղծմանը:
Խոչընդոտներից կը նշէի այն, որ օրինակ այսօր հացի փուռ բացել ցանկացող գործարարը մինչեւ երեք ամիս սպասում է քաղաքապետարանից անհրաժեշտ թոյլտուութիւններ ստանալու համար, մինչդեռ աւելի մեծ ֆինանսական ներդրում կատարող մէկի համար բոլոր դռները միանգամից են բացւում: Ես չեմ կարծում, որ նման երկակի չափանիշներ պէտք է կիրառուեն, այլ հակառակը՝ բոլորը պէտք է հաւասարապէս օգտուեն քաղաքապետարանի բոլոր ծառայութիւններից:
Մեր հիմնական մարտահրաւէրներից է նաեւ առեւտրային համակարգի փոփոխութիւնը, ինչի արդիւնքում մեր քաղաքում գործող խոշոր առեւտրային կէտեր, ինչպիսիք են՝ «Մէյսիզ», «Ջեսի Փենի», կանգնած են շատ մեծ դժուարութիւնների առջեւ առցանց առեւտրի հսկաների ի յայտ գալուց յետոյ: Այդ պատճառով, մենք այսօրուանից պէտք է մտածենք, թէ ինչպէս կարող ենք մեր տեղական բիզնեսները զարգացնել՝ ներմուծելով տեխնոլոգիաներ (ճարտարարուեստ-Խմբ.), եւ Գլենդելը դարձնենք տեխնոլոգիական հանգոյց:
Մեր քաղաքն արագօրէն դառնում է նստավայր տեխնոլոգիական նորաստեղծ եւ միջազգային ճանաչում ունեցող ընկերութիւնների համար: Քաղաքապետարանը պէտք է խթանի այս միտումը՝ առաւել նորարարական եւ առաջադէմ տեխնոլոգիական «սթարթափ»ներ ներգրաւելու համար, ինչը կը յանգեցնի քաղաքի տնտեսական բազայի աճին: Անհրաժեշտ է ստեղծել նաեւ համագործակցութիւն մեր դպրոցների, Գլենդելի համայնքային քոլեջի եւ գործող գործարար հանրութեան միջեւ, երիտասարդներին՝ հնարաւորութիւն տալով կենտրոնանալ համաշխարհային զարգացման հնարաւորութիւնների վրայ եւ առիթ ներգրաւուելու: Տեխնոլոգիական տնտեսութիւն ունենալու համար հարկաւոր են պատրաստուած աշխատողներ, եւ դա նշանակում է, որ պէտք է աշխատենք նաեւ կրթօջախներում ուսուցիչների որակաւորման ուղղութեամբ:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ինչպէ՞ս էք նախատեսում լուծել բնակարանային հարցերը:
ԱՐՏԱՇԷՍ ՔԱՍԱԽԵԱՆ.- Ցանկանում եմ համոզել, որ մարդիկ կարող են իրենց թոյլ տալ բնակուել այն շրջանում, որտեղ նրանք աշխատում են: Ես մատչելի բնակարանաշինութեան կողմնակից եմ եւ աջակցում եմ հանրային եւ պետական-մասնաւոր համագործակցութեանը՝ մատչելի բնակարաններ ստեղծելու համար: Կարեւոր եմ համարում, որ մեր համայնքին տարբեր՝ անվտանգութեան, առողջապահական, կրթական ծառայութիւններ մատուցող մարդիկ հնարաւորութիւն ունենան ապրելու Գլենդելում: Աշխատելու եմ նաեւ ցածր եկամուտ ունեցող ընտանիքների եւ հաստատուն եկամուտ ունեցող տարեցների համար մատչելի բնակարանների կառուցման ուղղութեամբ: Իմ գործունէութիւնը որպէս քաղխորհրդի անդամ միտուած է լինելու նաեւ քաղաքում թանկարժէք եւ շքեղ շինարարական նախագծերը կասեցնելու, «Սեքշըն 8» ծրագրի շահառուների թիւը՝ տանտէրերի հետ բանակցութիւնների միջոցով աւելացնելու ուղղութեամբ:
Վարձի վերահսկման առումով էլ նահանգն ընդունել է նոր օրէնք, մէկ տարում պարզ կը լինի, թէ ինչպէս է այն գործելու Գլենդելում: Սպասենք, եւ եթէ դրական առաջընթաց չլինի, անպայման անդրադառնալու եմ նաեւ այս հարցին:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Ձեր առաջնահերթութիւնն էք համարում կառավարութեան հաշուետուութեան եւ թափանցիկութեան մեծացումը: Ինչպէ՞ս:
ԱՐՏԱՇԷՍ ՔԱՍԱԽԵԱՆ.- Կառավարութիւնն աւելի թափանցիկ եւ հաշուետու դարձնելն իմ հիմնական նպատակն էր, երբ որոշեցի առաջադրուել որպէս քաղաքապետարանի քարտուղար, եւ դա կը լինի իմ հիմնական առաքելութիւնը, եթէ ընտրուեմ քաղխորհրդում: Գլենդելի կառավարման համակարգը նախատեսուած էր մի քաղաքի համար, որն ունէր աւելի քան 20,000 բնակիչ: Այսօր մեր քաղաքի բնակչութիւնը 10 անգամ գերազանցում է այդ թիւը եւ մենք դեռ ունենք քաղաքային խորհրդի ընդամէնը հինգ անդամ, որոնք ընտրւում են ընդհանուր ընտրութիւններով: Մենք պէտք է բարեփոխենք կառավարող խորհրդի մեր ներկայացուցչական համակարգը՝ աւելի մեծ հնարաւորութիւններ ընձեռելով այն մարդկանց, ովքեր ցանկանում են առաջադրուել եւ ծառայել իրենց համայնքներին: Գլենդելը պէտք է ընդարձակի քաղխորհրդի անդամների թիւը դառնալով եօթ, այսինքն՝ ներկայացուած լինեն հինգ ընտրատարածքներից ներկայացուցիչներ, եւ երկուսը՝ ընդհանուր անդամներ: Իւրաքանչիւր ընտրական փուլում ընտրողները հնարաւորութիւն կ՛ունենան քուէարկելու իրենց տարածքի ներկայացուցչի համար եւ եւս մէկ անդամի: Սա կոչւում է հիբրիդային (համախառն-Խմբ.) համակարգ, որը կարող է ապահովել, որ բնակիչները աւելի մեծ հնարաւորութիւն ունենան շփուելու իրենց կոնկրետ (յստակ-Խմբ.) տեղական ներկայացուցչի հետ՝ միաժամանակ ապահովելով, որ ունենան եւս երկու այլ ներկայացուցիչ քաղխորհրդում:
Միւս հարցը նա է, որ քաղաքը լաւագոյնս է սպասարկւում, երբ նրա բոլոր բնակիչները կարող են օգտուել քաղաքական որոշումների կայացման լծակներից: Ներկայում քաղխորհրդի բոլոր թեկնածուները ունեն նմանատիպ սոցիալ-տնտեսական ծագում, կարողացել են հարիւր հազարաւոր դոլարներ հաւաքել՝ իրենց տեղն ապահովելու համար: Որպէսզի մեր քաղաքում իւրաքանչիւր ոք հնարաւորութիւն ունենայ լսելի դարձնել իրեն մտահոգող հարցերը, իրեն ներկայացուած զգայ կառավարող մարմնում, մենք պէտք է ունենանք հանրային ֆինանսաւորմամբ արշաւներ, որի միջոցով աջակցութիւն կը ստանան այն անհատները, ովքեր չեն կարողացել առաջադրուել ֆինանսներ չունենալու պատճառով:
Նաեւ, Գլենդելը, ինչպէս այլ քաղաքներ, պէտք է ունենայ քաղաքացիներից կազմուած էթիկայի (բարոյագիտութեան-Խմբ.) յանձնաժողով, որը կը ծառայի որպէս խորհրդատուական աղբիւր՝ քաղաքականութիւնն իրականացնելու ճանապարհին, եւ կ՛արձագանգի քաղաքապետարանի կողմից էթիկայի կանոնների եւ օրէնքների խախտումներին: Ներկայում Գլենդելում չկայ վերահսկող մարմին արշաւների դէպքում, եւ բազմաթիւ անօրինական գործողութիւններ կարող են կատարուել առանց որեւէ պատասխանատուութեան ենթարկուելու: Էթիկայի յանձնաժողովը կարող է նաեւ վերահսկել ընտրուած պաշտօնեաների կողմից ստացուած բոլոր նուէրները, քաղխորհրդի անդամների կողմից կատարուած գործուղումները եւ դրանց ֆինանսաւորման աղբիւրների համակարգը:
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ.- Այս տարի ընտրական համակարգում փոփոխութիւններ են տեղի ունեցել: Ինչի՞ մասին է խօսքը:
ԱՐՏԱՇԷՍ ՔԱՍԱԽԵԱՆ.- Ամենակարեւոր փոփոխութիւններից մէկն այն է, որ այս ընտրութիւններում հնարաւոր է քուէարկել Լոս Անջելեսում գործող հազար տարբեր ընտրատեղամասերում, այն ինչ նախկինում անհրաժեշտ էր այցելել բնակավայրին մօտ կոնկրետ տեղամաս: Փետրուարի 22ից սկսած, մարդիկ կարող են այցելել իրենց ամենայարմար վայրը՝ քուէարկելու համար, ինչպէս նաեւ կատարել քաղաքացիական պարտքը փոստով:
Գլենդելի քաղխորհրդի ընտրութիւններին մասնակցում է ութ թեկնածու երեք թափուր տեղի համար: Իմ անունը չորրորդն է քուէաթերթիկի վրայ: Յորդորում եմ մեր հայրենակիցներին անպայման մասնակցել ընտրութիւններին եւ իրենց ձայնը լսելի դարձնել քաղաքի կառավարող մարմնում՝ այդպիսով մասնակցելով Գլենդելի զարգացմանը նաեւ: Քաղաքապետարանի քարտուղար ընտրուելուց յետոյ, առաջնային աշխատանքս է եղել ապահովել քաղաքում տեղի ունեցող գործընթացներին հայերի մասնակցութիւնը, եւ այդ նպատակով նախաձեռնել եմ նաեւ հայերէնի տարածումը քաղաքում՝ թարգմանելով բոլոր հիմնական գործառոյթները: Քաղաքում մեծ թիւ կազմող հայ համայնքը պէտք է համարժէք ներկայացուածութիւն ունենայ Գլենդելում:
Իւրաքանչիւր ընտրող կարող է քուէարկել երեք թեկնածուի համար, եւ ակնկալում եմ, որ իմ անունն էլ կը լինի այդ ցանկում: Իմ ծրագրերի հետ կապուած մանրամասներ կարող էք գտնել կայքում https://ardykassakhian.com/issues/, ինչպէս նաեւ՝ կապուել իմ հետ անձամբ՝ այցելելով իմ նախընտրական գրասենեակ, որ գտնւում է 500 South Glendale, CA հասցէում:
Միաժամանակ, եթէ մեր բնակիչները հարցեր կ՛ունենան կապուած քուէաթերթիկների, ընտրատեղամասերի եւ ընտրութեան հետ եւ այլ հարցերի, կարող են զանգահարել իմ գրասենեակ՝ 818 649 9390 հեռախօսահամարով, որտեղ մեր աշխատակիցներն ու կամաւորները կ՛օգնեն ձեզ: Մեզ կարող են միանալ նաեւ կամաւորներ՝ աջակցելու հանրային իրազեկման հարցերում:
Արտաշէս Քասախեանին իրենց աջակցութիւնն են յայտնել բազմաթիւ հեղինակաւոր քաղաքական-հասարակական գործիչներ՝ կոնգրեսականներ, նահանգի եւ քաղաքի ընտրուած պաշտօնեաներ, կազմակերպութիւններ ու միութիւններ, այդ թւում՝ Հայ Դատի յանձնախումբը:
Տեղեկանք. Արտաշէս Քասախեանը ծնուել է Բոստոնում եւ Գլենդել է տեղափոխուել երեք տասնամեակ առաջ, երբ ընտանիքը որոշում է առաւել մօտ լինել հայ համայնքին: Քասախեանների ընտանիքը Զմիւռնիայից է, Կեսարիայի շրջանից, որ Ցեղասպանութիւնից փրկուելով ապաստան է գտել Աթէնքում եւ Երուսաղէմում: Արտաշէս Քասախեանը մշտապէս ակտիւ է եղել Հայոց Ցեղասպանութեան ճանաչման հարցում՝ աշխատելով Հայ Դատի յանձնախմբում եւ Վաշինգտոնում, տարբեր կոնգրեսականների համար, որի ժամանակ ակտիւօրէն իրազեկել է հայկական հարցերի, այդ թւում՝ Արցախի ճանաչման անհրաժեշտութեան մասին: Քասախեանը սովորել է «Եու.Սի.Էլ.Էյ.» «Նորթուեսթըրն» համալսարաններում: Նրա կրթական կենսագրութեան մաս են կազմում Հարվարդի համալսարանի Ջոն Քենեդու անուան կառավարման դպրոցի դասընթացները: 2000 թուականին Քասախեանը միանում է հանրային կապերի Կալիֆորնիայում ամենամեծ ընկերութիւններից՝ Սթուրզա, Զիեգուզ եւ Մեթզեգերի կենտրոնին, որ մասնագիտացուած է կառավարման եւ հանրային կապերի հարցում: Իր մասնագիտական գործունէութեան ընթացքում, Քասախեանը ղեկավարել է բազմաթիւ տեղական, նահանգային եւ դաշնային ընտրարշաւներ: 2005 թուականից Գլենդելի քաղաքապետարանի քարտուղարն է: Դասաւանդում է Գլենդելի համայնքային քոլեջում: